Ջոնի Մելիքյանի հարցազրույցը հնդկական Usanas Foundation վերլուծական հիմնադրամին
2 ր. | 2024-04-20Հ նդկական Usanas Foundation աշխարհաքաղաքական ու անվտանգային վերլուծական հիմնադրամի հրավերով «Օրբելի» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի հարաբերությունների զարգացման հեռանկարների իր տեսլականը, Հարավային Կովկասում առկա բարդ իրավիճակը և համագործակցության հնարավոր ձևաչափերն ու բովանդակությունը։
Քաղաքական և տնտեսական հարաբերությունների համատեքստում Մելիքյանն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների խորացմանը՝ նշելով, որ դրա համար հավելյալ դրական հիմք է հանդիսանում այն, որ Հայաստանն ու Հնդկաստանը ժողովրդավարական երկրներ են։ Առանձին ուշադրություն է դարձվել բազմակողմ համագործակցության ձևաչափերին, ինչպիսիք են Հնդկաստան-Իրան-Հայաստան, Հնդկաստան-Հայաստան-Հունաստան և այլն։
Անդրադառնալով Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափին Մելիքյանը նշել է, որ այն աննախադեպ է և կարևոր։ Այս ձևաչափի համատեքստում հատուկ շեշտվել է, որ կարևոր է բարեկամներ լինել ոչ թե ընդդեմ որևէ մեկի, այլ առաջնորդվել սեփական շահերով։
Տարածաշրջանային խնդիրների համատեքստում փորձագետն առանձնացրել է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումներն ու գործելաոճին, որոնք փորձում են ուժի կիրառմամբ լուծել տարածաշրջանային հարցերը։ Ի հակադրություն այս գործելաոճին՝ Մելիքյանը ներկայացրել է Խաղաղութան խաչմերուկ նախագիծը և տարածաշրջանում կայունության ապահովման գործում դրա հեռանկարները։ Փորձագետը նշել է նաև, որ Հայաստանի հիմնական նպատակներից մեկը առավել դիվերսիֆիկացված արտաքին հարաբերություններ և տնտեսություն ունենալն է։
Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի դերին։ Փորձագետը նշել է, որ թեև ՌԴ-ն, ելնելով ռազմական և տնտեսական ներկայացվածությունից, ունեցել է, ունի և ունենալու է ազդեցություն տարածաշրջանում, սակայն 2020թ. 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների (ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիա, Արցախի հայաթափում) ժամանակ Կրեմլի դիրքորոշումը և պահվածքը բացասական անդրադարձան տարածաշրջանում ՌԴ ազդեցության վրա։ Հայաստանը, լինելով հետխորհրդային ինտեգրման բոլոր կազմակերպություններում, հանդիսանալով ՌԴ ռազմավարական դաշնակից, այլ ակնկալիքներ ուներ ՌԴ աջակցության առումով, և այդ ակնկալիքները չարդարացան։