Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ-ՀՀ երկխոսության մեկնարկը տրված է
10 ր. | 2024-09-03Դեռևս 2012թ. փետրվարին մեկնարկած Հայաստանում ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցություններն ի սկզբանե հետապնդել են 3 նպատակ, որոնք կարող ենք դիտարկել երեք մակարդակներում.
- կարճաժամկետ (վիզայի դյուրացման և հետընդունման համաձայնագրի կնքում), որն արդեն իսկ իրականացվել է 2014թ.,
- միջնաժամկետ (վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկ), որը տրվեց 2024թ. հուլիսին
- երկարաժամկետ (ԵՄ հետ մուտքի արտոնագրի ազատականացման համաձայնագրի կնքում), որը գործընթացի վերջնանպատակն է: Հեռահար նպատակին հասնելու համար՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ վիզայի ազատականացման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է ԵՄ բոլոր երկրների դիրքորոշումների հիման վրա, ուստի այս ուղղությամբ պետք է հավասարապես բանակցել ԵՄ անդամ երկրների հետ:
Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կբերի էական բարեփոխումների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանային կառավարման, միգրացիայի և ապաստանի, հասարակական կարգի և հիմնարար իրավունքների հարցերը Հայաստանում: Երկխոսության մեկնարկից հետո ՀՀ կառավարությունը առավելապես կկենտրոնանա սահմանների վերահսկողությանը, բիոմետրիկ անձնագրերի առկայությանը, համապարփակ առողջապահության առկայությանը, ինչպես նաև երկրում մարդկանց իրավահավասարությանը վերաբերող օրենքների մշակման և դրանց կիրարկման վրա: Այսուհետ, Եվրոպական Հանձնաժողովը էլ ավելի մեծ խստությամբ կհետևի այս ոլորտներում առաջընթացին՝ սերտ համագործակցելով Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական Խորհրդի հետ: Երկխոսությունը կկայանա Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ՎԱԳԾ) շրջանակներում, որոնց շուրջ էլ հայկական կողմը պետք է հետևողական աշխատանք իրականացնի: Սակայն, կարևոր է իմանալ, որ վիզաների ազատականացումն ավտոմատ գործընթաց չէ: Այն կդիտարկվի միայն այն ժամանակ, երբ երկխոսությունը հաջողությամբ ավարտվի և ՎԱԳԾ-ում նշված բոլոր պայմաններն կկատարվեն: Երկխոսության հաջող ավարտից հետո միայն Հայաստանի քաղաքացիների համար ավելի հեշտ և մատչելի պայմաններ կստեղծվեն ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար, իսկ այդ գործընթացը հավելյալ աշխատանք և ժամանակ է պահանջում, և կարող է տևել ավելի քան 4 տարի: Համեմատության համար նշենք, որ երկխոսության մեկնարկից հետո Արևելյան Գործընկերության մյուս գործընկերներից հարևան Վրաստանում ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմ հաստատվել է 5 տարի անց, Մոլդովայում՝ 4, Ուկրաինայում՝ 9 տարի անց:
ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացում. Ինչ հնարավորություններ է այն նախատեսում հետագայում
ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացումը (վիզային ռեժիմի ազատականացում) ենթադրում է ազատ տեղաշարժի իրավունք Շենգենյան գոտում: Շենգենյան գոտին, որն ստեղծվել է 1995 թ. մարտի 26-ին Հյուսիսային Լյուքսեմբուրգի Շենգեն գյուղում 5 երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ) միջև կնքված Շենգենյան համաձայնագրի (1985թ. հունիսի14) հիման վրա, եվրոպական երկրների մեծամասնությանը թույլ է տվել իրենց ազգային սահմանների վերացմամբ կյանքի կոչել «Եվրոպա՝ առանց սահմանների» գաղափարը, որը ենթադրում է ազատ տեղաշարժ և անդամ երկրներում սահմանային հսկողության բացակայություն:
Վիզային ռեժիմի ազատականացումը վերաբերում է միայն կարճաժամկետ այցելություններին, ընդ որում՝ մինչև 90 օր ժամկետով և չի ենթադրում ԵՄ-ում աշխատելու իրավունքի տրամադրում կամ այլ արտոնություններ: Վիզային ռեժիմի ազատականացման համաձայանգիրը չի ենթադրում նաև սովորելու իրավունքի տրամադրում Շենգեն գոտում գտնվող երկրներում: Կարճաժամկետ ուսուցման ծրագրերին կամ դասընթացներին մասնակցության դեպքում, որը չի գերազանցում 90-օրյա ժամկետը, վիզային ռեժիմի ազատականացումը հնարավորութուն է տալիս մնալ տվյալ երկրում` առանց լրացուցիչ վիզա ստանալու: Իսկ 90 օրից ավելի սովորելու նպատակով մնալու ցանկության դեպքում անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի դեսպանատուն՝ համապատասխան վիզա ստանալու համար:
ԵՄ հետ մուտքի արտոնագրի ազատականացում ունենալու պարագայում հնարավորություն է ստեղծվում ազատ մուտք գործել Շենգենյան գոտու անդամ երկրներ[1], ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող՝ Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն, որոնք Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ են: Ազատ վիզային ռեժիմը գործում է նաև Բուլղարիայում, Խորվաթիայում, Կիպրոսում և Ռումինիայում: Չնայած վերջիններս Շենգենյան գոտում չեն, սակայն վարում են ընդհանուր վիզային քաղաքականություն, որն ապահովում է այցելուների օրինական մուտքը ԵՄ՝ ամրապնդելով նաև ներքին անվտանգությունը: Սակայն վիզայի ազատականացման գործընթացի վերաբերյալ, օրինակ, Իսպանիան[2] ունի որոշակի վերապահումներ:
Այն պահից, երբ երկիրը ԵՄ հետ կնքում է մուտքի արտոնագրի ազատականացման համաձայնագիր, բոլոր քաղաքացիներն, որոնք ունեն կենսաչափական անձնագիր, առանց վիզայի կարող են ճամփորդել ԵՄ անդամ երկրներում: Այնուամենայնիվ, կարևոր է ճամփորդելիս ունենալ նաև ֆինանսական կարգավիճակի, ԵՄ երկրում կեցավայրի, այցելության մասին փաստաթղթեր, նպատակների վերաբերյալ ապացույցներ և առողջապահական ապահովագրություն: Նման փաստաթղթերի առկայությունը կարևոր է, քանզի Շենգենյան պետության սահմանային ոստիկանությունն իրավունք ունի արգելելու մարդկանց մուտքը, եթե կասկած ունենա, որ նրանք կարող են չարաշահել վիզային ռեժիմի ազատականացումից բխող իրավունքները:
Մուտքի արտոնագրի ազատականացման համաձայնագիրը խախտելու դեպքում անձը տուգանվում է և արտաքսվում երկրից, արգելվում է նաև 3-5 տարով մուտք գործել Շենգենյան գոտի: Եթե որևէ երկրի քաղաքացիների կողմից մեծ թվով խախտումներ են արձանագրվում, ապա Եվրամիությունը կարող է կասեցնել տվյալ երկրի հետ մուտքի արտոնագրի ազատականացման համաձայնագիրը:
Ո՞ր դեպքում է երկրի հետ կնքվում մուտքի արտոնագրի ազատականացման համաձայնագիր
Որևէ երկիր ազատ մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է անցնի մի շարք ընթացակարգերով: Առաջին փուլը Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի[3] համաձայնագրերի կնքումն է, ինչը թույլ է տալիս նվազեցնել վիզայի տրամադրման համար գանձվող գումարը, հեշտացնել վիզայի համար դիմելու ընթացակարգը և ունենալ քաղաքացիների հատուկ կատեգորիաներ, ովքեր կարող են այցելել ԵՄ առանց վիզային վճարի (երեխաներ, թոշակառուներ, ուսանողներ, լրագրողներ, մշակութային փոխանակման ծրագրերի մասնակիցներ և այլն):
Հաջորդ փուլը Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի կամ Վիզայի ազատականացման ճանապարհային քարտեզի կյանքի կոչումն է, որով և փաստացիորեն տրվում է վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Այն ենթադրում է մի շարք օրենսդրական և տեխնիկական քայլերի իրականացում հետևյալ ոլորտներում՝ 1) փաստաթղթերի անվտանգություն, 2) սահմանների, միգրացիոն և ապաստան խնդրողների հետ կապված հարցերի ինտեգրված կառավարում, 3) հասարակական կարգ և անվտանգություն, 4) արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ: Յուրաքանչյուր երկրի համար, որը ցանկանում է ԵՄ հետ ունենալ ազատ մուտքի արտոնագիր, պատրաստվում է առանձին Վիզայի ազատականացման գործողությունների ծրագիր, որում ներառված պահանջները վերաբերում են վերոնշյալ 4 ոլորտներին, սակայն դրանց բովանդակությունը, հաշվի առնելով երկրների առանձնահատկությունները, տարբերվում են: Երկխոսության ընթացքում Եվրոպական հանձնաժողովը պարբերաբար զեկույցների միջոցով իրականացնում է մոնիթորինգ և գնահատում, որը փոխանցվում է նաև ԵՄ խորհրդին և Եվրոպական խորհրդարանին: Գործողությունների ծրագրում ներառված պահանջները բավարարելուց հետո միայն երկրի հետ կնքվում է մուտքի արտոնագրի ազատականացման համաձայնագիր:
