Հորմուզի նեղուցն ու էներգետիկ մարտահրավերները

11 ր.   |  2026-02-03

Այս տարվա հունվարին իրադրությունը կտրուկ սրվել է Պարսից ծոցում. ամերիկյան ռազմանավերի ներկայությունը, Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալից հայտարարությունները, փորձագիտական հանրության գնահատականները վկայում են, որ նոր պատերազմի հավանականությունը բավականին բարձր է։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ավելի ու ավելի հաճախ է քննարկվում Հորմուզի նեղուցի հարցը, որտեղով անցնում է նավթի համաշխարհային առևտրի գրեթե 20 տոկոսը։ Կրքերն օրեցօր շիկանում են՝ Պարսից ծոցի շուրջ բևեռելով աշխարհի ուշադրությունը։


Վերականգնվող ու կանաչ էներգիայի նշանակությունը մարդկության համար կարծես թե հասկանալի է բոլորին, սակայն իրականում համաշխարհային տնտեսական համակարգում շարունակում են անգերազանցելի տեղ ունենալ ածխաջրածնային հանածոները։ Դրանց տեղափոխման երթուղիներից մեկը Հորմուզի նեղուցն է՝ շուրջ 50 կիլոմետր լայնություն ունեցող ջրային միջանցք, որտեղ նավթի յուրաքանչյուր բարելն ու գազի խորանարդ մետրը վերածվում են աշխարհաքաղաքական պայքարի։

Արևելքն արևմուտքին կապող միջազգային խոշոր նախագծերի դերակատարները փորձում են ամեն գնով շրջանցել ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իրանը։ Այս ռազմավարության աշխարհաքաղաքական նպատակներն ու խթանները քաջ հայտնի են և վերլուծական ու ակադեմիական հետազոտողների մշտական ուշադրության կենտրոնում են։ Սակայն երկու երկրներն էլ փորձում են ամեն գնով պահպանել իրենց ձեռնտու երթուղիները, ստեղծել հաղորդակցության նոր ուղիներ, ինչպես նաև հնարավոր բոլոր միջոցներով շրջանցել միջազգային պատժամիջոցները։ 

Այս առումով ուշագրավ է տասնամյակներ շարունակվող պատժամիջոցները շրջանցելու և երկրի ռազմավարական արտահանումն ու ներկրումը ապահովելու Իրանի մարտավարությունը։ 

Իրանի տնտեսության համար խիստ կարևոր նշանակություն ունի հում նավթի արտահանումը, որի գլխավոր սպառողներից մեկը Չինաստանն է։ Պեկինն, իր հերթին, ունի իրանական նավթի կարիքը, սակայն նաև ջանք չի խնայում պատժամիջոցներց խուսափելու համար։ Այս խնդիրը զգալի չափով լուծում են նավթի վերամշակումով զբաղվող չինական մասնավոր, ոչ մեծ ընկերությունները։ Մասնագիտական շրջանակներում նրանք հայտնի են «թեյնիկ» (teapot) անվանումով։ Չինաստանի Շանդոնգ նահանգում գործող այս ընկերությունները գերադասում են իրանական նավթը պատժամիջոցներից զերծ այլ մատակարարումներից, քանի որ այն 8-12 դոլարով ավելի էժան է։

2025թ. վերջին Չինաստանը շուրջ 17 տոկոսով ավելի նավթ է ներմուծել, քան նախորդ տարվա նույն ամսին։ Ընդհանուր առմամբ՝ Չինաստանի նավթի ներմուծումը 2025-ին ավելացել է 4.4 տոկոսով, ինչը մասնագետները բացատրում են ոչ միայն էներգակիրների ավելացող պահանջարկով, այլև նորանոր պահեստների առկայությամբ։

Խողովակաշարերից բացի նավթի տեղափոխման ամենատարածված ձևը խոշոր լցանավերն են՝ տանկերները, որոնց չափերը հաշվարկվում են տոննայով (Deadweight Tonnage)։ Չափման այս միավորը չի ներառում նավի քաշը։ Այսպես՝ Panamax տեսակի լցանավերի տարողությունը տատանվում է 60-80 հազար տոննայի միջակայքում, իսկ Aframax տեսակինը՝ 80-120 հազար տոննա։ Կան նաև ավելի մեծ, բառի բուն իմաստով, հսկայական լցանավեր, որոնք կարող են տեղափոխել 200-ից մինչև 500 հազար տոննա հում նավթ (VLCC՝ Very Large Crude Carrier և ULCC՝ Ultra Large Crude Carrier)։ Լցանավերի երկարությունը կարող է հասնել մինչև 400 մետրի։ Ծովային այս հսկաները գիշեր-ցերեկ նավթ են տեղափոխում՝ դառնալով աշխարհատնտեսական մեծ պայքարի ծովային բաղադրիչները։

Նավթի վաճառքն Իրանում իրականացնում է Իրանի նավթային ազգային պետական ձեռնարկությունը, որին էլ պատկանում է Մերձավոր Արևելքի ամենախոշոր՝ Իրանական լցանավային ազգային ընկերությունը (National Iranian Tanker Company (NITC)։ 

2025թ. վերջի տվյալներով հում նավթի և կոնդենսատի արտահանումն Իրանն ավելացրել է նախորդ տարվա համեմատ մոտ 6%-ով։ 2023թ. համեմատությամբ նավթի արտահանումն ավելացել է շուրջ 25%-ով, ինչը ցույց է տալիս, որ Իրանը ձևավորել է պատժամիջոցները շրջանցելու բավականին կայուն համակարգ։ 2026թ. սկզբի տվյալներով Իրանն օրական արդյունահանում է շուրջ 3.4 մլն բարել նավթ։

Արտահանման ծավալները գրեթե կեսն են՝ 2025թ. վերջին կազմել են օրական շուրջ 1.6 մլն բարել, որի առյուծի բաժինը սպառում են չինական վերամշակող ընկերությունները։ Նրանք գործում են ոչ պաշտոնապես, այսպես ասած, «մոխրագույն» համակարգում և կարողանում են շրջանցել պատժամիջոցները։

Նավթի արտահանման համար Իրանն օգտագործում է օրինական՝ գրանցված լցանավերը, որոնց թիվը, ըստ տարբեր աղբյուրների, մոտ 38 է։ Սակայն կա նաև ոչ պաշտոնական, ստվերային նավատորմը, որը, դարձյալ ոչ ամբողջական տվյալներով, բաղկացած է 60-ից 80 VLCC դասի լցանավերից։ 

2025թ. հոկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում իրանական նավթ և հեղուկ գազ տեղափոխող 50 նավերի, ընկերությունների և անհատների վրա։ Տարեվերջին իրանական ևս 29 լցանավ և կառավարող ընկերություն հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների սև ցուցակում։

Հարկ է նաև նշել, որ իրանական լցանավերը բավականին հին են, ինչի պատճառով նավարկում են ավելի դանդաղ՝ խնայելով ռեսուրսները և խուսափելով խափանումներից։ Իրանը փորձում է թարմացնել նավատորմը, սակայն դա չի հանգեցնում նավերի թվի էական ավելացման, քանի որ հին նավերը դուրս են բերվում շահագործումից։

Պատժամիջոցներից խուսափելու նպատակով իրանական նավերը Հորմուզի նեղուցն անցնելուց հետո հաճախ անջատում են AIS համակարգերը, փոխում դրոշները՝ փորձելով աննկատ հասնել մինչև Հարավային Ասիա։ Այստեղ արդեն նավթը արտամղվում է ավելի փոքր լցանավեր, որը հայտնի է STS (ship to ship) անվանումով։ Բացի այդ, իրանական լցանավերը փոխում են դրոշներն ու փաստաթղթերը՝ նավթի ծագման աղբյուրը նշելով Ինդոնեզիան կամ Մալայզիան։

Չնայած խոստումնալից բնապահպանական քննարկումներին՝ ամբողջ աշխարհում նավթի սպառումը ոչ միայն չի նվազում, այլ ավելանում է։ Նավթի և այլ էներգակիրների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագիտակցված կենտրոնները կանխատեսում են, որ 2026թ.-ին նավթի արդյունահանումն ավելանալու է օրական 800-900 հազար բարելով։ Ամբողջ աշխարհի նավթի պահանջարկը կանխատեսում են օրական 104-106 մլն բարել։ Սա, իհարկե, չի նշանակում, որ այդքան նավթ սպառվում է. ինչպես նշել ենք, շատ երկրներ կառուցել և կառուցում են խոշոր պահեստարաններ՝ սև ոսկու պաշարներ կուտակելու համար։

Համաշխարհային նավթարդյունաբերության մեջ Իրանի մասնաբաժինը մեծ չէ՝ օրական 3.4 մլն բարել։ Համեմատության համար նշենք, որ Միացյալ Նահանգներն արդյունահանում են օրական 13 մլն բարել, իսկ Սաուդյան Արաբիան՝ 9.5 մլն բարել նավթ։ Հասկանալի է, որ եթե ինչ-որ պատճառով Իրանը դադարեցնի նավթի արդյունահանումը, ապա համաշխարհային նավթարդյունաբերությունը դրանից էական վնաս չի կրի։ Նավթի միջազգային գների վրա, սակայն, կարող է ազդել և պարբերաբար ազդում է մեկ այլ՝ աշխարհագրական գործոն՝ Հորմուզի նեղուցը։ 

Նեղուցը

Հորմուզի նեղուցը միացնում է Պարսից ծոցն Օմանի ծոցին, ապա՝ Արաբական ծովին։ Նեղուցն ունի մոտ 54 կմ լայնություն և 90 կմ-ից ավելի երկարություն։ Հյուսիս և հյուսիսարևելքում Իրանի Իսլամական Հանրապետությունն է, իսկ հարավ արևմուտքում նեղուցը ողողում է Օմանի թագավորության էքսկլավ Մուսանդամ նահանգի ափերը։ 

Հորմուզի նեղուցի նավարկելի հատվածն ունի շուրջ 4 կմ լայնություն, և եթե հաշվի ենք առնում, որ այդտեղով է անցնում համաշխարհային նավթի արտահանման մոտ 20 տոկոսը, ապա կարելի է պատկերացնել նավարկության խտությունն ու աշխարհաքաղաքական նշանակությունը։

Պարսից ծոցի նավթով հարուստ երկրների՝ Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, ինչպես նաև՝ Իրանի համար նեղուցն ունի տնտեսական հսկայական նշանակություն։ Հորմուզի նեղուցն ունի նաև քաղաքական նշանակություն. 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր պատերազմների ու լարվածությունների ընթացքում Հորմուզի նեղուցը դարձել է այն կարևոր հանգույցը, որի շուրջ շիկացել են աշխարհաքաղաքական կրքերը։ 

1980-ական թվականներին Իրանի և Իրաքի 8-ամյա պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցը վերածվել էր ռազմական թատերաբեմի, որտեղ, սակայն, թիրախը ոչ թե հակառակորդ կողմերի ռազմանավերն էին, այլ՝ լցանավերը։ Պատերազմի տարիներին 200-ից ավելի լցանավ է հարձակման ենթարկվում, որոնցից շուրջ 50-ը խորտակվում են կամ դառնում շահագործման համար ոչ պիտանի։

Ինչպես է ապահովագրությունը «ձևավորում» նավթի գինը

Հասկանալի է, որ այնպիսի թանկարժեք կառույց, ինչպիսին լցանավն է, պետք է անխուսափելիորեն ունենա ապահովագրություն։ Ռազմանավերից հետո տանկերներն ամենաթանկ նավերն են, որոնց գինը 80-130 մլն դոլարի սահմաններում է։ Թանկ է նաև բեռը. ULCC տեսակի լցանավը կարող է տեղափոխել 200-300 մլն դոլար արժողությամբ նավթ։ Այստեղ հարկ է նշել, որ տեղափոխման ծախսը մեծ չէ և տատանվում է 2-4 ցենտի սահմաններում մեկ բարելի համար։ Հիմնական ծախսն ավելանում է ապահովագրական ծառայություններից։

Նավթային տանկերների ապահովագրության գնագոյացումը բարդ և բազմաշերտ գործընթաց է, որը բաղկացած է տեխնիկական հաշվարկներից, աշխարհաքաղաքական ռիսկերի գնահատումից և այլ գործոններից։ Ապահովագրական ընկերությունները, հատկապես Լոնդոնի Lloyd’s-ի սինդիկատները, տանկերների համար սահմանում են բազային սակագներ՝ հիմնվելով նավի տեսակի, շահագործման տարիների, տեխնիկական վիճակի և բեռի ծավալի վրա։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է Հորմուզի նեղուցի նման ռազմավարական և վտանգավոր գոտիներին, ապա կիրառվում է Պատերազմական ռիսկի հավելավճարը (War Risk Premium), որը ձևավորվում է Լոնդոնի շուկայի Միացյալ պատերազմական կոմիտեի (Joint War Committee - JWC) կողմից սահմանված տարածքների հիման վրա։ Հենց նավը մտնում է նման «խնդրահարույց» գոտի, ստանդարտ ապահովագրությունը կասեցվում է, և սկսում է գործել լրացուցիչ հավելավճարը, որը հաշվարկվում է որպես նավի ընդհանուր արժեքի որոշակի տոկոս։

Նեղուցներով անցնելիս ապահովագրական գները թռիչքաձև աճում են։ Եթե սովորական պայմաններում ապահովագրության վճարը, ենթադրենք, նավի արժեքի 0.01%-ն է, ապա լարվածության աճի կամ Իրանի կողմից նեղուցը փակելու սպառնալիքների դեպքում այն կարող է անմիջապես հասնել 0.5%-ի կամ նույնիսկ 1%-ի։ Սա նշանակում է, որ 100 միլիոն դոլար արժողությամբ ժամանակակից տանկերի համար մեկշաբաթյա անցումը կարող է թանկանալ մինչև 500,000 և ավելի դոլարով։ Այս գումարը ներառում է ոչ միայն նավի իրական վնասվելու ռիսկը, այլև շահագործման ենթակա չլինելու (Constructive Total Loss - CTL) հավանականությունը, երբ նավի վերանորոգման ծախսերը գերազանցում են ապահովագրական արժեքը։

Շատ դեպքերում ապահովագրական շուկան ավելի շուտ արձագանքում է վախերին և բացասական սպասումներին, քան իրական կորուստներին։ Սա կոչվում է ռիսկի ապահովագրավճար (risk premium), որը ներառվում է արժեքի մեջ։ Օրինակ, ըստ Discovery Alert-ի 2026 թվականի վերլուծությունների, նավթի համաշխարհային գնի մեջ աշխարհաքաղաքական ռիսկի գործոնը կարող է կազմել 3-4 դոլար մեկ բարելի համար, մինչդեռ բուն ապահովագրական ծախսի աճը մեկ բարելի վրա բաշխելիս (amortized cost) ընդամենը 0.25-0.80 դոլար է։ Այսինքն՝ մատակարարման ընդհատման վախը ավելի մեծ ազդեցություն է ունենում նավթի վերջնական գնի վրա, քան ապահովագրական ընկերությանը վճարվող իրական հավելավճարը։

Երբ Իրանը սպառնում է փակել Հորմուզը, նավթի գինը միջազգային շուկայում կարող է աճել 10-20%-ով մի քանի օրվա ընթացքում։ Թեև նավթի մեկ բարելի վրա ապահովագրական ծախսը «լուծվում» է հսկայական ծավալների մեջ (մեկ տանկերը տեղափոխում է մոտ 2 միլիոն բարել), սպառողի համար վերջնական թանկացումը պայմանավորված է լինում համաշխարհային բորսաներում Brent կամ WTI տեսակի նավթի գների ընդհանուր աճով։

Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության յուրաքանչյուր ալիք կարող է բավականին կարճ ժամանակում բարձրացնել վառելիքի գինը։ Վերամշակող ընկերություններն ու լցակայանները գինը բարձրացնում են, սակայն նվազեցնում են շատ դանդաղ՝ նույնիսկ երբ ապահովագրական ռիսկերը վերանում են։

Հորմուզի նեղուցով, նավթից բացի տեղափոխվում է միլիարդավոր խորանարդ մետր ծավալով հեղուկ գազ՝ ևս մեկ ածխաջրածնային ռեսուրս, որն ունի կենսական նշանակություն սպառողների համար։ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Քաթարը միասին ապահովում են հեղուկ գազի համաշխարհային արդյունահանման շուրջ 20 տոկոսը, և արժեքավոր վառելիքը տեղափոխում են հատուկ նավերով՝ դարձյալ հատելով Հորմուզի նեղուցը։

Իրան-Իրաքյան պատերազմից հետո Արևմուտքի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ տասնամյակներ տևող հակամարտության պայմաններում, Իրանը բազմիցս սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը կամ առնվազն, խոչընդոտել հակառակորդների լցանավերի տեղաշարժին։ Իրանն, իհարկե, կարող է իրականացնել սպառնալիքը՝ օգտագործելով ռազմական կարողությունը՝ ռազմանավեր, սուզանավեր, ծովային տարատեսակ ականներ և այլ միջոցներ։ Գլխավոր հարցը՝ թե կդիմի արդյո՞ք Իրանն այդ քայլին, թե՝ ոչ, մասնագիտական տարբեր գնահատականների է արժանանում։ 

Վերլուծական կենտրոնների մեծ մասի կարծիքով Հորմուզի նեղուցի փակվելու դեպքում առաջին հերթին կտուժեն Պարսից ծոցի երկրները, այդ թվում՝ հենց Իրանը՝ զրկվելով տասնյակ միլիարդավոր դոլարի եկամուտից։ Ինչպես արդեն նշեցինք, իրանական նավթի հիմնական սպառողները շատ հեռու են Եվրոպայից և ԱՄՆ-ից։ Տուժողների թվում կլինեն նաև Իրանի բարեկամ պետությունները՝ Չինաստանը և Հնդկաստանը։ 

Բայց կա նաև այն տեսակետը, որ եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին դառնան պետականության կորստի կամ իշխանության տապալման իրական վտանգ, ապա Իրանը կգնա ցանկացած, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը փակելու քայլին։

Հորմուզի այլընտրանքները

ՄՀորմուզի նեղուցի աշխարհաքաղաքական խոցելիությունը վերջին տասնամյակներում ստիպել է տարածաշրջանի խոշորագույն նավթ արդյունահանող երկրներին՝ Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին և անգամ Իրանին այլընտրանք փնտրելու։ 

Սաուդյան Արաբիան կառուցել է «Արևելք-Արևմուտք» խողովակաշարը (East-West Pipeline կամ Petroline), որը ձգվում է Պարսից ծոցի ափամերձ Աբ-Քայիք քաղաքից մինչև Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգիստը։ 

Սրանք զուգահեռ գործող երկու խողովակաշարեր են, որոնցից մեկը տեղափոխում է բնական գազ, իսկ մյուսը՝ բնական գազի «ծանր» բաղադրիչներ՝ էթանոլ, պրոպան, բութան (Natural Gas Liquids, NGL) որոնք լայնորեն օգտագործվում են քիմիական արդյունաբերությունում։ 2026թ. դրությամբ այս խողովակաշարի թողունակությունը օրական շուրջ 7 մլն բարել է։ Այստեղ հարկ է նշել, որ Petroline խողովակաշարը Հորմուզից բացի շրջանցում է նաև մեկ այլ ռիսկային հանգույց՝ Կարմիր ծով տանող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։

ԱՄԷ-ն իր հերթին կառուցել է ADCOP խողովակաշարը, որը 360 կիլոմետր երկարությամբ ձգվում է Աբու-Դաբիից մինչև Օմանի ծոցի ափին գտնվող Ֆուջեյրա նավահանգիստը։ Այս խողովակաշարն ունի օրական 1.5 միլիոն բարել թողունակություն։ Սա թույլ է տալիս ԱՄԷ-ին նավթի արտահանման մոտ կեսը տեղափոխել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը և նվազեցնելով ապահովագրական ծախսերը։

Իրանը նույնպես նեղուցը շրջանցելու քայլեր է ձեռնարկում։ Գորե-Ջասկ (Goreh-Jask) խողովակաշարը, որի երկարությունը շուրջ 1000 կմ է, կարող է օրական 1 միլիոն բարել նավթ հասցնել Օմանի ծոցի ափին գտնվող Ջասկ տերմինալ։ 2026թ. սկզբի տվյալներով այս նախագիծը ավարտական փուլում է։ Ու թեև այն Իրանի համար ապահովում է ռազմավարական ելք դեպի բաց օվկիանոս, սակայն չի կարող ամբողջությամբ փոխարինել Հորմուզին։

Չնայած հսկայական ներդրումներին՝ խողովակաշարերը չեն կարող ամբողջությամբ փոխարինել ծովային տեղափոխմանը։ Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 20-21 միլիոն բարել նավթ և հեղուկացված բնական գազ (LNG), մինչդեռ տարածաշրջանի բոլոր գործող շրջանցիկ խողովակաշարերի ընդհանուր թողունակությունը չի գերազանցում օրական 4-5 միլիոն բարելը։