Եվրամիություն - Թուրքիա հարաբերությունների ռազմավարական վերանայում
9 ր. | 2025-05-13Ե վրոպական Միության և Թուրքիայի հարաբերությունները տասնամյակներ շարունակ կրել են զգալի ռազմավարական փոփոխություններ՝ արտացոլելով ինչպես երկու կողմերի ներքին վերափոխումները, այնպես էլ արտաքին քաղաքական իրողությունները: Հարաբերությունների ներկա փուլը բնութագրվում է աշխարհաքաղաքական անկայունության, միգրացիոն ճգնաժամի և էներգետիկ կախվածության պայմաններում փոխգործակցության վերաիմաստավորման փորձերով, ինչը բարձրացնում է ԵՄ-ի և Թուրքիայի միջև գործընկերության հնարավոր նոր մոդելի հարցը: Թուրքիան ունի Եվրամիությանը անդամակցության թեկնածու պետության կարգավիճակ, և Եվրամիությունը Թուրքիային պաշտոնապես բնորոշում է որպես «առանցքային ռազմավարական գործընկեր այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիման, միգրացիան, անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը և տնտեսությունը»:
Թուրքիայի մասնակցությունը եվրոպական ինտեգրմանը սկսվել է 1959թ.-ից: Առաջին կարևոր հանգրվանը Անկարայում ստորագրված Ասոցացման համաձայնագիրն է 1963թ., որը նախատեսում է Մաքսային միության աստիճանական ստեղծում, որը վերջնականապես ստեղծվել է 1995թ.։ 1987թ. Թուրքիան հայտ է ներկայացրել՝ միանալու Եվրոպական տնտեսական համայնքին, ինչը ԵՄ-ին նախորդած միությունն էր:
Անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005թ., սակայն 2018թ. Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ անդամակցության բանակցությունները փակուղի են մտել: Գործընթացի դադարեցման համար կան մի շարք քաղաքական պատճառներ.
- նախագահ Ռեջեփ Էրդողանի օրոք նահանջը ժողովրդավարությունից, ավտորիատարիզմի միտումներ, անցումը նախագահական համակարգի (2017թ. հանրաքվեից հետո), որտեղ իշխանությունը կենտրոնացած է Էրդողանի ձեռքում,
- մարդու իրավունքների խախտումներ, ներառյալ՝ լրատվամիջոցների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներ,
- դատական իշխանության անկախության թուլացում և ընդդիմախոսների քաղաքական հետապնդում,
- արտաքին քաղաքական լարվածություն ԵՄ-ի հետ հարաբերություններում, հատկապես՝ Արևելյան Միջերկրականում (Կիպրոսի խնդիր), Սիրիայում (ներգրավվածությունը քաղաքացիական պատերազմում և քրդերի նկատմամբ ճնշումները) և Ռուսաստանի հետ հարաբերություններում (հետզհետե սերտացող համագործակցությունը),
- պետական կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ կապված ԵՄ-ի կողմից պահանջվող բարեփոխումների իրականացման հարցում առաջընթացի բացակայություն,
- ԵՄ-ում ներքին տարաձայնություններ Թուրքիայի անդամակցության և ԵՄ ռազմավարական առաջնահերթությունների փոփոխության շուրջ։ Օրինակ՝ Գերմանիան, Միացյալ Թագավորությունը հիմնականում կողմ են արտահայտվել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելուն: Դեմ են եղել Ավստրիան (կրոնական ու մշակութային առանձնահատկություններ), Կիպրոսը, Հունաստանը, Դանիան (մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ), Ֆրանսիան (Էմանուել Մակրոնի օրոք՝ բոլոր վերոնշյալ խնդիրների պատճառով), Բալթյան երկրները (Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների պատճառով): Թուրքիան միակ երկիրն է, որ ճանաչում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (1983թ. նոյեմբերի 15-ին՝ անկախության հռչակման օրը)։
Այդ նույն խնդիրների մեծ մասին անդրադարձ կա 2024թ. Թուրքիայի տարեկան զեկույցում: Փաստաթղթի համաձայն՝ ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացման, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության և հիմնարար իրավունքների պահպանման վերաբերյալ ԵՄ-ի լուրջ մտահոգություններն Անկարայում հաշվի չեն առնվել: Նշվում է նաև, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը և հանդես է գալիս Կիպրոսում երկու պետությունների ստեղծման օգտին: Միևնույն ժամանակ, փաստաթուղթն ընդգծում է՝ Թուրքիան Եվրամիության առանցքային գործընկերն է, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ոլորտներում Անկարայի հետ երկխոսությունը շարունակվում է:
Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները միշտ էլ բարդ և բազմաշերտ են եղել, և աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմը և Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն, իրենց ազդեցությունն են ունեցել Եվրոպայում Թուրքիայի ընկալումների և Եվրոպայի նկատմամբ Թուրքիայի դիրքավորման վրա:
Նախ, պետք է նշել, որ Թուրքիան Եվրամիության ռազմավարական գործընկերն է մի շարք ոլորտներում, որոնցից առանձնացնենք առանցքային երեք ոլորտ: Դրանցից առաջնայինն, իհարկե, անվտանգությունն է՝ որպես ՆԱՏՕ-ի թվով երկրորդ բանակ և երկիր, որը պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը, և աշխարհագրորեն մոտ է Մերձավոր Արևելքին: Թուրքական բանակը ունի 481 հազ զինծառայող և երկրորդն է Միացյալ Նահանգներից հետո՝ 1.3 միլիոն: Մյուս կարևոր ոլորտը էներգետիկ ոլորտն է: Թուրքիան կարևոր էներգետիկ տարանցիկ հանգույց է Եվրոպայի և Կասպյան տարածաշրջանի միջև, ինչպես նաև կարևորագույն գործընկեր է էներգետիկ երթուղիների անվտանգության ապահովման գործում: Հիմնական ենթակառուցվածքը ներառում է Տրանսանատոլիական գազատարը (TANAP), որն ադրբեջանական գազը Կասպից ծովից Եվրոպա է տեղափոխում Թուրքիայի տարածքով՝ նպաստելով Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիային և նվազեցնելով կախվածությունը ռուսական գազից: Տրանսադրիատիկ գազատարն (TAP) էլ միանում է Տրանսանատոլիական խողովակաշարին Հունաստան-Թուրքիա սահմանին: Մեկ այլ կարևոր նախագիծ է «Թուրքական հոսք» գազատարը, որը ռուսական գազը Սև ծովով տեղափոխում է անմիջապես Թուրքիա և Հարավարևելյան Եվրոպա՝ այդպիսով շրջանցելով Ուկրաինան։ Բացի այդ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ադրբեջանական նավթը հասցվում է եվրոպակա շուկա։ Մեկ այլ ենթակառուցվածք է Տրանսկասպյան գազատարը, որն ուղղված է թուրքմենական բնական գազը Եվրոպա մատակարարելուն Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով: Երրորդ կարևոր ուղղությունը միգրացիան է, որը ԵՄ-ի համար բավական ցավոտ հարց է: 2016թ. ստորագրված Եվրամիություն-Թուրքիա հայտարարությունը ուղղված է Թուրքիայից դեպի ԵՄ, հատկապես՝ Հունաստան, անօրինական միգրացիայի կրճատմանը: Այն նախատեսում է, որ առանց թույլտվության հունական կղզիներ ժամանող միգրանտները պետք է վերադարձվեն Թուրքիա: Կողմերի երկխոսությունը միգրացիայի արդյունավետ կառավարման շուրջ շարունակվում է նաև այսօր: Հատուկ ուշադրություն է դարձվում սահմանների կառավարմանը, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին և փախստականների աջակցությանը:
Այժմ համաշխարհային զարգացումները ստեղծում են Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների վերանայման հրամայական։ Աշխարհակարգի վերափոխումը, ըստ էության, սկսվեց Ուկրաինայում պատերազմով, որը փոփոխություններ առաջացրեց նաև Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում: 2022թ. փետրվարին պատերազմի մեկնարկից ի վեր՝ Թուրքիան հավասարակշռված հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Անկարան բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Չնայած դրան` Անկարան չի միացել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին՝ այդ հարցում երբեմն ունենալով հենց Արևմուտքի աջակցությունը: Բացի այդ, Թուրքիան Ուկրաինայի ռազմական տեխնիկայի կարևոր մատակարարներից մեկն է, միևնույն ժամանակ շարունակում է սենտ առևտրա-տնտեսական գործակցությունը Ռուսաստանի հետ: Բացի այդ, Ռուսաստանը Թուրքիա բնական գազի խոշորագույն մատակարարն է։ Ռուսաստանը կառուցում, տիրապետում և շահագործելու է Աքքույուի ատոմակայանը և տարեկան 7 միլիոն զբոսաշրջիկ է ուղարկում թուրքական միջերկրածովյան հանգստավայրեր:
Օգտագործելով հարաբերությունների նման դինամիկան ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ՝ Անկարան մշտապես իրեն առաջարկում է որպես միջնորդ: Դրանով էր պայմանավորված 2025թ. փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան առաջին հանդիպմանը զուգահեռ՝ Վոլոդիմիր Զելենսկու այցը Թուրքիա: Թուրքիայի նախագահն այդ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունները՝ հիշեցնելով հացահատիկի գործարքի կյանքի կոչման հարցում Թուրքիայի ունեցած ներգրավվածության մասին և հայտարարեց՝ Անկարան պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար: Թեպետ Թուրքիայի դերը որպես միջնորդ կարող է արժեքավոր լինել Եվրոպայի համար՝ Անկարայի կողմից այդ հավասարակշռումը Եվրամությունը կարող է դիտարկել որպես մարտահրավեր՝ հաշվի առնելով եվրոպական երկրների կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Միևնույն ժամանակ Թուրքիայի աշխարհագրական ու ռազմաքաղաքական դիրքը Սև ծովում, Արևելյան Միջերկրականում և Մերձավոր Արևելքում, Անկարային դարձնում են անփոխարինելի դերակատար՝ ռուսական ազդեցության դեմ պայքարում։
ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերանայման համար կարևորագույն գործոնը Դոնալդ Թրամփի քաղաքականությունն է Եվրամիության նկատմամբ։ Եվրատլանտյան համագործակցության և անվտանգության հարցերում ԱՄՆ նոր վարչակազմի մոտեցումները առավել հասկանալի ձևակերպեց ԱՄՆ փոխնագահ Ջեյ Դի Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում: Նա իր ելույթում խիստ քննադատեց եվրոպական երկրներին՝ մեղադրելով սեփական անվտանգության և կայունության հիմքերը խարխլելու համար։ ԱՄՆ-ի մոտեցումները Եվրոպայի անվտանգության և Ուկրաինայի պատերազմի հարցում, ինչպես նաև հարաբերությունների ակտիվացումը Ռուսաստանի հետ տարակուսանք առաջացրին Եվրոպայում։ Եվրոպական անվտանգության շուրջ ԵՄ-ԱՄՆ միասնական դիրքորոշման կամ առնվազն դիրքորոշումների համաձայնեցման մասին ամերիկյան կողմը լռում է։ Հակառակը, Միացյալ Նահանգները հստակ հայտարարում է, որ այլևս չի պատրաստվում Եվրամիությանն անվտանգային երաշխիքներ տրամադրել, և Եվրոպան պետք է ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը։
Ամերիկյան այս քաղաքականության ֆոնին Թուրքիան հերթական անգամ բարձրաձայնում է Եվրամիությանը լիարժեք անդամակցելու հարցը։ Գրեթե ամեն օր Անկարայից ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, որ Եվրոպայում անվտանգության ապահովումն անհնար է՝ առանց Թուրքիայի, և որ Անկարան պատրաստ է վերսկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Բացի այդ Թուրքիան նաև հավակնում է տարածաշրջանային տերությունից դառնալ ավելի խոշոր՝ գլոբալ խաղացող։ Անկարան իրեն ավելի լավ պատրաստված է համարում փոփոխվող միջազգային կարգին՝ թե ռազմական, թե տնտեսական առումով։ Այս առումով Թուրքիան հավակնում է լինել Եվրոպայում տեղի ունեցող փոփոխությունների հիմքում և հավասարապես մասնակցել որոշումների կայացմանը։
Չ նայած Եվրոպայում Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի և Ստամբուլի քաղաքապետ և նախագահի հաջորդ ընտրություններում Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության վերաբերյալ որոշ բացասական արձագանքների, մասնավորապես՝ Ֆրանսիայից և Գերմանիայից, Եվրամիության ընդհանուր արձագանքը բավական մեղմ է, ինչը քննադատության է արժանանում թուրքական ընդդիմության կողմից։ Սա վկայում է, որ Եվրոպայում առայժմ հակված չեն փչացնել հարաբերությունները Անկարայի հետ ժողովրդավարության հարցերի պատճառով։ Եվրամիության համար Թուրքիայի դերի աճի մասին է վկայում, որ երկողմ հարաբերություններում որոշակի ջերմացումը, օրինակ, վեցամյա դադարից հետո վերսկսվում է Թուրքիա-Եվրամիություն բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունը։ Թուրքական ամբողջ արտահանման կեսը շարունակում է ուղղվել դեպի ԵՄ շուկաներ, և Թուրքիան շահում է ԵՄ-ի հետ Մաքսային միության անդամակցությունից, ինչը նաև թույլ է տալիս, որ եվրոպական ապրանքները շահավետ պայմաններով մուտք գործեն թուրքական շուկա: Հաշվի առնելով առևտրային պատերազմը, որը սանձազերծել է ԱՄՆ նախագահը, չի բացառվում, որ Մաքսային միության մոդիռնիզացման հարց կարող է առաջանալ․ 1996 թվականի փաստաթուղթը կորցրել է արդիականությունը։
Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների վրա ազդող կարևոր գործոններից է նաև Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի տապալումը, ինչի արդյունքում Թուրքիայի ազդեցությունը տարածածրջանում մեծացավ այդ թվում՝ Սիրիայի նոր իշխանությանը հովանավորելու հաշվին։ Ուստի Թուրքիայի օգնությունը ԵՄ-ին անհրաժեշտ կլինի ինչպես Մերձավոր Արևելքում ազդեցություն ունենալու, այնպես էլ միգրանտների խնդիրը հասցեագրելու համար։ Անկարա կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է ևս 1 միլիարդ եվրո հատկացնել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թուրքիայում սիրիացի միգրանտների աջակցության ծրագրին: Ուստի այս ուղղությամբ ևս Թուրքիան ու ԵՄ-ն կարող են ակտիվ համագործակցել։
Այնուամենայնիվ, ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության հետ կապված Թուրքիայի ակնկալիքները դժվար թե արդարացվեն ԵՄ անդամ որոշ պետությունների շրջանում փոխադարձ անվստահության, թերահավատության և երկրի ներսում ժողովրդավարության անկման միտումների պատճառով: Թուրքիայի նկատմամբ անվստահությունը խորհը արմատներ ունի․ այն ներառում է այդ թվում՝ Սիրիայում ռազմական գործողությունները, Արևելյան Միջերկրականում դիրքորոշումը և միգրացիայի մասին համաձայնագրից հրաժարվելու սպառնալիքներով Եվրամիությանը շանտաժի ենթարկելը։ Մյուս խնդիրը, իհարկե Թուրքիայի լարված երկկողմ հարաբերություններն են ԵՄ անդամ մի քանի պետությունների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ, ինչպես նաև հավասարակշռման քաղաքականությունը Արևմուտքի և այլ երկրների միջև, այդ թվում՝ Ռուսաստանի։ Եվրամիությունը կարող է Թուրքիայից պահանջել նաև վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվայի նկատմամբ առավել կոշտ է տրամադրված։ Նման իրավիճակում, կարճաժամկետ հեռանկարում դժվար է պատկերացնել անդամակցության բանակցությունների վերսկսումը։
Առավել հավանական է, որ Թուրքիան կամրապնդի պաշտպանական ոլորտում համագործակցությունը եվրոպական առանձին երկրների հետ՝ ձգտելով ոչ միայն զենք վաճառել, այլև զբաղվել համատեղ արտադրությամբ, ինչպես, օրինակ, Ադրբեջանի և Ուկրաինայի հետ։ Հաշվի առնելով, որ Թուրքիայի նկատմամբ այժմ գործում են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենքով սահմանված ամերիկյան պատժամիջոցները՝ Անկարայի և Բրյուսելի համագործոկցությունը ռազմական ոլորտում տրամաբանական է։ Թուրքիայի պաշտպանական շուկան մնում է մատչելի, ունի արտահանման զգալի ներուժ և մատակարարում է մեծ պահանջարկ ունեցող արտադրանք (Baykar)։ Նման համագործակցությունը, իհարկե, կարղ է որոշակիորեն վերականգնել վստահությունը Թուրքիայի և ԵՄ անդամ պետությունների միջև։ Թուրքիան Եվրամիությանը կարող է օգտակար լինել նաև Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելով կամ խաղաղապահներ ուղարկելով, որի պատրաստակամության մասին Թուրքիան արդեն հայտարարել է, և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերում եվրոպական մոտեցումները կիսելով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած նոր «գործարքային հարաբերությունները» (transactional relationship) տարածվում են նաև Թուրքիա - Եվրամիություն շփումների վրա։ Դրանց հետագա ընթացքը ընդհանուր առմամբ պայմանավորված կլինի նաև այլ դերակատարների հետ հարաբերություններից։ Եվրոպացի որոշ փորձագետներ առաջարկում են Եվրամիությանը առաջնորդվել հետևյալ բանաձևով․ Թուրքիայի հոտ համաձայնեցնել փոխադարձ քաղաքական պարտավորություններ՝ վերահաստատելու Հյուսիսատլանտյան պայմանագրի նախաբանը, Անկարայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը և ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրոսի հարցի քննարկմանը վերադառնալը։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է անդրադառնալ վիզային ռեժիմի բարելավման և ԵՄ-Թուրքիա Մաքսային միության խորացման շուրջ բանակցություններին։ Երրորդ քայլը, ըստ փորձագետների, պետք է ներառի Թուրքիայի կողմից զենքի մատակարարումները, թուրքական ռազմական օբյեկտների տեղակայումը Կենտրոնական Եվրոպայի առանձին երկրներում և Սև ծովում։ Միևնույն ժամանակ, այն, որ Թուրքիան կհամաձայնի այս առաջարկներին, քիչ հավանական է։ Թուրքիան փորձելու է բալանսավորել հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՎրամիության և Ռուսաստանի հետ, իսկ ԵՄ-ն փորձելու է ստանալ Թուրքիայից անհրաժեշտը՝ Անկարայի նվազագույն պայմանների բավարարմամբ։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ փոփոխվող աշխարհակարգում Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները կվերանայվեն։