Եվրոպայի անվտանգության և Ուկրաինայի հարցում ԱՄՆ վարչակազմի ազդակները
4 ր. | 2025-02-24Մ եկ ամիս է անցել, ինչ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը, սակայն արդեն աշխարհաքաղաքական նշանակալի վերադասավորումներ են տեղի ունենում, հատկապես՝ Ուկրաինայի հակամարտության շուրջ։ Միջազգային հարաբերությունների, Եվրատլանտյան համագործակցության և անվտանգության հարցերում ԱՄՆ նոր վարչակազմի մոտեցումները առավել հասկանալի ձևակերպեց ԱՄՆ փոխնագահ Ջեյ Դի Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում: Նա իր ելույթում խիստ քննադատեց եվրոպական երկրներին՝ մեղադրելով սեփական անվտանգության և կայունության հիմքերը խարխլելու համար։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ եվրոպական ժողովրդավարության սպառնալիքները գալիս են ոչ թե այլ պետություններից, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Չինաստանը, այլ՝ ներսից։ Անդրադառնալով եվրատլանտյան համագործակցությանը՝ Վենսը վերահաստատեց Թրամփի վարչակազմի հավատարմությունը եվրոպական անվտանգության ապահովմանը՝ ընդգծելով պաշտպանության ոլորտում եվրոպական երկրների ներդրման ավելացման անհրաժեշտությունը: Վենսը, սակայն, չմանրամասնեց Թրամփի ծրագրերը Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։
ԱՄՆ-ի մոտեցումը տարակուսանք առաջացրեց Եվրոպայում, ինչը խորացավ Էր Ռիադում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև բանակցություններով։ Թեև կողմերը նշում են, որ դրանց առանցքային նպատակը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսության մեկնարկն էր, սակայն նրանց հայտարարությունները շատ հստակ ազդակներ էին պարունակում, որոնք ոչ միայն երկկողմ հարաբերությունների վերկանգնմանն էին վերաբերում, այլև Ուկրաինայում հակամարտության հանգուցալուծմանը, որն, ըստ էության, դիտարկվում է որպես ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ամբողջական փաթեթի մաս։ Հատկանշական է, որ հակամարտության շուրջ քննարկումներն ընթացան առանց Եվրամիության և Ուկրաինայի։ Ամերիկյան կողմի դիրքավորումից պարզ է դառնում, որ Վաշինգտոնը մտադիր է առաջիկայում ևս այդ խնդրի շուրջ ուղիղ երկխոսել բացառապես Մոսկվայի հետ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Եվրամիությունը ինչ-որ պահից կմիանա բանակցություններին, քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառել։ Միասնական դիրքորոշման կամ առնվազն դիրքորոշումների համաձայնեցման մասին ամերիկյան կողմը լռում է։
Թեև եվրատլանտյան համագործակցության վերաբերյալ ԱՄՆ նոր վարչակազմի մոտեցումը Եվրամիության համար նորություն չէր, այնուամենայնիվ, Վաշինգտոնի գործնական քայլերը մտահոգիչ ահազանգ են Բրյուսելի համար։ Եվրամիությունում արդեն վաղուց խոսվում է ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին, սակայն գործնական քայլերը բացակայում են։ Առաջիկա ամիսներին Եվրամիության թիվ մեկ խնդիրը սեփական կարիքների գնահատումն ու եվրոպական անվտանգության ապահովումն է լինելու, ներառյալ՝ աջակցությունը Կիևին։ Եվրամիությունը պետք է փորձի նաև ապահովել իր աթոռը Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ Եվրոպայի համար Ուկրաինայի խնդիրը անվտանգային լուրջ մարտահրավեր է և, ինչպես արդեն լսվում է եվրոպական մայրաքաղաքներից, ԵՄ-ի մասին ԱՄՆ-ՌԴ պայմանավորվախություններ չեն կարող լինեն՝ առանց Բրյուսելի մասնակցության։
Ստեղծված իրավիճակում Եվրոպային միավորելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու գործում առաջնորդությունը ստանձնելու հնարավորություններ է տեսում Ֆրանսիայի նախագահը՝ հատկապես Գերմանիայում ընտրական գործընթացների ֆոնին։ Էր Ռիադի հանդիպմանը զուհահեռ եվրոպական երկրների ղեկավարների հետ երկու գագաթնաժողով հրավիրելուց հետո Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան աջակցելու է Ուկրաինային և իր վրա է վերցնում Եվրոպայում խաղաղության և անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Մակրոնը նաև հաստատել է, որ եվրոպական երկրները կավելացնեն պաշտպանության և անվտանգության ոլորտում ծախսերը։ Հատկանշական է, որ հանդիպումներն անցել են Եվրամիության նեղ կազմով՝ նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների, ինչպես նաև Կանադայի մասնակցությամբ՝ հաշվի առնելով վերջին շրջանում եվրոպական միասնականության խնդիրները և որոշումների կայացման կոնսենսուսային բնույթը:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա վերջինիս համար սառը ցնցուղ էր հատկապես Էր Ռիադից հետո ամերիկյան կողմի հայտարարությունները։ Վոլոդիմիր Զելենսկին մինչև Ռուսաստանի հետ բանակցությունների մեկնարկը հույս ուներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ձևավորել միասնական դիրքորոշում։ Սակայն Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հանդիպման արդյունքները չեզոքացնում են նման հնարավորությունը: ԱՄՆ-Ուկրաինա լարվածությունը խորանում է Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, որոնք հիշեցնում են ռուսական նարատիվները: Մասնավորապես, հիմնական «փոխրհրաձգությունը» վերաբերվում է Զելենսկու լեգիտիմությանը, որն արդեն վաղուց առկա է Ռուսաստանի պաշտոնական խոսույթում: Թրամփը Զելենսկուց պահանջում է ընտրություններ անցկացնել Ուկրաինայում՝ նշելով, թե Զելենսկու աջակցությունը 4% է, ինչին Զելենսկին հակադրում է Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցման արդյունքները, որոնց համաձայն իր նկատմամբ վստահությունը 57% է: Բացի այդ, Ուկրաինայի Սահմանադրությամբ պատերազմական պայմաններում նախատեսված չէ ընտրությունների անցկացում: Առավել հատկանշական էր, որ շարունակելով թեման, Թրամփը Զելենսկուն «բռնապետ» անվանեց և փաստացի մեղադրեց պատերազմ հրահրելու համար: Սա մի կողմից մարտահրավերներ է արևմտյան արժեհամակարգին, մյուս կողմից վտանգավոր նախադեպ կարող է դառնալ այլ պետությունների համար, որոնք մտադրություն ունեն հակասությունները լուծելու ռազմական ճանապարհով:
Նման իրավիճակում ԱՄՆ-ի հետ հանածոների շուրջ բանակցություններին զուգահեռ, որոնց միջոցով Կիևը փորձում է Վաշինգտոնից անվտանգության երաշխիքները ստանալ. դաշնակիցների որոնումը Ուկրաինայի գերխնդիրն է: Առաջինն, իհարկե, Եվրոպան է, որը շահագրգռված, որ հակամարտությունն ավարտվի առանց Ուկրաինայի կապիտուլյացիայի: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխության պայմաններում Եվրոպան խոստանում է իր վրա վերցնել Ուկրաինայի աջակցությունը, այդ թվում՝ քաղաքական ու դիվանագիտական ճակատում: Կիևի համար մեկ այլ դաշնակից կարող է լինել Թուրքիան, որը ևս հույս ունի բանակցությունների սեղանի շուրջ աթոռ ստանալ: Դրանով էր պայմանավորված Էր Ռիադի հանդիմանը զուգահեռ Զելենսկու այցը Անկարա: Թուրքիայի նախագահն այդ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունները՝ հիշեցնելով հացահատիկի գործարքի կյանքի կոչման հարցում Թուրքիայի ունեցած ներգրավվածության մասին:
Ուկրաինական հակամարտության հարցում առավել ակտիվանում են նոր դերակատարներ, օրինակ, Սաուդյան Արաբիան, որը հաջողությամբ հյուրընկալեց Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները: Չի կարելի թերագնահատել նաև ուժային այլ կենտրոնների դերը և հնարավոր ազդեցությունը աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում: Օրինակ՝ Չինաստանի արտգործնաարարությունն օրեր առաջ հայտարարել է, որ Պեկինը Եվրամիության հետ միասին փոփոխվող աշխարհում կարող է դառնալ «կառուցողական ուժ»՝ միասին պաշտպանելու բազմակողմանիությունը և միավորելու ջանքերը՝ գլոբալ խնդիրների լուծման գործում:
Մոտակա շաբաթներին կարևոր կլինի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանածոների շուրջ հնարավոր համաձայնությունը, որը կարող է էապես ազդել խաղաղության հաստատման վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման և բանակցային գործընթացի վրա: