Իրանը չորս տասնամյակ անց
10 ր. | 2019-02-07ԻԻՀ պետական կառավարման համակարգի առանձնահատկությունը
Ի րանի Իսլամական Հանրապետությունն իր պետական կառավարման համակարգով առանձնանում է Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանի պետություններից: 1979թ. տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում ձևավորված պետական կառավարման ճկուն համակարգի շնորհիվ ԻԻՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը հաջողվել է հաղթահարել երկրի առջև ծառացած ներքին և արտաքին այնպիսի լուրջ մարտահրավերներ, ինչպիսիք են՝ իրան-իրաքյան ութամյա պատերազմը, երկարատև միջազգային տնտեսական պատժամիջոցները, ռազմական հարձակման սպառնալիքը, անջատողականության վտանգը և այլն:
Իրանի պետական կառավարման համակարգն ունի իր առանձնահատկությունները, և այդ պատճառով Իրանի ներքին և արտաքին քաղաքականությունը շատ հաճախ այլ կերպ է ընկալվում: Եթե փորձենք ԻԻՀ պետական կառավարման համակարգը համեմատել Պարսից ծոցի տարածաշրջանի միապետություններում և Մերձավոր Արևելքի երկրներում ձևավորված կառավարման համակարգերի հետ, ապա, այսպես կոչված, «արևելյան չափանիշների» համապատասխան՝ Իրանը կարելի է համարել ժողովրդավարական երկիր, որովհետև իշխանությունն այդ երկրում ձևավորվում է ժողովրդի ուղիղ ընտրության միջոցով և իշխանության երեք թևերը բավականին արդյունավետ միմյանց հակակշռում են։
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Սահմանադրությունն ընդունվել է (98.2% քվե) Իսլամական հեղափոխության հաղթանակից մեկ տարի անց՝ 1980թ., որի հիման վրա էլ ձևավորվել է պետական կառավարման համակարգը:
Սահմանադրության ընդունումից շուրջ մեկ տասնամյակ անց՝ 1989թ. ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ փոփոխվեցին և լրացվեցին հոգևոր առաջնորդի, դատական, գործադիր իշխանությունների և պետական կառավարման մյուս սուբյեկտների գործունեության դրույթները:
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարումն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կողմից, որոնք գործում են համաձայն Վելայաթ–է ֆաղիհի (կրոնաիրավական կառավարում) տեսության՝ հոգևոր առաջնորդի վերահսկողությամբ:
Հոգևոր առաջնորդը
Հ ոգևոր առաջնորդն ընտրվում է ցմահ՝ Փորձագետների խորհրդի (Մաջլես-է խոբրեգան) կողմից, որն Իրանի պետական կառավարման համակարգի առանցքային կառույցներից է: Իսլամական հեղափոխությունից ի վեր այն երկու կարևոր որոշում է կայացրել` 1986թ. Հոսեյն Ալի Մոնթազերիին նշանակել է ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի փոխանորդ և 1989թ. ներքաղաքական զարգացումների արդյունքում Ալի Խամենեիին ընտրել որպես հոգևոր առաջնորդ:
Փորձագետների խորհուրդը կազմված է 88 անդամից, որոնք, համաձայն Սահմանադրության, պետք է հավատարիմ լինեն իսլամական համակարգին, տիրապետեն իսլամական-շիայական ուսմունքին, որպեսզի իրավունք ստանան ընտրելու հոգևոր առաջնորդ, ապա՝ գնահատելու նրա գործունեությանը:
Հիմնական իրավունքները և պարտականությունները
Հ ոգևոր առաջնորդը, լինելով երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարը, Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի (Մաջմա-է թաշխիս-է մասլահաթ-է նեզամ) հետ խորհրդակցելուց հետո սահմանում և վերահսկում է Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր պետական քաղաքականությունը:
Հոգևոր առաջնորդին է վերապահված նաև հանրաքվե անցկացնելու, պատերազմ հայտարարելու և զորահավաք կազմակերպելու իրավունքը:
Բացի այդ, դատական իշխանության ղեկավարը, ԶՈւ ԳՇ պետը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարը, Ռադիո-հեռուստատեության կազմակերպության նախագահը նշանակվում և ազատվում են հոգևոր առաջնորդի հրամանագրով:
Հավելենք, որ քաղաքացիների կողմից ընտրված նախագահի նշանակման վերաբերյալ հրամանագիրը նույնպես ստորագրվում է հոգևոր առաջնորդի կողմից:
Հոգևոր առաջնորդի մահը կամ հրաժարականը
Առաջնորդի մահվան, հրաժարականի կամ նրան պաշտոնանկ անելու ժամանակ Փորձագետների խորհուրդը ներկայացնում է նոր առաջնորդին, իսկ մինչ այդ՝ վերջինիս բոլոր պարտականություններն իրականացնում է ժամանակավոր խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են երկրի նախագահը, դատական իշխանության ղեկավարը և մեկական հոգևորական Սահմանադրության պահապան խորհրդից (Շոուրա-է նեգահբան) և Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովից։
Անդրադառնալով ԻԻՀ սահմանադրությամբ հոգևոր առաջնորդին վերապահված լիազորություններին՝ պետք է փաստել, որ հաճախ դրանք գերագնահատվում են: Այնպիսի ընկալում կա՝ ասես երկրում ամեն ինչ հոգևոր առաջնորդն է որոշում՝ միանձնյա, և այդ համատեքստում էլ Իրանի կառավարման համակարգը բնութագրվում է՝ ըստ դասական քաղաքագիտական դասակարգումների, ինչն էլ սխալ պատկերացում է տալիս Իրանի պետական կառավարման համակարգի վերաբերյալ:
ԻԻՀ ներկայիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին 80 տարեկան է, 2014թ. վիրահատվել է: Իրանի շուրջ առաջացող լարվածության ժամանակ նրա առողջական վիճակը հաճախ է իսրայելական, արաբական և արևմտյան մամուլում շահարկման առիթ հանդիսանում:
Անցնող տարիներին Ալի Խամենեիին հաջողվել է իր ազդեցությունը մեծացնել ինչպես Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի, այնպես էլ Փորձագետների խորհրդի վրա: 2017թ. Իսլամական հեղափոխության ազդեցիկ առաջնորդներից մեկի, նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվանից հետո Խամենեիի դիրքը հոգևորական վերնախավի շրջանում ավելի ամրապնդվեց:
Ռաֆսանջանին իր կենդանության օրոք տարբեր հարթակներում հանրային քննարկման էր ներկայացնում հոգևոր առաջնորդի փոխանորդի հարցը՝ ընդգծելով նրա ընտրության կարևորությունը, միևնույն ժամանակ որպես այլընտրանք առաջարկելով նաև «Առաջնորդական խորհուրդ» ձևավորելու անհրաժեշտությունը: Իրանական մամուլում ևս ժամանակ առ ժամանակ քննարկվում է այն հարցը, թե ո՞վ է փոխարինելու Ալի Խամենեիին: Այդ համատեքստում մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվում, որոնց թվում են Համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի նախագահ Սադեղ Արդեշիր Լարիջանին (ԻԻՀ Մեջլիսի խոսնակի եղբայրն է), «Ասթան-է Ղոդս» հիմնադրամի ղեկավար Էբրահիմ Ռայիսին (2017թ. նախագահական ընտրություններին Հ. Ռուհանիի հիմնական մրցակիցն էր), Ալի Խամենեիի որդին՝ Սեյյեդ Մոջթաբա Խամենեին, ինչպես նաև այլ բարձրաստիճան հոգևորականներ:
Դատելով մինչ օրս տեղի ունեցած զարգացումներից՝ չի բացառվում, որ Խամենեիից հետո հոգևոր առաջնորդ ընտրվի այնպիսի հոգևորական, ում անունն ընդհանրապես չի էլ շրջանառվել:
Թե՛ նախկին նախագահներ Մոհամմադ Խաթամիի, թե՛ Մահմուդ Ահմադինեժադի, ինչպես նաև գործող նախագահ Հասան Ռուհանիի ընտրությունն անակնկալ է եղել, այսինքն՝ այդ շրջանում ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում կատարված կանխատեսումներում վերոնշյալ գործիչներն ամենևին էլ ամենառեյտինգայինը չէին:
Գործադիր իշխանությունը
Նախքան գործադիր իշխանության ձևավորմանն անդրադառնալը՝ ներկայացնենք Իրանի ընտրական համակարգի որոշ առանձնահատկություններ: Մինչև ընտրությունների անցկացումը նախագահի և պատգամավորի թեկնածուների գործերը քննվում են Պահապանների խորհրդում: Եթե պարզվում է, որ թեկնածուները, որոնք իրենց քաղաքական կողմնորոշմամբ և գործունեությամբ կարող են շեղվել Իսլամական հեղափոխության նախանշած նպատակներից և սպառնալիք լինել պետական համակարգին, նրանց թեկնածությունը մերժվում է:
Սովորաբար նախագահի ընտրությունների ժամանակ ավելի քան 500 քաղաքացի է թեկնածության հայտ ներկայացնում, որոնցից ընդամենը 10-12 հոգի է գրանցվում որպես թեկնածու: Մերժված թեկնածուների թվում երբեմն լինում են նաև նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նկատենք, որ 2017թ. նախագահական ընտրությունների ժամանակ Պահապանների խորհուրդը չգրանցեց նաև ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և նրա տեղակալ Համիդ Բաղայիի թեկնածությունները:
Հոգևոր առաջնորդից հետո նախագահը համարվում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որն ընտրվում է չորս տարի ժամկետով՝ ժողովրդի ուղիղ քվեարկությամբ, ընդորում՝ անընդմեջ կարող է ընտրվել երկու ժամկետով։ Հոգևոր առաջնորդը նախագահական մրցապայքարի ընթացքում իր ուղերձներով փորձում է ընտրողներին հորդորել ճիշտ ընտրություն կատարել և ձեռնպահ է մնում հրապարակային աջակցություն հայտնել թեկնածուներից որևէ մեկին։
Նախագահը ղեկավարում է գործադիր իշխանությունը. Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության առաջին շրջանում 1989թ. Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունից հետո վարչապետի պաշտոնը վերացվում է, որից հետո վարչապետի գործառույթն իրականացնում է նախագահի առաջին տեղակալը՝ համադրելով նախարարների կաբինետի և նախագահի մյուս տեղակալների գործունեությունը:
Իսլամական հեղափոխությունից մինչ օրս Իրանը յոթ նախագահ է ունեցել: Բացի առաջին երկու նախագահներից, մնացած բոլորը պաշտոնավարել են երկու ժամկետ: ԻԻՀ առաջին նախագահը եղել է Աբոլհասան Բանիսադրը (1980-1981), որին Իսլամական հեղափոխության ուղուց շեղվելու մեղադրանքով խորհրդարանը անվստահություն է հայտնել: Այդ առնչությամբ ուշագրավ մի փաստ նշենք. 2017թ. ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իր ելույթներից մեկում, իր դժգոհությունը հայտնելով կառավարության գործունեության վերաբերյալ, անդրադարձել է Բանիսադրին՝ գործող նախագահ Հասան Ռուհանիին անուղղակիորեն ակնարկելով դասեր քաղել պատմական այդ իրադարձությունից:
ԻԻՀ երկրորդ նախագահ Մոհամմադ Ալի Ռաջային պաշտոնավարել է ընդամենը երկու ամիս՝ 1981 հուլիսից մինչև 1981 օգոստոսը՝ դառնալով ահաբեկչության զոհ: Վերջինիս հաջորդած նախագահները՝ Ալի Խամենեին (1981-1989), Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին (1989-1997), Մոհամմադ Խաթամին (1997-2005), Մահմուդ Ահմադինեժադը (2005-2013) պաշտոնավարել են լիարժեք՝ երկու ժամկետներում:
Օրենսդիր իշխանությունը
Ի րանի պետական կառավարման համակարգում կարևոր դերակատարություն է վերապահված օրենսդիր իշխանությանը՝ Մեջլիսին, որը, բացի օրենսդիր գործունեությունից, բավական արդյունավետ հակակշռում է գործադիր իշխանությանը: Սահմանադրությամբ Մեջլիսին վերապահված է մի շարք լիազորություններ, որոնց միջոցով էլ օրենսդիր իշխանությունը ոչ միայն վերահսկում է կառավարության գործունեությունը, այլ նշանակալի ազդեցություն է ունենում կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վրա:
Կառավարության ձևավորումից հետո և նախքան նրա աշխատանքները սկսելը, նախագահը պետք է Մեջլիսից վստահության քվե ստանա։ Բացի այդ՝ յուրաքանչյուր նախարար Մեջլիսի քննարկմանն է ներկայացնում այն գերատեսչության գործունեության հետ կապված ծրագիրը, որը ղեկավարելու համար նրան նշանակել է նախագահը: Եթե նրա ներկայացրած ծրագիրը չի արժանանում խորհրդարանի հավանությանը, ապա նախագահը պարտավոր է նոր նախարար նշանակել:
Ե՛վ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, և՛ գործող նախագահ Հասան Ռուհանին իրենց կառավարությունները ձևավորելիս, նաև հետագա գործունեության ընթացքում ստիպված են եղել վերանայել իրենց որոշումները և խորհրդարանի անվստահությանն արժանացած նախարարներին փոխարինել նորերով:
Մեջլիսն իրավունք ունի ներքին և արտաքին խնդիրների հարցով պարզաբանումներ պահանջել ինչպես նախագահից, այնպես էլ նախարարներից. խորհրդարանը նրանց նկատմամբ նույնիսկ կարող է անվստահության գործընթաց սկսել: Այդ առիթով Մեջլիս-կառավարություն հակասությունն առավել սրվեց 2015թ., երբ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Միացյալ Նահանգների բանակցությունների ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ունեցած հանդիպման մասին պարզաբանումներ տալու նպատակով հաճախ էր հրավիրվում Մեջլիս:
Հավելենք, որ Մեջլիսի գործողություններն իր հերթին հակակշռում է Սահմանադրության պահապան խորհուրդը (Շոուրա-է նեգահբան), որը որոշում է Մեջլիսում ընդունված որոշումների համապատասխանությունն իսլամի նորմերին և Սահմանադրությանը:
Մեջլիսի ընդունած բոլոր օրենքներն ու որոշումները պետք է հանձնվեն Պահապան խորհրդի քննարկմանը, և հակասություն հայտնաբերելու դեպքում Պահապան խորհուրդն դրանք վերադարձնում է Մեջլիսին, իսկ հակասություն չլինելու դեպքում որոշումն օրենքի ուժ է ստանում։
Նկատենք, որ Մեջլիս-Պահապան խորհուրդ փոխգործակցությունը շատ հարցերում ճկուն գործելու հնարավորություն է տալիս կառավարությանը, որն այս կամ այն հարցի առնչությամբ արտաքին ճնշումներից խուսափելու և ժամանակ շահելու համար կարող է Մեջլիսի քննարկմանը ներկայացնել միջազգային որևէ պայմանագիր կամ կոնվենցիա՝ միջազգային հանրությանը ցույց տալով, թե հավատարիմ է ստանձնած պարտավորություններին:
Վերջին շրջանի կառավարության նմանատիպ նախաձեռնություններից կարելի է նշել Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային համաձայնությունը, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիայի (CFT) մասին օրինագիծը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան:
Եթե կառավարության նախաձեռնությամբ որևէ միջազգային կոնվենցիա Մեջլիսի կողմից հաստատվում է, ապա Պահապան խորհուրը այն քննելու և չեղարկելու իրավունք ունի:
Ուսումնասիրելով Իրանի պետական կառավարման համակարգը՝ կարող ենք նշել, որ ԻԻՀ պետական համակարգի բոլոր ինստիտուտները՝ հոգևոր առաջնորդից մինչև քաղաքապետ, ձևավորվում են ընտրությունների միջոցով: Չնայած խիստ հակակշիռներին՝ պետական հաստատություններից յուրաքանչյուրն իրեն հատկացված գործառույթներն է իրականացնում՝ որպես հիմնական նպատակ դիտելով իսլամական համակարգի պահպանումն ու երկրի տարածքային ամբողջականության ապահովումը:
Թեև արտաքուստ բարդ կառուցվածքին՝ ԻԻՀ պետական կառավարման համակարգն Իսլամական հեղափոխությունից հետո կարողացել է ներքին և արտաքին իրողություններին համահունչ ճկունություն ցուցաբերել և երկիրը հեռու պահել ինչպես ներքաղաքական ցնցումներից, այնպես էլ արտաքին սպառնալիքից: Այդ տրամաբանությունից ելնելով՝ ԻԻՀ կառավարման համակարգը, հիմնված լինելով «Վելայաթ-է ֆաղիհի» տեսության վրա, անցնող 40 տարիներին որոշակի փոփոխությունների է ենթարկվել, որոնք ազդեցություն են ունեցել նաև Իրանի հասարակության վրա:
Դեռ Իսլամական հեղափոխությունից հետո ձևավորել էր «Կրոնական-ազգայնական» (Մելլի-մազհաբի) շարժումը, որը Հաշեմի Ռաֆսանջանիի կառավարման տարիներին ներառեց սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն ունեցող ընդդիմադիր շատ գործիչների:
1997թ., երբ նախագահ ընտրվեց Մոհամմադ Խաթամին, հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի ուղուն հավատարիմ ուժերը (Փեյրովան-է խաթ-է էմամ) համախմբվեցին «պահպանողական» գաղափարախոսության շուրջ, որոնք համարում էին, որ Մոհամմադ Խաթամիին աջակցած ուժերը շեղվել են հեղափոխության հիմնական սկզբունքներից, այդ շրջանից էլ սկսվեց «պահպանողական»-«բարեփոխական» գաղափարական բաժանումը:
Փոփոխությունների տեսանկյունից ամենաուշագրավը թերևս Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներն էին, երբ հատկապես մտավորականության զգալի հատվածի և երիտասարդության շրջանում լայն տարածում ստացավ «իրանականությունը» (իրանիաթ) կամ «իրանական ազգայնականությունը», որոնք այդ շրջանում պետության կողմից օգտագործվեցին հասարակությանն Իրանի տարածքային ամբողջականության պաշտպանության գաղափարի շուրջ համախմբելու համար:
Այսօր Իսլամական հեղափոխության առաջնորդների սերնդի ազդեցիկ հոգևորականների մեծ մասն այլևս ողջ չէ. համացանցի զարգացման, սոցիալական ցանցերի՝ քաղաքական գործընթացների վրա ունեցած դերակատարության մեծացման և մի շարք գործոններով պայմանավորված փոփոխությունները շարունակվում են և ԻԻՀ ներկայիս հոգևոր-քաղաքական վերնախավը, չնայած ձևավորված կարծրատիպերին, իսլամական համակարգը պահպանելու նպատակով հենց այդ փոփոխությունների միջոցով փորձում է առկա մարտահրավերներին համարժեք ճկունություն ցուցաբերել: Այսինքն, եթե հասարակության կացութաձևի, իսլամական հանդերձանքի և այլ հարցերի վերաբերյալ հեղափոխությունից հետո՝ 1980-ականների սկզբին ինչպես հոգևոր-քաղաքական վերնախավի, այնպես էլ հասարակության լայն շերտերի մոտ գերիշխում էին արմատական մոտեցումները, ապա տարիների ընթացքում դրանք մեղմացան և այսօր արդեն Իրանի հասարակական կյանքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք 40 տարի առաջ պարզապես անընդունելի կարող էին համարվել: