Խաղաղության խաչմերուկ

10 ր.   |  2025-04-23
Դեպի տարածաշրջանային փոխկապակցվածության և խաղաղության նոր մակարդակ

Հ արավային Կովկասը, իր բազմադարյա պատմության ընթացքում հանդիսանալով քաղաքակրթությունների, առևտրային ուղիների և աշխարհաքաղաքական շահերի բախման ու համատեղման եզակի տարածք, այսօր կրկին կանգնած է պատմական նշանակության ընտրության առջև։ Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի՝ որպես տարածաշրջանային առանձին ակտորների, ի հայտ գալով՝ Թուրքիայի համար տարածաշրջանը վերածվեց ինչպես նոր հնարավորությունների, այնպես էլ բարդ մարտահրավերների ասպարեզի։ Այդուհանդերձ, այս տարածաշրջանի՝ որպես Եվրոպան Ասիային, Հյուսիսը Հարավին կապող կենսական հանգույցի ներուժը հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում երկար տասնամյակներ մնացել է ոչ ամբողջությամբ իրացված՝ պայմանավորված հակամարտության պատճառով չլուծվող խնդիրներով, փակ սահմաններով և փոխվստահության խորը ճգնաժամով, որոնք խոչընդոտել են ոչ միայն տարածաշրջանային պետությունների տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային կայունության և անվտանգության ճարտարապետության ձևավորմանը։

2024-2025 թվականների իրադարձությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ սկզբունքային փոխըմբռնման ձեռքբերման մասին հայտարարությունները, թեև որոշակի լավատեսություն են ներշնչում, սակայն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերջնական կարգավորման և համաձայնագրի ստորագրման գործընթացի բարդությունները մատնանշում են իրավիճակի փխրունությունը։ Հենց այս շրջադարձային պահին է, որ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման և զարգացման հարցը ձեռք է բերում ոչ միայն զուտ ենթակառուցվածքային և տնտեսական, այլև քաղաքական և խաղաղաստեղծ նշանակություն՝ հանդիսանալով փոխվստահության կառուցման և կայուն խաղաղության հիմնաքարերից մեկը։

Թուրքիայի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ձգտումները և կապուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը
Թուրքիայի համար, որպես տարածաշրջանային և գլոբալ դերակատարության հավակնող պետության, Հարավային Կովկասի բոլոր պետությունների՝ այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը և տրանսպորտային հաղորդակցության ուղիների վերականգնումն ու զարգացումը կարևորագույն հանգրվան է՝ արտաքին քաղաքականության իրականացման համատեքստում։ Այս առումով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը, անկասկած, կարևոր քայլ էր այս ուղղությամբ, սակայն Թուրքիայի՝ այլընտրանքային երթուղիներ ունենալու ձգտումը բխում է մի շարք հիմնարար ռազմավարական նկատառումներից։

Նախևառաջ, տրանսպորտային միջանցքների դիվերսիֆիկացումը ցանկացած խոշոր տնտեսության համար կայունության և ճկունության գրավականն է՝ նվազեցնելով կախվածությունը որևէ առանձին երթուղուց և մեղմելով հնարավոր քաղաքական կամ լոգիստիկ ռիսկերը։ Երկրորդ, Թուրքիան ակտիվորեն ձգտում է ամրապնդել իր դիրքերը որպես Եվրասիական առանցքային տարանցիկ հանգույց՝ ներդրումներ կատարելով այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսին է «Միջին միջանցքը», և փորձելով առավելագույնի հասցնել իր աշխարհագրական դիրքի առավելությունները։ Երրորդ, Նախիջևանի հետ ուղիղ, արդյունավետ և անխափան կապի ապահովումը Թուրքիայի համար ունի ոչ միայն Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման, այլև Կենտրոնական Ասիայի թյուրքական աշխարհի հետ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ընդլայնման հեռահար նշանակություն։ Այս համատեքստում է, որ Թուրքիան հայտարարել է Կարս-Իգդիր-Դիլուջու 224 կիլոմետրանոց նոր երկաթուղու կառուցման մասին՝ նախատեսելով շուրջ հնգամյա ժամկետ և, անխուսափելիորեն, հսկայածավալ ֆինանսական ներդրումներ։ Սա, անշուշտ, լայնածավալ նախագիծ է, որի իրագործումը, սակայն, պահանջում է ժամանակային և ֆինանսական զգալի ռեսուրսներ։

Հայաստանի Խաղաղության խաչմերուկ նախագիծը՝ կշռադատված, փոխշահավետ և խաղաղարար մոտեցում

Հ ենց այս իրավիճակում է Հայաստանի կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդես գալիս ոչ թե որպես պարզ տեխնիկական առաջարկ, այլ որպես համապարփակ դոկտրին՝ ուղղված տարածաշրջանային հարաբերությունների վերափոխմանը։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2023 թվականի հոկտեմբերին հրապարակված նախաձեռնություն է՝ տրանսպորտային նախագիծ, որ Հայաստանի կառավարությունը առաջարկել է վերագործարկել և վերականգնել տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հանդես գալ տարածաշրջանում նոր ենթակառուցվածքների կառուցման և գործարկման նախաձեռնություններով։ Հայաստանը նախագիծն իրականացնելու համար առաջարկել է շրջափակված ենթակառուցվածքները բացելու միջոցով ակտիվացնել տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը, ինչը թույլ կտա Հայաստանին դուրս գալ անկախությունից ի վեր շրջափակված ենթակառուցվածքներով գործունեություն ծավալելու իրավիճակից՝ հնարավորություն ստանալով նոր թափ հաղորդել ՀՀ տնտեսական, ենթակառուցվածքային զարգացմանը, մաս դառնալ գլոբալ և տարածաշրջանային խոշորամասշտաբ ծրագրերի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ճանապարհային ենթակառուցվածքների համար հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում։

Այս կառուցողական նախաձեռնությունը մեծ հնարավորություններ է ստեղծում ոչ միայն Հայաստանի համար, այլև փոխշահավետ համագործակցության նոր էջ բացելու հնարավորություն է տալիս տարածաշրջանային մյուս պետություններին՝ այդ թվում Թուրքիային ևս։ Ի մասնավորի՝ այն առաջարկում է գործնական, անհամեմատ ավելի արագ և տնտեսապես շահավետ լուծում՝ հասնելու Թուրքիայի կողմից սահմանված մի շարք տնտեսական և ենթակառուցվածքային արդյունքների, սակայն՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի, միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի և տնտեսական փոխշահավետության սկզբունքների վրա։

«Խաղաղության խաչմերուկի» փիլիսոփայությունը ենթադրում է տարածաշրջանի բոլոր երկրների միջև տրանսպորտային բոլոր ուղիների (երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, ինչպես նաև էներգետիկ և հաղորդակցության գծերի) ապաշրջափակում՝ պետությունների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչմամբ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երկիր իր տարածքում լիարժեքորեն վերահսկում է իր ենթակառուցվածքները, կիրառում է սեփական օրենսդրությունը և մաքսային կարգավորումները, միաժամանակ՝ փոխադարձության սկզբունքով, ապահովելով պարզեցված և արդյունավետ ընթացակարգեր տարանցիկ փոխադրումների համար։ Այս իրավահեն մոտեցումը սկզբունքորեն տարբերվում է արտատարածքային միջանցքների շուրջ շրջանառվող՝ միջազգային իրավունքի տեսանկյունից խնդրահարույց և տարածաշրջանային լարվածություն հրահրող գաղափարներից՝ առաջարկելով կանխատեսելի, թափանցիկ և իրավականորեն ամուր հիմքեր բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի համար։

«Խաղաղության խաչմերուկի» առանցքային գործնական առաջարկներից մեկը խորհրդային ժամանակներից ժառանգված, տասնամյակներ շարունակ արդյունավետորեն գործած, սակայն ներկայումս անգործության մատնված երկաթուղային ցանցի վերագործարկումն է։ Սա ոչ թե անցյալի նոստալգիա է, այլ սառը, պրագմատիկ հաշվարկ։ Այդ ցանցի պատմական գոյությունը և գործունեությունը վկայում են դրա տեխնիկական իրագործելիության և տնտեսական նպատակահարմարության մասին։ Այդ կենսական զարկերակների արհեստական խզումը դարձավ տարածաշրջանային լճացման և մեկուսացման խորհրդանիշներից մեկը, իսկ դրանց վերականգնումը կարող է խորհրդանշել նորմալացման, ինտեգրացիայի և առաջընթացի դարաշրջանի մեկնարկը։ Տնտեսական և ինժեներական տեսանկյունից, գոյություն ունեցող երկաթուղային գծերի վերականգնումը պահանջում է անհամեմատ ավելի քիչ ներդրումներ և ժամանակ, քան զրոյից նոր՝ 224 կիլոմետրանոց գծի կառուցումը, հատկապես հաշվի առնելով հաճախ բարդ լեռնային տեղանքը, բնապահպանական մարտահրավերները և դրանց հետ կապված անխուսափելի ծախսերն ու տեխնիկական դժվարությունները։ Մասնավորապես, Թուրքիայի համար Նախիջևանի և Ադրբեջանի հետ ամենակարճ և արդյունավետ երկաթուղային կապն ապահովելու համար անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի տարածքում գտնվող ընդամենը երկու հատված՝ Երասխի հանգույցից մինչև Նախիջևանի սահման (շուրջ 1 կմ) և Հայաստանի հարավային Սյունիքի մարզի Նռնաձորից մինչև Ագարակ (43 կմ), ընդհանուր՝ շուրջ 44 կիլոմետր։



Հայաստանը ոչ միայն հայտարարել է, այլև գործնական քայլեր է նախաձեռնել այս հատվածների վերականգնման ուղղությամբ՝ հաստատելով իր պատրաստակամությունը՝ ստանձնելու այս աշխատանքների ամբողջական ֆինանսավորումը և ապահովելու դրանց իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխան և հնարավորինս սեղմ ժամկետներում։ Սա Թուրքիայի տեսանկյունից փաստացի նշանակում է, որ պաշտոնական Անկարան կարող է խուսափել ահռելի ֆինանսական ծախսերից և ժամանակի վատնումից՝ փոխարենը, համագործակցային և կառուցողական մթնոլորտում, շատ ավելի արագ ստանալով իր համար ռազմավարական կարևորության այլընտրանքային երթուղի։ Սա ոչ միայն ֆինանսական և ժամանակային խնայողություն է, այլև կարևորագույն ռազմավարական առավելություն արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում։ Ադրբեջանի կողմից Հորադիզից դեպի Հայաստանի սահման երկաթգծի հատվածի կառուցման աշխատանքների շարունակումը լրացուցիչ հիմք է ստեղծում ամբողջ երթուղու արագ գործարկման համար՝ քաղաքական կամքի առկայության դեպքում։

Վստահության կառուցման կոնկրետ մեխանիզմներ և անվտանգության երաշխիքներ

Ա կնհայտ իրողություն է, որ տասնամյակների անվստահությունն ու պատմական բարդ ժառանգությունը ստեղծում են որոշակի մտահոգություններ, հատկապես անվտանգության և տարանցիկ փոխադրումների հուսալիության վերաբերյալ։ Հենց այս մտահոգությունները փարատելու նպատակով Հայաստանն առաջարկում է կոնկրետ, թափանցիկ և իրավականորեն ամրագրված վստահության կառուցման միջոցառումներ: Բացի պետական ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հստակ հարգումից, առաջարկվում է ներդնել Հայաստանի տարածքով փոխադրվող բեռների (մասնավորապես՝ ադրբեջանական) անվտանգության և պահպանության համապարփակ երաշխիքների համակարգ՝ ներառյալ լիարժեք ապահովագրություն և միջազգային վերաապահովագրում։ Սա կապահովի բեռնատերերի շահերի առավելագույն պաշտպանությունը ցանկացած չնախատեսված իրավիճակում։

Մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերը նախատեսվում է իրականացնել առավելագույնս արդյունավետ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպիսիք են անհպում սկանավորումը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը՝ նվազագույնի հասցնելով ձգձգումները և բյուրոկրատական քաշքշուկները։ Հայաստանը բաց է նաև քննարկելու, փոխադարձության սկզբունքով, համատեղ մոնիթորինգի, տեղեկատվության փոխանակման կամ այլ թափանցիկությունն ապահովող մեխանիզմների ներդրման հնարավորությունը՝ վստահության մթնոլորտն էլ ավելի ամրապնդելու նպատակով։ Մասնավորապես, այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հրապարակված իր հոդվածում նշել է. «Արեւմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է, եւ այստեղ էլ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել: Ավելին, այս հարցում էլ մաքսիմալ կրեատիվ ու ճկուն ենք եղել եւ շարունակում ենք լինել: 2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային եւ բեռների մաքսային եւ այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանը չի համաձայնել: Հիմա էլ, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատեւ հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային եւ մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ եւ հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջեւանի հետ եւ հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտեւի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճեւան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջեւանի հետ սահմանի հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան եւ Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, եւ այս աշխատանքն էլ կարելի է արագ անել: Նույն սկզբունքով պատրաստ ենք Ադրբեջանից դեպի Նախիջեւան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար»։ Ավելին, Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ համագործակցել նաև երկաթգծի վերականգնման նախագծման, տենդերների անցկացման և շինարարական աշխատանքների փուլերում՝ ապահովելով գործընթացի լիակատար թափանցիկություն և ձևավորելով իրական գործընկերային հարաբերություններ։

Երկաթուղային ցանցի վերագործարկման տնտեսական օգուտները հեռու են սահմանափակվելու զուտ տարանցիկ եկամուտներով։ Դրանք կունենան մուլտիպլիկատիվ ազդեցություն տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսությունների վրա։ Պատկերացրեք ապրանքների անխափան հոսքը Պարսից և Օմանի ծոցերից դեպի Սև ծով, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ Հարավային Կովկասի միջոցով։ Սա նշանակում է.
Լոգիստիկ ծախսերի կտրուկ կրճատում. Երկաթուղին, հատկապես մեծ հեռավորությունների և ծավալների դեպքում, առաջարկում է փոխադրման անհամեմատ ցածր ինքնարժեք։
Առևտրաշրջանառության բազմապատկում. Հուսալի և մատչելի տրանսպորտը կխթանի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային առևտուրը՝ բացելով նոր շուկաներ արտադրողների համար։
Տարածաշրջանի՝ որպես տարանցիկ հանգույցի դերի ամրապնդում. Սա կբարձրացնի Հարավային Կովկասի գրավչությունը գլոբալ լոգիստիկ շղթաներում։
Ներդրումային միջավայրի բարելավում. Կայուն, փոխկապակցված և խաղաղ տարածաշրջանը, զարգացած ենթակառուցվածքներով, անհամեմատ ավելի գրավիչ կդառնա օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։
Նոր աշխատատեղերի ստեղծում և տեղական համայնքների զարգացում. Երկաթուղու սպասարկումը, լոգիստիկ կենտրոնները, առևտուրը և զբոսաշրջությունը կստեղծեն զարգացման նոր հնարավորություններ երկաթգծի երկայնքով գտնվող բնակավայրերի համար։

Ամենակարևորը՝ տնտեսական փոխկապակցվածությունը և փոխշահավետությունը կդառնան կայուն խաղաղության հզոր խթան՝ ձևավորելով ընդհանուր շահեր և նվազեցնելով հակամարտությունների վերսկսման դրդապատճառները։

Այսպիսով, Հարավային Կովկասը կանգնած է ճամփաբաժանի առջև։ Մի կողմից՝ անցյալի կոնֆլիկտների, անվստահության և մեկուսացման շարունակման հեռանկարն է։ Մյուս կողմից՝ պատմական հնարավորություն՝ թերթելու թշնամանքի էջը և համատեղ ջանքերով կառուցելու խաղաղ, բարգավաճող և փոխկապակցված տարածաշրջան։ Թուրքիան այսօր կանգնած է ռազմավարական ընտրության առջև։ Ընտրությունը ոչ թե պարզապես երկու երկաթուղային նախագծերի միջև է, այլ երկու տարբեր ապագաների միջև։ Մի տարբերակը երկար, բազմամիլիարդանոց, պոտենցիալ առումով մեկուսացված նախագծի իրականացումն է՝ անորոշ ժամկետներով և արդյունքներով։ Մյուս տարբերակը՝ ընդունել Հայաստանի կողմից մեկնած համագործակցության ձեռքը և ընտրել անհամեմատ ավելի արագ, տնտեսապես անհամեմատ ավելի շահավետ և տարածաշրջանային կայունության տեսանկյունից անգնահատելի նշանակություն ունեցող ուղին՝ վերականգնելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները։ Այս երկրորդ ուղին ոչ միայն կապահովի Թուրքիայի համար կենսական նշանակության կապուղիները, այլև կդառնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման հզոր գործոն։

Հայաստանն իր հստակ պատրաստակամությունն է հայտնել՝ անցնելու խոսքից գործի և ներդնելու իր ջանքերն ու ռեսուրսները այս հեռանկարային նախագծի իրականացման համար։ Գնդակը այժմ տարածաշրջանի մյուս դերակատարների, այդ թվում՝ պաշտոնական Անկարայի դաշտում է։ Պատմական այս հնարավորությունը բաց չթողնելը և հօգուտ կառուցողական համագործակցության համարձակ քայլեր կատարելը կարող են բացել նոր դարաշրջան Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար։