Հայաստանի եվրոպական հեռանկարը. մարտահրավերներ և հնարավորություններ
15 ր. | 2024-05-17Հ այաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի պայմաններում զգալիորեն ակտիվացել են քննարկումները երկրի եվրոպական հեռանկարի շուրջ։ Հայաստանի եվրոպական ձգտումների մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական նկրտումներ, և մենք անցնում ենք այդ գործընթացով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի այդ գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսել»,- ասել է նախարարը TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Եվրոպական ինտեգրման շուրջ քննարկումներն ընթանում են ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական դաշտում՝ գրավելով նաև միջազգային դերակատարների ուշադրությունը։ Չնայած դրան՝ Հայաստանում եվրոպական օրակարգի շուրջ դեռևս հստակություն չկա․ անհրաժեշտ է նախևառաջ դիտարկել եվրոպական ինտեգրման հիմնական հնարավոր մարտահրավերներն ու հնարավորությունները։
Եվրոպական ինտեգրման խորացումը Հայաստանին կարող է առաջարկել տնտեսական զարգացման, քաղաքական համագործակցության և անվտանգության ամրապնդման հնարավորություններ։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ներկայումս կարգավորվում են Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրով (CEPA)։ Առանձին ոլորտներում համագործակցության առանձին ձևաչափեր են գործում։ Հայաստանում տեղակայված է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը մշտադիտարկում է Ադրբեջանի հետ սահմանը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը Արևելյան գործընկերության մաս է, որը ընդլայնման քաղաքականության համատեքստում շատերը սպառված են համարում։ Նրանք կարծիք են հայտնում, որ ծրագրին նոր մոտեցումներ ու բարեփոխումներ և հստակ օրակարգ է անհրաժեշտ։ Եվրամիությունը նաև շարունակում է աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը։
Եվրոպական Միության տեսանկյունից եվրաինտեգրումը ոչ միայն ԵՄ ներքին քաղաքականության անկյունաքարն է, այլև արտաքին քաղաքականության ռազմավարության անբաժանելի մասը՝ ուղղված այլ երկրների հետ փոխգործակցությանը։ ԵՄ-ն առաջ է մղում ինտեգրման գործընթացները հարևան տարածաշրջաններում այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է Եվրոպական հարևանության քաղաքականությունը, որի մասն է Արևելյան գործընկերությունը։ Բացի այդ, առանձին երկրների հետ ավելի սերտ տնտեսական, քաղաքական և սոցիալական կապերի ամրապնդման միջոցով ԵՄ-ն օգտագործում է իր ինտեգրման մոդելը որպես փափուկ ուժի գործիք և ձգտում ընդլայնել իր ազդեցության ոլորտը՝ միաժամանակ խթանելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության արժեքները: Ավելին, ԵՄ սահմաններից դուրս ինտեգրումն առաջ տանելով՝ Միությունն ուժեղացնում է իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։
Եվրամիությանն անդամակցելու մեխանիզմները. Կոպենհագենի չափանիշներ
Ե վրոպական միությունը քաղաքական, տնտեսական և սոցիալական ինտեգրման միավորում է, որն արտացոլում է անդամ երկրների ընդհանուր արժեքներն ու համագործակցությունը: ԵՄ-ին անդամակցության գործընթացն ընթանում է Կոպենհագենի չափանիշներին խիստ համապատասխան: Հենց այդ չափանիշներն են սահմանում անդամակցության համար անհրաժեշտ հիմնարար սկզբունքներն ու նախադրյալները:
ԵՄ անդամակցության մեխանիզմները
ԵՄ անդամակցության գործընթացն ավանդաբար սկսվում է Եվրոպական խորհրդին պաշտոնական դիմում ներկայացնելով, որն արտահայտում է թեկնածու երկրի մտադրությունը՝ անդամակցել ԵՄ-ին: Հայտը ստանալուց հետո Եվրոպական հանձնաժողովը քննարկում է՝ գնահատելով երկրի պատրաստակամությունը՝ ստանձնելու ԵՄ-ին անդամակցության հետ կապված պարտավորությունները: Այս փուլում դիմող երկրին կարող է տրվել թեկնածու երկրի կարգավիճակ՝ Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, ապա Եվրոպական խորհուրդը որոշում է՝ սկսե՞լ անդամակցության շուրջ պաշտոնական բանակցություններ, թե՝ ոչ։ Մինչև անդամակցության պաշտոնական բանակցությունների մեկնարկը և բանակցությունների ընթացքում թեկնածու երկրներն անցնում են անդամակցության նախապատրաստում, որը ենթադրում է բարեփոխումների իրականացում՝ միտված իրենց օրենքների, ինստիտուտների և քաղաքականության համապատասխանեցմանը ԵՄ չափանիշներին և պահանջներին:
Անդամակցության գործընթացում կենտրոնական տեղ են զբաղեցնում Կոպենհագենի չափանիշները, որոնք ծառայում են որպես հիմնաքար թեկնածու երկրի՝ ԵՄ անդամակցության պահանջներին համապատասխանության գնահատման համար: 1993թ․ Կոպենհագենում կայացած Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում ձևակերպված այս չափանիշներն ընդգրկում են երեք հիմնասյուն՝ քաղաքական, տնտեսական և վարչական:
Քաղաքական չափանիշներ
Դրանց իրականացումը ենթադրում է, որ թեկնածու երկիրը պետք է ունենա կայուն ինստիտուտներ, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնությունների նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը: Սա նշանակում է գործող ժողովրդավարական համակարգի առկայություն, ազատ և արդար ընտրություններ, անկախ դատական համակարգ, ինչպես նաև միջազգային համաձայնագրերով ամրագրված հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանման հանձնառություն:
Տնտեսական չափանիշներ
Դրանք նախատեսում են, որ թեկնածու երկիրը պետք է ունենա գործող շուկայական տնտեսություն և ԵՄ-ում մրցակցությանը դիմակայելու համապատասխան ունակություն: Սա ենթադրում է միջոցներ ձեռնարկել մակրոտնտեսական կայունության ապահովման, շուկայական մեխանիզմների գործունեության ապահովման և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ կարգավորող դաշտի ստեղծման ուղղությամբ:
Վարչական չափանիշներ
Դրանց համապատասխանությունը ցույց է տալիս թեկնածու երկրի կարողությունը արդյունավետորեն կիրառելու եվրոպական համայնքի ողջ օրենսդրությունը: Թեկնածու երկիրը պետք է ունենա վարչական ներուժ՝ ընդունելու, կիրառելու և կառավարելու ԵՄ օրենսդրությունը քաղաքականության տարբեր ոլորտներում՝ սկսած շրջակա միջավայրի պաշտպանությունից և սպառողների իրավունքներից մինչև մրցակցության և գյուղատնտեսության քաղաքականություն:
Վերոնշյալ չափանիշներին համապատասխանելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Եվրամիությանն անդամակցելու համար։ Այդ գործում կարևորագույն դեր է խաղում քաղաքական որոշումը, որի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրավիճակը, Միության ռազմավարական շահերում այդ երկրի հնարավոր ներդրումը և Եվրամիության առանձին երկրների հարաբերությունները թեկնածու երկրի հետ։ Նոր անդամ պետություններ ընդունելու որոշումը, ի վերջո, կայացվում է ԵՄ անդամ 27 պետությունների կողմից, որոնք պետք է լիարժեք համաձայնության գան: Բացի այդ, անդամ պետություններում հասարակական կարծիքը ևս կարող է կարևոր դեր ունենալ, քանի որ ԵՄ քաղաքացիները կարող են մտահոգություններ ունենալ ընդլայնման ազդեցության հետ կապված այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են, օրինակ, միգրացիան, զբաղվածությունը և ազգային ինքնությունը:
ԵՄ անդամության թեկնածու երկրների ճանապարհը
Վ երջին երկիրը, որ դարձել է Եվրամիության անդամ, Խորվաթիան է։ Նրա անդամակցության գործընթացն ավարտվել է 2013 թվականի հուլիսի 1-ին։ Արդեն 11 տարի է՝ Եվրամիությունը նոր անդամներ չունի, չնայած մի շարք երկրներ արդեն տևական ժամանակ է՝ սպասում են իրենց հերթին։ Այդ երկրներից են Թուրքիան և Արևմտյան Բալկանների երկրները, որոնք բախվում են զգալի խոչընդոտների ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանեցման հարցում։ Միևնույն ժամանակ, նրանք անդամակցության գործընթացը բարդանում է պատմական և աշխարհաքաղաքական գործոնների պատճառով։
Թուրքիա
ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ճանապարհը սկսվել է 1963թ Եվրոպական տնտեսական համայնքի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ, որով ստեղծվում էր Մաքսային միություն։ Անկարան պաշտոնապես դիմել է ԵՄ-ին անդամակցելու համար 1987թ. անդամության թեկնածուի կարգավիճակ ստացել է միայն 2005թ։ Սակայն մինչև այժմ Թուրքիայի անդամակցության հարցում առաջընթաց չկա։ Այդ հարցում թվացյալ առաջընթաց գրանցվեց 2023թ․ հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, երբ դաշինքին Շվեդիայի անդամակցութունը չխոչընդոտելու համար Թուրքիան ԵՄ-ից խոստումներ ստացավ իր անդամակցության շուրջ բանակցությունների ակտիվացման վերաբերյալ։ Սակայն ամիսներ անց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան Եվրոպական Միությունից ոչինչ չի ակնկալում Հանրապետության անդամակցության հնարավորության վերաբերյալ, և այսպիսով հարցը կրկին սառեցվեց։
Ներկայումս Թուրքիա-Եվրամիություն բանակցություններում լուծված չեն, այսպես կոչված, բանակցային 35 կետերից 16-ը։ Գլխավոր դժվարություններից մեկը մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրն է։ ԵՄ-ն պարբերաբար մտահոգություն է հայտնում Թուրքիայում խոսքի, մամուլի ազատության, փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի և դատական համակարգի անկախության շուրջ իրավիճակի կապակցությամբ: Քաղաքական անկայունության դեպքերը ևս ժամանակ առ ժամանակն հանգեցրել են նաև ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների սրմանը: Մեկ այլ կարևոր խնդիր է Կիպրոսի հարցը։ Թուրքիայի հրաժարումը Կիպրոսի Հանրապետությունը ճանաչելուց, որը ԵՄ անդամ պետություն է, և նրա շարունակվող ռազմական ներկայությունը Կիպրոսի հյուսիսում լարվածության զգալի աղբյուր են:
Միևնույն ժամանակ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում կան նաև այլ մտահոգություններ։ Թուրքիայի բնակչության թվաքանակը, աշխարհագրական դիրքը և տնտեսական իրավիճակը կարող են զգալի ազդեցություն ունենալ Միության ներսում որոշումների կայացման գործընթացի վրա, ինչպես նաև նոր խնդիրներ ստեղծել ԵՄ-ի համար տարածաշրջանային հակամարտությունների տեսանկյունից։ Բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքական որոշումները, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում վերջինիս գործողությունները միանշանակ չեն ընկալում Եվրամիությունում։
Ուստի մոտ ապագայում Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամ դառնալու հեռանկարները մնում են անորոշ, իսկ անդամակցության ճանապարհը նախկինի պես խոչընդոտները շատ են:
Արևմտյան Բալկաններ
Արևմտյան Բալկանների երկրները, ներառյալ՝ Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան, ձգտում են անդամակցել ԵՄ-ին դեռ 1990-ականներին Հարավսլավիայի փլուզումից հետո, ինչը հանգեցրել էր հակամարտությունների և միջէթնիկ լարվածության: Արևմտյան Բալկանների ճանապարհը դեպի ԵՄ նշանավորվել է բազմաթիվ դժվարություններով, այդ թվում՝ հակամարտություններից մնացած ժառանգությունը, չլուծված տարածքային վեճերը և միջէթնիկ լարվածությունը: Բացի այդ, դեպի ԵՄ ճանապարհին խոչընդոտ էին կոռուպցիան, օրենքի թույլ գերակայությունը, կազմակերպված հանցավորությունը և քաղաքական անկայունությունը։ Միաժամանակ ԵՄ-ին այս երկրների անդամակցությունը դանդաղեցնում են Միության ընդլայնման նպատակահարմարության շուրջ տարաձայնությունները և մտահոգությունները։
Արևմտյան Բալկանների՝ ԵՄ անդամակցության հիմնական խոչընդոտները կարող ենք տեսակավորել հետևյալ խմբերում։
- Օրենքի գերակայություն. ամբողջ տարածաշրջանի համար կարևոր խնդիրներ են դատական համակարգի անկախության և արդյունավետության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, որոնք կարևորագույն չափանիշներ են Եվրամիության անդամ դառնալու համար։
- Հակամարտությունների ժառանգությունը և միջէթնիկ հակասությունները․ տարածքային վեճերի կարգավորումը և միջէթնիկ երկխոսության զարգացումը ևս կարևոր տարրեր են ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։
- Տնտեսական խնդիրներ․ գործազրկության բարձր մակարդակ, տնտեսական անհավասարություն և կառուցվածքային թերություններ: Եվրամիությունում նշում են, որ Արևմտյան Բալկանների՝ Միությանն անդամակցելու համար անհրաժեշտ է համապարփակ տնտեսական բարեփոխումներ իրականացնել, բարելավել գործարար միջավայրը և բարձրացնել մրցունակությունը։
- Միգրացիոն խնդիրներ․ Սա, թերևս, լրջագույն խոչընդոտներից մեկն է, որն Արևմտյան Բալկանների երկրներին հետ է պահում ԵՄ անդամակցությունից։ Այդ երկրները ապօրինի ներգաղթյալների համար ծառայում են որպես տարանցիկ ուղիներ, ինչը մարտահրավերներ է ստեղծում սահմանների կառավարման համար։
Չնայած առկա խնդիրներին՝ ԵՄ-ն պարբերաբար վերահաստատում է իր հանձնառությունը Արևմտյան Բալկանների եվրոպական հեռանկարին՝ ճանաչելով տարածաշրջանի ռազմավարական կարևորությունը և վերջինիս հնարավոր ներդրումը Եվրոպական կայունության և բարգավաճման գործում: Սակայն Արևմտյան Բալկանների՝ ԵՄ անդամակցության ժամկետներն ու պայմանները ևս մնում են անորոշ։
Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան
ԵՄ-ին Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ինտեգրման գործընթացը Եվրամիության Արևելյան գործընկերության մաս է կազմում: Եվրամիության հետ Վրաստանի և Ուկրաինայի համագործակցությունը սկսվել է դեռևս 1990-ականներից: 1991թ. Խորհրդային Միությունից անկախանալուց հետո Մոլդովան ի սկզբանե որդեգրել էր չեզոքության քաղաքականություն՝ ձգտելով հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները: Սակայն 2000-ականների սկզբին Մոլդովան սկսեց շրջվել դեպի Եվրոպա՝ հայտարարելով ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրվելու ցանկության մասին։ Իսկ ԵՄ-ին ինտեգրվելու Վրաստանի ձգտումն ամրապնդվեց հատկապես 2003թ. «վարդերի հեղափոխությունից» հետո, որը սկիզբ դրեց ժողովրդավարական բարեփոխումների և արևմտամետ քաղաքականության ալիքին։
Եվրամիության հետ հարաբերություններում երեք երկրների համար կարևորագույն հանգրվաններից մեկը 2014թ. Ասոցացման համաձայնագրերի ստորագրումն էր: Այն ներառում է տարբեր ոլորտներում բարեփոխումների դրույթներ ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու համար, ինչպես նաև ուղղված է քաղաքական կապերի խորացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ներառյալ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը։
ԵՄ-ի հետ ասոցացմանն այդ երկրներում հաջորդեցին քաղաքական ճգնաժամերը և լարված հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մոսկվան Կիևի այդ քայլը համարում է ուղղակի մարտահրավեր իր տարածաշրջանային ազդեցությանը: Չնայած «Եվրամայդանին» և դրան հաջորդած քաղաքական ցնցումներին՝ Ուկրաինան չշեղվեց որդեգրված քաղաքականությունից և շարունակեց բարեփոխումները՝ ուղղված Ասոցացման համաձայնագրի պահանջների կատարմանը։
ԵՄ-ին Մոլդովայի ինտեգրման գործընթացը ևս բախվել է խնդիրների, այդ թվում՝ քաղաքական անկայունություն, կոռուպցիա և Մերձդնեստրում չկարգավորված հակամարտություն, որոնք խոչընդոտում են ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի առաջխաղացմանը: Մոլդովայի եվրոպական ինտեգրումը հաճախ հանգեցնում է ներքին տարաձայնությունների և խորը բևեռացման: Մասնավորապես, 2015-2016 թվականների բողոքի ակցիաների ընթացքում բացահայտվեց հանրային խորը դժգոհությունը բարեփոխումների տեմպերից և կոռուպցիայի դեմ պայքարում զգալի առաջընթացի բացակայությունից: ԵՄ-ին Մոլդովայի ինտեգրման ճանապարհին լուրջ խոչընդոտ է նաև Մերձդնեստրի խնդիրը․ այն ևս նպաստում է երկրում քաղաքական անկայունությանը և բարդացնում հարաբերությունները հարևան երկրների հետ: Մոլդովայի եվրաինտեգրման որոշումը սրեց Քիշնևի և Մոսկվայի հարաբերությունները։ Ռուսաստանը Մոլդովան պատմականորեն դիտարկում է իր ազդեցության ոլորտի մաս, և Մոլդովայի շրջադարձը դեպի ԵՄ ընկալվում է որպես աշխարհաքաղաքական ձախողում Ռուսաստանի համար:
Ուկրաինայի և Մոլդովայի նման Վրաստանն էլ դեպի Եվրոպա ճանապարհին բախվել է բազմաթիվ դժվարությունների, որոնցից էր 2008 թվականին Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստը։ Վրաստանն անգամ խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվրոպական ինտեգրման ճանապարհին Վրաստանը ունեցավ նաև տնտեսական խնդիրներ, մասնավորապես, Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումների և այլ միջոցների պատճառով, որոնք զգալի ազդեցություն ունեցան Վրաստանի տնտեսության վրա, ինչպես, օրինակ, 2006թ. առևտրային էմբարգոն:
Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ճանապարհին մեծ մարտահրավեր դարձան 2022թ. Ռուսաստանի սկսած ռազմական գործողությունները, որոնք, միաժամանակ, արագացրին ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Մոլդովա և Վրաստանի եվրաինտեգրման գործընթացները:
Պատերազմի մեկնարկից շատ չանցած՝ 2022 թվականի փետրվարի 28-ին, Ուկրաինան հայտ ներկայացրեց հատուկ ընթացակարգով ԵՄ-ին անդամակցելու համար։ Վոլոդիմիր Զելենսկու դիմումից հետո Մոլդովան և Վրաստանը 2022թ. մարտի 3-ին պաշտոնապես դիմում ներկայացրեցին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրոպական հանձնաժողովը, հաշվի առնելով Կիևի, Քիշնևի և Թբիլիսիի դիմումները, առաջադրեց անհրաժեշտ բարեփոխումների ցուցակ՝ ԵՄ-ին անդամակցելու համար: 2022թ. հունիսի 23-ին Եվրամիության խորհուրդը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Վրաստանին այդ կարգավիճակը շնորհվեց 2023թ. դեկտեմբերի 14-ին, միևնույն ժամանակ, որոշում կայացվեց բանակցություններ սկսել Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ։
2022թ. սկսված պատերազմը Ուկրաինային ավելի մոտեցրեց Եվրամիությանը, իսկ Մոլդովայի եվրաինտեգրումը դարձրեց անշրջելի իրողություն: Մասնավորապես, Մոլդովայի մասնակցությունը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, ջանքերը՝ նվազեցնելու կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից, առավելապես դիվերսիֆիկացման նախագծերի միջոցով, ինչպիսիք են ԵՄ երկրների հետ փոխկապակցման խողովակաշարերի կառուցումը, հանգեցրին Քիշնևի հետ Մոսկվայի հարաբերությունների է՛լ ավելի մեծ լարվածության։ Մայիսի 16-ին Մոլդովայի խորհրդարանը որոշում կայացրեց հոկտեմբերի 20-ին Եվրամիության կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Թբիլիսիի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկն այս պահին խնդրահարույց է: Վրաստանում «Օտարերկրյա աջակցության թափանցիկության» մասին օրինագծի շուրջ ընթացող զարգացումները էականորեն ազդել են Թբիլիսիի եվրոպական հեռանկարի վրա։ Արևմուտքում վրացական իշխանությունների գործողությունները «հակաարևմտյան» են որակվում։ Բացի այդ, ավելի վաղ Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի, հրաժարվել էր միանալ արևմտյան հակառուսական պատժամիջոցներին՝ ինչը ևս Արևմուտքում որոշակի դժգոհություն առաջացրեց։ Չի բացառվում, որ Արևմուտքը կարող է վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները:
Հայաստանի եվրոպական ինտեգրման մարտահրավերներն ու հնարավորությունները
Հ այաստանի տեսանկյունից Եվրոպական Միությանը ինտեգրման խորացումը հանդիսանում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ռազմավարական գործիք, որը ենթադրում է տնտեսության զարգացման, քաղաքական համագործակցության խորացման և անվտանգության ամրապնդման հնարավորություններ։
- Քաղաքական տեսանկյունից ԵՄ ընտանիքի մաս դառնալը ենթադրում է քաղաքական պաշտպանվածություն։ ԵՄ անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անխախտելիությանը և տարածքային ամբողջականությանը անվտանգության լրացուցիչ քաղաքական երաշխիքներ կարող է ստեղծել Հայաստանի համար:
- Ռազմավարական առումով ԵՄ-ին ինտեգրման խորացումը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնելու Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական հնարավորությունները՝ նվազեցնելով կախվածությունը մեկ սուբյեկտից:
- Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և Արցախի էթնիկ զտումից հետո հանրության շրջանում առկա դժգոհություները դաշնակից պետություններից, ինչպես նաև արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հանրային պահանջը կարող են դրական ֆոն ստեղծել եվրաինտեգրման խորացման համար։
- Եվրաինտեգրումը Հայաստանին հնարավորություն է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն միասնական շուկա՝ առաջարկելով առևտրի, ներդրումների և տեխնոլոգիական համագործակցության հնարավորություններ:
- Հայաստանյան ձեռնարկությունները համապատասխանեցնելով ԵՄ չափանիշներին և կանոններին՝ կբարձրացնեն իրենց մրցունակությունը և կընդլայնեն շուկաները։
- Մասնակցությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերին և նախաձեռնություններին կնպաստի նորարարությանը և կարողությունների զարգացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «կանաչ տնտեսությունը», գյուղատնտեսությունը, էներգետիկան և տեղեկատվական տեխնոլոգիաները։
- ԵՄ-ի հետ ավելի խորը ինտեգրվելով՝ Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը որպես կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև։
Միևնույն ժամանակ, Հայաստանի խորը ինտեգրումը Եվրոպական Միությանը կարող է առաջ բերել մի շարք քաղաքական և տնտեսական մարտահրավերներ։
- Հայաստանում դեռևս չի ձևավորվել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հստակ տեսլական, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերությունների վերաբերյալ։
- Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, սերտորեն կապված և կախված է ռուսական տնտեսությունից, և Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, առավել ևս՝ անդամակցության հավակնությունները, լուրջ խնդիրներ կստեղծեն Հայաստանի տնտեսության համար, կպահանջվի ԵԱՏՄ-ին անդամության դադարեցում, ինչպես նաև Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայում։ Մասնավորապես՝ Հայաստանի տնտեսության մեջ գազի մատակարարումներից մեծամասամբ կախված է արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, տրանսպորտը, ծառայությունների ոլորտը։ Ռուսաստանը Հայաստանի վառելիքի և ատոմակայանին ուրանի հիմնական մատակարարն է: Հայաստանը գտնվում է ռուսական կապիտալի բարձր ազդեցության տակ։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում մի քանի անգամ կբարձրանա Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի գինը, այդ թվում՝ սպառողների համար։ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից լուրջ խոչընդոտ է ԵՄ-ին ինտեգրվելու համար: Հաշվի առնելով առկա ենթակառուցվածքները և ՀՀ աշխարհաքաղաքական դիրքը՝ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը և ԵՄ էներգետիկ քաղաքականությանը համապատասխանեցնելը բարդ, բայց անհրաժեշտ պայման են ԵՄ-ին ինտեգրվելու համար։
- Հայաստանի տնտեսությունը համեմատաբար փոքր է և բախվում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են շուկայի սահմանափակ դիվերսիֆիկացիան և ընդհանուր տնտեսական կախվածությունը: ԵՄ շուկային ինտեգրումը կպահանջի զգալի տնտեսական բարեփոխումներ, ներառյալ՝ առևտրի ազատականացումը, նորմատիվ-իրավական դաշտի ներդաշնակեցումը և գործարար միջավայրի բարելավումը, ինչպես նաև մեծ ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ:
- Հայաստանի համար բավական երկարատև ու բարդ գործընթաց կարող է լինել ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ քաղաքական բարեփոխումների իրականացումը, ներառյալ՝ ՀՀ պետական ինստիտուտների կարողությունների զարգացումը, իրավական բազան, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հարցերը։
- Հաշվի առնելով ՀՀ-ի՝ ԵՄ-ին ինտեգրման խորացման ռիսկերը և դժվարությունները՝ ինտեգրումը խորացնելու համար կարևոր է հանրության կարծիքի ուսումնասիրությունը։ Միևնույն ժամանակ, գործընթացի մեկնարկի փուլում վերոնշյալ տնտեսական բարդությունները կարող են հանրային դժգոհություն առաջացնել և հանգեցնել քաղաքական ճգնաժամի։
- Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին միանշանակ բացասական ազդեցություն կունենա Ռուսաստանի և որոշ հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Դա հավելյալ քաղաքական, ինչպես նաև անվտանգային խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար։ Հայաստանի համար ներկայումս ԵՄ-ի հետ հարաբերվելու հարցում լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ հարևան Վրաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների սրումը։ Մասնավորապես, վերջին շրջանում Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները ճգնաժամային փուլում են, ինչը սպառնում է Թբիլիսիի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին։ Ինչ վերաբերում է Բաքվին, ապա, չնայած էներգետիկ ոլորտում համագործակցությանը՝ Ադրբեջանի ԵՄ մի շարք առանցքային երկրների հետ հարաբերությունները բավական սրված են, օրինակ՝ Ֆրանսիայի։ Եվրամիությունը կարող է դիտարկել Հայաստանի՝ ԵՄ ինտեգրումը տարածաշրջանային համատեքստում։ Մասնավորապես՝ հավասարությունը և «անկողմնակալությունը» չխաթարելու համար՝ Եվրամիությունը կարող է փորձել հավասարապես խորացնել հարաբերությունները նաև Ադրբեջանի հետ։ Եվրամիության որոշ երկրներ կարող են լրացուցիչ արհեստական խոչընդոտներ ստեղծել Հայաստանի համար, մասնավորապես՝ Հունգարիան։ Չնայած երկկողմ հարաբերություններում որոշակի քայլերին և ջերմացման միտումներին՝ Բուդապեշտի վրա բավական մեծ է Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը։
- Հայաստանի և Ադրբեջանի միջև չսահմանազատված սահմանը և ռազմական հակամարտության վերսկսման ռիսկը լրջագույն խնդիր են Հայաստանի համար Եվրամիության ճանապարհին։
Հաշվի առնելով Եվրաինտեգրման ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև այդ ճանապարհին առկա խոչընդոտներն ու մարտահրավերները, Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում անհրաժեշտ է դիտարկել հետևյալ գործողությունների իրականացումը։
Հայաստան
- Անհրաժեշտ է նախևառաջ ձևակերպել Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի օրակարգը, սահմանել Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ցանկալի մակարդակը։
- Հայաստանը պետք է ակտիվ ջանքեր գործադրի CEPA-ի դրույթների ամբողջական կյանքի կոչման համար։
- Հայաստանը պետք է ակտիվորեն շարունակի ամրապնդել և խորացնել հարաբերությունները ԵՄ անդամ առանձին պետությունների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի հետ, ինչպես նաև փորձի չեզոքացնել այլ պետությունների, օրինակ Հունգարիայի, ստեղծած խոչընդոտները։
- Անհրաժեշտ է իրականացնել հանրային կարծիքի մանրակրկիտ ուսումնասիրություն՝ ճշգրիտ գնահատելու արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի վերաբերյալ հասարակական պահանջը։
- Հայաստանը պետք է գնահատի եվրաինտեգրումից բխող բոլոր շոշափելի անվտանգային, քաղաքական և տնտեսական ռիսկերը, դրանց ազդեցությունը ՀՀ քաղաքացու անվտանգության և կենսամակարդակի վրա, ինչպես նաև դրանց հակազդման և հաղթահարման տարբերակները։
- Հայաստանը պետք է հաշվի առնի նաև ԵՄ-ի տարածաշրջանային քաղաքականությունը, այդ թվում՝ հարաբերությունները մի կողմից Վրաստանի և Ադրբեջանի, մյուս կողմից՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ։
- Հայաստանը պետք է մանրակրկիտ ուսումնասիրի ԵՄ անդամ երկրների և թեկնածու երկրների փորձն ու անցած ուղին, թույլ տված սխալները, հատկապես՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի օրինակները։ Պետք է դիտարկվեն բարեփոխումների գործընթացը, ԵՄ-ի հետ առանձին ոլորտներում համագործակցությունը, ինչպես, օրինակ, վիզաների ազատականացման գործընթացը։
- Հայաստանը պետք է թե՛ փակ խողովակներով, թե՛ բաց շփումներում եվրոպական կողմին ներկայացնի երկրի համար անվտանգային սպառնալիքները և դրանց իրական բնույթը, ինչպես նաև ցույց տա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առաջմղման համար երրորդ երկրների, օրինակ, Ադրբեջանի, ստեղծած խոչընդոտները։
Եվրամիություն
- Եվրամիությունն իր հերթին ևս խնդիր ունի՝ հստակ ձևակերպելու Հայաստանի հետ հարաբերությունների տեսլականը, նպատակները և օրակարգը։
- Բրյուսելը պետք է նաև վերանայի Արևելյան գործընկերության ծրագիրը և հստակ տարբերակի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ։
- Եվրամիությունը պետք է ոչ երկիմաստ և հստակ գործնական աջակցություն ցուցաբերի Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անխախտելիությանը և տարածքային ամբողջականությանը։ ԵՄ-ն պետք է դատապարտի Հայաստանի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման ցանկացած դրսևորում, ինչպես նաև գործնական և շոշափելի քայլեր ձեռնարկի՝ դրանք կանխելու և դրանց հակազդելու ուղղությամբ։
- ԵՄ-ն պետք է շարունակի աջակցությունը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ CEPA-ի շրջանակում։
- ԵՄ-ն իր հերթին պետք է քայլեր ձեռնարկի՝ չեզոքացնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար Միության ներսում և Միությունից դուրս առանձին երկրների ստեղծած արհեստական խոչընդոտները։
- Հայաստանի հետ հարաբերությունների խորացման գործընթացում ԵՄ-ն պետք է հաշվի առնի երկրի աշխարհագրական և աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, հարաբերությունները հարևան երկրների և տարածաշրջանների հետ։
Այսպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակում ստեղծվել են նոր հնարավորություններ՝ ամրապնդելու և խորացնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները։ Կողմերը պետք է հստակ ձևակերպեն այդ հարաբերությունների ռազմավարական նպատակները և պատասխանատու քաղաքականություն վարեն՝ երկկողմ հարաբերությունների խորացումից առավելագույնը քաղելու և հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։