Համընդհանուր պաշտպանության համակարգի առանձին տարրեր. մաս III
6 ր. | 2024-05-29Շվեյցարիայի քաղաքացիական պաշտպանությունը. բունկերներ և ապաստարաններ
Հ ամընդհանուր պաշտպանության համակարգի անբաժանելի տարր է քաղաքացիական պաշտպանությունը։ Այն ենթադրում է գործողությունների բավական լայն շրջանակ, որոնք ուղղված են բնակչության՝ ռազմական ագրեսիային, բնական և տեխնածին աղետներին կամ այլ արտակարգ իրավիճակներին ու դրանց հետևանքներին պատրաստության բարձրացմանը։ Քանի որ նախորդ հոդվածներում արդեն իսկ ներկայացվել են արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացմանը՝ ինչպես կանոնավոր բանակի, այնպես էլ պահեստազորի և աշխարհազորայինների մասնակցությանը, այս հոդվածում կենտրոնանալու ենք քաղաքացիական պաշտպանության մյուս կարևոր բաղադրիչի՝ ապաստարանների ու բունկերների վրա։
Այս առումով օրինակելի է Շվեյցարիայի փորձը։ Երկու համաշխարհային պատերազմների միջակայքում, շվեյցարացիները ցուցաբերել են հարգանքի արժանի աշխատասիրություն և նպատակասլացություն՝ համալրելով և բարելավելով դեռևս 19-րդ դարի վերջից Ալպերում կառուցված ամրաշինական կառույցները, ստեղծելով հայտնի «Շվեյցարիայի ազգային ռեդուտը»[1]։
Շվեյցարիայի ազգային ռեդուտը
Թ եև Սառը պատերազմից հետո Շվեյցարիայի ԶՈւ-ն սկսել էր լեռներում տեղակայված բունկերների ու կրակակետերի վաճառքը մասնավոր սեկտորին, 2022թ․ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո ԶՈւ ղեկավարությունը մտափոխվել է․ 2023թ․ «բանակի պետ» Թոմաս Սյուսլին հայտարարեց, որ դադարեցնում է անգամ ապագաղտնազերծված կրակակետերի վաճառքը[2]։
Դժվար է ասել, թե որքանով են այդ ամրաշինական կառույցներն ու թաքստոցներն արդյունավետ գործնական առումով․ դրանք երբևէ չեն մասնակցել ակտիվ ռազմական գործողությունների։ Մյուս կողմից, դա լավագույնս խոսում է նրանց արդյունավետության օգտին, քանի որ այդ դժվարանցանելի համակարգի գոյությունն ինքնին հանդիսացել է գործոն, որպեսզի հավանական հակառակորդը չդիտարկի ռազմական ճանապարհով սեփական նպատակներին հասնելու տարբերակը։
Ինչ վերաբերում է քաղաքացիական պաշտպանությանը, ապա ներկայիս համակարգն սկսել է ձևավորվել Սառը պատերազմի ամենաթեժ տարիներին՝ 1960-ական թվականներին[3]։ Այսօր Շվեյցարիայի քաղաքացիական պաշտպանության օրենսդրությամբ[4] ամրագրված է, որ Համադաշնության յուրաքանչյուր քաղաքացի ստորգետնյա ռմբապաստարանում տեղի իրավունք ունի: Գործնականում Շվեյցարիան միակ երկիրն է, որի ողջ բնակչությունը փաստացի տեղ ունի ապաստարանում։
Շվեյցարիայի քաղաքացիական ապաստարարնները
1 963թ․ ստեղծվել է Շվեյցարիայի բնակչության և քաղաքացիական պաշտպանության դաշնային գերատեսչությունը (Bundesamt für Bevölkerungsschutz, BABS), որի խնդիրն էր երկրում քաղաքացիական պաշտպանության ապաստարանների համակարգի կառուցման նախագծերի կազմակերպումն ու վերահսկումը։
BABS-ի տվյալներով՝ 2022թ. վերջի դրությամբ Շվեյցարիայում կար մոտավորապես 370 հազար ապաստարան, որտեղ կարող էին պատսպարվել 8,9 միլիոն մարդ։ Միջինում դա բնակչության 107%-ն է, թեև հինգ կանտոններում այդ ցուցանիշը 100%-ից ցածր է:
Շվեյցարիայում 1962թ․-ից ի վեր ապաստարանների և ընդհանրապես քաղաքացիական պաշտպանության համակարգի կառուցման վրա ծախսվել է մոտ 12 միլիարդ ֆրանկ։ Ծախսերի ամենաակտիվ փուլը տևել է մինչև 1980-ական թթ․ սկիզբ։ Ապաստարանների սպասարկման և պահպանման ծախսերը կրում են կանտոնները (դաշնային սուբյեկտները) և համայնքները (քաղաքապետարանները)։
Մինչև 2000-ականների սկիզբը Շվեյցարիայում բոլոր նոր կառուցվող բնակելի շենքերը և տները պարտադիր պետք է ունենային նաև ապաստարաններ։ Վերջին տարիներին ապաստարանային քաղաքականությունը որոշակիորեն մեղմացվել է․ նոր շենքերի կառուցումը սկսեց թույլատրվել առանց ապաստարանների։ Իսկ 2023թ․ մայիսին BABS-ը հայտարարեց[5], որ արդեն կառուցված մինչև 7 տեղանոց ապաստարաններն աստիճանաբար փակվելու են և վաճառվելու մասնավոր սեկտորին։ Խոսքը շուրջ 100 հազար ապաստարանների մասին է, որոնց ընդհանուր տարողունակությունը 700 հազար է։ Փոխարենը որոշվել է շեշտը դնել հանրային մեծ ապաստարանների վրա։
Այս որոշումը հիմնավորված է նրանով, որ դեռևս 1980-ականներից և առավել ևս Սառը պատերազմի ավարտից հետո փոքր ապաստարաններն սկսել էին օգտագործվել ոչ նպատակային[6]․ ոմանք պահում են այնտեղ հին իրերը, ոմանք՝ գինի։ Որոշ ապաստարաններ օգտագործվում են որպես խանութներ։
Պատճառներից մեկը նաև այն է, որ շատ ապաստարաններում օդափոխության և օդորակման համակարգերը տեղադրվել են շուրջ հիսուն տարի առաջ և դրանց պահեստամասերի արտադրությունը վաղուց դադարեցվել է և փոքր ապաստարանների հետագա արդիականացումը չափազանց թանկ կլինի։
Այդուհանդերձ, հայտնի են դեպքեր, երբ տարբեր պատճառներով շահագործումից հանվել են նաև մեծ ապաստարաններ, սակայն, որպես կանոն, դրանց համար ևս հաջողվել է նոր գործածություն գտնել։
Լոզանի գլխավոր կայարանի հին փոստի շենքի տակ գտնվող 350 քմ տարածքով ապաստարանը շահագործումից հանվել է շատ տարիներ առաջ, և այժմ այնտեղ ցուցահանդես է, որը կոչվում է «Ապաստարանում»: Բեռնի նախկին ապաստարաններից մեկում գրախանութ է, Ցյուրիխում՝ եկեղեցի։ Ապաստարաններն օգտագործվում են նաև ժամանցի (գոլֆ, հրաձգարաններ, լեռնամագլցում) և հանրային միջոցառումների անցկացման նպատակով։ Վերջին տարիներին այդպիսի ապաստարաններն օգտագործվել են նաև ներգաղթյալներին և փախստականներին ընդունելու և տեղավորելու համար։
Շվեյցարական ապաստարանների մեջ առանձին տեղ է զբաղեցնում Զոնենբերգ թունելը։ Այն գտնվում է Լյուցեռն քաղաքի մոտակայքում, կառուցվել է 1971-1976թթ., երկարությունը 1550 մետր է, Ժամանակին այն նախատեսված է եղել 20000 բնակչի պաշտպանելու համար[7]:
Դեպի ապաստարան 20 հազար քաղաքացիների տարհանման բարդությունները բացահայտվեցին 1987թ. անցկացված միակ փորձարկման ժամանակ։ Պարզվեց, որ գործնականում անհնար է 24 ժամվա ընթացքում ամբողջ ծավալով գործարկել ապաստարանը և որոշվեց ապաստարանի տարողունակությունը նվազեցնել մինչև 10 հազարի։ Սառը պատերազմի ավարտից հետո սպասարկման մեծ ծախսերի և աղետներից հետո արագ օգտագործման սահմանափակ հնարավորության պատճառով որոշվեց ապաստարանի հզորությունը կրճատել մինչև 2000-ի։
Այդուհանդերձ, ապաստարաններն ու բունկերները, կարելի է ասել, Շվեյցարիայի բրենդներից մեկն են։ Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացրել տարբեր երկրների քաղաքական և ֆինանսական վերնախավերի շրջանում. շվեյցարական որոշ ընկերություններ անգամ առաջարկում են միլիոնատերերին շքեղ ու թանկարժեք բունկերներ։ Դրանք, իհարկե, ոչ միայն կյանքեր փրկելու համար են, այլև ապոկալիպտիկ սցենարի պարագայում հարուստ կենսակերպը պահպանելու միջոց:
2010թ. Լիբիայում ժողովրդական ապստամբության ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրեցին[8], թե ինչպես են ցուցարարները գրոհում Մուամար Քադաֆիի առանձնատներից մեկը Ալ-Բայդա քաղաքում։ Այդ տեսանյութերում երևում էր նաև Ջամահիրիայի երբեմնի առաջնորդի բունկերը՝ օդորակման և օդափոխության համակարգով, որը կարուցվել էր շվեյցարական ընկերության կողմից։ Շվեյցարական ընկերություններն աշխատել են նաև 1980-ականներին Իրաքում՝ Սադամ Հուսեյնի համար կառուցելով ստորգետնյա կացարաններ[9]։
Ունենալով ավելի քան ընդգծված չեզոք դիրքորոշում և գործնականում չունենալով թշնամիներ՝ Շվեյցարիան, միևնույն է, այսօր էլ շարունակում է քաղաքացիական պաշտպանության և ընդհանուր պաշտպանական համակարգի արդիականացումը։ Շվեյցարացիները խուսափել են անմիջական հարևանությամբ ընթացող երկու համաշխարհային պատերազմներից։ Ի հեճուկս տարածված է կարծիքի, թե դա պայմանավորված է բացառապես Շվեյցարիայի ֆինանսական կարևորությամբ, հարկ է նշել, որ ռազմական առումով անպատրաստ ֆինանսական կենտրոնը է՛լ ավելի գրավիչ թիրախ կլիներ համաշխարհային ամբիցիաներ ունեցող հարևանների համար։ Ուստի Շվեյցարիայի չեզոքության պահպանման գլխավոր գործոնը ցանկացած պատերազմի պատրաստ լինելն է։
[1] Dominique Andrey, « Évolution de la valeur opérative du secteur alpin suisse », Revue historique des armées [En ligne], 243 | 2006, mis en ligne le 02 décembre 2008, consulté le 29 mars 2024. URL : http://journals.openedition.org/rha/5102
[2] https://www.swissinfo.ch/eng/politics/swiss-army-stops-sale-of-bunkers/48820126
[3] Ziauddin, Silvia Berger. "Superpower Underground: Switzerland's Rise to Global Bunker Expertise in the Atomic Age." Technology and Culture, vol. 58 no. 4, 2017, p. 921-954. Project MUSE, https://doi.org/10.1353/tech.2017.0109.
[4] https://www.fedlex.admin.ch/eli/cc/2020/887/it
[5] https://www.swissinfo.ch/eng/business/switzerland
[6] Ziauddin, S. (2017). (De)territorializing the home. The nuclear bomb shelter as a malleable site of passage. Environment and Planning D: Society and Space, 35, 674 - 693. https://doi.org/10.1177/0263775816677551.
[7]https://web.archive.org/web/20070311220711/http:
[8] https://www.youtube.com/watch?v=7L1hWPGVcB
[9] https://www.swissinfo.ch/fre/economie/la-suisse