Ինչպիսի՞ նախագահ են փնտրում Միացյալ Նահանգների ընտրողները

12 ր.   |  2024-10-17

2 024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ ամերիկացի ընտրողները հայտնվել են դժվարանցանելի մի խաչմերուկում, որտեղ փորձում են գտնել երկրի ապագա այն ղեկավարին, որը համահունչ է իրենց հույսերին, ակնկալիքներին և ականջալուր՝ մտահոգություններին:

ԱՄՆ նախագահական 60-րդ ընտրությունները տեղի կունենան 2024թ. նոյեմբերի 5-ին: Նախընտրական քարոզարշավը տեղի է ունենում անշարժ գույքի շուկայում կտրուկ գնաճի, առողջապահական համակարգից դժգոհության, սոցիալական և ռասայական արդարության պահանջի, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մտահոգությունների աճի, վերարտադրողական իրավունքի պահպանման տարաձայնությունների, գնաճի ֆոնին: 

Երիտասարդ ընտրողների կարծիքը

Ե րիտասարդները (սերունդ Z[1], 18-27 տարեկաններ) կազմում են քվեարկողների երկրորդ ամենամեծ խումբը ԱՄՆ-ում՝ միջին տարիքի ընտրողներից հետո (միլենիալներ կամ սերունդ Y[2], 28-43 տարեկաններ, 72.7 միլիոն): Վերջին տարիներին երիտասարդները դարձել են ամերիկյան քաղաքացիական կյանքի շարժիչ ուժը, ինչի օրինակը զանազան ցույցերի և շարժումների կազմակերպումն է:

Census Current Population Survey-ի տվյալներով 2022թ. միջանկյալ ընտրություններին քվեարկել է 18-24 տարեկան երիտասարդների 28,4%-ը, ինչը էականորեն  ավելին է, քան 2006թ. քվեարկած միջին տարիքի ընտրողների 23%-ը։

Այս նախագահական ընտրություններին ընտրելու իրավունք ունենեցող 18-27 տարեկանները կազմում  են 40.8 միլիոն, որտեղ 8,8 միլիոնը լատինաամերիկացիներ են, 5,7 միլիոնը՝ սևամորթներ, 1,7 միլիոնը՝ ասիացի-ամերիկացիներ և 1,8 միլիոնը՝ բազմազգ երիտասարդներ:

Շատ երիտասարդներ ղեկավար պաշտոններում ցանկանում են տեսնել մարդկանց, ովքեր իրենց մասնագիտական որակներից զատ նաև հասկանում են իրենց խնդիրները, ովքեր կարող են խոսել իրենց սերնդի արժեքների և մտահոգությունների մասին: Ոչ սպիտակամորթ երիտասարդներին ներգրավելու խնդիրը կենսական նշանակություն ունի ողջ երկրում. ԱՄՆ հարավում և արևմուտքում երիտասարդ բնակչության մեծամասնությունը սպիտակամորթ չէ: Այսպիսով, քանի որ առնվազն տեսականորեն երիտասարդ ընտրողները կարող են ազդել ընտրությունների արդյունքի վրա, օգտակար կլինի ուսումնասիրել, թե ինչ դիրքորոշում ունեն նախագահի թեկնածուները երիտասարդությանը հուզող հարցերում:

Վերարտադրողական իրավունքի պահպանում

Փ ոխնախագահ Հարիսը բազմիցս իր աջակցությունն է ցուցաբերել վերարտադրողական իրավունքների պահպանմանը: «Մենք հավատում ենք աբորտ կատարելու ազատությանը և վերջ կտանք Դոնալդ Թրամփի սահմանած ծայրահեղ արգելքներին, որովհետև կանայք պետք է որոշում կայացնեն իրենց մարմնի վերաբերյալ, այլ ոչ թե կառավարությունն ասի, թե ինչ անել»,- ասել է Հարիսը: Դեռ Սենատում աշխատելու տարիներին Հարիսը համահեղինակել է պետական մակարդակի ընդհանուր սահմանափակումները արգելող օրենսդրությունը: Այն արգելում է հղիության արհեստական ընդհատման ծառայությունների նկատմամբ կառավարության սահմանված սահմանափակումները, ներառյալ անհարկի բժշկական ընթացակարգերը, որոնք խոչընդոտում են անվտանգ և թույլատրելի ժամանակահատվածում հղիության արհեստական ընդհատումների հասանելիությանը, միաժամանակ երաշխավորելով, որ նման միջոցները չեն վնասի կանանց առողջությանը կամ աբորտի անվտանգությանը: Միաժամանակ, նախկին նախագահ Թրամփը, դեմ լինելով աբորտի իրավունքի դաշնային արգելքին, կողմ է, որ յուրաքանչյուր նահանգ ինքնուրույն որոշի աբորտի իրավունքի պահպանման կամ վերացման հարցը:

Կլիմայի փոփոխության դեմ պայքար

Հ ամաձայն ս.թ. հունիսի վերջին Pew Research Center-ի հարցման՝ ամերիկացիների 63%-ն աջակցում է մինչև 2050թ. մթնոլորտային արտանետումների կրճատմանն ուղղված քայլերին:

Կլիմայի փոփոխության դեմ պայքարը միշտ է եղել Հարիսի  գործունեության կարևորագույն գծերից մեկը կամ առնվազն փորձ է կատարվել ներկայացնել այդպես: Հարիսը բազմից է հանդես եկել որպես կանաչ տնտեսությունների, մաքուր էներգիայի անցման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի աջակից: Որպես գլխավոր դատախազ Հարիսը դատի է տվել Chevron, BP, ConocoPhillips և Phillips 66 ընկերություններին շրջակա միջավայրի աղտոտման համար և հետաքննություն սկսել աշխարհի խոշորագույն նավթային կազմակերպության՝ Exxon Mobil-ի նկատմամբ՝ կլիմայական «ապատեղեկատվություն» տարածելու համար:

Բայդենի վարչակազմը զգալի առաջընթաց է գրանցել բնապահպանության ոլորտում. 2022թ. ստորագրվել է կլիմայական ամենաընդգրկուն օրենսդրությունը, որը հարյուրավոր միլիարդ դոլար է հատկացնում մաքուր էներգիայի, էլեկտրական մեքենաների, կանաչ տնտեսության և նոր աշխատատեղերի համար։ Ձեռքբերումները ներառում են նաև մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները 50%-ով կրճատելու հանձնառությունը, գերաղտոտիչների դեմ պայքարը և զրոյական արտանետումներով մեքենաների անցմանը աջակցելը:

Միաժամանակ, Թրամփը բացարձակ անտարբերություն և անհետաքրքրություն է ցուցաբերում այս ոլորտի խնդիրների նկատմամբ՝ թերահավատությամբ վերաբերվելով բնապահպանական կանոնակարգերին։ Նա անվստահությամբ է վերաբերվում կլիմայի փոփոխության հիմքում ընկած գիտական հետազոտություններին և դեմ արտահայտվում այն միջազգային համաձայնագրերին, որոնք պահանջում են ԱՄՆ-ին նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:

Պաշտոնավարման 4 տարում Թրամփը փորձել է չեղարկել 100-ից ավել բնապահպանական օրինագծեր, վերափոխել և հեղինակազրկել «Շրջակա միջավայրի պաշտպանության» գործակալությունը: Ավելին, 2017թ. Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզի համաձայնագրից, որը վնասում է ԱՄՆ տնտեսությանը:

Հավանական է, որ պաշտոնավարման երկրորդ շրջանը կնշանավորվի «Շրջակա միջավայրի պահպանության» գործակալության դեմ պայքարի շարունակությամբ և բնապահպանական խոշոր օրինագծերի հետկանչմամբ:

Տնտեսական քաղաքականություն

Հ ամաձայն Harvard CAPS-Harris Poll-ի վերջին հարցման, 10-ից 7 ընտրողների կարծիքով ԱՄՆ-ն տնտեսապես սխալ ուղու վրա է, և հարցվածների գրեթե կեսի կարծիքով իրենց անձնական ֆինանսական վիճակը վատթարանում է: 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին երեք տարում տնային տնտեսությունների խնայողությունները (household savings) էապես նվազել են, իսկ անձնական պարտքը հասել է երբևէ գրանցված ամենաբարձր կետին։ 2021թ. հունվարին, երբ Բայդենը ստանձնեց նախագահի պաշտոնը, գնաճի մակարդակը կազմել է մոտ 1,4%, 2022թ. հունիսին հասնելով 9,1% առավելագույնի, իսկ 2024թ. մարտին՝ մոտ 3,5%:

Հարիսը իր կարևորագույն առաջնահերթություններից մեկը համարում է «միջին խավին աջակցելն ու ամրապնդելը»: Նրա «հնարավորությունների տնտեսության» տեսլականը կենտրոնանում է մթերքի, դեղատոմսով դեղերի գների և բնակարանային ճգնաժամի վրա:

Նա խոստանում է պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում օգնել Կոնգրեսին ընդունելու սննդամթերքի «գների բարձրացման» ազգային արգելք, ֆինանսապես աջակցել առաջին անգամ բնակարան գնողներին և չորս տարում կառուցել երեք միլիոն նոր բնակարան, 6000 ԱՄՆ դոլարի չափով աջակցություն տրամադրել ընտանիքներին նորածինների կյանքի առաջին տարում և այլն:

Հարիսն աջակցում է հասանելի առողջապահական ապահովագրության գաղափարին, դեղատոմսով դուրս գրվող դեղերի գների նվազեցմանը, 12-շաբաթյա վճարովի արձակուրդի օրենսդրությանը և նվազագույն աշխատավարձի բարձրացմանը։

Այս բոլոր խոստումները բավականին լավ են հնչում, սակայն շատ քննադատների մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս խնդիրները Հարիսը չի լուծել փոխնախագահի պաշտոնի երեքուկես տարում: Նա այս հարցին պատասխանում է, թե տնտեսությունը դեռ վերականգնվում է [COVID-ի պատճառած ծանր հարվածներից]: Ոմանց այս պատասխանը լիովին բավարարում է, ոմանց համար այն Հարիսի ունակությունների նկատմամբ անվստահություն է առաջացնում:

Միաժամանակ Թրամփի նախընտրական արշավն ամենևին էլ կենտրոնացած չէ մանրակրկիտ տնտեսական քաղաքականության վրա. ընթացիկ հղումներ են արվում սակագները և կորպորատիվ հարկերը նվազեցնելու, թեյավճարը չհարկելու ծրագրերին: Ի լրումն ավելի շատ նավթ, բնական գազ և ածուխ արդյունահանելու խոստմանը, Հանրապետականները պնդում են նաև, որ կհաղթահարեն գնաճը և արագ կիջեցնեն գները:

Այնուամենայնիվ, տնտեսագետները զգուշացնում են, որ Թրամփի առաջարկները, ներառյալ խոշոր մաքսատուրքերի ներկայացումը և արտաքսման ծրագրերը, կարող են հանգեցնել գնաճի, բացասական տնտեսական աճի և ամերիկյան տնային տնտեսությունների համար ծախսերի ավելացման: Մինչ Թրամփը պնդում է, որ իր քաղաքականությունը կնվազեցնի գնաճը, քննադատները պնդում են, որ Թրամփի քաղաքականությունը կարող է վնասել միջին խավին:  Կան մտավախություններ, որ Թրամփի երկրորդ ժամկետը կարող է լինել ավելի ծայրահեղ և տնտեսապես վնասակար:

Միգրացիա

Ա նօրինական ներգաղթի դեմ պայքարը այն խնդիրներից է, որտեղ դեմոկրատները ցույց են տալիս իրենց քաղաքական խոցելիությունը: Հարիսին մեղադրում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը ձախողելու համար, քանզի իր պաշտոնավարման ընթացքում է, որ Մեքսիկայի հետ սահմանի անօրինական հատումների թիվը հասել է ռեկորդային բարձր թվի: Հարիսը պնդում է, որ Բայդենի վարչակազմի շրջանակներում արել է հնարավոր ամենը սահմանային անվտանգությունն ապահովելու համար։ Նա մասնավորապես կենտրոնացել  է Լատինական Ամերիկայի հյուսիսային հատվածներում իրավիճակի կարգավորման վրա, քանի որ հենց այդ հատվածներն ունեն ամենամեծ ազդեցութունը ԱՄՆ հարավային սահմանի կայունության վրա:

Հարիսը հավանություն է տալիս սահմանային անվտանգության երկկուսակցական օրինագծին։ Օրինագիծը սահմանային անվտանգության ապահովման համար զգալի ֆինանսավորում էր նախատեսում՝ կենտրոնանալով տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և անձնակազմի արդիականացման վրա: Օրինագիծը խիստ սահմանափակումներ էր ներկայացնում ապաստան հայցողներին՝ դժվարացնելով օրինական մուտքը ԱՄՆ:

Թրամփը ապօրինի ներգաղթի դեմ պայքարին մեծ կարևորություն է տալիս։ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով սահմանային պատի կառուցումը դարձել էր 2016-ի նախընտրական արշավի հիմնական խոստումը: «Զրոյական հանդուրժողականության» քաղաքականության համաձայն սահմանը ապօրինի հատող չափահասները քրեական հետապնդման են ենթարկվել, ինչը հանգեցրել է հազարավոր երեխաների բաժանմանը ծնողներից։ Թրամփը պատմական նվազագույնի հասցրեց ԱՄՆ-ում վերաբնակվելու թույլտվություն ստացած փախստականների թիվը: Ինչպես 2016-ին, այնպես էլ հիմա Թրամփը զանգվածային արտաքսում է խոստանում: Time-ի հետ հարցազրույցում նախկին նախագահը ասել է, որ թիրախավորում է 15-20 միլիոն մարդկանց, ովքեր, ըստ նրա, փաստաթղթեր չունեն ԱՄՆ-ում կեցությունը շարունակելու համար:

Պատերազմը Գազայում

Հ արիսը բազմիցս հաստատել է ահաբեկչության դեմ պայքարում Իսրայելին իր անդրդվելի աջակցությունը՝ հաճախ հղում անելով պետությունների ինքնապաշտպանության իրավունքին։ Գազայի վերաբերյալ հարցերին Հարիսը պատասխանում է կենտրոնանալով ավելի շատ հումանիտար ճգնաժամի վերացման վրա և աջակցում է «երկու պետությունների ստեղծման» սկզբունքին: Այնուամենայնիվ, Հարիսը զգուշավորությամբ ուղղակի չի նշում, որ Իսրայելն է Գազայում հումանիտար ճգնաժամի համար պատասխանատուն:

Ինչ վերաբերում է նախկին նախագահին, ապա նա պնդում է, որ հարցը արագ կկարգավորի՝ առանց շեշտելու, թե ինչպես: Թրամփը խստորեն քննադատում է Իսրայելի նկատմամբ Հարիսի դիրքորոշումը՝ պնդելով, որ Հարիսը «ատում է Իսրայելը», և որ Հարիսի նախագահ դառնալու դեպքում Իսրայելը կարող է երկու տարում դադարել գոյություն ունենալ։ Շրջանցելով սեփական դիրքորոշման մանրամասները Թրամփը պնդում է, որ Հարիսի նախագահությունը կհանգեցնի տարածաշրջանում արաբ և հրեա բնակչության ոչնչացմանը, ինչը ենթադրում է տարածաշրջանային ապակայունացում:

Պատերազմը Ուկրաինայում

Ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Թրամփը պնդում է, որ ինքը որպես նախագահ պատերազմը արագ կավարտի՝ Զելենսկու և Պուտինի հետ իր ամուր հարաբերությունների շնորհիվ, և որ «ներխուժումը նրա ղեկավարությամբ չէր լինի»։

Ի սկ Հարիսը կրկնում է Բայդենի դիրքորոշումը՝ Մոսկվայի քաղաքականությունը ու քայլերը որակելով որպես «սպառնալիք միջազգային կարգի համար» և նախազգուշացնելով, որ Ռուսաստանի հաղթանակը կարող է հանգեցնել հարձակումների ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա: Հարիսը չմանրամասնեց, թե ինչպիսին կլինի այս ուղղությամբ տարվելիք իր քաղաքականությունը:

Սոցիալական մեդիան որպես երիտասարդներին գրավելու միջոց

Ժ ամանակակից մեդիա գործիքների օգտագործումը քաղաքական գործիչների համար դարձել է երիտասարդ ընտրողներին գրավելու կարևոր միջոց: Քանի որ ավանդական հաղորդակցության միջոցները, ինչպիսիք են հեռուստատեսային հարցազրույցները և հանրային ելույթները, դառնում են ավելի քիչ ազդեցիկ երիտասարդների համար, քաղաքական գործիչները հակվում են այնպիսի հարթակների, ինչպիսիք են TikTok-ը, Instagram-ը, X-ը (նախկինում՝ Twitter-ը): Այս հարթակները, որոնք նախկինում հիմնականում ժամանցային էին, այժմ կարևոր են քաղաքական հաղորդագրությունների տարածման, ներգրավվածության խթանման համար:

Քաղաքական գործիչներն օգտագործում են այս գործիքները՝ իրենց ավելի հասանելի ներկայացնելու և երիտասարդ սերունդների մտահոգություններին ականջալուր լինելու համար: Բացառապես քաղաքականության երկարատև քննարկումներին կամ բանավեճերին ապավինելու փոխարեն քաղաքական գործիչները հաճախ հետևում են վերջին միտումներին, հղում են անում փոփ մշակույթին: Սոցիալական մեդիայի ընձեռած լայն հնարավորությունների ու գործիքների կիրառմամբ մեդիա աստղի և քաղաքական գործիչների կերպարների միջև սահմանը քիչ-քիչ վերանում է։

Հարիսի թիմն ապացուցել է, որ շատ հմուտ է օգտագործում սոցիալական մեդիան։ Նրա թիմը հաճախ ընդգրկում է ժամանակակից կատակներ, փոփ մշակույթի հղումներ և թեթև, կուլիսային տեսանյութեր, որոնք ավելի մատչելի ու հասանելի ձևով ընդգծում են Հարիսի անհատականությունը:

Վերջին հանրային հարցումները

Մ ինչև Հարիս-Թրամփ բանավեճը NBC-ի կողմից երիտասարդության շրջանում արված հարցումները բավականին հետաքրքիր պատկեր են ցույց տալիս. «Անկախ նրանից, թե ում եք սատարում, ձեր կարծիքով ո՞վ կհաղթի 2024թ. նախագահական ընտրություններում» հարցին հարցվածների 50% պատասխանել է Քամալա Հարիս, 41%՝ Դոնալդ Թրամփ։ «Եթե 2024թ. նախագահական ընտրությունները կայանային այսօր, ում օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 50% պատասխանել է Քամալա Հարիս, 34%՝ Դոնալդ Թրամփ:

Մինչև 30 տարեկան ընտրողները, ովքեր չեն քվեարկել 2020թ նախագահական ընտրություններում, քանի որ դեռ իրավասու չէին, ծրագրում են քվեարկել Հարիսի օգտին (57%): Բայդենի 2020-ի ընտրողների երեք քառորդն ասել է, որ կաջակցի Հարիսին, իսկ 14%-ը ասել է, որ այս անգամ քվեարկելու է Թրամփի օգտին: Թրամփի 2020-ի ընտրողների 73%-ն ասել է, որ պատրաստվում է կրկին քվեարկել նրա օգտին, իսկ 23%-ը պատրաստվում է նոյեմբերին քվեարկել Հարիսի օգտին:

Բանավեճից հետո Հարիսը բարելավեց վարկանիշը բնակչության բոլոր շերտերի մոտ: Տեղի ունեցավ նաև փոխնախագահի թեկնածուների բանավեճը, որը ընդհանուր առմամբ կենտրոնացած էր նույն պնդումների վրա, որոնք նախկինում հնչել էին նախագահական բանավեճում։ Այս բանավեճը քաղաքավարության հազվագյուտ դրսևորում է բնութագրվել, որտեղ թեկնածուները, զերծ մնալով անձնական վիրավորանքներից, կենտրոնացան երկրում առկա խնդիրների վրա։ Նրանք անգամ համակարծիք են եղել հրազենային բռնության և անշարժ գույքի շուկայում խնդիրների լուծման հրատապության հարցերում։

CBS News-ի և YouGov-ի հարցման համաձայն Հարիսի թիմակից Ուոլցի հավանության վարկանիշը բանավեճից հետո աճել է 52%-ից մինչև 60%, իսկ Վենսինը՝ 40%-ից մինչև 49%: Բանավեճը դիտողների մեծամասնության կարծիքով երկու թեկնածուներն էլ լավ էին պատրաստված։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ բանավեճի արդյունքը ոչ-ոքի է։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ երիտասարդ ընտրողների շրջանում Ուոլցն ավելի սիրված և վստահված է։

Եզրակացություն

Երիտասարդների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը այս ընտրություններում զգալիորեն տարբերվում է նախորդներից, և նրանց ազդեցությունը կարող է նշանակալի լինել: Քամալա Հարիսը ուժեղ արձագանք է գտնում երիտասարդ շատ ընտրողների մոտ մի քանի պատճառներով։

Հարիսի դիրքորոշումները սոցիալական արդարության, կլիմայի փոփոխության և ներգաղթի վերաբերյալ համընկնում են երիտասարդը ընտրողների մեծամասնության առաջադեմ գաղափարների հետ: Հարիսը շատ հաճախ ընդգծում է կլիմայի փոփոխությանն անդրադառնալու, մատչելի կրթությանը և ուսանողական վարկերին օգնություն հատկացնելու  կարևորությունը։

Հարիսի ինքնությունը՝ որպես ռասսայական փոքրամասնություն ներկայացնող կին և նրա ծագումը՝ որպես ներգաղթյալների երեխա արտացոլում են բազմազանությունը և ներառականությունը: Նրա բարձր քաղաքական պաշտոններ զբաղեցրած լինելը խորհրդանշում է խզում ավանդական քաղաքական նորմերից։

Հարիսի՝ երիտասարդների քարոզած արժեքներին համահունչ լինելը, զուգորդված սերնդի աճող քաղաքական ներգրավվածության հետ, հուշում է, որ երիտասարդների ձայնը կարող է որոշիչ գործոն լինել 2024 թվականի ընտրություններում:


[1] Տերմին, որն օգտագործվում է այն մարդկանց համար, ովքեր ծնվել են 1990-ականների կեսերից մինչև 2010-ականների սկիզբը։

[2] Տերմին, որն օգտագործվում է այն մարդկանց համար, ովքեր ծնվել են մոտավորապես 1980-ականների սկզբից մինչև 1990-ականների կեսերը։