Հետասադյան Սիրիա․ Թուրքիայի քաղաքականությունը նոր շրջափուլում
6 ր. | 2025-01-16Ս իրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության հեռացումից հետո Թուրքիայի ազդեցությունն ու ներգրավվածությունն այդ երկրում աճում է։
Նպատակներ
2011-2013թթ․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությամբ ձևակերպված սիրիական քաղաքականության գլխավոր նպատակները երկուսն էին․
- Հասնել Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանը։ Արաբական սուննիական խմբերին աջակցելով՝ Սիրիայում ձևավորել նոր կառավարություն, որը հնարավորինս կկիսի Թուրքիայի տարածաշրջանային տեսլականը։ Այդպիսով մեծացնել Թուրքիայի ազդեցությունը հետճգնաժամային Սիրիայում։
- Խոչընդոտել Սիրիայի, ինչպես նաև Իրաքի հյուսիսում քրդական բնակչության ինտենսիվ ինքնակազմակերպումը։
Այս նպատակները սիմվոլիկ առումով ամփոփվում էին նեոօսմանիստական և իսլամիստական գաղափարներ կրող Էրդողանի կողմից դեռ 2012թ․-ին մեջլիսում արտաբերված խոսքերում, որում նպատակ էր սահմանվում «ամենակարճ ժամանակում Դամասկոսում՝ Օմայանների մզկիթում, նամազ անելը»։
Անկարան ռազմական, քաղաքական, ֆինանսական, դիվանագիտական տեսանելի և ոչ տեսանելի լուրջ քայլեր կատարեց այդ նպատակներին հասնելու համար՝ տարիներ շարունակ տեղ զբաղեցնելով Սիրիայում հակամարտության ընթացքը պայմանավորող դերակատարների շարքում։ Դրանք, սակայն, արտաքինից զատ ազդում էին Թուրքիայի ներքին քաղաքական օրակարգի վրա ևս։ Մասնավորապես, ճգնաժամի մեկնարկից շատ չանցած փախստականների ալիքների ընդունումը Սիրիայից հանգեցրեց (Սիրիացի փախստականների թիվը Թուրքիայում հասավ ընդհուպ 3․6-3․7 միլիոնի, իսկ այժմ 2,9 միլիոն է կազմում) պատերազմում Անկարայի դերի վերաբերյալ Թուրքիայում ներքին քաղաքականության բևեռացման, որն էլ ավելի էր սրվում աճող տնտեսական խնդիրների պայմաններում։
Ձեռքբերումներ
Բ աշար ալ-Ասադի հեռացումը, որը որոշակիորեն անսպասելի էր աշխարհի և անգամ սիրիացիների համար, թուրքական և նաև միջազգային մամուլում Հայաթ Թահրիր աշ-Շամի (ՀԹՇ) և դրա առաջնորդ Ահմադ Հուսեյն ալ-Շարաայի (հայտնի Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի անվամբ) հաղթանակից զատ բնորոշվեց նաև որպես «Թուրքիայի հաղթանակ»։ Չնայած դա քննարկելի և վիճելի է, քանի որ տարիները, ծախսված ռեսուրսներն ազդում են «հաղթանակի» մասին ընկալումների, դրանց միանշանակության վրա, այդուհանդերձ թվարկենք Անկարայի գլխավոր ձեռքբերումները Սիրիայում․
- Իշխանության փոփոխություն․ Թուրքիայի սկզբնական նպատակը և պահանջը միանշանակ չիրականացավ․ Ասադը շարունակեց պաշտոնավարել մինչև 2024թ․-ը՝ ստանալով ՌԴ-ի, Իրանի և լիբանանյան Հեզբոլլահի աջակցությունը։ Ասադի հեռացման նպատակի համար Անկարան սպասեց շուրջ 14 տարի։ Այժմ, սակայն, լուրջ ազդեցություն ունի ՀԹՇ-ի վրա, որի հետ կապեր ուներ դեռ այն ժամանակ, երբ խմբավորումն իշխում էր Սիրիայի Իդլիբ նահանգի մի հատվածում։ Այդ ազդեցությունը լրջորեն մեծացնում է Թուրքիայի դերը Սիրիայում և առհասարակ Մերձավոր Արևելքում։ Այդ մասին են վկայում Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի, այնուհետև արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիսավոր այցերը Դամասկոս, Քալընի նամազն Օմայանների մզկիթում (համարվում է իսլամական աշխարհի համար կարևորությամբ չորրորդ մզկիթը՝ Ալ-Հարամ, Ալ-Նաբավի և Ալ-Աքսա մզկիթներից հետո), Ֆիդանի թեյախմությունն ալ-Շարաայի հետ Քասիուն լեռան վրա և այլն։ Առաջիկայում հանդիսավոր կերպով Դամասկոս կայցելի նաև Էրդողանը, որին արդեն իսկ քարոզչական և հանրային մակարդակում սկսել են կոչել «Դամասկոսի նվաճող» (Şam Fatihi), «Սիրիայի նվաճող» (Suriye Fatihi) անվանումներով (1,2,3)։ Իսկ առհասարակ, Ասադի հեռացումից հետո, Սիրիայի մասին Էրդողանի ելույթներում կարմիր գծի նման անցնում է այն միտքը, որ Թուրքիայի կամ թե Թուրքիայի ազդեցության սահմանները շատ ավելի ընդարձակ են, քան նրա ներկայիս տարածքն է։ Դա ևս մեկ անգամ փաստում է, որ Էրդողանը Սիրիան դիտարկում է որպես բնական ազդեցության գոտի, որում պետք է վերականգնվի Օսմանյան շունչը։
- Սահմանային անվտանգություն և քրդական խնդիր․ Թուրքիան ռազմական ինտերվենցիաներով (Եփրատի վահան (2016), Ձիթենու ճյուղ (2018), Խաղաղության ակունք (2019)) խորանալով հարևան երկրի տարածքում բավականաչափ սահմանափակեց Սիրիայի հյուսիսում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդերի և դրա ռազմական թևերից համարվող «Ժողովրդական պաշտպանության միավորումների» հնարավորությունները, մեծամասամբ կանխեց Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի քրդերի մեջ կապերի հնարավոր զարգացումը։ Դա, իհարկե, Անկարան անում էր հատուկ փաթեթավորումներով, ինչպիսիք էին «ահաբեկչության դեմ պայքարը», «սահմանային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը» և այլն։ Այդուհանդերձ, քրդական ուժերը դեռևս շարունակում են ընդարձակ տարածքներ վերահսկել Սիրիայի հյուսիսում՝ վայելելով ԱՄՆ-ի աջակցությունը։
Մերձավորարևելյան նոր դինամիկա
Ս իրիայում զարգացումներն իրենց հետ նոր դինամիկա են առաջ բերելու մերձավորարևելյան տարածաշրջանում։ Տրանսֆորմացիայի են ենթարկվելու Թուրքիայի հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ, որոնց հետ առկա էր շփման ձևաչափ՝ Աստանայի ֆորմատը։ Փոխվելու են նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, քանի որ, թվում է, որ Բրյուսելում ի դեմ Անկարայի առավել ընկալելի զրուցակից և գործընկեր են սկսում տեսնել Սիրիային հարաբերվելու հարցում։ Կարող են էլ ավելի բարելավվել նաև Թուրքիայի և արաբական երկրների կապերը, որոնցից, օրինակ, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ վերջին տարիներին քիչ թե շատ կարգավորված հարաբերությունները նպասելու են, որպեսզի կողմերը մրցակցելուն զուգահեռ համատեղ աշխատեն Սիրիայի վերականգնման և վերակառուցման նախագծերում։ Անկարան միաժամանակ աշխատելու է բոլոր դերակատարների հետ, որպեսզի ապահովի սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկիր, ինչը հնարավոր է այնտեղ պայմանների որոշակի բարելավումից և կայունության հաստատումից հետո։
Հնարավոր է էլ ավելի լարում արձանագրվի Իսրայել-Թուրքիա հարաբերություններում, քանի որ որքան էլ Իսրայելի շահերից է բխում շիայական առանցքի կազմաքանդումը տարածաշրջանում, այնքան էլ շահերից չի բխում սուննիական ուժեղ առանցքի ձևավորումը՝ այն էլ Էրդողանի առաջնորդությամբ: Իսրայելական վերլուծական կենտրոններից Alma-ի վերլուծաբաններից Յաակով Լապինը վերջերս հրապարակված հոդվածում գրել է․ «Թուրքիայի մեծ ազդեցությունն այս տարածաշրջանում, որը ղեկավարվում է Էրդողանի կողմից, ով իրեն բնորոշում է որպես «Իսլամի պաշտպան» և որպես մեկը, ով ցանկանում է «ազատագրել Ալ-Աքսան», լավ նշան չէ Իսրայելի համար: Թուրքիայի նախագահն արդեն հայտարարել է, որ իր կարծիքով՝ Երուսաղեմը պետք է լինի մուսուլմանների ուշադրության կենտրոնում, և նա չի հապաղել Իսրայելին պիտակավորել կոշտ և հակասեմական պիտակներով»:
Միաժամանակ տարածաշրջանում շատ հարցեր պայմանավորվելու են ԱՄՆ-ում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումից, որը դեռևս կարող է խաղաքարտեր փոխել, ինչպես նաև ՌԴ-ի և Իրանի սիրիական նոր ռազմավարությունից։
Վերաձևվող քաղաքական օրակարգ
Ը ստ էության պարզ է, որ Սիրիայում Ասադի հեռացումով ոչինչ չի ավարտվել, և նոր փուլ է սկսվում։ Սիրիայի հետագա ընթացքը պայմանավորելու են մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ արդյո՞ք գործող կառավարությունը և նոր սահմանադրությունը կլինեն ներառական և հնարավորինս սեկուլյար թե ոչ, արդյո՞ք հնարավոր կլինի պահպանել Սիրիայի միասնությունը և ձևավորել ունիտար պետություն թե ոչ, հետագայում ի՞նչ դիրքորոշում կարտահայտեն Սիրիայի փոքրամասնությունները՝ ալավիները, դրուզները, քրիստոնյաները և այլն։ Ուստի կարող ենք ասել, որ չի ավարտվում, այլ նոր փուլ է մտնում նաև Թուրքիայի սիրիական քաղաքականությունը։
Հետասադյան Սիրիայում Թուրքիան հնարավորինս փորձելու է՝
- Ապահովել ունիտարություն և ամբողջականություն՝ չցանկանալով նաև ամրապնդել այդտեղ Իսրայելի և այլ ուժերի դիրքերը։
- Ավելացնել ճնշումը հյուսիսում քրդական ուժերի վրա կա՛մ անձամբ, կա՛մ Սիրիայի նոր իշխանության միջոցով և վերացնել քրդական ինքնավարության ստեղծման որևէ հավանականություն։
- Ապահովել սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկիր։
Թուրքիան այս ամենով հանդերձ, օգտագործելով պատմական, մշակութային, քաղաքական կապերը՝ ձգտելու է պահպանել իր կենտրոնական դերը հետասադյան Սիրիայում, առաջնորդել երկիրը վերականգնելու ու կայունություն հաստատելու տեղական և միջազգային ջանքերը՝ իհարկե առաջ տանելով սեփական պետական և ազգային օրակարգն ու շահերը։
Այսպիսով՝ Թուրքիայի սիրիական քաղաքականությունը, չնայած տարիներ անց արձանագրել է տեսանելի ձեռքբերումներ, դրանք դեռ միանշանակ և վերջնական չեն։ Անկարան առաջիկայում ակտիվորեն շարունակելու է իր քաղաքական նպատակները վերջնանպատակին հասցնելու ջանքերն ու գործողությունները, որոնք էլ հենց բովանդակելու են Սիրիայում թուրքական քաղաքականության նոր շրջափուլը։