ՀՀ-ԱՄՆ տնտեսական հարաբերություններ. հնարավորություններ և առկա մարտահրավերներ

10 ր.   |  2025-07-07

Տարիներ շարունակ Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) հանդիսացել է Հայաստանի կարևորագույն ու հիմնական գործընկերներից մեկը՝ առանձնահատուկ տեղ զբաղեցնելով ՀՀ-ի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կյանքում: Երկկողմ բազմաշերտ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու նպատակով 2025թ. հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ներառում է տնտեսության, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության, ժողովրդավարության, արդարադատության, մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանման ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը և խորացմանն ուղղված համապարփակ դրույթներ:

Երկրների միջև երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են նաև պաշտոնական ներկայացուցիչների կողմից բազմաթիվ այցերի, իրականացվող համատեղ ծրագրերի, կնքված հուշագրերի և արձանագրությունների, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությունների հիման վրա։

ՀՀ-ԱՄՆ առևտրատնտեսական հարաբերությունները

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման համատեքստում առանցքային է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը։

Նախքան ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառության ծավալներին անդրադառնալը, նշենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 5-ից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 50% մաքսատուրքեր է սահմանել մի շարք երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Այդ սահմանափակումներից անմասն չի մնացել նաև ՀՀ-ն. ՀՀ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանվել է 10% մաքսատուրք:

Հատկանշական է, որ տարածաշրջանի, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներից առավել բարձր՝ 27% մաքսատուրք սահմանվել է Ղազախստանի համար:

Առևտրաշրջանառության ծավալների ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել ՀՀ վիճակագրական կոմիտեի (ՎԿ) կողմից հրապարակված տվյալների բազաները: 

Այսպիսով, ուսումնասիրել ենք ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառության դինամիկան վերջին 10 տարվա կտրվածքով՝ դիտարկելով մաքսատուրքերի սահմանման ազդեցության հնարավոր հետևանքներն ու միտումները վերջինիս վրա: 

ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառության աճի տեմպն ամենաբարձրը եղել է 2022թ., ինչպես ՀՀ ամբողջ առևտրաշրջանառության, այնպես էլ մասնավոր դեպքում՝ ԱՄՆ-ի հետ ՀՀ առևտրաշրջանառության առավելագույն ցուցանիշի գրանցումը վերոնշյալ տարեթվին մեծամասամբ պայմանավորված է եղել ռուս-ուկրաինական հակամարտությամբ: Նվազագույնը եղել է 2020թ., որն էլ հիմնականում պայմանավորված է եղել Covid-19 համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամով, որի հետևանքով արձանագրվել էր մատակարարման արժեշղթաների խաթարում, անկում էր ապրել համաշխարհային առևտուրը: Այս զարգացումներից անմասն չեն մնացել նաև ՀՀ-ԱՄՆ առևտրատնտեսական հարաբերությունները:

Վիճակագրական տվյալներից պարզ է դարձել, որ ՀՀ-ից ԱՄՆ արտահանումն ամենաբարձր մակարդակին հասել է 2021թ.՝ կազմելով 81.8 մլն դոլար, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճել է 20.5%-ով, այնուամենայնիվ վերջինս դիտարկվող ժամանակահատվածում զիջել է ԱՄՆ-ից ՀՀ ներմուծման ցուցանիշին։ Այդ ուղղությամբ, առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2023թ.՝ 620.9 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ այն աճել է 1.6 անգամ։ 

2024թ. ամփոփված տվյալներից պարզ է դարձել, որ չնայած արտահանման ծավալն աճել է 21.4%-ով, ներմուծումը նվազել է 43.4%-ով, այնուամենայնիվ ներմուծումը գումարային արտահայտությամբ ավելի մեծ է։ 

2025թ. առաջին եռամսյակում ՀՀ-ից ԱՄՆ արտահանման ծավալը կազմել է 8.7 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 77.8 մլն դոլար: Ըստ էության, ինչպես արտահանման (-40%), այնպես էլ ներմուծման (-17.6%) ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում են գրանցել:

Մաքսատուրքերի սահմանման ազդեցությունը հասկանալու համար նախ պետք է ուսումնասիրել ՀՀ-ից ԱՄՆ արտահանվող հիմնական ապրանքախմբերը։ Այսպես, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակված ամենավերջին տվյալների համաձայն՝ 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ-ից ԱՄՆ արտահանման զգալի մասը՝ 24.4%-ը բաժին է ընկել ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ ու քացախ ապրանքախմբին՝ շուրջ 6.9 մլն դոլար մաքսային արժեքով։ Նույն ժամանակահատվածում արտահանվող երկրորդ ամենամեծ ապրանքախումբը մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներն են (ավելի քան 6.8 մլն դոլար), որից միայն ոսկերչական իրերի, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակների և այլ արտադրատեսակների արտահանման ծավալը կազմել է 4.9 մլն դոլար, որն ամբողջ արտահանման ծավալի 17.4%-ն է: ԱՄՆ արտահանվող հաջորդ խոշոր ապրանքախումբն ուղղաթիռներ, ինքնաթիռներ, տիեզերական ապարատներ (ներառյալ արբանյակները) և ենթաօրբիտային ու տիեզերական տանող-հրթիռներն են, որոնց ծավալը, ըստ 2024թ. առաջին կիսամյակի տվյալների, կազմել է շուրջ 4.8 մլն դոլար: Տեսակարար կշիռն ամբողջ արտահանման ծավալում 16.8% է: Համեմատաբար փոքր ծավալով արտահանվում են նաև կապար և օպտիկական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական գործիքներ ու ապարատներ՝ համապատասխանաբար ավելի քան 1.275 և 1.265 մլն դոլար մաքսային արժեքներով: Այսպիսով, ոչ միայն ՀՀ-ից ԱՄՆ արտահանման ծավալն է փոքր, այլև արտահանվող ապրանքների տեսականին է սահմանափակ։ Այս համատեքստում ակնհայտ է առևտրատնտեսական պոտենցիալի թերօգտագործում, ինչը պահանջում է ապրանքատեսականու դիվերսիֆիկացիա և արտաքին տնտեսական կապերի խորացման անհրաժեշտություն։

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ից ՀՀ ներմուծվող ապրանքախմբերին, նշենք, որ դրանց ցանկում ամենախոշորն ավտոմեքենաներն են: 2024թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ այն կազմել է շուրջ 78.6 մլն դոլար կամ ամբողջ ներմուծման ծավալի 37.9%-ը: 2020թ. ի վեր արձանագրվել է ԱՄՆ-ից ՀՀ ընդհանուր ներմուծման ծավալի դինամիկ աճ՝ 2023թ. հասնելով ամենաբարձր մակարդակին, ինչը մեծամասամբ պայմանավորված է եղել հենց ավտոմեքենաների ներկրման ավելացմամբ: Ավտոմեքենաները ՀՀ ներկրվել են հիմնականում դեպի Ռուսաստան վերաարտահանման նպատակով: Սակայն, 2023թ. ՌԴ կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում կարող է միայն 1 ավտոմեքենա ներմուծել և վաճառել այդ երկրում: Որոշման հիմնական նպատակը եղել է երկրում ավտոարդյունաբերության զարգացումը: Արդյունքում, վերջինս իր ազդեցությունն է ունեցել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծման ծավալների նվազման ուղղությամբ, ինչը վիճակագրական տեսանկյունից իր արտացոլումն է ունեցել հաջորդ՝ 2024թ. ամփոփված տվյալներում: 

ՀՀ ներկրվող երկրորդ խոշոր ապրանքախումբը դեղագործական արտադրանքն է: 2024թ. առաջին կիսամյակում ԱՄՆ-ից ՀՀ ներկրվել է շուրջ 40.4 մլն դոլար մաքսային արժեքով դեղագործական ապրանքներ: ՀՀ ներկրվող հաջորդ խոշոր ապրանքախմբերից են նաև թռչող, տիեզերական ապարատներն ու դրանց մասերը (շուրջ 13.7 մլն դոլար), ինչպես նաև քիմիական թելերը (ավելի քան 10.9 մլն դոլար) և այլն:

Այս համատեքստում, անցում կատարելով սահմանված մաքսատուրքերին, նշենք, որ վերջինիս հայտարարված նպատակը ԱՄՆ-ում տեղական արտադրողների շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև պետական բյուջե լրացուցիչ մուտքերի ապահովումը։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն զգալի տեսակարար կշիռ է զբաղեցնում համաշխարհային տնտեսությունում՝ հանդիսանալով «խոշորագույն խաղացող», ուստի տվյալ քաղաքականությունը, բնականաբար, իր անմիջական ազդեցությունն է ունենում համաշխարհային տնտեսական զարգացումների վրա: Ընդհանուր առմամբ, տարբեր գնահատականներով, ամերիկյան տնտեսությունում կարճաժամկետում սպասվում է գնաճի ավելացում, մարդկանց կենսամակարդակի վատթարացում, սակայն երկարաժամկետում՝ աշխատատեղերի, ներդրումների աճ:

Մաքսատուրքերի սահմանումն իրենից ենթադրում է նաև հայկական ապրանքների գների որոշակի բարձրացում ԱՄՆ սպառողական շուկայում, որը կարող է ազդեցություն ունենալ դրանց մրցունակության վրա: Անդրադարձ կատարելով նաև ՀՀ տնտեսության վրա ԱՄՆ մաքսատուրքերի ազդեցությանը, նշենք, որ մեր գնահատականներով, գլոբալ առումով ՀՀ տնտեսությունը վնասներ չի կրի, քանի որ 2024թ. տվյալներով՝ ԱՄՆ-ի տեսակարար կշիռը ՀՀ արտահանման ծավալում կազմել է չնչին՝ 0.5%: 

Մաքսատուրքերի սահմանումը մեծ հաշվով կարող է նպաստել ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ տնտեսական կապերի էլ ավելի խորացմանը: Հատկանշական է, որ վերջին 5 տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 5 անգամ, իսկ, օրինակ, դեպի Եվրամիության (ԵՄ) երկրներ՝ կրճատվել է մոտ 10%-ով: Այս առումով, ավելի քան կարևորվում է Հայաստանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու խորացումը:

Հատկանշական է, որ մաքսատուրքերի սահմանումից անմիջապես հետո որոշ միջազգային ֆինանսատնտեսական կառույցներ արձագանքել են՝ ներկայացնելով իրենց գնահատականներն ու կանխատեսումները համաշխարհային, նաև տարածաշրջանային (այդ թվում՝ ԵԱՏՄ) տնտեսությունների վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ։ Մասնավորապես, համաձայն Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսման, պատժամիջոցների ազդեցությունը ԵԱՏՄ անդամ երկրների վրա կլինի նվազագույնը: Այնուամենայնիվ, ԵԱԶԲ-ն զգուշացնում է հնարավոր էական անուղղակի հետևանքների մասին։ Առևտրային պատերազմների սրացումը, ներառյալ Չինաստանի և այլ երկրների կողմից հնարավոր պատասխան միջոցները, կարող են հանգեցնել համաշխարհային առևտրի ծավալների կրճատմանը: Արդյունքում, հումքային ապրանքների համաշխարհային պահանջարկը կարող է նվազել։

ԱՄՆ սահմանած պատժամիջոցների վերաբերյալ գնահատականներ են հնչեցվել նաև Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևայի կողմից: «Մենք դեռ գնահատում ենք հայտարարված մաքսատուրքային միջոցների մակրոտնտեսական հետևանքները, բայց դրանք բացահայտորեն զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության հեռանկարների համար դրա դանդաղ աճի շրջանում: Կարևոր է խուսափել քայլերից, որոնք կարող են էլ ավելի վնասել համաշխարհային տնտեսությունը»,- նշել է նա:

Տնտեսական հարաբերությունների ուսումնասիրման համար կարևորել ենք նաև վերջին 10 տարվա կտրվածքով ՀՀ-ԱՄՆ դրամական փոխանցումների վերլուծությունը: ԱՄՆ-ն այն երկրների շարքին է պատկանում, որի հետ ՀՀ-ն հիմնականում ունի դրամական փոխանցումների դրական հաշվեկշիռ, այսինքն՝ ԱՄՆ-ից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները դեպի ՀՀ ավելի մեծ ծավալ են կազմում, քան հակառակ ուղղությամբ։

Այսպես, ինչպես փաստում են ներկայացված գծապատկերի տվյալները, վերջին 10 տարիներին մշտապես ԱՄՆ-ից դրամական ներհոսքը գերազանցել է արտահոսքին, բացառությամբ 2017թ., երբ արտահոսքի ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է ներհոսքին՝ համապատասխանաբար կազմելով 193.6 մլն ԱՄՆ դոլար և 183.3 մլն ԱՄՆ դոլար։ Այնուհետև՝ հաջորդող տարիներին, և հատկապես 2020թ. սկսած, ԱՄՆ-ից ՀՀ ուղղվող դրամական փոխանցումներն ակնհայտ աճ են արձանագրել՝ 2024թ. հասնելով առավելագույն մակարդակին՝ 690.6 մլն ԱՄՆ դոլար։ Այսպես, 2020թ. սկսած՝ ԱՄՆ-ից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը ՀՀ ոչ միայն աճել է բացարձակ թվերով, այլև զգալիորեն գերազանցել է արտահոսքը՝ ձևավորելով բարձր հարաբերակցություն ներհոսքի և արտահոսքի միջև։ Մասնավորապես՝ 2020թ. ներհոսքն ավելի քան 2.8 անգամ գերազանցել է արտահոսքին, իսկ 2021թ. հարաբերակցությունը հասել է առավելագույնի՝ ավելի քան 3 անգամ։ 2022թ. ներհոսքը 2 անգամ գերազանցել է արտահոսքին, իսկ հետագա տարիներին, թեև հարաբերակցությունը որոշակիորեն նվազել է, այնուամենայնիվ պահպանվել է դրական սալդոն. 2023թ. վերջինս արտահոսքի ցուցանիշը գերազանցել է 1.4 անգամ, իսկ 2024թ.՝ շուրջ 1.2 անգամ։ Այսպիսով, Հայաստան դրամական փոխանցումների գծով երկրորդ երկիրն ԱՄՆ-ն է, որին 2024թ․ բաժին է ընկել զուտ ներհոսքի (ներհոսքի և արտահոսքի տարբերություն) ընդհանուր ծավալի 7%-ը:

Շարունակելով տնտեսական ցուցանիշների վերլուծությունը՝ անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-ից իրականացված ներդրումային հոսքերի փոփոխություններին։ ԱՄՆ-ից ՀՀ կատարված ներդրումների կառուցվածքը 2024թ. կրել է էական փոփոխություններ։ Ըստ ՀՀ ՎԿ տվյալների, եթե 2023թ. ԱՄՆ-ից ՀՀ ուղղված ընդհանուր ներդրումների զուտ հոսքը բացասական է եղել՝ կազմելով շուրջ -1.1 մլրդ դրամ, ապա 2024թ. այն եղել է դրական՝ հասնելով մոտ 14.5 մլրդ դրամի։ Այս փոփոխությունն ընդգծում է ընդհանուր ներդրումային ակտիվության զգալի աճը։ Նշանակալի է նաև, որ նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 13.1 մլրդ դրամ՝ աճելով 2023թ. 7.4 մլրդ դրամից։ Այս տվյալները վկայում են, որ ներդրումային աճը հիմնականում պայմանավորված է եղել հենց ուղղակի ներդրումների ավելացմամբ։ Կառուցվածքային առումով սա կարևոր է, քանի որ ուղղակի ներդրումները, ի տարբերություն ներդրումների այլ տեսակների, առավել կայուն և երկարաժամկետ ներգրավվածության ցուցանիշ են համարվում։

Համագործակցային հարաբերությունների ուսումնասիրության շրջանակում կարևորել ենք նաև ԱՄՆ-ից ՀՀ զբոսաշրջային հոսքերի վերլուծությունը: Վերջին 10 տարվա կտրվածքով ԱՄՆ-ից ՀՀ զբոսաշրջային հոսքերը, ընդհանուր առմամբ, ունեցել են աճի միտում: Այս առումով, բացառություն է եղել քովիդյան (2020թ.) ժամանակահատվածը, երբ փոխադարձաբար զբոսաշրջային հոսքերը հասել են նվազագույն մակարդակին: Նախորդ տարվա տվյալներով՝ ԱՄՆ-ից ՀՀ զբոսաշրջային հոսքերը գերազանցել են նախաքովիդյան ժամանակահատվածի ցուցանիշը՝ տարեցտարի ցուցաբերելով աճի միտում: Միաժամանակ, աճել է նաև ՀՀ ամբողջ զբոսաշրջության թվաքանակում ԱՄՆ-ի տեսակարար կշիռը. 2024թ. կազմել է 2.7%՝ նախորդ տարվա 2.5%-ի համեմատ:



ՀՀ ՎԿ տվյալների համաձայն՝ 2024թ. ԱՄՆ-ից ՀՀ զբոսաշրջիկների հոսքը կազմել է 58 հազար 965, որը 2023թ. համեմատ ավելացել է 2.7%-ով: Ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի տասնյակում ԱՄՆ-ն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը ինչպես 2024թ., այնպես էլ 2023թ.:

Ժամանակ առ ժամանակ ՀՀ-ի կողմից իրականացվել են զբոսաշրջային ներհոսքի խթանումն օժանդակող միջոցառումներ և ընդունվել մի շարք որոշումներ ու ենթաօրենսդրական ակտեր: Մասնավորապես, այդպիսի որոշում է հանդիսանում բոլորովին վերջերս ՀՀ կառավարության կողմից կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար առանց մուտքի վիզայի ռեժիմի սահմանումը: Որոշումը գործում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բահրեյնի և մի շարք այլ երկրների քաղաքացիների համար: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2025թ. հուլիսի 1-ից:

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով, ԱՄՆ-ից ՀՀ զբոսաշրջային հոսքերը կազմել են 5 հազար 922՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 հազար 300-ի համեմատ: Այս առումով, առկա է զբոսաշրջային հոսքերի տեմպի որոշակի անկում, սակայն ամբողջական պատկերը պարզ կլինի տարեկան ամփոփված տվյալներից, քանի որ համեմատաբար ավելի ակտիվ զբոսաշրջային ժամանակահատվածը համարվում են ամռան ու աշնան առաջիկա ամիսները:

Այսպիսով, ՀՀ-ԱՄՆ համագործակցային հարաբերությունների տարեցտարի բարելավման և զարգացման արդյունքում վերջինս ներկայում հանդիսանում է ՀՀ-ի թվով 4-րդ խոշոր առևտրային գործընկերը: Գործընկեր երկրների տնտեսական հարաբերությունները բնութագրող ցուցանիշների վերլուծությունից պարզ է դառնում, որ չնայած ՀՀ-ԱՄՆ երկարաժամկետ տնտեսական համագործակցությանը՝ առկա ներուժը լիովին չի օգտագործվում։ Առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և ներուժի արդյունավետ օգտագործման դժվարությունը հիմնականում պայմանավորված է ուղիղ տրանսպորտային կապերի բացակայությամբ, ՀՀ-ում լոգիստիկ խնդիրների առկայությամբ, ինչպես նաև ՀՀ-ից ԱՄՆ արտահանվող ապրանքատեսակների սահմանափակ քանակությամբ, ինչն իր հերթին ևս խոչընդոտում է առևտրատնտեսական հարաբերությունների լիարժեք իրացմանը։

Ներկա գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պարագայում մեծ կարևորություն է ստանում ԱՄՆ-ի հետ տնտեսական-համագործակցային հարաբերությունների զարգացումը և անխոչընդոտ իրականացումը: Այսօր, ԱՄՆ-ն հանդիսանալով համաշխարհային տնտեսությունում առաջատար գերտերություն՝ զգալի ազդեցություն ունի այնտեղ տեղի ունեցող բոլոր փոփոխությունների վրա: Վերջինս էլ իր ուղիղ ազդեցությունը կարող է ունենալ ՀՀ-ում տնտեսական գործընթացների իրականացման տեսանկյունից: Ուստի, առաջիկայում ՀՀ տնտեսական քաղաքականության դիվերսֆիկացիայի տեսանկյունից մեծ կարևորություն է ստանում ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի հաջորդականության մշակումն ու արդյունավետ իրագործումը:


Մերի Բոյաջյան

Էլիզա Մաթևոսյան