Այլընտրանքայի՞ն, թե վերականգնվող էներգետիկա

14 ր.   |  2019-02-01

Հոդվածների այս շարքով կփորձենք վեր հանել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի հիմնախնդիրներն և ուսումնասիրել դրանք, ինչպես նաև կփորձենք մասնագիտական հենքի վրա անաչառորեն բարձրացնել հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ դասեր քաղեցինք վաղ 90-ականների համակարգային էներգետիկ ճգնաժամից։

  • Արդյո՞ք այն առաջին էներգետիկ ճգնաժամն էր Հայաստանում, և ընդհանրապես ի՞նչ տրամաբանությամբ ու մարտահրավերներով զարգացավ Հայաստանի էներգետիկան

  • Ի՞նչ է մեզ համար էներգետիկ անվտանգությունը և ի՞նչ այն պետք է նշանակի առաջին հերթին։

  • Ինչ դերակատարություն ունեն էներգետիկ տարատեսակ տեխնոլոգիաները:

  • Ինչպիսի՞ն են էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային և համաշխարհային միտումները։

Կանդրառնանք նաև արդի էներգետիկայի և հատկապես՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի որոշ «առասպելների» ծագմանը և դրանց մասնագիտական գնահատականներին։

Նախաբան

9 0-ականների սկզբին, երբ ավարտում էի դոկտորանտուրան ԱՄՆ-ի Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայում (NREL, Golden, CO), ինձ զարմացնում էր, որ գործընկերներիցս ոչ ոք չէր օգտագործում «այլընտրանքային էներգիա» կամ առավել ևս, «այլընտրանքային էներգետիկա» բառակապակցությունները: Այս եզրույթները գրեթե անհնար է գտնել նաև NREL-ի հարուստ մասնագիտական գրադարանում: Իսկ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության (DOE) պաշտոնական փաստաթղթերում դրանք պարզապես բացակայում էին: Ամենուր խոսվում էր միայն «վերականգնվող էներգիայի» (renewable energy) մասին: Սա իսկապես տարօրինակ էր:

1980-ականների կեսից ԽՍՀՄ նախկին հանրապետություններում և արևելաեվրոպական շատ երկրներում «այլընտրանքային էներգետիկայի» մասին խոսակցությունները ամենուր էին՝ մասնագիտական գրականությունից մինչև սիրողական հրապարակումներ և քարոզչական ելույթներ, հեռուստատեսային և ռադիո հաղորդումներից մինչև փողոցային խոսակցություններ ու տարատեսակ քննարկումներ: Այս կպչուն ու համընդհանուր տարածվածության ֆոնին հատկապես ակնբախ էր «այլընտրանքային էներգետիկա» եզրի օգտագործման բացակայությունը այլընտրանքային էներգիայի «Մեքքա» համարվող NREL-ում: Շատ ավելի ուշ, արդեն զբաղվելով աշխարհաքաղաքական վերլուծությամբ, ինձ քիչ թե շատ պարզ դարձավ, թե որն է խնդիրը: Կիրառական բովանդակային վերլուծությունը հստակ մատնանշեց, որ «այլընտրանքային էներգետիկա» եզրը իրականում գաղափարախոսական շաբլոն է, տեղեկատվական ՄԵՄ (MEME), այլ ոչ թե մասնագիտական եզր:

Սակայն, մինչ այդ թեմային անդրադառնալը, նախնական երկու դիտարկում անենք. առաջինը` «այլընտրանքային էներգետիկա», «վերականգնվող էներգիա» ու այլ եզրերի, երկրորդը` տվյալ (տպագիր) լեզվում այս կամ այն բառի (կամ բառակապակցության) օգտագործման քանակական ցուցանիշները վեր հանող համակարգչային գործիքների վերաբերյալ։ Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե այս դիտարկումները վերացական են և գործին անմիջականորեն չեն առնչվում, բայց այդպես չէ։ Շատ և շատ դեպքերում, եզրերի (տերմինների) ոչ հստակ ընկալումը, դրանց առաջացման պատճառների և կիրառման տրամաբանության չիմացությունը հանգեցնում է թյուրըմբռնման, սխալ հետևությունների, ու վերջին հաշվով՝ ապակողմնորոշող «առասպելների» գոյացմանը։

2.64 ՄՎտ հզորությամբ Լոռի-1 հողմակայանը Բազումի լեռներում: Հայաստան, 2005թ.:

Մեր դեպքում սա վերաբերում է հատկապես «այլընտրանքային էներգետիկա» եզրին։ Իսկապե՞ս այն «այլընտրանքային» է և կարող է փոխարինել՝ այլընտրանք լինել, այսպես կոչված, ավանդական էներգետիկային։ Իսկապե՞ս այն «էներգետիկա» է՝ էներգետիկ համալիրի ամբողջ իմաստով, թե առանձին տեխնոլոգիական ճյուղերի, միմիանց հետ քիչ կապակցված բազմություն է։ Ահա հարցեր, որոնք այս էլ մոտ երկու տասնամյակ Հայաստանի մասնագիտական ու հանրային շրջանակների ուշադրության կիզակետում են և արծարծվում են քաղաքական և աշխարհաքաղաքական բազմաթիվ կարևոր գործընթացներում։

Այս խնդիրների համարժեք քննությունը պահանջում է հստակ հասկանալ, թե ինչ նկատի ունենք «այլընտրանքային» կամ «վերականգնվող» էներգետիկա ասելով, ինչ հնարավորություններ այն ունի։

Երկու խոսք՝ եզրաբանության մասին

Ս կսենք «այլընտրանքայինից»։ Անգլերենում alternative բառը թեև ունի «այլընտրանքի» կայուն իմաստ (alternative history, alternative universe և այլն), մասնագիտական կիրառման դաշտում ավելի շուտ նշանակում է փոփոխություն, հաջորդում: Այսպես, անգլերենում (գերմաներենում, ֆրանսերենում, իտալերենում, և այլն) ունենք alternative current փոփոխական հոսանք, alternator՝ ընդմիջվող, փոփոխական մագնիսական դաշտով էլեկտրական մեքենա, և այլն: Ընդհանրապես, անգլերեն լեզվամտածողությունում alternative բարդ բառի «alter» մասնիկը (փոփոխել, ընդմիջել, վերափոխել [1]) իր սեմանտիկ ուժով զգալիորեն զիջում է հզոր «native» (բնիկ, բնական, մայրենի, նատիվ՝ ինչպես ասում են կենսաբանները) արմատին: Արդյունքում, alternative-ի հիմնական իմաստը կայուն սահմանափակվում է բնական ընթացքի հաջորդական փոփոխության հետ։ Մինչդեռ դրա կապը «ընտրության» կամ «այլընտրանքի» հետ գրեթե բացակայում է: Ի դեպ, զուտ լեզվատրամաբանական տեսանկյունից «ընտրանքը» արդեն ենթադրում է «այլի» գոյությունն ու հասանելիությունը։ Իսկ «այլընտրանքը», իրականում, ոչ թե քերականական, այլ զգացական իմաստով, հանդիսանում է ոչ թե գոյական, այլ բայ։ Ուղղորդող հրահանգ՝ «ընտրիր այլը»։

Ընդհանրապես, զուտ բնագիտական կամ իմացաբանական տեսանկյունից, alternative-ի կապը ընտրության հետ ոչ պարտադրված է, ոչ էլ տրամաբանական: Իր խորքային իմաստով այն պարզապես ի ցույց է դնում «բնականոն ընթացքի», «իրավիճակի» փոփոխվելու ենթակա լինելու հանգամանքը։ Եվ հետո միայն ակնարկում, որ այդ փոփոխությունները կարող են «այլընըանքային» լինել կամ չլինել։

Միանգամայն այլ է վիճակը ռուսերենում: Լինելով փոխառյալ բառ, ռուսական альтернатива-ն ի սկզբանե բյուրեղացնում է իր մեջ հատկապես «այլընտրանքի» ողջ իմաստը: Ընտրություն, որը հասկացվում է որպես իրերի բնական ընթացքին հակադրություն, այսպես ասած՝ իրական այլընտրանք։ Եվ հակառակը, альтернатива-ի կապը «իրերի բնական ընթացքի փոփոխություն» իմաստի հետ, որն առկա էր անգլերենում, ռուսերենում բացակայում է։ Հայերենում իրավիճակը նույնիսկ ավելի ընդգծված է, քանի որ հայերեն «այլընտրանքը» ինքնին արդեն փոխառված ռուսական альтернатива-ի թարգմանությունն է, «իմաստային կրկնօրինակումը»՝ ինչպես ասում են լեզվաբանները։ Այնպես որ, «այլընտրանքի» կապը «իրերի բնական ընթացքի փոփոխության» հետ, որն առկա է անգլերենում ու դեռ նշմարելի՝ ռուսերենում, հայերենում բացակայում է իսպառ:

5 կՎտ հզորությամբ արեգակնային ՖՎ կայան Հայաստանի Ամերիկյան համալսարանի տանիքին

Հակառակը, անգլերենում բացակայում է ռուսական «энергетика» եզրի խիստ համարժեքը: Էլ չասած, որ այնտեղ ըստ էության բացակայում է «топливно-энергетический комплекс» հասկացության հոմանիշը։ Ի դեպ, հայերենում այն առկա է՝ վառելիքաէներգետիկ համալիր։ Սա, իհարկե, հետևանք է այն բանի, որ ԽՍՀՄ, հետևաբար՝ և ՀԽՍՀ, համար էներգետիկ զարգացման ծրագիրը (ГОЭЛРО) ուներ համակարգաստեղծ նշանակություն և իր մեջ խտացնում էր մոդեռնի ժամանակաշրջանի մարմնավորումը։ Այդպիսին էր իրադրությունը նաև Թուրքիայում՝ GAP ծրագրի իրականացման ընթացքում, Գ.Ա. Նասերի Եգիպտոսում՝ Ասուանի ջրամբարտակի և ՀԷԿ-ի կառուցման ժամանակ, կամ Մ. Կադաֆիի Լիբիայում՝ «Արհեստական Մեծ Գետի» ծրագրի իրականացումից հետո։ Ծրագրեր, որոնք առանց չափազանցության, ստեղծեցին ու կայացրին մոդեռն (արդի) Թուրքիան, Եգիպտոսը կամ Լիբիան XX-րդ դարի երկրորդ կեսերին: Այլ հարց է, որ այս երկրներից առնվազն երկուսն այսօրը խորը հետընթաց են արձանագրել:

Անգլերենում «энергетика»-ին ամենամոտը power industry-ին է, կամ պարզապես energy-ին, թեև նեղ մասնագիտական առումով կիրառվում է power եզրը: Այսպես, ունենք power system «էներգետիկ համակարգ» իմաստով, այլ ոչ թե energy system։ Այս ուշագրավ իրադրությունը ոչ միայն և ոչ այնքան, անգլերեն power-ի բազմիմաստության հետևանք է (այն նշանակում է հզորություն, օրինակ՝ պետության հզորություն, էլեկտրական հզորություն, կարող է նշանակել նաև էներգիա կամ ուժ), այլ մոդեռնի ժամանակաշրջանի արևմտյան և հատկապես՝ անգլոսաքսոնյան աշխարհում տնտեսական և արդյունաբերական ուրույն զարգացման հետևանք։

2010թ. դեկտեմբերյան Մեծ հեղափոխությունը

Մ եր մյուս դիտարկվումը վերաբերում է Google N-grams համակարգչային գործիքին: 2010թ. դեկտեմբերի 16-ին հանրահայտ Science պարբերականում հայտնվեց «Կուլտուրայի11 քանակական վերլուծություն՝ հիմնված թվայնացված միլիոնավոր գրքերի վրա» հոդվածի ազդագիրը: Ամբողջական հոդվածը տպագրվեց 2011թ. հունվարին, ազդարարեց «Կուլտուրոմիկա» գիտության ծնունդը և արձանագրեց մի քանի կարևոր ձեռքբերում:

Նախ՝ 2008թ. վերջին Google Books-ն ավարտեց գրատպության գյուտից (1500թ.) մինչև 2008թ. աշխարհում տպագրված գրքերի, ամսագրերի և ժողովածուների մոտ 4.0%-ի թվայնացումը, ապա՝ կազմել էր բառօգտագործման ողջ բազմությունը (կորպուսը), աշխարհի 7 լեզուներով, և ուներ մոտ 500 մլրդ բառօգտագործման միավոր: Ինչպես և պետք էր սպասել, ամենամեծը անգլերենի կորպուսն էր՝ մոտ 361 մլրդ բառօգտագործում (67%): Ապա հաջորդում են իսպաներենն ու ֆրանսերենը՝ յուրաքանչյուրը մոտ 45 մլրդ միավոր, գերմաներենը՝ 37 մլրդ միավոր, ռուսերենը՝ 35 մլրդ, չինարենը՝ 13 մլրդ և եբրայերենը՝ 2 մլրդ (այս ամենի մասին ավելի մանրամասն տես՛ այստեղ):

Մյուս կարևոր ձեռքբերումը Google N-grams հասկացության ներմուծումն է: Ավանդական հաճախակիության բառարանները և ազգային լեզվական կորպուսներում դիտարկվում էր հիմնականում մեկ բառի (կամ իմաստային նիշի) օգտագործումը: Սա հավասարազոր է Google Books կորպուսների 1-gram հասկացությանը: Այն է՝ մեկ առանձին բառ, օրինակ՝ «if» (եթե) բառը: Կամ մեկ իմաստային նիշ, օրինակ՝ «1915»: Սակայն Google Books լեզվական կորպուսներում դիտարկվում են նաև 2-gram, 3-gram, 4-gram և 5-gram հասկացությունները, ինչը համարժեք է 2, 3, 4 և 5 բառից կազմված բառակապակցություններին: Այսպես, «renewable energy»-ն կամ «возобновляемая энергия»-ն հանդիսանում են Google Books-ի համապատասխանաբար անգլերեն և ռուսերեն կորպուսների 2-gram-ներ։ N-grams գործիքը մարդկության պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ստեղծեց դիտարկել առանձին բառի (կամ բառակապակցությունների) հաճախության դինամիկան, նախկինում նախադեպը չունեցող ընդգրկվածությամբ և ավելի քան 3 դար ժամանակային տիրույթում: Բացի այդ, գործիքը հնարավորություն է տալիս ակնառու պատկերել այս դինամիկան բառի կամ բառակապակցության օգտագործման հաճախության բաշխման գրաֆիկների տեսքով:

Վերականգնվո՞ղ, թե այլընտրանքային

Գծ. 1-ում բերում ենք N-grams-ի անգլերեն կորպուսում alternative energy (կապույտ կոր) և renewable energy (կարմիր կոր) բառակապակցությունների (2-grams) օգտագործման հաճախության կորերը 1940-2008թթ. ժամանակահատվածի համար (հիշեցնենք, որ անգլերեն կորպուսի ընդհանուր ծավալը մոտ 361 մլրդ միավոր է)։ Մեզ հետաքրքրող թեմայի տեսանկյունից այս գծապատկերը թույլ է տալիս քանակական տվյալների հիման վրա անել մի քանի ուշագրավ հետևություն։

Նախ, ինչպես տեսնում ենք, անցած դարի 60-ականերից այս բառակապակցությունների օգտագործման հաճախությունը անգլերենում սկսում է դանդաղ աճել, իսկ 70-ականների սկզբից աճը դառնում է սրընթաց` (երկրաչափական պրոգրեսիայով): Alternative energy և renewable energy բառակապակցությունների օգտագործմամ հաճախությունը 1970թ. համեմատ 1981 և 1983 թվականներին հասնում է մոտ 0.000075%-ի։ Այսինքն, դրանց օգտագործման թիվը անգլերեն գրքերում ու հրապարակումներում այս 10 տարիների ընթացքում գրեթե 0-ից հասնում է տարեկան մոտ 27 մլն-ի։

Գծապատկեր 1. renewable energy և alternative energy բառակապակցությունների օգտագործման հաճախության կորերը N-grams անգլերեն կորպուսի համար, 1940-2008թթ.:

Մեր ուսումնասիրության տեսանկյունից 1970-80թթ. հատկանշական ժամանակահատված էր. արաբա-իսրայելական հակամարտության պայմաններում արաբական աշխարհի պարզունակ (1967թ.) և համակարգված (1973թ.) նավթային էմբարգոների տարիներն էին, որոնք Արևմուտքում էներգետիկ և ֆինանսատնտեսական ճգնաժամի հանգեցրին: Ավելին, «1973թ. համակարգված նավթային էմբարգոն բեկումնային այն կետն էր, որից սկսվում է վերականգնվող էներգետիկայի զարգացումը, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ակտիվ մշակումն ու կիրառումը, էներգետիկ ոլորտի ճկունության ու մրցունակության բարձրացումը, որոնք պայմանավորեցին ՏՀԶԿ երկրների էներգետիկ ոլորտների զարգացման հիմնական միտումները XX դարի վերջին տասնամյակներում: Եվ որոնք գտնվում են ակտիվ փուլում մինչ այսօր» (Էներգետիկա և աշխարհաքաղաքականություն, էջ 39):

Այս տասնամյակում գրեթե ողջ Արևմտյան, հատկապես՝ Անգլոսաքսոնյան աշխարհը փորձում էր միասնական եզրաբանություն մշակել։ Սկզբնական փուլում, ահաբեկված նավթային էմբարգոների քաղաքականությունից, էներգիայի նոր աղբյուրների փնտրտուքը սկսեցին անվանել «alternative energy»` այլընտանքային էներգիա, ելնելով ավելի շուտ ցանկալին որպես իրականություն ընդունելու պատրանքից, քան գործընթացները սթափ գնահատելուց։ Սակայն շուտով պարզվեց, որ էներգիայի այս նոր աղբյուրները էներգիայի ավանդական աղբյուրներին (նավթ, նաթամթերք, բնական գազ, միջուկային վառելիք) իրական այլընտրանք չեն, ոչ էլ նոր են կամ «ոչ ավանդական»։

Իսկապես, «այլընտրանքային» էներգետիկայի հիմքը համարվող քամու կամ արեգակնային էներգետիկան ոչ մի կերպ չի կարելի նոր համարել։ Արեգակնային էներգիայի օգտագործումը Երկիր մոլորակի կենսոլորտի հիմնական օրենքն է և գործիքը. Մանրէները և ջրիմուռները սովորեցին դա անել մոտ 4 մլրդ, իսկ մարդիկ՝ մոտ 500 հազ. տարի առաջ։ Քամու ուժը օգտագործող առաջին հողմաղացների նմուշները հայտնի են մ.թ.ա. 6-րդ դարից (Պարսկաստան), առաջին ջրաղացները՝ մ.թ.ա. 13-րդ դարից (Միջագետք, Եգիպտոս)։ Էլ չենք խոսում նավագնացության մասին։ Այնպես որ, թե՛ քամու, թե՛ արեգակնային էներգիան, 1970-ականներին «ավանդական» համարվող նավթից կամ գազից նոր չէին, և շատ ավելի ավանդական էին։

«Եզրաբանական» այս ճգնաժամը հաջողվեց հաղթահարել միայն այն բանից հետո երբ էներգիայի աղբյուրների տարբերակումը սահմանեցին ֆիզիկական, հետևաբար՝ օբյեկտիվ հատկանիշներով։ Նավթը, բնական գազը, միջուկային վառելիքը սկսեցին անվանել հանածո և ոչ վերականգնվող էներգիայի աղբյուր (fossil, nonrenewable energy sourses)։ Իսկ էներգիայի «նոր»,  «այլընտանքային» աղբյուրներն անվանարկեցին վերականգնվող էներգիայի աղբյուր (renewable energy sources)։ Քանի որ դրանք իսկապես վերականգնվում են՝ գոնե Արեգակնային համակարգի կայուն գոյության մի քանի մլրդ տարի ժամանակահատվածի ընթացքում։ Արդյունքում, ինչպես տեսնում ենք Գծ. 1-ից (կարմիր կոր), «renewable energy» եզրն արագորեն մտավ գործածության մեջ, սկզբնական փուլում կրկնելով «alternative energy»-ի դինամիկան և ետ մնալով դրանից ընդամենը մեկ-երկու տարի, բայց արդեն 80-ականների սկզբին առաջ անցավ ու դուրս մղեց։

Գծպատկերը վկայում է, որ գործածության համարժեքության տեսանկյունից «renewable energy» եզրը, այսպես ասած, բնական ընտրության պայքարում հաղթեց «alternative energy» եզրին և 80-ականների սկզբից կիրառման հաճախության առումով առնվազն անգլերենում գերազանցեց դրան։ Օգտագործման հաճախային կորերում ժամանակային շեղման նշանի այս հատկանշական փոփոխությունը (ուշացումից առաջանցում) ահա և հանդիսանում է «alternative energy» եզրի ինֆորմացիոն ու աշխարհաքաղաքական MEME լինելու առաջին հատկանիշը։

Երրորդ հետևությունը, որ կարող ենք անել Գծ. 1-ից, այն է, որ «այլընտրանքային էներգետիկայի» նկատմամբ հետաքրքրությունը և ծավալվող գործընթացներն ունեն հստակ արտահայտված աշխարհաքաղաքական ու քաղաքական բաղադրիչ։ Այս եզրերի օգտագործման հաճախության աճը համընկնում է ԱՄՆ 1976թ. նախագահական ընտրություններում Ջ. Քարտերի հաղթանակի հետ։ Հիշեցնենք, որ Քարտերի նախընտրական ծրագրում ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ կենտրոնական տեղ զբաղեցրին վերականգնվող էներգետիկայի զարգացումը և Մերձավոր Արևելքից նավթի ներկրումներից ԱՄՆ-ի կախվածության թուլացումը: Ինչպես գիտեն ԱՄՆ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացման պատմությանը ծանոթ մասնագետները, 1977-1981թթ. ժամանակահատվածը այնտեղ անվանում են «Քարտերի ոսկե դարաշրջան»։

Եվ հակառակը, Գծ. 1-ից հստակ երևում է եզրերի օգտագործման հաճախության անկումը 1981-89թթ., այսինքն՝ ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգանի օրոք: Ինչպես հայտնի է, նա բավականին սառն էր վերաբերվում վերականգնվող (կամ այլընտրանքային) էներգետիկայի զարգացմանը: Ռեյգանն առաջին հերթին շեշտադրում էր առաջատար տեխնոլոգիաների դերը՝ ատոմային և միջուկային էներգետիկա, լազերներ, գերհաղորդականություն, ընդհուպ մինչև «աստղային պատերազմների» տեխնոլոգիաներ: Թե աշխարհաքաղաքական ինչ հետևանքներ ունեցավ այս բոլորը, մանավանդ ԽՍՀՄ ճակատագրում, կարծում եմ ավելորդ է ասել: Նշենք միայն, որ ամերիկյան մասնագետներն այս ժամանակահատվածը կոչում են վերականգնվող էներգետիկայի ստագնացիայի կամ լճացման շրջան։ Այս առումով, ուշագրավ է էներգետիկայի և տեխնոլոգիաների հարցում ԱՄՆ ներկայիս նախագահ Դ. Թրամպի և Ռ. Ռեյգանի վարած քաղաքակականությունների ակնհայտ նմանությունը (այդ մասին տես՛ օրինակ այստեղ):

Վերին աստիճանի բնութագրական է, որ 1988-89-ից տեղի է ունենում այս եզրերի օգտագործման հաճախությունների հստակ տարամիտում: Իրոք, եթե 1990-ին renewable energy-ի օգտագործման հաճախությունը գերազանցում էր alternative energy-ին ընդամենը 12.5%-ով, ապա  2008-ին այս գերազանցումը հասնում է արդեն 3 անգամի (տես՛ Գծ. 1)։ Սա «alternative energy» եզրի MEME լինելու երկրորդ ու վճռական ցուցիչն է։ Նայելով այս պատկերին՝ կարելի է պնդել, որ 1991-ից սկսած զարգացած աշխարհը շարունակում է ակտիվորեն զբաղվել «վերականգնվող էներգետիկայով»՝  թողնելով ԽՍՀՄ փլատակների վրա գոյացած հանրապետություններին ու 3-րդ աշխարհի երկրներին, իրենց ժամանակն ու եռանդը վատնել «այլընտրանքային էներգետիկայի» վրա (տես այստեղ

Որակապես այլ է իրավիճակը ռուսերեն կորպուսում (ընդհանուր՝ 35 մլրդ բառօգտագործում)։  Գծ. 2-ում բերում ենք «альтернативная энергетика» և «возобновляемая энергетика» բառակապակցությունների հաճախային կորերը 1940-2008թթ. ժամանակահատվածի համար: Դրանք նույնպես ուշագրավ հետևությունների տեղիք են տալիս։ Ինչպես տեսնում ենք, ռուսերեն կորպուսում ընդհանրապես բացակայում է «возобновляемая энергетика» բառակապակցության օգտագործումը, թեև առկա է «возобновляемая энергия»-ն (տես՛ ստորև Գծ. 3-ում):

Գծապատկեր 2. Альтернативная энергетика և Возобновляемая энергетика բառակապակցությունների հաճախության կորերը ռուսերեն կորպուսում, 1940-2008թթ.:

Փոխարենը, առկա է «Альтернативная энергетика»-ն, որը ռուսերենում սկսում է շոշափելիորեն օգտագործվել միայն 1985-86թթ.-ից։ Այսինքն, արաբական աշխարհի նավթային էմբարգոյի ու արևմտյան աշխարհի գլոբալ էներգետիկ ճգնաժամից 13 տարի անց, կամ անգլերեն լեզվական կորպուսում «alternative energy»-ի հայտնվելուց 13 տարի անց, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ «Альтернативная энергетика» եզրը ռուսերենում 1985-86-ին հայտնվում է ուղղորդված և արհեստականորեն, այլ ոչ թե ելնելով օբյեկտիվ հանգամանքներից, օրինակ, ի պատասխան արտաքին մարտահրավերների:

Եվ իսկապես, ինչպես նշել էինք ավելի վաղ. «թեև 1971-74թթ. ԽՍՀՄ տնտեսական մեկուսացվածությունը ու էներգետիկ ինքնաբավությունը ոչ միայն զերծ պահեց նավթային էմբարգոյի ցնցումներից, այլև կանխեց երկրի էներգետիկ ոլորտում և տնտեսական համակարգում կառուցվածքային խորը վերափոխումների անցկացման անհրաժեշտության գիտակցումից: Գիտակցում, որը ՏՀԶԿ երկրներում վաղ 70-ականներին ապահովեց էներգետիկ ճգնաժամի հաղթահարումը և նպաստեց տեխնոլոգիական առաջընթացին: Դեռ ավելի քան մեկ տասնամյակ ԽՍՀՄ էներգետիկ ոլորտը և ողջ տնտեսական համակարգը շարունակեց մնալ կարծր, անարդյունավետ, էներգա- և ռեսուրսատար, զերծ էներգախնայողության, մրցունակության և արդյունավետության խթանման որևէ գործուն լծակներից» (Էներգետիկա և Աշխարհաքաղաքականություն, էջ 41-42):

Գծապատկեր 3. Альтернативная энергетика  և Возобновляемая энергия  բառակապակցությունների հաճախության կորերը ռուսերեն կորպուսում, 1975-2008թթ.:

Եվ ահա 1986թ., ԽՍՀՄ վերջին ղեկավար Գորբաչովի նախաձեռնած «Նոր մտածողության» և «Վերակառուցմանը» համընթաց, սկսվում է «альтернативная энергетика» եզրի օգտագործման սրընթաց աճը։ Գծապատկեր 3-ում բերում ենք ռուսերեն կորպուսում այս և «возобновляемая энергия»  բառակապակցության օգտագործման հաճախության կորերը՝ 1975-2008թթ. համար։ Ինչպես տեսնում ենք, 1986-ից «альтернативная энергетика» բառակապակցության օգտագործման հաճախությունը գրեթե զրոյական մակարդակից արագորեն աճում է՝ 2008-ին հասնելով մոտ 0.0000013%-ի՝ մեծատառով և 0.0000012%-ի՝ փոքրատառով. բառակապակցությունը 2008-ին օգտագործվել է 87.5 հազ անգամ (45.5 հազ անգամ՝ մեծատառով, 42 հազ անգամ՝ փոքրատառով)։ Մինչդեռ «возобновляемая энергия»  բառակապակցությունը ռուսերեն կորպուսում 2008-ին օգտագործվել է միայն 21 հազ. անգամ, այսինքն՝ 4 անգամ պակաս։

«Альтернативная энергетика» բառակապկցության օգտագործման առանձնահատկությունները ցույց են տալիս նաև, որ 1986-ից այն օգտագործվում է այնպես, որ խորհրդայինը կապվում է «անհույս» ու «հնացած» խորհրդային էներգետիկայի հետ, իսկ նորը, գրավիչը և առաջադիմականը՝ Արևմուտքի և «alternative energy»-ի հետ: Այլ խոսքերով, «альтернативная энергетика»-ն մատուցվում էր ոչ միայն որպես այլընտրանք ավանդական էներգետիկային, այլ նաև որպես գաղափարական շաբլոն, MEME՝ կործանվող խորհրդային համակարգի հանդեպ բարձր տեխնոլոգիական Արևմուտքի հաղթանակի խորհրդանիշ:

Ցավոք, N-grams-ի հայալեզու գրքերի և հրապարակումների թվայնացված կորպուսը տակավին ստեղծված չէ (այս ցավոտ խնդրի մասին տե՛ս այստեղ, այստեղ և այստեղ

Մեզանում նույնպես էներգետիկային առնչվող հարցերն արագ պարուրվեցին տարատեսակ «առասպելներով», խեղաթյուրվեցին՝ երբեմն շահարկման առարկա դառնալով։ Այս իրավիճակը ոչ միայն անընդունելի է մասնագիտական տեսանկյունից, այլև՝ վտանգավոր, քանի որ կարող է հանգեցնել չհիմնավորված սպասումների կամ սխալ որոշումների։


[1] Նաև «թլպատել», տե՛ս այստեղ: