Հարավային Կորեայի փափուկ ուժի քաղաքականությունը
15 ր. | 2024-10-28K-Pop-ի և դորամաների գլոբալ ազդեցությունը
2 1-րդ դարի սկզբին Հարավային Կորեան վերածվեց համաշխարհային մշակութային կենտրոնի՝ օգտագործելով «փափուկ ուժի» քաղաքականությունը և կարողացավ իր վրա հրավիրել համաշխարհային լսարանի ուշադրությունը: Այս մշակութային «հեղափոխության» առաջնագծում են երաժշտությունը՝ K-Pop-ի տեսքով, և կինոարտադրությունը՝ կորեական սերիալներ (դորամաների) տեսքով, որոնք գործնականում փոխեցին Հարավային Կորեայի ընկալումը ամբողջ աշխարհում՝ նպաստեով երկրի գլոբալ ազդեցության աճին:
Մշակույթը որպես փափուկ ուժի գործիք Հարավային Կորեան լրջորեն սկսել է օգտագործել միայն 1990-ականների վերջից և 2000-ականների սկզբից: 1997թ․ Ասիական ֆինանսական ճգնաժամը ստիպեց Կորեայի Հանրապետությանը վերանայել իր տնտեսական ռազմավարությունները։ Արդյունքում երկիրը կենտրոնացավ նաև մշակույթի «արտահանման» վրա՝ որպես ազգային իմիջի և տնտեսական աճի ամրապնդման միջոցի: Կորեայի կառավարությունը սկսեց խրախուսել մշակութային նորարարությունները, և այսօր մշակույթի նախարարությունը հսկայական միջոցներ է հատկացնում մշակույթի «արտահանմանը»: 2024թ․ նախարարությունը ռեկորդային՝ 1,74 տրլն վոն (1,31 մլրդ դոլար) է հատկացրել ժամանցային բովանդակության համաշխարհային շուկայում Կորեայի մրցակցային դիրքերն ամրապնդելու համար: Մոտ 600 միլիարդ վոն (մոտ 450 հազ դոլար) հատկացվել է «Կ-բովանդակության ռազմավարական հիմնադրամին», որը նախատեսված է համաշխարհային շուկայում մրցունակ մտավոր սեփականության գեներացման համար:
«Կորեական ալիքը» կամ 한류-ն («հալլյու») սկսվեց որպես K-Pop-ի և կորեական դորամաների և ֆիլմերի տարածում, որոնք ժողովրդականություն վայելեցին նախ Արևելյան Ասիայի երկրներում, իսկ ավելի ուշ՝ ամբողջ աշխարհում:
K-Pop-ի ֆենոմենը
K -pop-ը, այսինքն՝ կորեական փոփ երաժշտությունը, սկիզբ է առել 1990-ականներին։ Առաջին K-pop խմբերը՝ «Սո Թեջի և տղաներ» (서태지와 아이들), «Դյուս» (듀스), «Քուլ» (쿨), փաստացի նոր ոճ ձևավորեցին՝ միավորելով արևմտյան երաժշտական տարբեր ժանրերը կորեերեն խոսքի և պարային բեմադրության հետ: K-pop-ի ծաղկումը սկսվեց 2000-ականներին՝ ժամանցի գործակալությունների ձևավորմամբ, ինչպիսիք են SM Entertainment-ը, YG Entertainment-ը և JYP Entertainment-ը, որոնք մանրակրկիտ մշակում են խմբերի ռազմավարությունները՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լսարանը գրավելու համար: Դրանք ներառում են խմբերի անդամների խիստ ընտրություն, արտաքին տեսքի, հագուստի, «դերերի» բաշխում, մարզումներ և նախապատրաստում դեբյուտին, խմբի համար յուրօրինակ սկզբունքի մշակում։ Մեծ ուշադրություն է հատկացվում դերասանների արտաքին տեսքին, ինչն էլ հաճախ ապահովում է խմբերի հաջողությունը։ Կորեական K-pop խմբերի բնորոշ հատկանիշներից է կատարելության մշտական ձգտումը։
Խմբերի դեբյուտից հետո հսկայական աշխատանք է տարվում PR-ի և մարկետինգի ոլորտում՝ համագործակցելով տեղական և արտասահմանյան բազմաթիվ ընկերությունների հետ։ Իրականացվում է նաև առանձին K-pop արտիստների՝ «այդոլների» ճանաչելիության բարձրացման աշխատանք՝ գովազդներում, ֆիլմերում և դորամաներում, ռեալիթի-շոուներում նկարահանման միջոցով, ինչպես նաև բազմաթիվ PR գործիքների կիրառմամբ։
K-pop-ի աշխարհում չափազանց կարևոր է «երկրպագուների մշակույթը», որոնք (օրինակ՝ BTS խմբի երկրպագուները կոչվում են Army, Black Pink խմբի երկրպագուները՝ Blinks) Կորեայում և արտերկրում ձևավորում են երկրպագուների ցանցեր, կազմակերպում ֆան-արվեստի միջոցառումներ, ֆան-հանդիպումներ, խմբի խորհրդանիշերի զանգվածային վաճառք, համերգների ժամանակ ապահովում են երկրպագուների հետ անմիջական շփումը և այլն։ Փափուկ ուժի ազդեցությունն այս առումով այնքան մեծ է, որ երկրպագուների շրջանում խմբի վերաբերյալ միանման մտածողություն է ձևավորվում։
K-pop-ի համաշխարհային տարածումը պայմանավորված էր նաև ժամանակաշրջանին բնորոշ գործոններով, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի տարածումով։
Կորեական դորամաներ
K -drama-ները կամ կորեական դորամաները սկսեցին ժողովրդականություն ձեռք բերել Ասիայում 2000-ականների սկզբին: Ի սկզբանե դրանք առանձնանում էին մելոդրամային սյուժեով և մշակութային առանձնահատկություններով, սակայն համաշխարհային լսարանի աճի հետ մեկտեղ կորեական դորամաները սկսեցին ներառել տարբեր ժանրեր և թեմաներ՝ ավելի մատչելի դառնալով արտասահմանյան լսարանի համար: Այժմ Netflix-ը և այլ հարթակներ հեշտացրել են կորեական բովանդակության մուտքը միջազգային շուկա:
Կորեական դորամաներում երկիրը ներկայացվում է լավագույն լույսի ներքո։ Սյուժեները հետաքրքիր են, ունկնդրին պահում են մշտական լարվածության մեջ։ Միաժամանակ, երբեմն անիրատեսական սցենարները չափազանց դրական պատկերացում են ստեղծում Հարավային Կորեայի մասին։
Դորամաները բաղկացած են հիմնականում 1 ժամ տևողությամբ 16 սերիայից։ Հանդիպում են նաև 12, 20 և 25 մասանոց ֆիլմեր, հազվադեպ՝ ավելի երկար։ Սա օպտիմալ ժամանակահատված է, որպեսզի ունկնդիրը չձանձրանա, բայց և հասցնի ծանոթանալ կերպարներին և ընկղմվի սյուժեի մեջ։ Դիտարկվում են այնպիսի սոցիալական թեմաներ, ինչպիսիք են պայքարը կոռուպցիայի դեմ, բուլինգը դպրոցում, ոտնձգություններն աշխատավայրում, ծխախոտի և թմրանյութերի բացասական ազդեցությունը, ֆինանսական խնդիրները և հսկայական անջրպետը հարուսների ու աղքատների մեջ, ինչը սերիալները դարձնում է առօրյա կյանքին մոտ՝ ունենալով նաև դաստիարակչական նշանակություն։ Դորամաները հիմնականում կրում են արևմտյան և արևելյան մշակույթի բարձր արժեքները, ինչը մի կողմից ծանոթ է ցանկացած ունկնդրի, մյուս կողմից՝ նորություն է և բացահայտումների անսահման դաշտ։ Օրինակ՝ արևմտյան ազատությունը և մտածողությունը հմտորեն համադրվում են արևելյան ավանդապաշտության հետ, որտեղ կարևորվում են մեծահասակների և կանանց նկատմամբ հարգանքն ու հոգատարությունը, կատարելության ձգտումը, բացասական երևույթների քննադատությունը և այլն։ Երբեմն սերիալները պատմում են որևէ ոլորտի մասին (լրագրություն, քաղաքականություն, բիզնես, թվային տեխնոլոգիաներ և այլն), ինչի շնորհիվ դառնում են նաև ուսուցողական։
Կորեական դորամաների գլխավոր առանձնահատկություններից է, թերևս, երկրի մշակույթի, արժեքների, ինքնության, հավատամքների ներկայացումը, այդ թվում՝ բուդդայականության, շամանության, կոնֆուցիականության, քրիստոնեության և կորեական դիցաբանության խառնուրդով։ Այդ առումով ամենատարածված ժանրերից է ֆենթըզին, որը պատմում է առասպելական կերպարների մասին, օրինակ՝ կումիհոներ (ինը պոչանի աղվես), իմուգիներ (ծովային օձ), ջրահարսեր և այլն։ Ֆենթըզին հաճախ կարողանում են համադրել պատմական սյուժեի հետ (Սիլլա, Կորյո կամ Չոսոն), օրինակ՝ ճամփորդություն ժամանակի միջով, նախկին և ներկա կյանքերի զուգահեռ ընթացք և այլն։
Պատմական ժանրը ևս յուրահատուկ տեղ է գրավում կորեական կինոարտադրությում։ Ֆիլմերում փառաբանվում են արքաները, զորավարները, պատմական կերպարները, որոնք զգալի ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում։ Պատմական դորամաները ունկնդրին ներկայացնում են երկրի, այսպես ասած, հերոսական անցյալը, տարբեր ժամանակներում պետության կառավարումը և պալատական կյանքը, ավադույթները, կերակուրը, հանդերձանքը և այլն, ինչն ունկնդրի մոտ երկրի հարուստ և տևական պատմության տպավորություն է ստեղծում։ Պատմական շատ դորամաների սկզբում ունկնդրին հիշեցնում են, որ ֆիլմում եղած կերպարները կարող են հորինված լինել, իսկ իրադարձությունները կարող են տարբերվել իրականությունից, սակայն վառ կերպարները և սյուժեները ավելի տպավորիչ են, քան կարճ հիշեցումը։ Հատկապես ազդեցիկ են այն դորամաները, որոնք պատմում են չինական արշավանքների և ճապոնական օկուպացիայի ժամանակաշրջանի, Կորեական պատերազմում կրած տառապանքի, ինչպես նաև 1980-ականներից երկրում սկսված փոփոխությունների, ժողովրդավարական գործընթացների, բողոքի ցույցերի, մարդու իրավունքների և խոսքի ազատության համար պայքարի, ուսանողական շարժումների մասին։ Հատկանշական է, որ այդ իրադարձությունները ներկայացվում են անուղղակիորեն և առաջին հայացքից դրանց ազդեցությունը նկատելի չէ։ Պատմական ֆիլմերի համար հաճախ կառուցվում են հատուկ նկարահանման տաղավարներ, ամբողջական գյուղեր, դղյակներ և ենթակառուցվածքներ, ինչը չափազանց իրական է դարձնում պատկերն ունկնդրի համար։
Դորամաներում մեծ տեղ է զբաղեցնում կորեական «կերակուրի և ալկոհոլի պաշտամունքը»։ Ուտեստների և խմիչքների անունները, կորեական խոհանոցի ավանդույթներն ունկնդրին հասանելի են դառնում անգամ մեկ դորամա դիտելուց հետո։
Երբեմն կորեական դորամաները նկարվում են արդեն իսկ ճանաչում ունեցող կորեական կոմիքսների՝ մանհվաների (만화) հիման վրա։ Այսպիսով, օգտագործելով մշակութային մեկ տարրը՝ ճանաչելի են դարձնում մյուսը՝ մանհվայի սիրահարներին տանելով դորամաների աշխարհը և հակառակը։
Կորեական դորամաների հիմնական նպատակն է նաև կորեական մշակույթի առաջ մղումը, այդ թվում՝ K-pop-ի։ Այդ իսկ պատճառով k-pop «այդոլները» հաճախ հրավիրվում են նկարահանվելու դորամաներում։ Քիչ չեն նաև դորամաները K-pop խմբերի և արտիստների մասին, որտեղ շեշտադրվում է այդ ոլորտում հայտնվելու ճանապարհի դժվարությունները։
Դորամաներում մեծ տեղ են զբաղեցնում կորեական ապրանքների գովազդները՝ կոսմետիկայից և հագուստից մինչև ավտոմեքենաներ և կենցաղային տեխնիկա։ Կարևոր է նշել, որ ֆիլմերում գովազդը հիմնականում անուղղակի է:
Շատ կարևոր է դերասանների ընտրությունը։ Գործակալությունները մեծ ուշադրություն են դարձնում դերասանների արտաքին տեսքին, ինչպես նաև «մաքուր հեղինակությանը»։ Մեկ սխալ պահվածքը և երկրպագուների շրջանում քննադատությունը կարող է վերջ դնել դերասանի կարիերային։ Այդ պատճառով հսկայական աշխատանք է տարվում դերասանի PR-ի և իմիջի վրա։ Սովորաբար արդեն ճանաչում ունեցող դերասանին փորձում են տարբեր ժանրերում և տրամագծորեն տարբեր կերպարներում՝ ցույց տալով նրանց բազմակողմանիությունը։ Դորամաների հաջողության գործում մեծ տեղ ունեն հենց ֆիլմերի համար գրված երգերն ու երաժշտությունը։ Կարևոր է նշել, որ կատարումները հաճախ վստահվում են K-pop խմբերի արտիստներին, ինչը երկրպագուներին կրկին երաժշտությունից բերում է սերիալ և հակառակը։ Կարևոր են, իհարկե, նաև գրավիչ բնապատկերները, քաղաքների և գյուղերի առանձնահատկությունների ընդգծումը, տների, սենյակների կահավորումը և հարդարումը։
Խոսելով Կորեական դորամաների մասին՝ հնարավոր չէ չանդրադառնալ Հյուսիսային Կորեայի մասին սերիալներին, որտեղ հաճախ պատկերվում է ռազմական հակամարտության և լրտեսության ֆոնը։ Այն ֆիլմերում, որոնք անմիջականորեն պատմում են Հյուսիսային Կորեայի մասին, ընդգծվում են ԿԺԴՀ-ում պետական կառավարման առանձնահատկությունները, քարոզչությունը, պետական գաղափարախոսության ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի վրա, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում կյանքի վտանգներն ու դժվարությունները։ Դորամաները սովորաբար ցույց են տալիս երկու Կորեաների միջև կենսակերպի, համոզմունքների և արժեքների տարբերությունը: Շատ դորամաներ կենտրոնանում են անձնական պատմությունների վրա, ընտանիքների բաժանման, որոնց մի մասը պատերազմից հետո մնացել է հյուսիսում, մյուսը՝ հարավում։ Ֆիլմերում կարեկցանք է ցուցաբերվում Հյուսիսային Կորեայում բնակվող կորեացիների նկատմամբ և առաջ է մղվում վերամիավորման գաղափարը։ Որոշ դորամաներ անդրադառնում են դիվանագիտական ջանքերին և խաղաղ նախաձեռնությունների բարդություններին՝ արտացոլելով հաշտեցման ձգտող քաղաքացիների հույսերն ու հիասթափությունները:
Այսպիսով, կարող ենք ասել, որ դորամաները գլոբալ ազդեցություն ունեն Հարավային Կորեայի մասին պատկերացում կազմող ունկնդրի վրա։ Պետք է համաձայնել, որ երաժշտության միջոցով ավելի հեշտ է գրավել ունկնդրի ուշադրությունը և երկրպագուների բանակներ ձևավորել, սակայն դորամաներն օգնում են պահպանել այդ ուշադրությունը և ունեն ավելի երկարաժամկետ ազդեցություն։ Դորամաները հիմնական ուղերձները տեղ հասցնողն են և Հարավային Կորեայի սահմաններից դուրս երկրի իմիջի ձևավորողը։
Կ-բովանդակության գլոբալ ազդեցությունը
Ա շխատանքը, որը կատարվում է Հարավային Կորեայում փափուկ ուժի տարածման համար՝ բովանդակության ստեղծումից մինչև թողարկում, ունենում է հսկայական մշակութային, կոմերցիոն և քաղաքական ազդեցություն։
1․ Մշակութային
Թիվ մեկ խնդիրը, որը լուծում է հալլյուն, երկրի և կորեական մշակույթի ճանաչելիության բարձրացումն է ամբողջ աշխարհում, որի արդյունքում էլ հնարավոր է լինում հասնել կոմերցիոն և քաղաքական նպատակների իրականցմանը։ The Korea Foundation-ի տեղեկություններով՝ եթե 2012թ․ հալլյուի երկրպագուների թիվը աշխարհում մի փոքր գերազանցել է 9 միլիոնը, ապա 2021թ․ այդ թիվը հասել է մոտ 157 միլիոնի։ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և The Korea Foundation-ը հրապարակել են 119 երկրի ուսումնասիրություն ընդգրկող զեկույց, որի համաձայն՝ 2023թ․ հալլյուի երկրպագուների թիվն ամբողջ աշխարհում հասել է 225 միլիոնի: Պաշտոնական ֆան ակումբրի թիվը 2012թ․ 757-ի փոխարեն 2023թ․ հասել է 1748-ի։
Քանակական տվյալներ ստանալու համար՝ բավական է դիտարկել սոցիալական հարթակներում K-pop խմբերի և դերասանների հետևորդների թվային տվյալները։ Օրինակ, BTS խումբը Spotify-ում ունի ավելի քան 27 միլիոն ամսական ունկնդիր, Black Pink-ը՝ 16 միլիոն, NewJeans-ը՝ 16, LE SSERAFIM-ը՝ 14, Stray Kids-ը` 10, TWICE-ը՝ 8։ YouTube-ում նույն խմբերը ունեն հետևյալ քնակով հետևորդներ․ BTS` մոտ 80 միլիոն, Black Pink՝ մոտ 95 միլիոն, NewJeans-ը՝ մոտ 8 միլիոն, LE SSERAFIM-ը՝ 5,5 միլիոն, Stray Kids-ը` 18 միլիոն, TWICE՝ մոտ 18 միլիոն, EXO խումբը ունի մոտ 10 միլիոն հետևորդ։ Instagram-ում BTS-ը ունի 75 միլիոն հետևորդ, իսկ Black Pink-ը՝ 57,5։ Ամենաշատ հետևորդներ ունեցող K-pop այդոլներն են Լիսան (Black Pink, 104 միլիոն), Ջեննին (Black Pink, ավելի քան 85 միլիոն), Ջիսոն (Black Pink, մոտ 80 միլիոն), Ռոսեն (Black Pink, մոտ 80 միլիոն), V-ն (BTS, մոտ 66 միլիոն) և Չիմինը (BTS, ավելի քան 53 միլիոն)։
Անդրադառնալով դորամաներին՝ կարելի է նշել, օրինակ, Netflix հարթակում դրանց ժողովրդականությունը։ 2024 թվականի ամենադիտված դորաման մինչև հունիս (կես տարում) «Արցունքների թագուհին» է, որն ունեցել է 43 միլիոն դիտում միայն Netflix-ում։ Մինչև այս տարվա կեսը առաջին 10 դորամաների դիտումները միասին կազմել են 151 միլիոն (միայն Netflix-ում)։ Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող կորեացի դերասանների և դերասանուհիների հետևորդների թիվը տատանվում է 20-ից 80 միլիոնի միջև։
Հալլյուի տարածման աշխարհագրությունը ևս շատ լայն է՝ Ասիայից մինչև Մերձավոր Արևելք և Լատինական Ամերիկա։ Հարավային Կորեայի ԱԳՆ-ի և The Korea Foundation-ի տվյալով՝ ամենաշատ երկրպագուներն ու ակումբները բաժին են ընկնում Ասիային և Օվկիանիային (66%)։ 2023թ. hալլուի երկրպագուների ամենամեծ թվով երկիր է դարձել Չինաստանը (100,8 մլն): Նրան հաջորդում են Մեքսիկան (27,8 միլիոն), Թաիլանդը (19,5 միլիոն), ԱՄՆ-ը (16,7 միլիոն) և Վիետնամը (12,1 միլիոն): Հալլուի երկրպագուների ամենաարագ աճող մայրցամաքը Ամերիկան է։
Կորեական երաժշտության և դորամաների տարածումը հանգեցնում է նաև աշխարհում կորեերեն լեզվի լայն տարածմանը։ Duolingo հարթակի տարեկան զեկույցի համաձայն՝ 2022 թվականին կորեերենը յոթերորդ ամենաուսումնասիրված լեզուն է եղել՝ գերազանցելով չինարենին, ռուսերենին, հնդկերենին, ինչպես նաև իտալերենին: Հարկ է նշել, որ Duolingo-ն ունի ավելի քան 500 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում: Պետք է, այնուամենայնիվ, արձանագրել, որ կորեերեն լեզվի նկատմամբ հետաքրքրությունը ամենևին պատահականություն չէ, և տարածվում է ոչ միայն կորեական ալիքի շնորհիվ: Վերջին տասնամյակում Հարավային Կորեայի կրթության նախարարությունը կորեացի ուսուցիչներ է ուղարկում աշխարհի տարբեր երկրներ՝ միջին և ավագ դպրոցներում ու համալսարաններում կորեերեն դասավանդելու համար: Միևնույն ժամանակ, կառավարության կողմից հիմնադրված King Sejong Institute-ը 2024 թվականի փետրվարի դրությամբ աշխարհի 85 երկրներում ստեղծել է 248 ուսումնական կենտրոն: Բացի երաժշտության և լեզվի տարածումից՝ հալլյուն ազդեցություն է ունենում կորեական ապրանքների և ծառայությունների տարածման գործում, ինչի շնորհիվ հսկայական եկամուտներ է բերում պետությանը։
- Կոմերցիոն
Այսօր Հարավային Կորեան Ասիայի չորրորդ խոշորագույն տնտեսությունն է, իսկ աշխարհում՝ 12-րդը: Ըստ US News-ի՝ Հարավային Կորեայի համաշխարհային մշակութային ազդեցության վարկանիշը 2017 թվականի 31-րդ տեղից 2022 թվականի բարձրացել է 7-րդ հորիզոնական։ Այդ գործում զգալի ներդրում ունի կորեական փափուկ ուժը, որի առանցքային բաղադրիչը K-pop-ն է։
K-pop համերգներից, ֆան հանդիպումներից, ոլորտի հետ կապված ապրանքնրի վաճառքից հսկայական շահույթ է ստացվում։ Allied Market Research-ի զեկույցի համաձայն՝ միայն K-pop միջոցառումների շուկան 2021 թվականին գնահատվել է 8,1 միլիարդ դոլար և կանխատեսվել է, որ մինչև 2031 թվականը այն կհասնի 20 միլիարդ դոլարի՝ տարեկան աճելով միջինը 7,3%-ով։ Statista-ի տվյալով՝ ընդհանուր առմամբ, Հարավային Կորեայի երաժշտական արդյունաբերությունը (ներառյալ՝ K-pop-ը) 2022 թվականին հասել է ռեկորդային վաճառքի հասույթի՝ մոտ 750 միլիոն, իսկ արտահանումը՝ մոտ 930 միլիոն ԱՄՆ դոլար: Հարավային Կորեայի չորս խոշորագույն երաժշտական գործակալությունները 2019-ից 2023 թվականներին եռապատկել են իրենց ընդհանուր եկամուտը՝ հասնելով գրեթե 3 միլիարդ դոլարի, իսկ նրանց գործառնական շահույթը հասել է 450 միլիոն դոլարի: Այլ օրինակ, BLACK PINK-ը գոյության ութ տարիների ընթացքում 14 համաշխարհային շրջագայություն է ունեցել, որոնցից ստացված եկամուտը կազմել է 40,4 միլիարդ վոն (մոտ 32 մլն դոլար): Անդրադառնալով դորամաներին՝ պետք է նշել, որ 2023 թվականին Netflix-ը առաջիկա չորս տարիների ընթացքում նախատեսել է Հարավային Կորեայում ներդնել 2,5 միլիարդ դոլար, քանի որ կորեական դորամաները էականորեն նպաստում են բաժանորդների աճին ամբողջ աշխարհում: Նշվում է, որ Netflix-ի օգտատերերի մոտ երեք հինգերորդը դիտել է հարավկորեական սերիալներ, և դրանց դիտման ժամանակը ընդամենը չորս տարվա ընթացքում աճել է վեց անգամ։ Ընդհանուր առմամբ, օրինակ, 2022 թվականի տվյալով՝ կ-բովանդակության արտահանումը հասել է 12,45 միլիարդ դոլարի։
Վերջերս ի հայտ է եկել K-beauty հասկացությունը, որը վերաբերում է կորեական գեղեցկության արդյունաբերությունը։ Կորեական ժամանցի ոլորտում տիկնիկային արտաքինով արտիստների ներգրավումը, նրանց միջոցով կորեական պլաստիկ վիրաբուժության, կոսմետիկ սարքավորումների, ինչպես նաև խնամքի և դիմահարդարման միջոցների գովազդը և դրանց արդյունավետության ցուցադրումը զգալիորեն զարկ է տվել գեղեցկության կորեական բրենդի տարածմանը, ինչի շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներում բացվում են կորեական կոսմետիկայի խանութներ, ներմուծվում են կորեական ապրանքներ։ Կորեական կոսմետիկան և խնամքի միջոցները լայնորեն գովազդվում են դորամաներում՝ ուղղակի և անուղղակի կերպով, ինչպես նաև օգտագործելով բազմամիլիոնանոց լսարաններ ունեցող աստղերի սոցիալական էջերը, այդ թվում՝ գովադում նրանց ուղիղ մասնակցությամբ։ Որպես կարևոր առանձնահատկություն պետք է նշել, որ K-beauty ապրանքանիշերը հաճախ ստեղծում են այնպիսի ապրանքներ, որոնք համապատասխանում են K-pop-ում և դորամաներում նկատվող միտումներին։ Ըստ GlobalData-ի՝ կորեական գեղեցկության շուկան աշխարհի լավագույն 10 գեղեցկության շուկաներից մեկն է, որի կանխատեսվող արժեքը մինչև 2026 թվականը կկազմի 21,8 միլիարդ դոլար:
Նույն տրամաբանությունն է գործում նորաձևության դեպքում։ K-pop արտիստների և դերասանների համագործակցությունը աշխարհի ամենամեծ ապրանքանիշերի հետ վկայում է միջազգային շուկայում պահանջարկի մասին։ Օրինակ, New Jeans աղջիկների խումբը, որի դեբյուտը եղել է միայն 2022 թվականին, այնպիսի համաշխարհային ապրանքանիշերի ներկայացուցիչն է, ինչպիսիք են Levi's-ը, Coca-Cola-ն և Calvin Klein-ը: Black Pink-ի հետ, օրինակ, համագործակցում են Chanel, Cartier, Dior և այլ համաշխարհային ապրանքանիշեր։ 2022 թվականին Հարավային Կորեան արտահանել է ավելի քան 915,5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ հագուստ։
Հալլյուի ազդեցությունը դեպի Հարավային Կորեա զբոսաշրջության ավելացման վրա հնարավոր չէ գերագնահատել։ Աշխարհի տարբեր երկրներից միլիոնավոր մարդիկ են մեկնում Կորեա՝ ներկա լինելու իրենց սիրելի խմբերի համերգներին, այցելելու դորամաների նկարահանման վայրեր, փորձելու տեղական խոհանոցը և գնումներ կատարելու։ Վերջին տարիներին Հարավային Կորեայի պետական բյուջեից ֆինանսավորում է հատկացվել հալլուի գործակալությունների ստեղծման համար, որոնք գործում են երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության ենթակայության տակ: Դրանց հիմնական նպատակն է խթանել զբոսաշրջությունը՝ հիմնված կորեական մշակույթի և այն վայրերի վրա, որտեղ նկարահանվում են ֆիլմեր և հեռուստահաղորդումներ՝ որպես հիմնական զբոսաշրջային ուղղություններ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023 թվականին Հարավային Կորեան ընդունել է ավել քան 11 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, որնցից 4 միլիոնը եղել են 30 տարեկանից ցածր տարիքի։
Հալլյուն անուղղակիորեն ազդում է նաև կորեական մեքենաների և տեխնիկայի վաճառքի ավելացման վրա։ Նախորդ տասնամյակում Samsung-ը և LG-ն դարձան առաջամարտիկներ էլեկտրոնիկայի համաշխարհային կարգի կորեակա նապրանքանիշերի տարածման գործում: Interbrand-ի՝ 2019 թվականի աշխարհի լավագույն 100 ապրանքանիշերի վարկանիշում Samsung-ը զբաղեցրել է 6-րդ տեղը աշխարհում՝ 61,1 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքանիշով: Hyundai և Kia ապրանքանիշերը հեղափոխություն են կատարում ավտոմոբիլային արդյունաբերության մեջ: Hyundai-ն, որը նախկինում քննադատվում էր վատ որակի պատճառով, այժմ գովազդվում է որպես շուկայում ամենաբարձր որակի մեքենաներից մեկը և լուրջ մրցակցություն է ստեղծում Toyota-ի և Nissan-ի համար:
Կորեական ժամանցի ոլոտը մեծ ազդեցություն է ունենում նաև կորեական ուտեստների տարածման և սննդի վաճառաքից եկամուտների ավելացման վրա։ Աշխարհում ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում կորեական ռեստորանները, խանութներում հայտնվում են կորեական ուտելիքներ, կորեական սնունդ և խմիչքներ են վաճառվում անգամ առցանց խանութներում։
Ամփոփելով՝ նշենք, որ Հարավային Կորեան, ըստ էության, փափուկ ուժի միջոցով ամրապնդում է տնտեսությունը։ Եթե 2004 թվականին Հալլուի ազդեցությունը կազմել է Կորեայի ՀՆԱ-ի 0,2%-ը՝ կազելով մոտավորապես 1,87 միլիարդ դոլար, ապա 2019 թվականին, օրինակ, Հալլուն 12,3 միլիարդ դոլարի ներդրում է ունեցել Կորեայի տնտեսության մեջ։
- Քաղաքական
Հարավային Կորեայի հետ սառեցված հակամարտության պայմաններում Հյուսիսային Կորեան որպես իր գլխավոր լծակ օգտագործում է միջուկային զենքի առկայությունը, ինչը լրջագույն սպառնալիք է Հարավային Կորեայի համար: Վերջին տարիներին Փհենյանը շարունակում է զարգացնել միջուկային էներգետիկան, հաճախակիացրել է բալիստիկ հրթիռների փորձարկումները՝ անտեսելով միջազգային իրավունքը։ Հարավային Կորեան փորձել է հաղթահարել միջուկային սպառնալիքը՝ այդ թվում ԱՄՆ-ի հետ սերտ ռազմական համագործակցության, միջազգային պատժամիջոցների, բանակցությունների ճանապարհով:
Նման պայմաններում Հարավային Կորեայի համար ռազմական և տնտեսական կարողությունների հզորացմանը զուգահեռ՝ ռազմավարական կարևորություն է ձեռք բերում երկրի դրական իմիջի ձևավորումը: Ճանաչելիության մեծացումից բացի՝ փափուկ ուժի արդյունավետ քաղաքականությունը թույլ է տվել հակադրել երկու Կորեաների ներքին կյանքը: Հարավային Կորեան առանձնանում է որպես ժամանակակից պետություն` ժողովրդավարական կառավարմամբ, առաջադեմ տեխնոլոգիականերով, զարգացած կրթությամբ, առողջապահությամբ, սոցիալական քաղաքականությամբ՝ ի տարբերություն իզոլացված Հյուսիսային Կորեայի: Այս համեմատությունը ամրապնդում է Հարավային Կորեայի գրավչությունը և ձևավորում միջազգային աջակցությունը այդ երկրի համար՝ գրավելով նաև նորանոր գործընկեր երկրներ, որոնք կիսում են միևնույն ժողովրդավարական արժեքները: Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության սրման պայմաններում այդ աջակցությունը կարող է դրսևորվել այլ երկրների դիվանագիտական, ռազմական և մարդասիրական օգնությամբ:
Միևնույն ժամանակ, Հարավային Կորեան մշակույթը օգտագործում է որպես տեղեկատվական զենք Հյուսիսային Կորեայի դեմ: Հյուսիսի բնակչության շփումը արտաքին աշխարհի հետ խիստ սահմանափակ է, իսկ հարավկորեական բովանդակությունն առհասարակ արգելված է՝ երկու երկրների համեմատությունից խուսափելու համար: Սահմանամերձ շրջաններում հեռուսատեսությամբ հնարավոր է որսալ հարավկորեական հեռուստաալիքներ, սակայն դրանց հաղորդումները դիտելու դեպքում քաղաքացիներին խիստ պատիժ է սպառնում: Հարավկորեական արտադրանքը ևս ամբողջությամբ արգելված է Հյուսիսում, այնուամենայնիվ, մուտք է գործում ապօրինի ճանապահրով:
Հալլյույի ազդեցությունից դժգոհում են նաև ասիական այլ երկրներ: Ճապոնիան և Չինաստանը, օրինակ, երկար ժամանակ սահմանափաում էին կորեական սերիալները իրենց շուկաներում՝ վախենալով «մշակութային գերիշխանությունից»: 2010-ականների կեսերին Չինաստանն արգելել էր հարավկորեական արտադրանքը, այդ թվում՝ դորամաները և K-pop-ը:
Ամփոփելով՝ պետք է նշել, որ հալլուն այսօր դարձել է հետաքրքիր մշակութային ֆենոմեն, որն ավելին է, քան պարզապես կորեական ժամանցի ոլորտը: Այն ծառայում է որպես Հարավային Կորեայի փափուկ ուժի հզոր գործիք՝ ձևավորելով համաշխարհային ընկալում և նպաստելով մշակութային փոխանակմանը: Կորեական մշակույթի նկատմամբ հետաքրքրության ալիքը ունենում է նաև տնտեսական և քաղաքական կարևոր ազդեցություն: