Բողոքի ալիքն Իրանում շարունակվում է
13 ր. | 2026-01-14Վերջին երկու շաբաթում Իրանում ցույցերի ժամանակ սպանվածների թիվը հաշվվում է հարյուրներով ու հազարներով՝ կախված տեղեկատվության աղբյուրից։ Այս թվերը հստակ չեն նաև ինտերնետ կապի համատարած անջատման պատճառով, որն արդեն 6-րդ օրն է ինչ շարունակվում է:
Իրանում բողոքի զանգվածային այս ալիքը մեկնարկեց 2025թ․ դեկտեմբերի 28-ին։ Հունվարի 8-ից Իրանի իշխանություններն անջատել են ինտերնետը, և հունվարի 14-ի դրությամբ երկրում իրավիճակից շատ տեղեկություններ հասանելի չեն։
Բողոքի այս ալիքը չպետք է դիտարկել որպես առանձին իրադարձություն։ Այն վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում Իրանում ձևավորված բողոքի շարժումների շարունակությունն է։
Այս շարժումների առանցքային առանձնահատկությունն այն է, որ տնտեսական դրության վատթարացման, հասարակական դժգոհության ավելացմանը զուգահեռ՝ յուրաքանչյուր հաջորդ ալիք նախորդից ավելի ուժգին է դառնում։ Ընդ որում՝ դրան են նպաստում նաև նախորդ ալիքից հետո համակած հիասթափությունը, չկատարված խոստումները, իշխանությունների հանդեպ վստահության ճգնաժամի խորացումը:
Նախորդ ցույցերի համատեքստը
Վերջին տարիների տարբեր ցույցերի համար շարժառիթ (ոչ միայն պատճառ, այլ հատկապես շարժառիթ) հանդիսացել են, օրինակ, ջրի սակավության, էլեկտրաէներգիայի, թոշակների և այլ սոցիալ-տնտեսական խնդիրները։ Բայց դրանք եղել են տեղային և սահմանափակ, չեն վերածվել համազգային ու երկարատև գործողությունների:
Վերջին տասը տարում Իրանում եղել են նաև խոշոր ցույցեր։ Այդ թվում․
- 2017-ի դեկտեմբեր - 2018-ի հունվարի ցույցերը, որոնց շարժառիթը ձվի թանկացումն էր,
- 2019-ի նոյեմբերի ցույցերը՝ բենզինի թանկացման շարժառիթով,
- 2022-ի սեպտեմբեր-նոյեմբերի ցույցերը, որոնց շարժառիթը գլխաշորը «սխալ կրելու» մեղադրանքով բերման ենթարկված Մահսա Ամինիի մահն էր, իսկ ավելի լայն պատճառը՝ գլխաշոր կրելու պարտադրանքի և առհասարակ իսլամական պետական համակարգի դեմ ընդհանուր դժգոհությունը։
2022 թվականի ցույցերը դարձան շրջադարձային․ դրանք աննախադեպ էին իրենց տևողությամբ՝ շուրջ երեք ամիս, ընդգրկմամբ, շարժառիթով և օրակարգով։ Այս ցույցերի զոհերի թիվը հասել էր շուրջ 500-ի:
Այդ ալիքը այնքան լուրջ ազդեցություն ունեցավ, որ իրանական վերնախավում նույնիսկ սկսեցին խոսել համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Տեղեկատվական դաշտում քննարկվում էին կառավարման մոդելի վերափոխման տարբերակներ՝ նախագահական համակարգից վարչապետականի անցում, որոշ ինստիտուտների դերակատարման վերանայում։
Սակայն այդ խոսույթը մնաց միայն քննարկումների ու մամուլի մակարդակում և չվերածվեց քաղաքական հստակ որոշումների ու փոփոխությունների։ Փաստացի միակ փոփոխությունը, որ կարելի է արձանագրել 2022 թվականի ցույցերից հետո, գլխաշոր կրելու նկատմամբ վերահսկողության հարաբերական թուլացումն էր։ Սակայն նույնիսկ այս մեղմացումն ամբողջական և կայուն բնույթ չկրեց։ Իրանի խորհրդարանը հետագայում նախաձեռնեց գլխաշոր չկրելու համար պատիժները խստացնող օրինագիծ, որի կիրառումը միայն ժամանակավորապես կասեցվեց Մասուդ Փեզեշքիանի կառավարության ջանքերով: Բայց գլխաշոր չկրելու նկատմամբ վերահսկողության հարցը ակտուալ մնաց հետագայում ևս՝ առաջացնելով տարբեր ինստիտուտների դժգոհությունը:
Ռիալի արժեզրկումը՝ խորքային ճգնաժամի կատալիզատոր
Ներկայիս ցույցերի անմիջական խթանը դարձավ ռիալի կտրուկ արժեզրկումը, երբ դեկտեմբերի վերջին մեկ դոլարի դիմաց փոխարժեքը հասավ 1 մլն 420 հազար ռիալի, իսկ հունվարի 6-ին՝ շուրջ 1 մլն 470 հազարի։ Եվ սա դարձավ կայծ բողոքի հերթական ալիքի բռնկման համար։
Ռիալի արժեզրկումը տարիների պատմություն ունի և արտացոլում է Իրանի տնտեսության հիմնարար խնդիրները՝ պատժամիջոցների ազդեցությունը, ներդրումային միջավայրի փակ բնույթը, կոռուպցիան, մենաշնորհները և այլն։ Այս պայմաններում արժույթի հերթական փլուզումը հասարակության լայն շերտերի համար դարձավ ոչ միայն տնտեսական հարված, այլև՝ իշխանության կառավարման անկարողության խորհրդանիշ։

Իրանում հիմնարար խնդիրների թվում է նաև բարձր գնաճը: Միայն 2025թ. ընթացքում այդ երկրում ապրանքների գները թանկացել են 1.5 անգամ: Գրաֆիկում Հայաստանի հետ համեմատությամբ տեսանելի է, որ Իրանում տարեկան մի քանի տասնյակ տոկոսով են թանկանում ապրանքները։ Դրա մասին են վկայում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականները։ Ամենացածր գնաճային տարին Իրանի համար եղել է 2016 թվականը: Դա այն ժամանակ էր, երբ միջուկային գործարքի ստորագրումից հետո Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները չեղարկվեցին (հետագայում գործարքը չեղարկվեց Թրամփի առաջին ժամկետի ընթացքում):
Զուգահեռ քաղաքական ճգնաժամը
Նախկինում հասարակությունը ակտիվորեն մասնակցում էր ընտրություններին ու հույս ուներ նախագահական, խորհրդարանական ընտրություններով ազդել երկրի զարգացման ուղղության վրա ու անգամ իր քվեի համար ցույցի դուրս գալ, ինչպես դա արեց 2009-ին։ Բայց վերջին տարիներին այդ հավատը փլուզվել է: Դրան մեծապես երկու հանգամանք է նպաստել.
- Միջուկային համաձայնագրի տապալումը և նախագահ Հասան Ռոհանիի խոստումների չիրագործվելը,
- Դրա ֆոնին պահպանողական թևի դիրքերի ամրապնդումն ու քաղաքական դաշտում պահպանողականներին այլընտրանքի բացառումը:
2020, 2021, 2024թ. խորհրդարանական ու նախագահական ընտրությունները անցակցվել են գերազանցապես պահպանողական թեկնածուներով, բարեփոխական ու չափավորական գործիչների թեկնածությունը պարզապես չի հաստատվել: Հիասթափության ու այլընտրանքի բացակայության պայմաններում հասարակությունը շահագրգռված չի եղել մասնակցելու ընտրություններին, և ամեն անգամ ընտրություններին մասնակցության ռեկորդային ցածր ցուցանիշներ են գրանցվել:
Բայց հետաքրքիր զարգացումով է ուղեկցվել 2024թ. նախագահական ընտրությունը, դրա առաջին փուլում եղել է ռեկորդային ցածր մասնակցություն՝ 39.93%, բայց երկրորդ փուլում, երբ ընտրությունն արդեն բարեփոխական Փեզեշքիանի ու ուլտրապահպանողական Սաիդ Ջալիլիի միջև էր, հասարակությունը նորից շահագրգռվեց մասնակցել ընտրությանը (49.68%)։ Արդյունքում հաղթեց Փեզեշքիանը, որը մի շարք փոփոխություններ էր խոստանում հասարակությանը հուզող ամենամեծ խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ գլխաշորերի հարց, համացանց և այլն։ Բայց մեծ հաշվով, լուրջ փոփոխությունները տեղի չունեցան։ Այս պայմաններում հանրության զգալի հատվածի մոտ ամրապնդվեց այն համոզմունքը, որ խնդիրը ոչ թե իշխանության առանձին ճյուղերի կամ դեմքերի մեջ է, այլ ամբողջ համակարգի։
Պատերազմը որպես «բաց թողնված հնարավորություն»
2025 թվականի հունիսին Իրան-Իսրայել պատերազմը կարող էր հասարակությանը միավորել իշխանության շուրջ։ Համենայն դեպս, իշխանությունները տեսնում էին այդ հնարավորությունը: Պատերազմի ընթացքում իրանական հանրությունը չարձագանքեց փողոց դուրս գալու արտաքին կոչերին, ինչը իշխանությունների կողմից ընկալվեց որպես լոյալության և իշխանությունների շուրջ համախմբվելու դրսևորում։
Սա դիտարկվեց որպես պատմական հնարավորություն՝ իրական փոփոխություններ իրականացնելու և հանրային վստահությունը ստեղծելու կամ վերականգնելու համար։ Բայց այդ փոփոխությունները տարբեր ճամբարներ տարբեր կերպ էին պատկերացնում:
Պետական հիմնական ինստիտուտները և պահպանողական շրջանակները առավելապես շեշտը դնում էին մարդկանց տնտեսական դրությունը բարելավելու անհրաժեշտության վրա։ Իսկ բարեփոխական շրջանակները հստակ առաջարկներ էին առաջ քաշում՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, ինտերնետային սահմանափակումների վերացում, որոշումների կայացման մեխանիզմների բարեփոխում, քաղաքական մրցակցությունը սահմանափակող ինստիտուտների, մասնավորապես Պահապանների խորհրդի բարեփոխում, ԱՄՆ հետ բանակցություններում որոշակի հետքայլ։ Սակայն այդ առաջարկներից ոչ մեկը չիրականացվեց, իսկ Բարեփոխական ճակատը քննադատությունների ենթարկվեց նման առաջարկների համար։ Արդյունքում պատերազմից հետո երկիրը բախվեց նոր խնդիրների, իսկ իշխանությունների «երախտագիտությունը ժողովրդին» մնաց հռետորաբանության մակարդակում։
Նոր ցույցերի առանձնահատկությունը
Ընթացիկ բողոքի ալիքը առանձնանում է մի քանի կարևոր հատկանիշներով։ Նախ դրանք տեղի են ունենում տարածաշրջանում Իրանի դիրքերի թուլացման ֆոնին։ Մասնավորապես․
- Գազայում պատերազմից հետո ՀԱՄԱՍ-ը ջլատվել է, ավելին՝ դրա առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է հենց Թեհրանում։
- Իսրայելի գործողությունների հետևանքով զգալիորեն թուլացել է նաև տարածաշրջանում Իրանի գլխավոր դաշնակիցներից «Հեզբոլլահը»։
- Թեհրանը կորցրել է նաև գլխավոր դաշնակցին՝ Սիրիային՝ այդ երկրում իշխանափոխության հետևանքով։
- Այս ամենի ֆոնին Իրանը նաև ուղիղ պատերազմի մեջ է ներքաշվել՝ դրանից դուրս գալով զգալի կորուստներով և միջուկային կարողությունների ու հավանաբար նաև ձգտումների սահմանափակմամբ։
Նոր ցույցերը առանձնանում են նաև ծավալով․ կարճ ժամանակում դրանք ընդգրկեցին գրեթե բոլոր նահանգները՝ ներառյալ փոքր, միջին և խոշոր քաղաքները, ինչպես նաև կրոնական խոշորագույն քաղաքները, որոնք նախկինում համարվում էին հարաբերականորեն լոյալ տարածքներ։
Առանձնապես խոսուն է շուկայի (բազարը՝ որպես բնակչության խավ) ներգրավվածությունը։ Պատմականորեն բազարը համարվել է համակարգի սոցիալական հենասյուներից մեկը, և դրա մասնակցությունը ցույցերին վկայում է վստահության իրական ճգնաժամի մասին: Սա նաև ցուցիչ է, որ Իրանում հասարակական դժգոհությունը ներառում է ամենատարբեր շերտեր, և բողոքի է դուրս գալիս նաև միջին օղակը։
Բողոքի այս ալիքը տարբերվում էր նաև ուժգնությամբ: Հունվարի 6-ից սկսած այն աստիճանաբար ուժգնության նոր փուլ թևախոկեց՝ գերազանցելով նախորդ տարիների բոլոր ակցիաները: Իրանի իշխանություններն արձագանքեցին ինտերնետն անջատելով և ճնշումը սաստակցնելով, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր կան ցուցարարների ու իրավապահների շրջանում:
Ցույցերն ուղեկցվել են նաև անկարգություններով: Իրանի իշխանությունները բռնի գործողությունները վերագրում են «ահաբեկիչներին», «ներդրված տարրերին»: Ընդ որում՝ այդ վարկածն առավել բացատրելի կարող է լինել հատկապես երկրի արևմտյան շրջանների դեպքում, որոնք նախկինում աչքի են ընկել զինյալ խմբավորումների ակտիվությամբ:
Բայց բռնի գործողություններ եղել են երկրի ամենատարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում, կրոնական գլխավոր քաղաքներից Մաշհադում, մյուս խոշոր քաղաքներից Սպահանում, Ռաշթում և այլուր: Հետևաբար, սա վկայում է նաև համակարգի նկատմամբ կուտակված ատելության մեծ չափերի մասին։
Հավակնորդների պայքարը
Ցույցերի մյուս առանձնահատկությունն առաջնորդության խնդիրն է։ Այս ցույցերի մեկնարկից ի վեր ակտիվ է եղել և իրեն որպես առաջնորդ է փորձել դիրքավորվել Իրանի վերջին շահի որդին՝ ամերիկաբնակ Ռեզա Փահլավին։ Նա հանդես է եկել ցուցարարներին ուղղված ուղերձներով, նրանց ակցիաները շարունակելու կոչեր հղել։ Արդյունքում քարոզչական դաշտում օրակարգ է ձևավորվել, որ ցուցարարները «շահի վերադարձն» են պահանջում։ Այդ օրակարգի օգտին էին խոսում նաև ցույցերին ամենահաճախ հնչող «մահ Խամենեին», «շահը վերադառնալու է» կարգախոսները։
Ինքը՝ Փահլավին, պարբերաբար հանդես է գալիս կոչերով ու Իրանի ժողովրդին մղում է պայքարի, իսլամական վերնախավին հեռացնելու՝ հայտնելով նաև Իրան վերադառնալու իր պատրաստակամության մասին: Բայց քանի որ Իրանում խլացվում է գրեթե ամբողջ կապը, դժվար է ասել, թե որքանով են նրա կոչերը այս պահին հասնում Իրանի ժողովրդին։
Ռեզա Փահլավին, որ երբեք իշխանության չի եղել Իրանում, այս պահին գուցե իր կյանքում ամենամոտն է այդպիսի իշխանություն ունենալուն։ Նա խոստանում է միջանկյալ իշխանություն լինել, ապագայի քննարկման համար բոլոր կառուցողական ուժերին միավորել «մեկ մեծ վրանում» և այլն։ Եվ սրա համար նա նաև պարբերաբար դիմում է Թրամփին՝ միջամտելու և Իրանի իսլամական կառուցակարգը տապալելու համար։
Այստեղ տեղին է շեշտել, որ Փահլավին ինքնուրույն իշխանություն չունի։ Նա հայտարարել է, թե 50 հազար կամավորների է հավաքագրել, այդ թվում ներկա իշխանությունների ներսում։ Բայց նրա առաջնորդությունն այս պահին ավելի շատ կոորդինացիոն է։ Օրինակ, երբ դեռ ինտերնետ կապը չէր կտրվել, նա օրվա կոնկրետ ժամեր էր նշում ցույցերը սկսելու համար, և դա ոչ այնքան առաջնորդող, որքան համակարգող դեր ուներ։ Մյուս կողմից, նաև հնարավոր չէ չափել, թե նրա կոչերը գործնականում ինչ ազդեցություն են ունենում փողոց դուրս գալու վրա:
Բայց նաև պետք է հաշվի առնել, որ Իրանի միասնական ընդդիմություն ուղղակի չկա․ ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս։ Ռեզա Փահլավին այս պահին ամենամեծ ուշադրությունն է ստացել, բայց նույնիսկ ընդդիմության մեջ բավական հոծ զանգված կա, որ մերժում է նրա մասնակցությունը հետիսլամական Իրանի նոր պետության կառուցմանը։ Ամեն դեպքում «շահի վերադարձը» արտաքին հստակ աջակցություն ու միջամտություն է պահանջում, իսկ այդպիսի աջակցության ցուցիչ կարող է լինել Փահլավիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի գաղտնի հանդիպումը:
Արևմտյան շրջանակներում քննարկվում է նաև վենեսուելական տարբերակը, որի իրանական տեղայնացումը կարող է լինել այսպես․ հոգևոր առաջնորդը հեռանում է կամ հեռացվում է, իշխող վերնախավը նոր պետական կարգ է սահմանում և սկսում է համագործակցել Արևմուտքի հետ։
Արտաքին ճնշումների գործոնը
Իրանական այս ցույցերն առանձնահատուկ են նաև Արևմուտքի արձագանքի տեսանկյունից: Նախկին ցույցերի դեպքում մշտապես եղել են ցուցարարներին աջակցող հայտարարություններ ԱՄՆ-ից, Իսրայելից, եվրոպական երկրներից: Իսկ առավելագույն գործողությունները, որ ձեռնարկել են Իրանի դեմ, մարդու իրավունքների խախտումների մեղադրանքով պատժամիջոցներ սահմանելն է եղել:
Բայց այս անգամ ավելացել են նաև հարված հասցնելու ուղիղ սպառնալիքները: Ցույցերի սկզբից ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ծանր հարվածներ» է խոստանում: Ու ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ խոսքը նաև հենց ռազմական հարվածների մասին է, և Թրամփին ներկայացվել են Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակներ։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկիր ԱՄՆ-ի հետ առևտրում կվճարի 25% մաքսատուրք։ Սա նշանակում է, որ Նահանգներն առնվազն փորձում է խորացնել Իրանի մեկուսացումը և հավելյալ ճնշում առաջացնել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա՝ մեծացնելով նոր բողոքի ալիքների հավանականությունը և համակարգի համար իրավիճակն ավելի դժվար կառավարելի դարձնել։
Այս իմաստով ամերիկյան սպառնալիքները կարող են ենթադրել ոչ թե կամ ոչ միայն ռազմական գործողություններ, այլ նաև տնտեսական և քաղաքական օղակի հետագա սեղմում, ինչը Իրանի պետական համակարգի համար կարող է նոր, ավելի մեծ ցնցումներ առաջացնել։
Իշխանության արձագանքը և ԻՀՊԿ-ի դերի ուժեղացումը
Մինչ այդ, ներքին ճգնաժամին Իրանի ներկա իշխանությունների արձագանքը կրկնում է արդեն հայտնի սցենարը․ սկզբում՝ մեղմ հռետորաբանություն և երկխոսության կոչեր, ապա՝ ցուցարարների պիտակավորում որպես «խռովարարներ» և «ահաբեկիչներ», ինտերնետի անջատում և տեղեկատվական դաշտի ամբողջական վերահսկում։
Հատկանշական է, որ ակցիաների սկզբում հատկապես մեղմ հռետորաբանությամբ է աչքի ընկել կառավարությունը՝ փորձելով այդ կերպ կառուցողական մթնոլորտ ստեղծել և վերահսկել իրավիճակը: Սակայն ցույցերի ուժգնացումից և ինտերնետն անջատելուց հետո իշխանական խոսույթն ավելի է կոշտացել:
Մի կողմից իշխանությունները՝ ոչ միայն կառավարությունը, այլև հոգևոր առաջնորդն ու այլ դերակատարներ, ընդունում են, որ կա տնտեսական խնդիր և դրանով պայմանավորված արդարացի բողոք, մյուս կողմից՝ դժգոհության ուժգնացումն ու քաղաքական բաղադրիչը լիովին վերագրում են արտաքին թշնամուն:
Խիստ խոսուն է նաև այն փաստը, որ ինտերնետը և կապի այլ միջոցները սահմանափակելուց հետո ներկայումս հասանելի են գրեթե բացառապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված ռեսուրսները։ ԻՀՊԿ-ն հենց ստեղծվել է իսլամական համակարգի պաշտպանության համար և ըստ էության, այժմ այդ դերն է կատարում։
Սա ցույց է տալիս, որ եթե Իրանի իշխանությունը հաղթահարի այս ճգնաժամը, ԻՀՊԿ-ի դիրքերը կարող են ավելի ամրապնդվել։ Իսկ ԻՀՊԿ-ի ուժեղացումը նշանակում է պահպանողականության ուժեղացում։ Դա էլ գործնականում նշանակում է, որ համակարգային քաղաքական բարեփոխումների հնարավորությունը էլ ավելի է նեղանալու։
Եզրակացություն
Իրանում վերջին տարիներին ձևավորվել է հստակ օրինաչափություն․ յուրաքանչյուր բողոքի ալիք ճնշվում է առանց դրա խորքային պատճառների վերացման, ինչի հետևանքով հաջորդ ալիքը դառնում է ավելի ուժգին, մասշտաբային և ավելի ծայրահեղական։ Արդյունքում գործող համակարգը հայտնվել է փակ շրջանի մեջ, որտեղ փոփոխությունների անհրաժեշտությունը ընդհանուր առմամբ գիտակցվում է, սակայն այդ փոփոխությունների համար գծվում են կարմիր գծեր, որոնք հնարավոր չէ անցնել, և արդյունքում համակարգը մեծ զիջումների պատրաստ և կարող չի լինում:
Բացի այդ, փոփոխությունների բնույթի և խորության վերաբերյալ պետական համակարգի տարբեր ինստիտուտների քաղաքական ընկալումները ևս զգալիորեն տարբերվում են։ Իսկ տնտեսական ոլորտում մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության փորձերը հաճախ բախվում են ոչ միայն պատժամիջոցների, այլև համակարգային պատնեշների։
Պատճառներից մեկն այն է, որ Իրանի տնտեսության մեջ ակտիվ և խորը ներգրավվածություն ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Վերջինս ստեղծվել է իսլամական համակարգը պաշտպանելու նպատակով, և այս հանգամանքը ցանկացած լուրջ ճնշում կամ սահմանափակում դարձնում է գործնականում անիրատեսական։ Նախորդ բարեփոխական կառավարությունները, որոնք ԻՀՊԿ-ի տնտեսական գործունեությունը սահմանափակելու ցանկություն են ունեցել, այդ նպատակին չեն կարողացել հասնել։
Մեկ այլ խնդիր է իշխանությունների սուբսիդիոն քաղաքականությունը, որն արդեն սպառել է իրեն և հավելյալ բեռ դարձել բյուջեի համար: Բայց սուբսիդիաներից լիովին հրաժարվել համակարգը չի կարող, քանի որ դա ևս հասարակության շրջանում ցնցումներ է առաջացնում, ինչպես եղավ բենզինի գնի թանկացման դեպքում: Արդյունքում իշխանությունները նոր սուբսիդիաներ են սահմանում և ավելացնում բյուջեի վրա ճնշումը:
Նախորդ ճգնաժամերի փորձը ցույց է տալիս, որ պետական համակարգը հաճախ դիմում է կոսմետիկ փոփոխությունների և իր դեմ ուղղված ճնշումներին պատասխանում է ավելի մեծ ճնշմամբ։ Ամենայն հավանականությամբ, այս անգամ ևս կարող են լինել «կոշտ», բայց իրականում կոսմետիկ լուծումներ։ Որոշ պաշտոնյաներ կարող են դառնալ քավության նոխազներ՝ ստեղծելով խնդրի լուծման իմիտացիա։ Այս պահին նման միտումներ արդեն կան: Սակայն այս մոտեցումը սահմանափակվում է հիմնականում տնտեսական ոլորտով, մինչդեռ իրանական հասարակության դժգոհությունը վաղուց դուրս է եկել միայն սոցիալ-տնտեսական խնդիրների շրջանակից և ունի ավելի լայն՝ քաղաքական ու համակարգային բնույթ։
Եթե այս փուլում ևս խորքային բարեփոխումներ չիրականացվեն, ապա սոցիալ-տնտեսական կամ քաղաքական հաջորդ, նույնիսկ փոքր խթանը կարող է հանգեցնել նոր, ավելի կազմակերպված և ավելի վտանգավոր ճգնաժամի։
Ամենայն հավանականությամբ, համակարգը հերթական մարտահրավերին կարձագանքի կրկին ճնշումների ուժեղացմամբ՝ մինչև բախվի ավելի կազմակերպված և մասշտաբային ալիքի, որը կամ չի կարողանա լիարժեք վերահսկել, կամ համակարգի ներսում ճաքեր կհայտնվեն։ Բայց գլխավոր հարցերից մեկը կլինի նաև այն, թե արդյոք հավանական խորքային բարեփոխումները կվերացնեն հասարակության լայն շերտերի ու համակարգի միջև եղած անդունդը: Առայժմ այդպես չի թվում:
Մյուս կարևոր հարցը արտաքին հնարավոր ուղիղ միջամտությունների սցենարների բնույթն է։ Յուրաքանչյուր սցենար կարող է Իրանում ստեղծել լիովին նոր իրավիճակ։