ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական ներուժը
10 ր. | 2019-01-31Վիճակագրական ուսումնասիրություն
Վերջին ամիսներին հայկական մեդիադաշտում ակտիվացել են ՀԱՊԿ միջազգային, տարածաշրջանային նշանակության, ինչպես նաև Հայաստան-ՀԱՊԿ փոխգործակցության հարցերի շուրջ քննարկումները, որոնք հաճախ ունենում են խիստ քաղաքականացված շեշտադրումներ: Խնդիրն այն է, որ խոսելով քաղաքական գործընթացներից ու միտումներից, մեդիա դաշտում և փորձագիտական շրջանակներում երբեմն կարելի է հանդիպել գնահատականներ, որոնք կառուցված են թյուր պատկերացումների, իսկ որոշ դեպքերում էլ՝ նույնիսկ ոչ բավարար գիտելիքի վրա: Այդ նպատակով ներկայացնում ենք վիճակագրական-համեմատական վերլուծություններ՝ փորձելով հնարավորինս համապարփակ անդրադառնալ ՀԱՊԿ-ի հավաքական տնտեսական և այլ կարողություններին:
Ուսումնասիրությունը կծավալվի ՀԱՊԿ կառույցի վիճակագրական-տեղեկատվական տվյալների շրջանակներում [1]: Մասնավորապես, վեր կհանվեն ՀԱՊԿ անդամ-պետությունների մարդկային, ֆինանսական կապիտալի վիճակագրությանն առնչվող որոշ հարցեր, ինչը հնարավորություն կտա անդրադառնալու ոչ միայն կազմակերպության հավաքական կարողություններին, այլև վիճակագրական համեմատականներ անցկացնել ՀԱՊԿ անդամ-երկրների միջև: Հետագա ուսումնասիրությունների ընթացքում նախատեսվում է ներկայացնել կազմակերպության գիտական, ռազմատեխնիկական ներուժի վիճակագրությունը, առանձին անդրադարձներ կլինեն նաև ՀԱՊԿ ներքին ու արտաքին ընթացիկ ռազմաքաղաքական գործընթացներին ու հնարավոր զարգացումներին: Ուսումնասիրության շրջանակում որակական գնահատականներ չեն տրվում, ներկայացվում են միայն վիճակագրական տվյալները:
Այս աշխատանքում կհիմնվենք գլխավորապես երկու մեթոդաբանական մոտեցումների՝ Google Books N-gram լեզվական-տեղեկատվական կորպուսի և վիճակագրական տեղեկատվության համեմատության վրա: Երկու մեթոդներն էլ ուղղակի առնչություն ունեն վիճակագրության հետ, կարող են փոխլրացնել միմյանց՝ հնարավորություն տալով տվյալ հետազոտությունը դիտարկել տարբեր տեսանկյուններով:
G oogle Books N-gram viewer-ը որոնման ցանցային ծառայություն է, որը թույլ է տալիս ձևավորել լեզվական միավորների օգտագործման հաճախականության գրաֆիկական լուծումներ: Այն հնարավորություն է տալիս վիճակագրական տվյալների շտեմարանների հիման վրա գնահատել երևույթները, զարգացման պատմական ու հետագա հավանական դինամիկան:
Համառոտ ներկայացնենք՝ ինչ հաճախականությամբ է օգտագործվել ՀԱՊԿ բառը Google N-gram-ի անգլիալեզու և ռուսալեզու տիրույթներում [2]: Չափորոշման մեթոդաբանությունը հիմնվում է տվյալ լեզվական կորպուսի բառօգտագործման հնարավորությունների վրա [3]: 1998թ. Google N-gram ռուսալեզու տիրույթում ОДКБ բառը հիշատակվել է շուրջ 51.5 հազ. անգամ, այն դեպքում, երբ նույն ռուսալեզու տիրույթում НАТО բառը հիշատակվել է 80 մլն անգամ (տարբերությունը՝ 1553 անգամ) [4]: 2008թ. ОДКБ բառն արդեն հիշատակվել է շուրջ 6.4 մլն անգամ, НАТО բառը՝ 78 մլն (տարբերությունը՝ 12.1 անգամ): Նշենք, որ համացանցի տարածվածությունը չի կարող որևէ ազդեցություն ունենալ ցուցանիշների վրա, քանի որ Google N-gram լեզվական կորպուսն աշխատում է միայն տպագիր աղբյուրների հետ:
1992-2008թթ. ռուսական լեզվական կորպուսում НАТО բառի օգտագործման բարձր հաճախականությունը վկայում է կառույցի նկատմամբ տվյալ լեզվական տիրույթում եղած անհամեմատ մեծ հետաքրքրության մասին: Ավելին, թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ ռուսական լեզվական տիրույթում տպագիր գրականության ճնշող հատվածը բաժին է ընկնում Ռուսաստանին: Դա իր հերթին թույլ է տալիս եզրակացնել, որ ռուսաստանյան մեդիա տիրույթում, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, անհամեմատ մեծ նշանակություն է տրվել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը:
Ուշագրավ է, որ Google N-gram ռուսալեզու տիրույթում СНГ բառի հիշատակումները գերազանցում են թե՛ НАТО, և թե՛ ОДКБ բառերին: 2008թ. СНГ բառը հիշատակվել է շուրջ 148 մլն անգամ [5]: Կարող ենք ենթադրել, որ սա պայմանավորված է նախորդ դարի 90-ականներին Ռուսաստանի քաղաքական վերնախավում և հանրության շրջանում ԱՊՀ կառույցի նկատմամբ եղած մեծ քաղաքական-գաղափարական ակնկալիքներով: Այդ առումով, ուշագրավ կլինեին վիճակագրական-համեմատական զուգահեռների արդյունքներն նույն ժամանակահատվածի և վերջին տասնամյակի միջև՝ պարզելու համար հնարավոր փոփոխությունները:
Նկատենք, որ 1992-2008թթ. НАТО և СНГ բառերի հիշատակումների զարգացման դինամիկան բավական հավասարաչափ է ընթացել, ինչը երևում է պատկերված գրաֆիկից: Կարելի է ենթադրել, որ պատճառը НАТО և СНГ բառերի միաժամանակյա օգտագործումն է, ինչը, միգուցե, պայմանավորված էր ԽՍՀՄ փլուզումից հետո խորհրդային ժառանգությունը պահպանելու ՌԴ ղեկավարության ձգտումով: Այդ նպատակով էր ստեղծվել ԱՊՀ-ն, որն իր առջև կարող էր դնել վերոնշյալ խնդիրները և կարող էր մրցակցել Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ:
Ըստ երևույթին, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության պոտենցիալ մրցակից, Ռուսաստանի քաղաքական էլիտան նախապես դիտարկում էր ոչ թե ՀԱՊԿ-ն, որն առավելապես ռազմաքաղաքական կառույց էր, այլ՝ ԱՊՀ-ն:
Կարևոր է զուգահեռներ անցկացնել նաև ռուսալեզու և անգլալեզու տիրույթների միջև: Այսպես, 1998թ. տվյալներով CSTO (Collective Security Treaty Organization) արտահայտությունն օգտագործվել է 51.4 հազ. անգամ, ինչն անհամեմատ զիջում է NATO բառի օգտագործման համարժեք ցուցանիշին՝ 374 մլն: 2008թ. CSTO բառն օգտագործվել է արդեն շուրջ 778 հազ. անգամ, NATO բառը՝ 277 մլն: Շատ ավելի քիչ կիրառություն է ունեցել CSTO հապավման բացված տարբերակը՝ Collective Security Treaty Organization-ը՝ 2008թ. 410 հազ. անգամ:
Ստորև զուգահեռներ են անկցացվում NATO, CSTO և CIS (Commonwealth of Independent States) բառերի միջև՝ ըստ կիրառության հաճախականության: 1992-2008թթ. միջակայքում անհամեմատ ավելի շատ է օգտագործվել NATO բառը: Թեև CIS-ն այդ ցուցանիշով զիջում է վերջինիս, սակայն 2008թ. օգտագործվել է 56.6 մլն անգամ: Այսինքն, անգլալեզու տիրույթում, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, շատ ավելի մեծ է եղել հետաքրքրությունը ԱՊՀ կառույցի նկատմամբ: Արձանագրենք նաև, որ նույն ժամանակահատվածում անգլալեզու կորպուսում նկատվում է CIS բառի կիրառության հաճախականության կայուն նվազում, ինչը, թերևս, պայմանավորված է անգլալեզու տիրույթում ԱՊՀ կառույցի նկատմամբ հանրային, քաղաքական հետաքրքրության նվազմամբ: Կարող ենք ենթադրել, որ կառույցի միջազգային նշանակությունը կամ կշիռը տարբեր պատճառներով մասամբ նվազել է:
NATO, CSTO, CIS բառերի օգտագործման համադրության հնարավորություն է տալիս նաև Google որոնողական համակարգը, և այս բառերի քանակական համեմատության արդյունքները, ըստ էության, չեն շեղվում Google N-gram գործիքի համապատասխան ցուցանիշների տրամաբանությունից: Google-ի որոնման տիրույթում (ներառում է որոնման ողջ տիրույթը՝ նկարներ, տեսադարան, նորություններ և այլն) NATO բառը հիշատակվել է 223 մլն, CSTO բառը՝ 1.1 մլն, իսկ CIS-ը՝ 104 մլն անգամ: НАТО բառը հիշատակվում է 46.7 մլն, ОДКБ-ն՝ 4.9 մլն, СНГ-ն՝ 61.8 մլն անգամ: Միաժամանակ հարկ ենք համարում հստակեցնել, որ Google-ի որոնման տիրույթում տվյալ բառի վերաբերյալ հիշատակումները կարող են կրկնվել և լինել ոչ ամբողջական:
Ա ՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով, ՀԱՊԿ անդամ-երկրների ընդհանուր տարածքը 20.404.536 մլն կմ2 է, ինչը Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 13.7%-ն է (148.94 մլն կմ2): Ընդ որում, 13.7% ցուցանիշի 11.4%-ը Ռուսաստանի Դաշնությունն է: ՀԱՊԿ անդամ-երկրների ողջ բնակչությունը 187.8 մլն է՝ Երկիր մոլորակի բնակչության 2.5%-ը:
ԿՀՎ 2017թ. տվյալներով ՀԱՊԿ երկրների հավաքական ՀՆԱ-ն $4.754 տրլն է [6], որը համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 3.7%-ն է. 2017թ. դրությամբ համաշխարհային ՀՆԱ-ն կազմել է $127.8 տրլն [7]: Համաշխարհային բյուջետային հաշվեկշռում (եկամուտներ) ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական ցուցանիշը 1.5% է:
Համեմատության համար նշենք, որ միայն Գերմանիայի ՀՆԱ-ն շուրջ $4.2 տրլն է [8] (ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական ցուցանիշը՝ $4.754), իսկ բյուջեն (եկամուտներ)՝ $1.665 տրլն, ինչն ավելի քան 5 անգամ գերազանցում է ՀԱՊԿ հավաքական բյուջեին ($323.3 մլրդ) [9]: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա վերջինիս ՀՆԱ-ն $2.9 տրլն է, 1.3 անգամ զիջում է ՌԴ-ին և 1.6 անգամ՝ ՀԱՊԿ հավաքական ցուցանիշին: 2017թ. տվյալներով Մեծ Բրիտանիայի բյուջեն (եկամուտներ) $1.02 տլրն էր՝ 3.1 անգամ գերազանցելով ՀԱՊԿ հավաքական արդյունքը:
Աղբյուրը՝ Central Intelligence Agency. The World Factbook; The World Bank
Պարզաբանումներ՝ [10], [11]:
Ինչպես արդեն նշել ենք, առանձնակի կարևորություն են ներկայացնում նաև ՀԱՊԿ հավաքական ցուցանիշներն անդամ-պետությունների վիճակագրական տվյալներով՝ նրանց մասնակցության կամ ներկայացվածության աստիճանը հասկանալու համար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական ՀՆԱ-ի մեծագույն մասը Ռուսաստանի մասնաբաժինն է՝ 84.4%: ՀՆԱ մասնաբաժնի ծավալով ՌԴ-ին հաջորդում են Ղազախստանն ու Բելառուսը՝ համապատասխանաբար ՀԱՊԿ հավաքական ընդհանուր ՀՆԱ-ի շուրջ 10% և 3.7%-ը: ՀՆԱ ցուցանիշով ամենացածր արդյունքը Ղրղզստանինն է՝ $23.15 մլրդ՝ 0.5%-ը: Հայաստանի չափաբաժինը շուրջ 0.6% է:
Նշենք նաև, որ ՀՆԱ ցուցանիշներում (խոսքը գնողունակության հավասարության հաշվարկի մասին է) ԿՀՎ տվյալները էապես չեն տարբերվում միջազգային այլ կառույցների վիճակագրությունից. օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի 2017թ. տվյալներով, ՌԴ ՀՆԱ-ն (գնողունակության հավասարություն) $4 տրլն է ($4007 մլրդ):
Սկզբունքորեն այլ մեթոդաբանություն է կիրառվում ՀՆԱ-ի նոմինալ (nominal) հաշվարկում, որի ցուցանիշը ձևավորվում է շուկայական կամ տվյալ երկրի ղեկավարության կողմից սահմանված արժույթի համապատասխան փոխարժեքով:
Այդ իսկ պատճառով, ՀՆԱ գնողունակության հավասարության և նոմինալ հաշվարկներում, որպես կանոն, լինում է տվյալների էական տարբերություն: Օրինակ, նույն ԱՄՀ մշակած վիճակագրության համաձայն ՌԴ ՀՆԱ-ն (նոմինալ) գնահատվում է $1.576 մլրդ, որը էապես չի տարբերվում ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալից՝ $1.577 մլրդ [12]: Ի դեպ, նկատենք, որ նշյալ ծառայության տեղեկատվական համապատասխան տվյալները հաշվարկվում են միայն նոմինալ մեթոդաբանությամբ: Այս հետազոտության շրջանակներում վիճակագրական հաշվարկներում օգտվել ենք գնողունակության հավասարության մեթոդից:
Աղբյուրը՝ Central intelligence agency. World Factbook
Պարզաբանումներ՝ [13], [14]:
ՀԱՊԿ անդամ-պետությունների շարքում ՀՆԱ մեկ շնչի հաշվարկով լավագույն արդյունքը Ռուսաստանում է՝ $27.900, որին անմիջապես հաջորդում են Ղազախստանն ու Բելառուսը՝ $26.300 և $18.900 ցուցանիշով: Վերջիններիս հետևում է Հայաստանը՝ $9.500: Այս հաշվարկում ցածրագույն արդյունքը գրանցվել է Տաջիկստանում՝ $3.200: Համեմատության համար նշենք, որ 2017թ. վիճակագրությամբ Գերմանիայի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը $50.800 է, ինչը չնչին տարբերությամբ զիջում է ՀԱՊԿ հավաքական համարժեք ցուցանիշին ($52.137):
Գրաֆիկը կազմվել է Central Intelligence agency. World Factbook տվյալների հիման վրա
Նույն վիճակագրական միտումը տեսանելի է նաև բյուջետային հաշվարկի դեպքում. ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական բյուջետային եկամուտներում ՌԴ մասնաբաժինը շուրջ 80%-է, որին հաջորդում է Ղազախստանը՝ 11%: Հայաստանի ցուցանիշն ընդհանուր պատկերում 0.8% է: Ամենացածր արդյունքն արձանագրվել է Ղրղզստանում՝ կազմելով ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական բյուջետային եկամուտների 0.6%-ը:
Ի նչ վերաբերում է ՀԱՊԿ-ի՝ որպես կազմակերպության, բյուջետային միջոցներին, ապա նշենք, որ վերջինիս ֆինանսական գործունեությունը կարգավորվում է կազմակերպության 2002թ. հոկտեմբերի 7-ին ընդունված կանոնադրությամբ: Փաստաթղթի 9-րդ գլխի 24-րդ հոդվածում գրված է. ‹‹Կազմակերպության բյուջեն ձևավորվում է անդամ-պետությունների բաժնեմասային հատկացումների հաշվին, որը հաստատում է Խորհուրդը››[15] (հավաքական անվտանգության խորհուրդ - խմբ.): Բացի ՌԴ-ից, անդամ-պետություններից յուրաքանչյուրի հատկացումները, որպես կանոն, տատանվում են 8.33-8.34%-ի սահմանում, Ռուսաստանի մասնաբաժինը 50% է: Տրամաբանությունը թերևս հետևյալն է՝ ՌԴ մասնաբաժինը «ծածկում» է կազմակերպության բյուջեի ուղիղ կեսը, մնացյալ 50%-ը՝ [16] նշված տոկոսային համամասնությամբ հավասարապես բաշխվում է մյուս անդամ-պետությունների միջև: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2018թ. նոյեմբերի 8-ի «2019 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բյուջեի մասին» որոշմամբ հաստատվել է կազմակերպության 2019թ. բյուջեի եկամտային ու ծախսային մասը 411.7 մլն ռուսական ռուբլի է՝ [17] շուրջ $6 մլն (2018թ. նոյեմբերի փոխարժեքով՝ 1$=67.5RUB): 2017թ. Կազմակերպության բյուջեն շուրջ $4.7 մլն էր [18] : ՀԱՊԿ բյուջետային միջոցներն ուղղվում են կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի կողմից ձևավորվող աշխատանքային մարմինների գործունեության ֆինասնավորմանը: Ներկայում ՀԱՊԿ բյուջեից ֆինանսավորվում են երկու մարմին՝ կազմակերպության Քարտուղարությունը և Միացյալ շտաբը [19] : Այստեղից կարելի է ենթադրել, որ ՀԱՊԿ բյուջեն առավելապես ուղղվում է կազմակերպության կազմակերպչական-կոորդինացիոն գործունեության ապահովմանը: Դա թույլ է տալիս ենթադրելու, որ ՀԱՊԿ-ի ռազմական ծախսերը հոգում են անդամ-երկրները՝ իրենց ռազմատեխնիկական կարողություններով: Ասենք ավելին, թե՛ ՀԱՊԿ պաշտոնական կայքից, թե՛ բաց աղբյուրներից մեզ չհաջողվեց տեղեկատվություն ստանալ կազմակերպության ռազմական բյուջեի և այդ ուղղությամբ ծախսերի վերաբերյալ:
ՀԱՊԿ կանոնադրության 9-րդ գլխի («Ֆինանսավորումը») 24-րդ հոդվածում մասնավորապես ասված է. «Կազմակերպության մշտապես աշխատանքային մարմինների գործունեությունը ֆինանսավորվում է Կազմակերպության բյուջետային միջոցների հաշվին: Կազմակերպության գործունեության ապահովման համար կարող են ներգրավվել արտաբյուջետային միջոցներ...: Անդամ-պետություններն ինքնուրույն են իրականացնում ծախսերը, որոնք վերաբերում են Կազմակերպության մարմինների խորհրդակցություններին, նիստերին և Կազմակերպության շրջանակներում անցկացվող այլ միջոցառումներին իրենց ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցության հետ, ինչպես նաև այն ծախսերը, որոնք պայմանավորված են մշտական ներկայացուցիչների գործունեության հետ»:
Առանձնացրել ենք նաև ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական արտահանման-ներմուծման ցուցանիշները: Այսպես, ԱՄՆ ԿՀՎ վիճակագրությամբ, 2017թ. ՀԱՊԿ անդամ-երկրները արտահանել են ընդհանուր առմամբ շուրջ $436 մլրդ ապրանք, ինչը համաշխարհային արտահանման 2.5%-ն է: Իսկ ՀԱՊԿ անդամ-երկրների ներմուծման հավաքական ցուցանիշը $311.7 մլրդ է՝ համաշխարհային ներմուծման 1.9%-ը:
Աղբյուրը՝ Central intelligence agency. The World Factbook
ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական արտահանման և ներմուծման ծավալները 3.2 և 3.6 անգամ զիջում են Գերմանիային:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական արտահանման ծավալի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 81%-ը, բաժին է ընկնում Ռուսաստանին, ապա՝ Ղազախստանին՝ 11.3%: ՀԱՊԿ հավաքական արտահանման մեջ Հայաստանի քանակական մասնակցությունը 0.5% է: ՌԴ չափաբաժինը ՀԱՊԿ հավաքական ներմուծման 76.3%-ն է: Կազմակերպության անդամ-երկրների շարքում արտահանման-ներմուծման ծավալներով ամենացածր ցուցանիշները Տաջիկստանինն է՝ $0.873 և $2.39 մլրդ:
Աղբյուրը՝ Central intelligence agency. The World Factbook
Գրաֆիկը կազմվել է Central Intelligence agency. World Factbook տվյալների հիման վրա
[1] Թեմայի հետ կապված կարող եք ծանոթանալ «Պետության հավաքական հզորություն» հասկացության հետ. ավելի մանրամասն՝ Карен Веранян.‹‹Совокупная мощь государства», http://www.noravank.am/rus/issues/detail.php?ELEMENT_ID=15920
[2] Ա. Մարջանյան. «Բառերի տիեզերք. Հաճախակիության բառարանները և Google N-gram գործիքը», http://www.noravank.am/img/detail.php?ELEMENT_ID=15921
[3] Նու՛յն տեղում:
[4] Google Ngram viewer. Տվյալները հասանելի են 1800-2008թթ. միջակայքում:
[6] Վիճակագրությունը վերաբերում է ոչ թե ՀԱՊԿ կազմակերպության ֆինանսական տվյալներին, այլ կազմակերպության անդամ-պետությունների ազգային վիճակագրական հավաքական ռեսուրսներին:
[7] Central Intelligence agency. World Factbook. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/xx.html
[8] Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ $4193 մլրդ:
[9] Central Intelligence agency. World Factbook. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/gm.html
[10] GDP (ppp-purchasing power parity)- ՀՆԱ (գնողունակության հավասարություն)
[11] Համաշխարհային բանկի տվյալներով, 2017թ. համաշխարհային ՀՆԱ-ն (գնողունակության հավասարություն) հաշվվում էր $127.7 տրլն: Աղբյուրը՝ https://databank.worldbank.org/data/download/GDP_PPP.pdf, https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.PP.CD?year_high_desc=true
[12] Федеральная служба государственной статистики РФ, https://www.statista.com/topics/2675/russia/
[13] GDP (ppp-purchasing power parity)- ՀՆԱ (գնողունակության հավասարություն)
[14] GDP (per capita/ppp)- ՀՆԱ 1 շնչի հաշվարկով՝ ըստ գնողունակության հավասարության
[15] Устав Организации Договора о Коллективной безопастности, 7 октября 2002г., http://www.odkb-csto.org/documents/detail.php?ELEMENT_ID=124
[16] Решение СКБ ОДКБ от 10 декабря 2010 года, О бюджете ОДКБ на 2011г., http://docs.pravo.ru/document/view/17019829/
[17] О финансовых аспектах сотрудничества в рамках Организации Договора о коллективной безопасности (ОДКБ), http://www.minfin.gov.by/upload/ministerstvo/cooperation/odkb.pdf
[18] https://charter97.org/ru/news/2018/7/23/298618/
[19] Նու՛յն տեղում:
[20] Устав Организации Договора о Коллективной безопастности, 7 октября 2002г., http://www.odkb-csto.org/documents/detail.php?ELEMENT_ID=124