Դժվարին ճանապարհ դեպի Եվրոպա
13 ր. | 2026-01-14IMEC նախագծի զարգացումները
Աշխարհի տնտեսական քարտեզի վրա ուրվագծվում է ենթակառուցվածքային նոր նախագիծ՝ Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքը (IMEC)։ Վստահաբար կարելի է ասել, որ այն ժամանակակից աշխարհաքաղաքականության ամենահավակնոտ ու բարդ ձեռնարկումներից մեկն է։ Գաղափարի հիմքում ապրանքների, էներգիայի և տվյալների հոսքի արտահանման արագ, անվտանգ և արդյունավետ միջանցքի ստեղծումն է, որը կկապի Հնդկաստանը Եվրոպայի հետ։
IMEC-ը նախատեսում է բազմամոդալ ենթակառուցվածքների համադրում. ծովային և երկաթուղային ճանապարհների հետ միասին միջանցքը ներառելու է ստորջրյա և վերջրյա օպտիկամանրաթելային մալուխներ, կանաչ ջրածնի արտադրություն ու տեղափոխում և տրանսպորտային բազմաշերտ համակարգեր։
.jpg)
Նախագծի հիմքում նաև Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը ռազմավարական այլընտրանք կառուցելն է, ինչն այն վերածում է աշխարհաքաղաքական մրցակցության՝ արտացոլելով նոր ձևավորվող (գուցե նաև՝ արդեն ձևավորված) աշխարհակարգը։
Այնուամենայնիվ, այս լայնածավալ նախագծի ճանապարհը խրթին է ու հագեցած բազմաշերտ բարդություններով։ Նախագիծը պետք է կարողանա հաղթահարել տարածաշրջանային լարվածությունները, հաշտեցնել բազմաթիվ երկրների հաճախ հակընդդեմ շահերը, ապահովել պետական և մասնավոր հսկայական ներդրումներ։
Ստորև կանդրադառնանք IMEC նախագծի շուրջ զարգացումներին՝ դրանք ներկայացնելով ըստ երկրների։
Եվրոպա
IMEC-ի ստեղծման հիմնադիր հռչակագրում, որը ստորագրվել է 2023թ. սեպտեմբերին, անդամ երկրները (Հնդկաստան, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Եվրոպական Միություն) նշել են, որ երթուղին բաղկացած է լինելու երկու առանձին, սակայն փոխկապակցված միջանցքներից։ Առաջինը՝ արևելյան միջանցքը, նախատեսում է ծովային կապ Հնդկաստանից Արաբական թերակղզի, իսկ երկրորդը՝ հյուսիսային միջանցքը, պետք է անցնի Արաբական թերակղզուց Եվրոպա ցամաքային ուղիներով։ Հիմնադրման պահից սկսած միջազգային մասնագետների և վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը նշում է, որ IMEC-ի ստեղծումը պայմանավորված է ոչ միայն տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման ձգտումով, այլև ունի բացահայտ աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ դիմակայել Չինաստանին։
Այսօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ IMEC-ը կարող է Եվրոպայի համար դառնալ կարևոր ռազմավարական նախագիծ։ Ցամաքային երթուղու ընթացքը, ըստ որոշ հաշվարկների, կարող է մինչև 30%-ով նվազեցնել տրանսպորտային ծախսերը և 40%-ով կրճատել Սուեզի ջրանցքով անցնելու ժամանակը։ Այս հնարավորությունները և այն ըմբռնումը, որ IMEC-ը կարող է հավասարակշռել չինական ազդեցությանը, Եվրամիության առջև դնում է կոնկրետ գործողությունների անհրաժեշտություն։
Նոր գաղափարի շուրջ համախբված եվրոպական երկրները նույնպես մրցակցում են, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է իր տարածքում կենտրոնացնել IMEC-ի գլխավոր հանգույցները։ Հունաստանի Թեսալոնիկե և Պիրեուս, Իտալիայի Տրիեստ և Ֆրանսիայի Մարսել նավահանգիստներն ունեն իրենց առավելությունները, սակայն ամենաբարենպաստ դիրքում, թերևս, Հունաստանն ու Իտալիան են։ Մյուս նավահանգիստները ևս ապագայում կարող են տարբեր դերակատարություններ ունենալ նախագծում:
Այս մրցակցության մեջ առանձնանում է Իտալիայի Տրիեստ նավահանգիստը՝ Ադրիատիկ ծովի ափին գտնվող պատմական առևտրային հանգույցը։ Դեռևս Հին Հռոմի ժամանակներից այն կարևոր հանգույց էր Միջերկրածովյան ավազանի, Մերձավոր Արևելքի և նույնիսկ Հնդկաստանի հետ առևտրում։ Ներկայում Տրիեստի նավահանգիստն ունի բարձր զարգացած ենթակառուցվածք՝ ավելի քան 10 կիլոմետր երկարությամբ ձգվող նավամատույցներ, որոնք ի վիճակի են բեռնելու և դատարկելու նավթ, սորուն բեռներ և կոնտեյներներ։ Այն տարեկան սպասարկում է ավելի քան 15 հազար երկաթուղային գնացք։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված լոգիստիկ ճգնաժամի պայմաններում Տրիեստը դարձել է Հյուսիսային Ադրիատիկի առանցքային հանգույցներից մեկը, ինչը բացատրում է IMEC-ում նրա վճռորոշ նշանակությունը: Պատահական չէ, որ հաճախ այն անվանում են «նոր ոսկե ճանապարհի» դարպաս:
Ուշագրավ է, որ 2019 թվականին Իտալիան միացել էր Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ին՝ դառնալով G7-ի անդամ միակ երկիրը, որը միացել էր չինական նախաձեռնությանը։ 2023թ.-ին, սակայն, վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը դադարեցնում է անդամակցությունը։ Շուտով՝ 2023թ.-ին, Իտալիան Հնդկաստանի հետ ստորագրում է ռազմավարական համագործակցության ծրագիր, իսկ Մելոնին հայտարարում երկու «թերակղզիների»՝ Հնդկական թերակղզու և Ապենինյան թերակղզու առանցքային համագործակցության մասին։ Ակնհայտ է, որ Իտալիայի այս քայլերը Տրիեստի դերը որպես Հնդկաստան-Եվրոպա հեռանկարային միջանցքի դարպասի ամրապնդելու փորձեր են:
Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը խորացնում է հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Չնայած երկկողմ կապերն ունեն երկար պատմություն՝ փորձ է արվում ձևավորել ռազմավարական օրակարգ։ Այս ուղղությամբ կարևոր քայլ կարող է դառնալ ԵՄ-Հնդկաստան գագաթնաժողովը, որն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի 2026 թվականին։ ԵՄ-ի նախաձեռնությամբ այսպիսի գագաթնաժողովը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ կձևավորվեն առևտրային, տեխնոլոգիական և անվտանգության ոլորտների համատեղ նոր ծրագրերը՝ ամրապնդելով Եվրոպայի դերը որպես IMEC-ի հիմնասյուն:
Հնդկաստանի հանդեպ Եվրոպայի հետաքրքրությունների մեկ այլ դրսևորում է 2025թ. սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ԵՄ-Հնդկաստան ռազմավարական օրակարգը, որտեղ անդրադարձ կա IMEC-ին։ Փաստաթղթում նշվում է, որ նախագիծը ձգտում է վերականգնելու Եվրասիայի պատմական առևտրային ուղիները՝ ինտեգրելով ծովային, երկաթուղային, էներգետիկ, թվային և մաքուր ջրածնային ենթակառուցվածքները։ IMEC-ի նպատակն է բազմազանեցնել (դիվերսիֆիկացնել) առևտրային ուղիները, նվազեցնել ռազմավարական կախվածությունը, խթանել տարածաշրջանային ինտեգրացիան և զարգացնել ապագա մատակարարման շղթաները՝ ընդլայնելով Եվրոպայի, Հնդկաստանի և Աֆրիկայի տնտեսական հնարավորությունները։ Եվրոպան, ինչպես նշված է օրակարգում, մտադիր է առաջատար դերակատարություն ունենալու IMEC-ում՝ ներդրումներ կատարելով «Գլոբալ դարպասներ» (Global Gateways) ծրագրի միջոցով։
IMEC-ի թվային հաղորդակցության շրջանակներում ԵՄ-ն պլանավորում է զարգացնել ԵՄ-Աֆրիկա-Հնդկաստան թվային միջանցքը, որի առանցքը կդառնա «Blue and Raman» ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխը՝ շուրջ 11,700 կիլոմետր երկարությամբ։ Այս նախագիծն ուղիղ կապ կստեղծի Ֆրանսիայի, ինչպես նաև Իտալիայի, Հունաստանի, Իսրայելի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Ջիբութիի, Օմանի և Հնդկաստանի միջև։ Թվային միջանցքի Միջերկրածովյան հատվածը կոչվում է Blue (կապույտ), իսկ արևելյան՝ Հնդկաստան տանող հատվածը կրում է հնդիկ ֆիզիկոս Չանդրասեխարա Վենկատա Ռամանի անունը։ Կարևոր առավելություններից է, որ երթուղին շրջանցելու է Եգիպտոսը՝ խուսափելով Սուեզի ջրանցքի գերծանրաբեռնվածությունից, որով անցնում է Արևմուտքը Ասիային կապող մալուխների մոտ 17 տոկոսը։
Եվրամիության և Հնդկաստանի միջև համագործակցության ակտիվացումը նույնպես կարևոր ուղերձ է։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նախատեսվող այցը Հնդկաստան 2026թ. հունվարին մասնակցելու Հանրապետության օրվա տոնակատարությանը, ընդգծում է դիվանագիտական հարաբերությունների խորացումը։ ԵՄ-ի համար, որն աշխատում է նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ և այլ ռեսուրսների կախվածությունը, Հնդկաստանը դիտարկվում է որպես կարևոր գործընկեր ինչպես շուկաների բազմազանեցման, այնպես էլ Չինաստանի ազդեցությունը հավասարակշռելու տեսանկյունից։ Հնդկաստանի համար, իր հերթին, ԵՄ-ն մնում է տեխնոլոգիաների, ներդրումների մեծ հնարավորություն, ինչպես նաև՝ հասանելիություն բարձր վճարողունակություն ունեցող շուկաներ։ Այս փոխշահավետ դինամիկան IMEC-ի հիմնական շարժիչ ուժերից մեկն է։
Եվրոպայի և Հնդկաստանի տնտեսական հարաբերությունների խորացման վկայություն է նաև Գերմանիայի կանցլեր Մերցի այցելությունը Հնդկաստան։ Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մինչև այս տարվա հունվարի վերջը ստորագրել շուրջ 120 մլրդ եվրոյի առևտրային պայմանագիր։
Հունաստան
Եվրոպական ջանքերի հետնապատկերում առանձնանում է Հունաստանը, որն ակտիվորեն օգտագործում է իր աշխարհագրական և ռազմավարական առավելությունները։ Երկրի արտաքին գործերի նախարարը վերջերս հայտարարել էր, որ IMEC-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել՝ ընդգծելով նախագծի կարևորությունը Հունաստանի համար։ Ձեռնարկվում են նաև Հնդկաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու այլ քայլեր. 2026թ. մարտից նախատեսվում է սկսել Հունաստան-Հնդկաստան ուղիղ թռիչքները, ինչը կավելացնի մարդկանց և ապրանքների հոսքը։ Հունաստանի արտաքին գործերի նախարարը 2025թ. մարտին ամերիկյան թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ ծովային ուղու բոլոր հատվածներն ամողջանում են Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի մասնակցությամբ, և որ Հունաստանի ու Կիպրոսի ռազմավարական հարաբերությունները Հնդկաստանի ու Սաուդյան Արաբիայի հետ ստեղծում են բարենպաստ պայմաններ IMEC-ն իրականություն դարձնելու համար։ Այս քննարկմանն անդրադարձել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սոցցանցի իր էջում համապատասխան գրառում անելով։
Այսպիսով, Եվրամիությունը և նրա առանձին անդամ պետությունները, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան և Ֆրանսիան, ձգտում են ամրապնդել իրենց դիրքերն IMEC-ում՝ մրցակցելով նախագծից սպասվող տնտեսական և ռազմավարական օգուտների համար։
Հնդկաստան և Թուրքիա
Հնդկաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարված են, ինչն անմիջական ազդեցություն է ունենում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի, մասնավորապես՝ IMEC-ի վրա։ Հարաբերությունները հատկապես սրվել են Պակիստանին թուրքական անօդաչու սարքերի մատակարարումից հետո, որոնք օգտագործվել էին Հնդկաստանին հարվածելու համար։ Թուրքիայի և Պակիստանի միջև ուսումնական 52 ինքնաթիռների վաճառքի համաձայնագիրը նույնպես առաջացրել էր Հնդկաստանի դժգոհությունը։ Այս համատեսքտում Հնդկաստանն ակտիվորեն շարունակում է իր տարածաշրջանային քաղաքականությունը բազմազանեցնելու ջանքերը՝ ընդլայնելով տնտեսական համագործակցությունն ու ամրապնդելով անվտանգության հարաբերությունները այլ երկրների հետ։
Վերջին քայլերից մեկը վարչապետ Մոդիի այցն էր Օման, որտեղ ստորագրվել են համաձայնագրեր, ըստ որոնց Օմանը սկսելու է մարմար արտահանել Հնդկաստան՝ փոխարինելով թուրքական մատակարարմանը։ Առավել կարևոր է, որ Օմանը համաձայնել է միանալ IMEC -ին։
Հնդկաստանի և Թուրքիայի միջև առկա լարված հարաբերությունների համատեքստում IMEC-ի հնարավոր երթուղու ձևավորումը, որն անցնելու է Օմանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Իսրայելի տարածքով դեպի Հունաստան, հստակ շրջանցում է Թուրքիան։ Թուրքիայի նախագահ Էրդողանը խստորեն քննադատել է իր երկրին այս մեծ նախագծից դուրս թողնելու քաղաքականությունը։
Որպես պատասխան քայլ և այլընտրանք, Անկարան ակտիվորեն առաջ է մղում «Զարգացման ճանապարհ» նախաձեռնությունը, որը նախատեսում է Պարսից ծոցից Եվրոպա բեռնափոխադրումների երթուղի կառուցել Իրաքի և Թուրքիայի տարածքով՝ իր հերթին շրջանցելով IMEC-ի մասնակից երկրներին։
Վերջին տասնամյակում Անկարայի արտաքին քաղաքականությունը, որն աչքի է ընկել որոշ տարաձայնություններով ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգերի ձեռքբերումով, ռազմական միջամտություններով Սիրիայում և Լիբիայում, ինչպես նաև Իսրայելի հետ բարդ հարաբերություններով, դարձել է Թուրքիային IMEC-ից դուրս թողնելու պատճառը։ Բացի այդ, Թուրքիայի և Իսրայելի դիրքորոշումները չեն համընկնում Աբրահամյան համաձայնագրերում ամրագրված կարգավորման ծրագրին, մինչդեռ հենց Իսրայելն է IMEC-ի հյուսիսային հատվածի կարևորագույն հանգույցը։ Այն փաստը, որ Թուրքիան ինքն է առաջ մղում Իրաքի տարածքով մրցակցային միջանցքի նախագիծը, ամրապնդել է IMEC-ի հեղինակների՝ Թուրքիային նախագծից դուրս թողնելու որոշումը։
Թուրքական աղբյուրները, քննարկելով իրենց երկրի այս մեկուսացումը, նշում են, որ առանց Թուրքիայի IMEC-ի ապագա կենսունակությունը կասկածի տակ է դրվում։ Լինելով Արևմուտքի և արևելքի միջև կապի գլխավոր օղակներից մեկը՝ Թուրքիան ունի տասնամյակներով մշակված ենթակառուցվածքներ, մինչդեռ IMEC-ի իրականացման համար շատ բաղադրիչներ պետք է ստեղծվեն զրոյից։ Այսպիսով, առաջանում է հարց, թե արդյո՞ք Հնդկաստանը կկարողանա առանց Եվրոպա տանող այս ավանդական «կամրջի», հասնել տնտեսական նոր միջանցքի կենսագործմանը։
Իսրայել
Ինչպես նշեցինք, IMEC-ի գաղափարը հրապարակվել է 2023թ. սեպտեմբերին, որից ընդամենը մի քանի օր անց Իսրայելի վրա տեղի ունեցած հարձակումը և դրան հաջորդած երկարատև հակամարտությունը էական խոչընդոտներ ստեղծեցին նախաձեռնության համար։ Չնայած այս բարդ աշխարհաքաղաքական զարգացումներին՝ թե՛ Հնդկաստանը, թե՛ Իսրայելը շարունակում են համառ ջանքեր գործադրել՝ փնտրելով երթուղու առանձին հատվածներն ամրապնդելու տարբերակներ։
Իսրայելի Հայֆա նավահանգիստը, որն IMEC-ի վերջնակետն է Արևելյան Միջերկրականում, ցույց է տալիս, թե ինչպես են խոշոր պետություններն աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում ձգտում կառավարել կրիտիկական ենթակառուցվածքները։
Հայֆա նավահանգստի պատմական մասը, որն այժմ հայտնի է որպես Կարմելիա և Արևելյան կոնտեյներային տերմինալներ, 2023թ.-ին կոնցեսիոն կառավարման է տրվել հնդկական Adani Group ընկերությանը։ Մյուս կողմից՝ նոր կառուցված Հայֆա Բեյ նավահանգիստը 2021թ.-ից գործարկվում է չինական Shanghai International Port Group SIPG կորպորացիայի կողմից։
Հնդկական կառավարվող տերմինալներում ջրի խորությունը տատանվում է 14.5-ից մինչև 15.5 մետր, իսկ չինական SIPG տերմինալինն ունի ավելի մեծ՝ 17.3 մետր նավարկելի խորություն, ինչը թույլ է տալիս շահագործել մինչև 20,000 TEU տարողությամբ նավերը։ Այսպիսով, IMEC-ի առանցքային հանգույցներից մեկն ի սկզբանե բազմաբևեռ ազդեցության դաշտում է։
Ի տարբերություն Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որն իրականացվում է հիմնականում պետական միջոցներով, IMEC-ի ստեղծման հռչակագրում ընդգծվում է, որ այն ձևավորվելու է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների համադրությամբ։ Այս մոտեցումն ունի ինչպես առավելություններ (ռեսուրսների բազմազանություն), այնպես էլ ռիսկեր (մասնակիցների շահերի բարդ համադրում)։ IMEC-ի հաջողությունը կախված կլինի նրանից, թե նախագծի շահառուները՝ սկսած եվրոպական և արաբական երկրներից մինչև Հնդկաստան և ԱՄՆ, ինչպես կկարգավորեն առկա տարաձայնություններն ու ընդհանուր նպատակի համար կհամակարգեն գործողությունները։
Այս դժվարին խնդիրը հաղթահարելու հարցում առանցքային է դառնում ապագա երթուղու հուսալիության բարձրացումը՝ ենթակառուցվածքները բազմազանեցնելու միջոցով։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու պարբերական սպառնալիքները, ինչպես նաև գերծանրաբեռնվածությունը ցույց են տալիս կրիտիկական հանգույցի խոցելիությունը։ Չնայած նման քայլը վնաս կհասցնեն հենց Իրանին ու իր դաշնակիցներին և ոչ՝ Իսրայելին, որն ավելի քիչ կախվածություն ունի այդ երթուղուց՝ էներգակիրներ ներմուծելով Միջերկրական ծովի այլ ուղիներով, սակայն աշխարհի նավթի մոտ մեկ հինգերորդ մասի տարանցումն ապահովող ջրանցքում ցանկացած ճգնաժամ կարող է ծանր հետևանքներ ունենալ համաշխարհային առևտրի և էներգետիկ անվտանգության համար։
Այդ պատճառով IMEC-ի շահառուները ձգտում են շրջանցիկ և այլընտրանքային երթուղիներ ընդգրկել IMEC-ի ճանապարհային ցանցում՝ մեծացնելով հուսալիությունը։ Օմանի Սոհար, Դուկմ և Սալալահ նավահանգիստները, որոնք Արաբական ծովի ափին են, ընտրվել են որպես այլընտրանքային մուտքի կետեր։ Այս նավահանգիստներից բեռները կարող են ցամաքային ճանապարհով տեղափոխվել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցի հնարավոր խնդիրները։ Այս կապն ապահովելու համար Օմանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նախաձեռնել են «Հաֆիթ» երկաթուղու կառուցումը։ 238 կիլոմետրանոց գերժամանակակից երկաթուղին, որն անվանվել է երկու պետությունների սահմանում գտնվող լեռան անունով, կապելու է Օմանի Սոհար նավահանգիստը ԱՄԷ-ի ազգային երկաթուղային ցանցին։
Ծովային ապրանքաշրջանառության համար ամենակարևոր բաղադրիչը նավահանգիստների խորությունն է, ինչով պայմանավորված է խոշոր նավերի ու լցանավերի մուտքը։ 16 մետր և ավելի խորություն ունեցող նավահանգիստները կոչվում են խորջրյա նավահանգիստներ (deep ports), որոնք կարող են ընդունել, բեռնել և բեռնաթափել մինչև 200 հազար տոննա տարողություն ունեցող նավերը։ Եվ պատահական չէ, որ IMEC նախագծում ընդգրկվել են ԱՄԷ-ի Ջեբել Ալի (խորությունը՝ 17մ), Օմանի Դուկմ (խորությունը՝ 19մ), Սալալահ (խորությունը՝ 21մ), Սոհար (խորությունը՝ 25մ) և Իսրայելի Հայֆա (խորությունը՝ 16մ) նավահանգիստները։
Սաուդյան Արաբիա
Վերջին ամիսներին տարածաշրջանում տեղի ունեցած քաղաքական և ռազմավարական կարևոր իրադարձությունները նոր մարտահրավերներ են ստեղծում IMEC-ի իրագործման համար։ 2025թ. սեպտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրում են պաշտպանական երկկողմանի համաձայնագիր, որը, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, կարող է տարածաշրջանային փոփոխությունների պատճառ դառնալ։ Համաձայնագրով Սաուդյան Արաբիան նաև դառնալու է 2026թ. Պակիստանի ամենախոշոր ֆինասական աջակիցը։ Նախատեսվում է շուրջ 6 մլրդ դոլարի աջակցություն, որը տնտեսությունը հզորացնելու համար Իսլամաբադին անհրաժեշտ միջոցների գրեթե 25%-ն է։ Սաուդյան Արաբիան, դաշինք կնքելով իսլամական միջուկային պետության հետ, փորձում է ավելացնել իր պաշտպանական կարողությունը։ Այս գործարքը մտահոգում է Հնդկաստանին, քանի որ Սաուդյան Արաբիան IMEC նախագծի հիմնադիրներից է։
Թեև Ռիադի և Իսլամաբադի ռազմական համագործակցության բանակցությունները վաղուց էին ընթանում, սակայն վերլուծաբանների մեծամասնությունը համակարծիք է, որ համաձայնագրի գլխավոր խթանը Իսրայելի հարվածն էր Դոհային։ 2025թ. սեպտեմբերի 9-ին իսրայելական հրթիռի հարվածից զոհվել էր վեց մարդ, որոնցից մեկը Քաթարի անվտանգության ծառայության աշխատակից էր, իսկ մյուսները՝ Համասի ներկայացուցիչներ։ Համաձայնագիրն արձանագրում է, որ ստորագրող կողմերից մեկի վրա հարձակումը ենթադրում է հարձակում դաշնակցի վրա։ Թեև Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի տնտեսական համագործակցությունը բավականի խորն է և այդպիսին էլ կմնա առաջիկայում, այնուամենայնիվ, իր թշնամու հետ ռազմական դաշինքի ստորագրումը կարող է զգալիորեն թուլացնել Հնդկաստանի քաղաքական վստահությունը Սաուդյան Արաբիայի հանդեպ։
Սաուդյան Արաբիան, իր հերթին, մի քանի տարի փորձում էր սերտացնել պաշտպանական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, սակայն Միացյալ Նահանգների մի շարք որոշումներ մտահոգություններ առաջացրին Սաուդյան Արաբիայում։ Ռիադը սկսեց անվտանգության հավելյալ մեխանիզմներ փնտրել, ինչի վերջնախաղն էլ դարձավ Պակիստանի հետ ստորագրված համաձայնագիրը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես արձագանքել էր ստորագրված համաձայնագրին, նշելով, որ իրենք «կուսումնասիրեն այս զարգացման ազդեցությունն իրենց ազգային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ կայունության վրա»։ Իրավական առումով համաձայնագիրը նշանակում է, որ Պակիստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն դիտարկվելու է որպես հարձակում Սաուդյան Արաբիայի վրա։
Անցած տարվա նոյեմբերին, սակայն, տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի պաշտոնական այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ և հանդիպումը նախագահ Թրամփի հետ։ Այս շփումների արդյունքում ձեռք են բերվում մի շարք համաշխարհային և տարածաշրջանային նշանակություն ունեցող պայմանավորվածություններ, ստորագրվում են փաստաթղթեր։ Առաջին հերթին, թերևս, արժե նշել IMEC նախագծի վերագործարկումը, որը կանգ էր առել 2023թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումով և հետագա ռազմական գործողություններով։ Գազայում կրակի դադարեցման համաձայնությունը հնարավորություն է տալիս վերսկսել նախագծի շուրջ աշխատանքները։ Առանց Սաուդյան Արաբիայի նախագիծը պարզապես չի կարող իրականություն դառնալ։
Սաուդյան Արաբիան կենտրոնական նշանակություն ունի ԱՄՆ-ի Մերձավորարևելյան քաղաքականությունում, ինչի վառ ապացույցը նախագահ Թրամփի 2025թ. մայիսի այցելությունն էր Ռիադ, որի արդյունքում Սաուդյան Արաբիան 600 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում պետք է անի Միացյալ Նահանգներում։ Նոյեմբերի հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիան խոստանում է ներդումները հասցնել 1 տրլն դոլարի։ Ուշագրավ է նաև ռազմական համագործակցության պայմանավորվածությունը. Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիային տալիս է անվտանգության ապահովման գրեթե ամենաբարձր երաշխիքը՝ համարելով ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակիցը։ Ավելին՝ Միացյալ Նահանգները համաձայնում են Սաուդյան Արաբիային վաճառել F-35 գերժամանակակից կործանիչները։
ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնագրերը զգալիորեն կմեծացնեն Սաուդյան Արաբիայի կշիռը տարածաշրջանում, կավելացնեն նրա անվտանգային երաշխիքները, ինչը, բնականաբար, կմեծացնի IMEC-ի իրականություն դառնալու հնարավորությունը։ Ոչ պակաս կարևոր է նաև Աբրահամյան համաձայնագրերին միանալու Սաուդյան Արաբիայի պատրաստակամությունը։ «Մենք ուզում ենք միանալ Աբրահամյան համաձայնագրերին, սակայն ուզում ենք նաև համոզված լինել, որ ապահովում ենք երկու պետության ստեղծումը»,- ասել էր Մոհամմեդ բին Սալմանին։
Այսպիսով, IMEC նախագիծը դժվարին, բայց դինամիկ զարգացումների փուլում է։ Թեև վերոնշյալ իրադարձությունները որոշ բարդություններ են ենթադրում մասնակից երկրների համար, սակայն բազմակողմանի հարաբերություններն ու Հնդկաստանի հետ կապերի ակտիվացումը ցույց է տալիս, որ IMEC-ի գաղափարի շուրջ ձևավորվում է շահերի որոշակի համընկնում։