ԵՄ-ն առանց ԱՄՆ-ի. նոր անվտանգության հայեցակարգի որոնում

5 ր.   |  2025-03-27

Ա ՄՆ-ի և ԵՄ-ի միջև հակասությունները հերթական անգամ ակնհայտ դարձան, երբ օրեր առաջ The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հայտնեց, որ պատահմամբ հայտնվել է «Սիգնալ» համակարգում ԱՄՆ բարձրագույն ղեկավարության փակ խմբում, որտեղ քննարկվում էին ԱՄՆ հարվածները Յեմենի հութիներին։ Մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը գրել էր, որ նա ատում է այն միտքը, թե ԱՄՆ-ն կրկին պետք է օգնի կամ փրկի Եվրոպային (խոսքը հենց հութիներին հարվածելու մասին է, քանզի ըստ Վենսի՝ նրանք առավելապես սպառնում են հենց Եվրոպային)։ Գոլդբերգի հրապարակումից պարզ է դառնում, որ Վենսի նմանատիպ մտքերը կիսում են նաև Թրամփի վարչակարգի այլ ներկայացուցիչներ։ Ինչպե՞ս ստացվեց, որ ԱՄՆ գլխավոր աշխարհաքաղաքական դաշնակից Եվրոպան դարձավ համընդհանուր դժգոհության առարկա։

ԱՄՆ ընտրություններից հետո ձևավորվող նոր իրականություն

2024 թվականի նոյեմբերին կայացած ԱՄՆ ընտրությունները դարձան վերջին տարիների ամենաակտիվ աշխարհաքաղաքական փոփոխությունների խթանիչը։ Խոսքը ոչ միայն ռուս-ուկրաինական հակամարտության ամերիկյան լուծման տարբերակների, այլև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարաբերությունների վերադասավորման մասին է։ Դոնալդ Թրամփը հստակ և ուղիղ հայտարարում է, որ այլևս չի պատրաստվում ապահովել ԵՄ անվտանգության երաշխիքները, և ԵՄ-ն պետք է ինքնուրույն լուծի այս խնդիրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ իր քարոզարշավից առաջ և դրա ընթացքում մի քանի անգամ նշել է, որ իշխանության գալու դեպքում կլուծի ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ կարճ ժամանակում։ Սկզբում խոսվում էր մեկ օրվա մասին, այնուհետև՝ 100 օր կամ 6 ամիս, իսկ հիմա, կարծես, այլևս կոնկրետ ժամկետ չի նշվում։ Այնուամենայնիվ, նույնիսկ առանց վերջնաժամկետի պարզ է, որ Թրամփը շահագրգռված է գոնե զինադադարի հասնելու՝ անգամ որոշ զիջումների գնով։ Իհարկե, այդ զիջումներն անում է ոչ թե ԱՄՆ-ն, այլ՝ Ուկրաինան։ Ուրեմն ո՞րն է ԵՄ-ի խնդիրը այս դեպքում։

Գլխավորն այն է, որ ԵՄ-ում շատերը կարծում են, թե ռուս-ամերիկյան երկկողմ բանակցությունները շրջանցում են ԵՄ-ն։ Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ բազմիցս հայտարարել են, որ Եվրոպան նույնպես պետք է ներկայացված լինի բանակցություններում, քանի որ Ռուսաստանի հետ կապված անվտանգային խնդիրներն ուղղակիորեն ազդում են հենց Եվրոպայի վրա։ Սակայն ամերիկյան վարչակազմը շարունակում է միակողմանի բանակցությունները՝ կասկածի տակ դնելով Եվրոպայի սուբյեկտայնությունը։

Այս ամենի կիզակետը դարձավ փետրվարի վերջին Օվալաձև սենյակում տեղի ունեցած սկանդալը ԱՄՆ վարչակազմի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Մի շարք եվրոպական առաջնորդներ փորձեցին չկորցնել պահը և օգտագործել այն՝ իրենց սուբյեկտայնությունը ցուցադրելու համար։ Սկանդալից մեկ օր անց Զելենսկին արդեն Լոնդոնում էր, որտեղ նրան դիմավորեց և նույնիսկ գրկեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը։ Այնուհետև տեղի ունեցավ մեծ հանդիպում եվրոպական առաջնորդների մասնակցությամբ, որին մասնակցում էր նաև Զելենսկին։ Առաջին հայացքից արդյունքները տպավորիչ էին՝ մի քանի հազար հրթիռ, մի քանի միլիարդ եվրոյի աջակցություն, սակայն սա նախատեսված էր 10 տարվա ընթացքում, իսկ տեղում Ուկրաինան ստացավ միայն քաղաքական բնույթի խրախուսանք։ Որոշ լրատվամիջոցների համաձայն, նա նաև խորհուրդ ստացավ որքան հնարավոր է շուտ լեզու գտնել Դոնալդ Թրամփի հետ։ Այս ամենից հետո էլ սկսեցինք նկատել Զելենսկու հռետորաբանության փոփոխությունն ու ավելի կառուցողական կեցվածքը։

Ինչո՞ւ և ինչպե՞ս չկարողացավ 28 երկրից բաղկացած միությունը, Մեծ Բրիտանիայի հետ միասին, փոխարինել ԱՄՆ-ին։ Պատասխանելով այս հարցին՝ կկարողանանք հստակ գնահատել ԵՄ դերը ձևավորվող նոր աշխարհակարգում։

ԵՄ-ի ռազմականացումը. ուշ չէ՞ արդյոք

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկար ժամանակ ԱՄՆ-ն ստանձնել էր աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Եվրոպայում, անվտանգության ապահովման գլխավոր դերը։ Սառը պատերազմի տարիներին և դրանից հետո ԱՄՆ-ն մի շարք ռազմաբազաներ ստեղծեց Եվրոպայում՝ ԽՍՀՄ-ին, ապա՝ Ռուսաստանին հակազդելու համար։ Այսպիսի հովանոց ունենալու պարագայում եվրոպական շատ երկրներ նվազեցրել էին իրենց ռազմական ծախսերը՝ փոխարենը զարգացնելով սոցիալական, տնտեսական և այլ ոլորտները։ Այս մեխանիզմը երկար ժամանակ արդյունավետ էր, սակայն Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և Թրամփի վերադարձը քաղաքականություն փոխեցին պատկերը։

Թրամփը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն այլևս չի հանդիսանալու այդ հովանոցը, և Եվրոպայի երկրները պետք է սկսեն ինքնուրույն ապահովել իրենց անվտանգությունը։

Այս համատեքստում արդեն որոշ միտումներ են նկատվում։ Նախ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շարունակում է առաջ տանել Եվրոպական բանակի ստեղծման գաղափարը, որը կխթանի Եվրոպայի սուբյեկտայնությունը։ Ֆրանսիան առաջարկում է իր միջուկային հովանոցը տարածել ԵՄ այլ երկրների վրա՝ այդ երկրներում մարտագլխիկներ տեղադրելու միջոցով։ Սակայն լայն աջակցություն այս գաղափարն առայժմ չի գտնում։ Մյուս խնդիրը ՆԱՏՕ-ի հետ հնարավոր փոխհարաբերություններն են. ի վերջո, ստեղծվում է կառույց, որը կատարում է ՆԱՏՕ-ի նմանատիպ գործառույթներ, և պարզ չէ, թե ինչպես կկազմակերպվի այդ համագործակցությունը։ Բացի այդ, նման կառույցի ստեղծումը ժամանակատար գործընթաց է և պահանջում է եվրոպական երկրների ռազմական բյուջեների կտրուկ ավելացում։

Ռազմական բյուջեների բարձրացումն էլ մեկ այլ միտում է։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր այս գործընթացն արդեն սկսվել էր, սակայն Թրամփի վերադարձով այն էլ ավելի արագացավ։ Ցամաքային Եվրոպայի մի շարք երկրներ և Մեծ Բրիտանիան արդեն ընդունել են օրինագծեր, որոնք թույլ կտան զգալիորեն ավելացնել ռազմական ծախսերը։ Սակայն այստեղ էլ կան խնդիրներ։ Նախ, այս ավելացումը տարիներ կտևի, և չի կարող նպաստել այսօրվա խնդիրների լուծմանը։ Երկրորդ, նույնիսկ եթե Գերմանիան այսօր եռապատկի իր ռազմական բյուջեն, դեռ երկար ժամանակ է պետք արդյունավետ անվտանգության համակարգ ստեղծելու համար։

Հաջորդ միտումը, որը ճակատագրական կարող է դառնալ եվրոպական ընտանիքի համար, ԵՄ պառակտումն է։ ԵՄ ներսում այսօր կան երկրներ և առաջնորդներ, ովքեր բացահայտ չեն կիսում կառույցի ընդհանուր դիրքորոշումներն արդի աշխարհքաղաքական մարտահրավերների հանդեպ։ Նախևառաջ, խոսքը գնում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, ինչպես նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի մասին։ Վերջին տարիներին բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են այս երկու ղեկավարները արգելափակել տարբեր որոշումներ, որոնք հիմնականում ուղղված էին Ուկրաինայի աջակցությանը։ ԵՄ ներսում նկատվող աջական միտումները կարող են էլ ավելի մեծանալ և սպառնալ հենց կառույցի գոյությանը։

Վերջաբան․ միասնություն փնտրող Միություն

Այս ամենը վերլուծելով կարող ենք եզրակացնել, որ առաջիկայում կարող է նկատվել ԵՄ ազդեցության նվազում միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունների վրա։ Ամեն ինչ կախված է նախևառաջ ԵՄ ներքին միասնությունից, թե որքան այն ամուր է և պատրաստակամ պայքարելու ընդդեմ ընդհանուր հակառակորդների։ ԵՄ երկրների հասարակությունները կարող է և պատրաստ չլինեն սոցիալական ապահովության նվազեցմանը՝ ի շահ ռազմական ծախսերի ավելացմանը, ինչը կարող է հանգեցնել մի շարք վարչակարգերի փոփոխության։