Ինչո՞ւ են թիրախավորվել Երուսաղեմի հայկական համայնքն ու Հայոց պատրիարքարանը
5 ր. | 2025-03-27Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելահայ համայնքի շուրջ ծագած խնդիրների, դրանց հետ կապված Իսրայելի նպատակային քաղաքականության վերաբերյալ Օրբելի կենտրոնը ներկայացնում է ժամանակակից Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր, Երուսաղեմի պատմության և քաղաքականության մասնագետ, սաղիմահայ Պետրոս Տեր-Մաթոսյանի հետ հարցազրույցը։
Պետրոս Տեր-Մաթոսյանը ծնվել և մեծացել է Երուսաղեմի Հին քաղաքում:
Տեր-Մաթոսյանը ժամանակակից Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր է, ինչպես նաև Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի հուդայական ուսումնասիրությունների գծով Հայմեն Ռոզենբերգի անվան պրոֆեսոր:
Տեր-Մաթոսյանը 7 գրքի հեղինակ, խմբագիր և համախմբագիր է։ Նա Երուսաղեմի վերաբերյալ 2018 թվականին հրատարակված «Routledge Handbook»-ի համախմբագիրն է։
1. Պարոն Տեր-Մաթոսյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Կասե՞ք՝ ի՞նչ խնդիր է ստեղծվել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի շուրջ: Արդյո՞ք նոր է Իսրայելի նման քաղաքականությունը։ Այն կրոնական բոլո՞ր փոքրամասնությունների նկատմամբ է իրականացվում, թե՞ թիրախում պատրիարքարանն է:
Պետրոս Տեր-Մաթոսյան - Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի քաղաքապետարանի միջև Առնոնայի (գույքահարկի) խնդրի շուրջ լարվածությունը նոր չէ և շարունակվում է տասնամյակներ: Այս հարցը, սակայն, չի սահմանափակվում Հայոց պատրիարքությամբ. այն նաև ազդում է այլ կրոնական ուղղությունների, այդ թվում՝ կաթոլիկ, հունական ուղղափառ եկեղեցիների և այլոց վրա: Տարիների ընթացքում քաղաքապետարանը թիրախավորել է ոչ միայն Հայոց պատրիարքարանին պատկանող առևտրային գույքը, այլև Սրբոց Հակոբյանց մայր տաճարը:
Քաղաքապետարանի վերջին գործողությունը, որը փորձում է հարկեր սահմանել Հայոց պատրիարքարանի առևտրային գույքի վրա, հանդես է գալիս որպես լուրջ սրացում, որը սպառնում է հենց Երուսաղեմում հայ համայնքի ներկայությանը:
Ի տարբերություն սովորական առևտրային ձեռնարկությունների, այդ գույքից ստացված եկամուտն էական նշանակություն ունի Հայոց պատրիարքարանի գործունեության համար: Դրանց միջոցով են ֆինանսավորվում մի շարք կրոնական, կրթական, մշակութային և բժշկական հաստատություններ: Հայոց պատրիարքարանը չունի էական այլ օժանդակություն, որից կարող է եկամուտ ստանալ և ամբողջությամբ կախված է այս գույքից ստացված եկամուտից՝ իր ամենօրյա գործունեությունն ապահովելու համար: Ավելին, հայկական համայնքի շատ անդամներ աշխատում են պատրիարքարանում, ինչը նշանակում է, որ այդ առևտրային գույքի բռնագրավումը կարող է ունենալ հեռուն գնացող հետևանքներ ոչ միայն կրոնական հաստատությունների, այլև համայնքի համար ավելի լայն տեսանկյունից:
Հայկական տեսանկյունից քաղաքապետարանի այս կտրուկ գործողությունը խախտում է ստատուս քվոն՝ այն է երկարամյա պայմանավորվածություն, որը փաստացի պահպանվել է տարածաշրջանի տարբեր վարչակարգերի կողմից ավելի քան մեկուկես դար: 1878 թվականին Բեռլինի պայմանագրով ձևակերպված ստատուս քվոն ապահովում է Երուսաղեմի կրոնական հաստատությունների կառավարումն ու իրավունքները՝ երաշխավորելով, որ քրիստոնեական կրոնական մարմինները կարող են շարունակել իրենց գործունեությունն առանց որևէ միջամտության կամ քաղաքական ճնշման:
2. Դատական նիստը, որը պետք է կայանար փետրվարի 24-ին, անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ինչպե՞ս կարող է Հայոց պատրիարքարանը դիմագրավել Երուսաղեմի քաղաքապետարանի գործողություններին։
Պետրոս Տեր-Մաթոսյան - Քաղաքապետարանի գործողությունները չեն սահմանափակվում միայն Հայոց պատրիարքարանով. հարձակման թիրախ է դարձել նաև «Notre Dame of Jerusalem Center» հյուրանոցը, ռեստորանը և կոնֆերանս-կենտրոնը, որը գտնվում է Հին քաղաքում: 2023 թվականին Իսրայելի իշխանությունները սառեցրել են «Notre Dame of Jerusalem Center»-ի բանկային հաշիվներն՝ ի ցույց դնելով քաղաքապետարանի կողմից քաղաքի եկեղեցիներին պատկանող գույքի նկատմամբ իրականացվող ավելի լայն ճնշումները: Նմանատիպ գործողությունները կրոնական հաստատություններից չվճարված հարկեր հավաքելու քաղաքապետարանի շարունակական ջանքերի մի մասն են, և առաջացնում են խիստ մտահոգություն՝ Երուսաղեմում քրիստոնյաների երկարաժամկետ ներկայության առումով:
Քանի որ քաղաքապետարանի քաղաքականությունն ազդում է քրիստոնեական բոլոր ուղղությունների վրա, շատ կարևոր է միասնական ճակատ կազմել ճնշումներին դիմակայելու համար, որոնք կարող են գոյաբանական վտանգ ներկայացնել Սուրբ Երկրի քրիստոնեական համայնքների համար: Նման միասնական դիմադրության նշանավոր օրինակը տեղի ունեցավ 2018 թվականին, երբ քաղաքապետ Նիր Բարքաթի ղեկավարությամբ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձեց նմանատիպ միջոցներ կիրառել կրոնական հաստատությունների դեմ։ Ի պատասխան՝ քրիստոնեական ուղղությունների առաջնորդները Զատկի տոնին դրամատիկ բողոքի ցույց են կազմակերպել՝ երեք օրով փակելով Սուրբ Հարության տաճարը: Նման հակազդեցության պայմաններում քաղաքապետ Բարքաթն ի վերջո նահանջեց, այնուհետև միջամտեց [խմբ.՝ Իսրայելի] վարչապետ Նեթանյահուի գրասենյակը՝ նշանակելով հատուկ հանձնաժողով՝ եկեղեցիների հետ բանակցելու և լուծման հասնելու համար:
Եկեղեցիները մեղադրում էին քաղաքապետ Բարքաթին գործող ստատուս քվոն խախտելու մեջ: Վերոնշյալ ստատուս քվոն Երուսաղեմ քաղաքում քրիստոնեական ներկայության անկյունաքար է եղել դարեր շարունակ, և դրան ուղղված ցանկացած սպառնալիք դիտվում է որպես վիրավորանք Երուսաղեմի քրիստոնյա համայնքների պատմական և կրոնական իրավունքների դեմ:
3. Կարո՞ղ ենք ասել, որ պատրիարքարանի դեմ իրականացվող գործողությունների հետևում Իսրայելի գործող կառավարությունն է կանգնած, որում բավականաչափ ազդեցիկ են արմատական-կրոնական ուժերը։
Պետրոս Տեր-Մաթոսյան - Հնարավոր է, որ այս վերջին գործողության հետևում կանգնած են աջակողմյան իսրայելական քաղաքական ուժերը։ Սակայն, ինչպես վերևում նշվեց, հարկային խնդիրը շարունակական է եղել արդեն տասնամյակներ: Հարցը, որ ծագում է, հետեւյալն է՝ ինչո՞ւ հատուկ թիրախավորել հայերին։ Հնարավոր պատասխաններից մեկն այն է, որ Հայոց պատրիարքարանը չունի ուժեղ արտաքին աջակցություն: Ի տարբերություն Հույնական ուղղափառ պատրիարքարանի, որը վայելում է հունական պետության աջակցությունը, կամ Լատինական պատրիարքարանի, որն ունի Վատիկանի աջակցությունը, հայերը հայտնվել են բոլորովին այլ իրավիճակում։ Հայաստանի դեպքում չկա նման հետևողականություն: Արտաքին աջակցության այս բացակայությունը կարող է Հայոց պատրիարքարանը դարձնել ավելի խոցելի թիրախ քաղաքապետարանի գործողությունների համար։
4.Ստորև կցված քարտեզում կնշե՞ք մոտավորապես որ հատվածների հնարավոր բռնագրավման մասին է խոսքը։
Պետրոս Տեր-Մաթոսյան - Գույքի մեծ մասը, որոնք կարող են բռնագրավվել, գտնվում են Արևմտյան Երուսաղեմի Շլոմզիոն Համալկա փողոցում՝ Հին քաղաքից դուրս (քարտեզում գծանշված է կապույտով): Այս կալվածքները գնվել են Թորգոմ Քուշագյան պատրիարքի օրոք (1931-1939 թթ.)` պատրիարքարանի ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով։
5. Ի՞նչ իրավիճակ է «Կովերի պարտեզի» հետ կապված։ Արդյո՞ք այս երկու խնդիրները փոխկապակցված են։
Պետրոս Տեր-Մաթոսյան -«Կովերի պարտեզի» ճակատագիրը կորոշի Իսրայելի դատարանը։ Հարկային խնդիրը կարող է կապված լինել այս դեպքի հետ, որը կարող է ծառայել որպես Հայոց պատրիարքարանի վրա ճնշում գործադրելու միջոց:
6.Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետությունն աջակցել պատրիարքանին այս հարցում։
Պետրոս Տեր-Մաթոսյան - Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունը դանդաղել է լուծել այս խնդիրը: Հայկական Երուսաղեմը Հայաստանից դուրս կրոնական և մշակութային ամենակարևոր կենտրոնն է, որն ունի ավելի քան երկու հազարամյա պատմություն: Մինչ կայսրությունները վերելք ու անկում են ապրել դարերի ընթացքում, հայկական Երուսաղեմը մնացել է անսասան: Այսօր, սակայն, հայկական Երուսաղեմը պայքարում է իր գոյության համար՝ լինի «Կովերի պարտեզի» ճգնաժամը, թե շարունակվող հարկային խնդիրները: Վաղուց ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը արժանի ուշադրություն դարձնի այս խնդրին և բարձրացնի այն միջազգային հարթակում։ Հայտնի է, որ ադրբեջանական լոբբին ակտիվ է Իսրայելում, և զարմանալի չի լինի, եթե նրանց որոշ ջանքերն ուղղված լինեն Երուսաղեմի հայերի ձայնը խլացնելուն։