Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան

8 ր.   |  2024-07-31

Ռ ուս-ուկրաինական պատերազմի մեկնարկով գործնականում սկսվեց նոր աշխարհակարգի ձևավորումը։ Աշխարհաքաղաքական անկայունության ու անկանխատեսելիության պայմաններում շատ երկրներ զբաղված են արտաքին քաղաքականության վերանայմամբ։ Հատկապես փոքր պետությունների համար կարևոր է անորոշության պայմաններում բարձրացնել սեփական դիմակայունությունը, նվազեցնել հնարավոր անվտանգային, տնտեսական ռիսկերը և, իհարկե, հնարավորինս ավելի լավ դիրքավորվել նոր ձևավորվող աշխարհակարգում։ Ուկրաինական պատերազմի ֆոնին շատ պետությունների համար Ռուսաստանի, Արևմուտքի և այլ ուժային կենտրոնների միջև մանևրելը դժվարանում է, սակայն մյուս կողմից ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգում բացվում են նոր հնարավորություններ՝ գոյություն ունեցող փոխկապակցվածությունները հավասարակշռելու համար։ 

Վերջին տարիների միջազգային և տարածաշրջանային իրադարձություններով պայմանավորված՝ Հայաստանը ևս գործնական քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։ Մասնավորապես, 2020 թվականի 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած իրադարձություններից հետո տարածաշրջանային իրավիճակը շարունակում է փոփոխություններ կրել, և ակնհայտ է դառնում, որ Հայաստանի նախկին անվտանգային համակարգը այլևս կենսունակ չէ։ Տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին Հայաստանը, որպես փոքր պետություն, խոցելի է մեծ պետությունների հետ հարաբերություններում, հատկապես՝ նրանց գերակայության նկատմամբ, ուստի այլ երկրների հետ հարաբերությունների վերանայման հրամայականը ավելի հրատապ է դառնում։

Թեև Հայաստանը պաշտոնապես հայտնել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին, պետական փաստաթղթերով այդ քաղաքականությունը դեռևս ամրագրված չէ, և դրա մեկնաբանությունները բավականին տարբեր են, ինչն իր հերթին թյուրիմացության և տարատեսակ շահարկումների հնարավորություն է տալիս։

Ընդհանրապես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի նպատակը բալանսավորումն է, մանևրի տարածաշրջանային և միջազգային դաշտի ընդլայնումը, և որպես արդյունք՝ պետության խոցելիության նվազեցումն ու ինքնիշխանության ամրապնդումը։ Ներկայիս պայմաններում Հայաստանի համար չափազանց կարևոր է արտաքին հարաբերությունների ճշգրիտ բալանսավորումը և բազմավեկտորության կիրառումը՝ խուսափելով արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձերից, ինչը, ինչպես ցույց է տալիս հետխորհրդային պետությունների նորագույն պատմության փորձը (օրինակ՝ Վրաստան, Ուկրաինա), կարող է պետության և պետականության համար բացասական հետևանքներ ունենալ։

Այսօր ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար էական կարևորություն են ձեռք բերել Թուրքիան ու Ադրբեջանը, ինչը մեծ մարտահրավեր է Երևանի համար։ Սակայն, մյուս կողմից, պետք է չմոռանալ, որ թեև Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում որոշակիորեն նվազել է, ռազմական ու տնտեսական ազդեցությունն էական է, այդ թվում՝ Վրաստանի ու Ադրբեջանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները հստակեցման կարիք ունեն՝ կառուցողական երկխոսության ու գործընկերային մթնոլորտում։ Պետք է ուշադրություն դարձնել կողմերի «կարմիր գծերի» վրա, վեր հանել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները, աշխատել դրանց լուծման և քաղաքական հարաբերությունների կայունացման ուղղությամբ։ Ցանկալի է նաև կենտրոնանալ երկկողմ և բազմակողմ հարթակներում դրական օրակարգի վրա և այն ուղղությունների, որտեղ հարաբերությունները դինամիկ զարգանում են։

Պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանում շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ նաև Իրանը, որի քաղաքականությունը նոր նախագահի օրոք կարող է ակտիվանալ։ Նկատի ունենալով Թուրքիայի և Իրանի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվությունը՝ պետք է շարունակել երկխոսությունը Թեհրանի հետ՝ հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու նպատակով։ Այս գործոնները թույլ են տալիս պնդել, որ դիվերսիկացիայի գործընթացը չպետք է տեղի ունենա Հայաստանի արտաքին քաղաքական ավանդական ուղղությունների հետ հարաբերությունների հաշվին։

Խոսելով ավանդական գործընկերներից՝ հարկ է ընդգծել, որ Արևմուտքը ևս Հայաստանի արտաքին քաղաքականության ավանդական ուղղություններից է։ Անկախության հռչակումից ի վեր՝ Հայաստանը մշտապես զարգացրել և խորացրել է կապերը ԱՄՆ-ի, Եվրամիության, եվրոպական կառույցների և առանձին պետությունների հետ։ Սակայն այլ բան է համագործակցության խորացումը ոչ այնքան ավանդական ոլորտներում ինչպես՝ ռազմական, տնտեսական, էներգետիկ։ ՀՀ իշխանությունները երբևէ արտաքին քաղաքական «վեկտորի» փոփոխության հարց չեն բարձրացրել, սակայն 2020թ. պատերազմից և 2021-2022 թթ․ Հայաստանի տարածքի վրա հարձակումներից հետո ի հայտ եկավ Արևմուտքի հետ հարաբերությունների բոլոր ուղղությունների սերտացման անհրաժեշտություն։

Այս առումով չափազանց կարևոր էր ապրիլի 5-ի Հայաստան-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով բարձր մակարդակի համատեղ հանդիպումը, որի նպատակը Արևմուտքի հետ գործընկերության ընդլայնումն էր, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ, ինչպես նաև երկրի դիմակայունության բարձրացումը։ Բրյուսելյան հանդիպման առանցքային քաղաքական հայտարարությունը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ սատարումն էր։ Այս հանդիպումն արդեն իսկ կարելի է դիտարկել որպես արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայի մաս։ Այլ կարևոր հանգրվան է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը, որը գալիս է լրացնելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և, ամենայն հավանականությամբ, պարունակելու է անվտանգային և տնտեսական բաղադրիչներ։ Եվրամիության հետ համագործակցության տեսանկյունից որպես քաղաքական ուղերձ կարևոր քայլ էր Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի աջակցության տրամադրման մասին որոշումը, որի նպատակն է բարձրացնել ՀՀ Զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը: Մյուս կարևոր քայլը կլինի վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս իրողությունները վկայում են Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում Եվրամիության 27 անդամ երկրների միջև կոնսենսուսի առկայության մասին։ Այլ կարող է լինել իրավիճակը, եթե Երևանը դիմում ներկայացնի ԵՄ անդամակցության համար։

Չնայած Եվրամիության հետ վերջին շրջանում քայլ առ քայլ ակտիվացող համագործակցությանը, և հանրային կարծիքի վերջին փոփոխություններին՝  կարևոր է Հայաստանի հասարակության շրջանում Եվրամիությունից և ՀՀ-ԵՄ հարաբերություններից չափազանցված ակնկալիքների կառավարումը։ Այսօր հանրության մի մասի շրջանում ձևավորված շատ բարձր սպասումները կարող են չարդարանալ, ինչը բացասաբար կանդրադառնա իշխանությունների գործունեության վարկանիշի վրա, և կխաթարի վստահությունը Եվրամիության հետ հարաբերությունների նկատմամբ։

ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի կարևոր ուղղություններից է հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այս առումով վերջին շրջանում ևս կարող ենք արձանագրել կայուն առաջընթաց։ Ձեռքբերումներից պետք է  ընդգծել հատկապես Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության բարձրացումը ռազմավարական գործընկերության մակարդակի։ Դա մեկնարկած գործընթացի մի մասն է, որի շարունակությունը պետք է լինի տարբեր ուղղություններով հարաբերությունների խորացումը, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունության բարձրացումը, անվտանգության ոլորտում համագործակցությունը և, իհարկե, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը։  Ռազմական ոլորտում համագործակցության վերջին կարևոր իրադարձություններից էին «Արծիվ գործընկեր 2024» զորավարժությունը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում ԱՄՆ բանակի ներկայացուցչի նշանակման մասին որոշումը։

Նկատելի է նաև Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի փոխայցերի ակտիվացում, ինչը վկայում է հարաբերություններում բարձր դինամիկայի և փոխգործակցության նոր հնարավոր նախագծերի մասին։ Խոսելով ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության և Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընթացքի մասին՝ պետք է հաշվի առնել նոյեմբերի 5-ին սպասվող նախագահական ընտրությունները։ Թեև ԱՄՆ-ում պետական կառավարման համակարգը և գործընկերների հետ հարաբերությունները դրված են ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա, և կախված չեն մեկ անձից, այնուամենայնիվ, նախագահի դերը մեծ է քաղաքականության հիմնական ուղենիշերը սահմանելու հարցում։ Ուստի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում Վաշինգտոնի մոտեցումները Հարավային Կովկասի և Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցում կարող են փոխվել։ Այս առումով պետք է ակտիվացնել աշխատանքը ԱՄՆ Հանրապետական կուսակցության, ինչպես նաև Թրամփի հնարավոր վարչակազմի անդամների հետ։ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում որոշակիություն պահպանելու համար նպատակահարմար կլիներ մինչև նախագահի ընտրությունները դիտարկել հարաբերությունների իրավական կարգավիճակը ամրագրող փաստաթղթի ստորագրման հնարավորությունը։

Բացի ավանդական ուղղություններից՝ կարևոր է տարբեր երկրների հետ համագործակցության ավելի երիտասարդ ոլորտների ակտիվացումը, ինչպես Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Մերձավոր Արևելքի երկրների՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, դիտարկել նաև բոլորովին նոր ուղղությունները։ Այս երկրների մեծ մասի հետ Հայաստանը կապված է ավանդական բարեկամությամբ, սակայն ոչ բոլորի հետ են մեր հարաբերությունները ունեցել ռազմավարական նշանակություն։

Հ այաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիայի լավագույն օրինակներից է, թերևս, Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հնդկական աղբյուրների տվյալով՝ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն գնորդը, ինչն այդ համագործակցությունը դարձնում է փոխշահավետ։ Կարևոր է զարգացնել ռազմական համագործակցության ողջ ներուժը՝ զորավարժությունների, ռազմական կրթության, փորձի փոխանակման այլ ուղղություններով։ Մյուս կողմից, հաշվի առնելով Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքը՝ Հնդկաստանը պետք է ոչ պակաս շահագրգռված լինի Հայաստանի հետ նաև քաղաքական բաղադրիչի ակտիվացմամբ, օրինակ, Հայաստանի դեմ հնարավոր գործողությունների դեպքում, ինչը տեղի չունեցավ 2023թ․ Լեռնային Ղարաբաղի հայաթափման ժամանակ։ Հայ-հնդկական հարաբերությունների ողջ ներուժը օգտագործելու համար կարևոր է նաև առևտրի և ներդրումների խթանումը։

Այստեղ անհրաժեշտ է դիտարկել նաև Չինաստանի հետ հարաբերությունների խորացման հնարավորությունները։ Վերջին տարիներին Պեկինի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ ակնհայտ է։ Դրա վառ օրինակներից է Վրաստանի և Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթերի ընդունումը, ինչպես նաև Բաքվի և Թբիլիսիի հետ տնտեսական, տարանցիկ, ենթակառուցվածքային և այլ նախագծերում համագործակցության խորացումը։ Չինական նախագծերում Հայաստանը ևս կարող է դիտարկվել որպես լրացուցիչ տարր, ուստի կարևոր է ուշադրության կենտրոնում պահել Չինաստանի հետ ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում գործակցության խորացման հնարավորությունները։ Դա Երևանին թույլ կտա հերթական անգամ դուրս չմնալ տարածաշրջանային նախագծերից։

ՀՀ համար անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացման լուրջ ուղղություն կարող են դառնալ Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը, նրանց հետ հնարավոր բազմակողմ ձևաչափերի գործարկումը, այդ թվում՝ Հնդկաստանի ներգրավմամբ, ինչպես նաև Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափը: Իհարկե, այս գաղափարները կյանքի կոչելու համար հսկայական նախապատրաստական և դիվանագիտական աշխատանք է պահանջվում, ինչպես նաև քաղաքական կամք։ 

Դիվերսիֆիկացիայի համատեքստում էական նշանակություն ունի նաև արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը, և Սաուդյան Արաբիայի հետ 2023թ․ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ճիշտ քայլ է այդ ուղղությամբ: Նույնը կարելի է ասել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման մասին, սակայն չպետք է սահմանափակվել արդեն գոյություն ունեցող ոլորտներում։

Արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում կապերը դիվերսիֆիակցնելու նպատակով այլ երկրների հետ համագործակցության խորացման համար շատ կարևոր է կարիքների ճիշտ գնահատում կատարել։ Պետք է դիտարկել նաև համագործակցության նոր ուղղություններ, օրինակ, Ղազախստանի, եվրոպական ավանդական բարեկամական երկրների հետ։ Կարևոր է նաև տարբեր կենտրոնների շահերի համադրումը, ինչպես ունենք Իրանի և Եվրամիության համագործակցությամբ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում։

Վերադառնալով տարածաշրջան՝ հարկ է անդրադառնալ ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ուղղված հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, ուղևորափոխադրումների ապահովմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները։ Նախաձեռնությունը միտված է նաև Հայաստանի տնտեսական և տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացմանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում։ Այն կարևոր է նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու տեսանկյունից։ 

Ամփոփելով՝ պետք է ընդգծել, որ ի վերջո, դիվերսիֆիկացիայի էությունը փոքր պետության համար տարբեր ոլորտներում մի կենտրոնից կախվածության նվազեցումն է ու դրա բաշխումը այլ ուղղություններով։ Միաժամանակ, անհրաժեշտ է երկխոսություն պահել բոլոր ուժային կենտրոնների, տարածաշրջանային ու միջազգային դերակատարների հետ ու դիվանագիտական խողովակներով և կառուցողական երկխոսության միջոցով գործընկերներին ցույց տալ, որ կողմերից որևէ մեկի հետ հարաբերությունները չեն կառուցվում մյուսի հաշվին։ Հայաստանը պետք է կարողանա հավասարակշռություն պահպանել բոլոր կենտրոնների հետ համագործակցության հարցում՝ հիմնվելով ռեալ քաղաքականության սկզբունքների վրա՝ չարժեզրկելով, սակայն, քաղաքակրթական և ժողովրդավարական արժեհամակարգը։

Հայաստանի արտաքին, անվտանգային, տնտեսական, էներգետիկ քաղաքականության դիվերսիֆիկացիայի արդյունքը պետք է լինի արտաքին միջավայրից բխող սպառնալիքների չեզոքացումը կամ նվազեցումը, ինչպես նաև ինքնիշխանության ամրապնդումը։ Դիվերսիֆիկացիան պետք է ապահովի նաև անվտանգության նոր համակարգի կառուցում և անվտանգ հեռավորություն ուժային բոլոր կենտրոններից։ 

Դիվերսիֆիկացիայի գործընթացում հնարավոր շահարկումները մեղմելու համար կարևոր է, որ ՀՀ-ն ունենա արտաքին քաղաքականության հայեցակարգ, որը լավագույնս կարտացոլի ներկայիս իրավիճակը, արդեն գոյություն ունեցող իրողությունները ու կսահմանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակները ու համագործակցության ուղղությունները։ Անհրաժեշտ է, որ մյուս կողմերը ևս հստակեցնեն Հայաստանի հետ հարաբերությունների իրենց տեսլականը։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը Հարավային Կովկասում, համեմատաբար նոր դերակատարները ևս պետք է հստակ սահմանեն իրենց քաղաքականությունը տարածաշրջանի և Հայաստանի նկատմամբ։