Գործընթացը ՀՀ-ում
ԵՄ-ՀՀ համագործակցությունն ԱլԳ շրջանակներում իրականացվում է 4 տարբեր հարթակներում՝ ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն, տնտեսական ինտեգրում և համապատասխանեցում ԵՄ քաղաքականության հետ, էներգետիկ անվտանգություն և մարդկանց միջև շփումներ: Այս պարագայում հատկանշական է վերջին՝ մարդկանց միջև շփումների շուրջ համագործակցությունը, ինչը ենթադրում է ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ մուտք գործելու համար վիզայի ստացում: Նշենք, որ Հայաստան-ԵՄ «Շարժունակության շուրջ գործընկերություն» համաձայնագիրը ստորագրվել է 2011թ., որով կողմերը պարտավորություն են ստանձնել մարդկանց երկկողմանի տեղաշարժերի բարելավման ուղղությամբ: Այն ենթադրում է միգրացիոն հոսքերի ավելի արդյունավետ կառավարման գործողություններ, այդ թվում՝ անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու նվազեցմանը։ Այս առնչությամբ Հայաստանում ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2012թ. փետրվարին: Արդեն 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ են մտել 2012թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված վիզաների դյուրացման, իսկ 2013թ. ապրիլի 19-ին` հետընդունման համաձայնագրերը: Ըստ այդմ, կարելի է ասել ՀՀ կողմից հաղթահարվել է ընթացակարգով նախատեսված առաջին փուլը: Այս համատեքստում կարևոր է ընդգծել նաև ՀՀ կառավարության կողմից 2012 թ. հոկտեմբերի 4-ին ընդունված 1255 որոշումը, որով ԵՄ անդամ պետությունների և ԵՄ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ երկրների քաղաքացիների համար 2013թ. հունվարի 10-ից սահմանվել է առանց մուտքի վիզային ռեժիմ: Ստեղծվել են նաև վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեներ, որոնց անդրանիկ նիստը կայացել է 2014 թ. սեպտեմբերին` Երևանում: Կոմիտեները նախատեսված են համաձայնագրերի դրույթների դիտարկման, համաձայնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման համար:
Այժմ կարելի է հաղթահարված համարել նաև ընթացակարգով նախատեսված երկրորդ փուլը, այն է՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, որը որպես ՀՀ արտաքին քաղաքական գործունեության հիմնարար ուղենիշերից մեկը, օրակարգային հարցերից էր 2019 թ. նոր ձևավորված կառավարության ծրագրում:
ՀՀ-ում ԵՄ հետ գործընթացի մեկնարկը խթանող նպաստավոր պայման կարելի է դիտարկել 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի[4] կնքումը, որտեղ ընդգծվում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ ՀՀ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում:
ԵՄ երկրների համար մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը շարունակում է մնալ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների տիրույթում, թե´ ԵՄ-ն, թե´ Հայաստանն իրենց պատրաստակամությունն են հայտնել առաջիկայում սկսել այդ գործընթացը: Սակայն մինչ վերջնանպատակին հասնելն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել կանխատեսվող մի շարք խնդիրներին դիմակայելու և դրանք հաղթահարելու ուղղությամբ (դրանք կարելի է դիտարկել՝ հիմք ընդունելով առաջիկայում վիզայի ազատականացման գործողությունների ծրագրով նախատեսվող նախապայմանների իրականացումը).
1) փաստաթղթերի անվտանգություն - կենսաչափական անձնագրերի հայտադիմումների, նույնականացման և բաշխման գործընթացի ամբողջականության և անվտանգության ապահովում, Ինտերպոլի (Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն ) տվյալների բազայի կորստի և գողացված անձնագրերի վերաբերյալ արագ և համակարգված զեկույցի ապահովում, նոր անձնագրերի ձեռքբերման նպատակով անվան կամ ինքնության փոփոխման չարաշահումների կանխում,
2) սահմանների, միգրացիոն և ապաստան խնդրողների հետ կապված հարցերի ինտեգրված կառավարում - սահմանների անվտանգության արդյունավետ վերահսկողություն, ինտեգրացիոն կառավարում, անօրինական, անկանոն միգրացիայի կառավարում և վերահսկում, ապաստան հայցողների (փախստականներ, վերաբնակեցվածներ) վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման արդյունավետ մեխանիզմների մշակում և նրանց մերժման խնդիրների կարգավորում, եվրոպական երկրներում անօրինական հիմունքներով գտնվող սեփական քաղաքացիներին ընդունելու պատրաստակամություն,
3) հասարակական կարգ և անվտանգություն - կազմակերպված հանցագործությունների, թրաֆիքինգի, կոռուպցիայի, թմրամիջոցների, փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքար, իրավապահ մարմինների համագործակցության մեխանիզմների ապահովում հանցագործությունների միտումները գնահատելու, ռիսկերը վերհանելու և հետագայում դրանք կանխարգելելու համար,
4) արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ - մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի պաշտպանություն (պետական վերահսկողության տարածքներում ներգաղթյալների մուտքի և շփման գիծն անվտանգ անցնելու երաշխիքների տրամադրում), քաղաքացիների, նաև փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարության իրականացում:
Այս ամենի հետ մեկտեղ վիզաների ազատականացման վերաբերյալ որոշակի մտավախություն է առկա եվրոպական երկրներում, որը բացատրվում է Եվրոպայում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, միգրանտների հոսքով, ինչով պայմանավորված էլ աճել են վերջիններիս ներգրավվածությամբ գողությունների, կողոպուտների և կազմակերպված այլ հանցագործությունների դեպքերը: Ուստի, արդեն իսկ ունենալով միգրացիոն ճգնաժամի փորձը, Եվրոպան զգուշավորություն դրսևորելով՝ մեխանիզմներ է մշակել անհրաժեշտության դեպքում վիզային ռեժիմը կասեցնելու ուղղությամբ, որի նպատակն է զերծ պահել ազատականացումը չարաշահումներից: Կարևոր է գիտակցել, որ Եվրոպայում ՀՀ-ից ապաստան հայցողների թվի նվազումը, հետընդունված քաղաքացիների թվի աճը, և դրանց շարունակական բնույթը, կանոնավոր ու օրինական միգրացիան կարող են խթանել ԵՄ հետ վիզայի ազատականացման գործընթացը։ Այն բխում է 2014 թ. ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ հետընդունման մասին համաձայնագրի դրույթներից։
Այսպիսով, կարելի է նշել, որ ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը շարունակում է մնալ առաջնային ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգում: Դրա մասին վկայում են ԵՄ ներկայացուցիչների հետ շարունակական բանակցությունները և համապատասխան ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Մասնավորապես՝ Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարժունակության և սահմանների կառավարման ոլորտներում կարգավորումների ընդունումը, միգրացիայի կառավարման ոլորտում արվող բարեփոխումները, որոնք առանցքային դեր են խաղացել հուլիսին ԵՄ խորհրդի կողմից ՀՀ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի տրման հարցում:
Բացի այդ, հաջող փորձի փոխանակման, ինչպես նաև գործընթացի հետևանքով ի հայտ եկած մարտահրավերների ուսումնասիրման նպատակով՝ փորձագիտական մակարդակով խորհրդակցություններ են ընթանում նաև ԱլԳ անդամ մյուս երկրների հետ, որը թույլ կտա Հայաստանին, լինելով այդ գործընթացի մասնակից, որոշակի հետևություններ անել, գնահատել հնարավոր մարտահրավերներն ու հնարավորությունները:
Ի վերջո, Եվրամիությունն ունի ակնկալիքներ ինչպես Հայաստանի իշխանություններից, այնպես էլ քաղաքացիներից՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։ Հայաստանի իշխանություններից ակնկալվում է ստեղծել և կիրառել անհրաժեշտ իրավական, ինստիտուցիոնալ և անվտանգության շրջանակները վիզաների ազատականացման համար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի քաղաքացիներից ակնկալվում է հարգել վիզաների ազատականացման պայմաններն ու կանոնները՝ չչարաշահելով դրանք: Ուստի, այս գործընթացի հնարավորինս արագ դրական հանգուցալուծման գրավականը Բրյուսելի արտաքին քաղաքական առաջնահերթություններից բացի, նաև ՀՀ իշխանությունների և քաղաքացիների կողմից ԵՄ չափորոշիչներին համապատասխան հետևողական աշխատանքի իրականացումն է:
Գործընթացի վերջնական ավարտը, այն է՝ վիզաների ազատականացման պայմանագրի կնքումը, հետագայում կարող է խթան հանդիսանալ նաև Հայաստանի տնտեսական աճի համար՝ նպաստելով ներդրումների աճին, զբոսաշրջության, սպասարկման ոլորտների զարգացմանը և Հայաստանի ու Եվրամիության միջև քաղաքացիական, գործարար, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերի ամրապնդմանը։
[1] Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա:
[2] Կարճաժամկետ վիզայի (առավելագույնը 90 օր տևողությամբ) հայտադիմումը Իսպանիային պետք է ներկայացվի նախատեսվող ճամփորդությունից 3 ամիս շուտ: Իսպանիայի Գերագույն Հյուպատոսարանն իր որոշման մասին հայտնում է փաստաթղթերի հանձնումից հետո 4 օրացույցային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր հայտ ուսումնասիրվում է անհատական սկզբունքի հիման վրա, ինչից կախված պատասխանների ժամկետները կարող են տատանվել: Եթե ներկայացված փաստաթղթերի փաթեթն ամբողջությամբ բավարարում է Իսպանիայի Գերագույն Հյուպատոսարանի պահանջներին, վիզան կարող է տրամադրվել 4 աշխատանքային օրվա ընթացքում: Ոչ լիարժեք դիմումներ չեն ընդունվում: Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար:
[3] Միջազգային համաձայնագիր, որով փոխադարձության հիմունքներով վկայակոչվում են այն գործընթացները, որոնց միջոցով մեկ պետության կողմից անօրինական կարգավիճակում գտնվող քաղաքացի չհանդիսացող անձինք վերադարձվում են իրենց հայրենիք կամ այն պետություն, որով նրանք տարանցել են:
[4] ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2018-ի ապրիլի 11-ին, ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ին: