Հայաստանը որպես ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային առաջատար երկիր. hարցազրույց
2 ր. | 2024-04-19Մ արտի 28-30-ը Երևանում կայացավ «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. Պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի շրջանակում «Հայաստանը որպես ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային առաջատար երկիր» խորագրի ներքո զեկույցով հանդես եկավ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն, Քինի պետական քոլեջի Հոլոքոսթի և ցեղասպանության հարցերով ուսումնասիրությունների պատվավոր պրոֆեսոր Էլիզա Վոն Ջոեդեն-Ֆորջեյը։
Զեկույցի շրջանակում քննարկված և այլ կարևոր հարցերի վերաբերյալ մեր զրույցի ընթացքում պրոֆեսոր Էլիզա Վոն Ջոեդեն-Ֆորջեյը շեշտել է Հայոց ցեղասպանության կենտրոնական դերը ցեղասպանագիտության ճյուղերից համեմատական ցեղասպանության զարգացման գործում, որի հիման վրա են կառուցվում ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմները։
Նա ընգծել է, որ Ցեղասպանության կոնվենցիայի հոր՝ Ռաֆայել Լեմկինի առաջին, վաղ մտքերը ցեղասպանություն հանցագործության մասին ձևավորվել են Հայոց ցեղասպանության դեպքի հիման վրա, և հենց հայերի դեպքն է ոգեշնչել Լեմկինին զարգացնել ընդդեմ ցեղասպանության միջազգային իրավունքը, հետամուտ լինել Ցեղասպանության կոնվենցիային։
Պրոֆեսորը կարևորել է Հայոց ցեղասպանության և մյուս ցեղասպանությունների ճանաչումը վերապրածների համար, զոհերի հիշատակի և նաև խաղաղության և անվտանգության համար՝ շեշտելով, որ առանց ճանաչման ցեղասպանական գործընթացները չեն ավարտվում։
Անդրադարձել է վերջին տասնամյակների ընթացքում ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմների ձևավորման գործում Հայաստանի իրականացրած քայլերին՝ հիշատակելով պետական համագործակցությունը Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի հետ, յուրաքանչյուր երկու տարին մեկ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումների կազմակերպումը և այլն։
Լեմկինի ինստիտուտի տնօրենն ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ հայերն այսօր էլ շարունակում են բախվել ցեղասպանական սպառնալիքների։
«Ես կցանկանայի Հայաստանը տեսնել որպես ցեղասպանությունների կանխարգելման համաշխարահային առաջնորդ, քանի որ հայերը գիտեն, թե ինչ է ցեղասպանությունը, նրանք ապրել են դա, աշխարհում ունեն բարոյական հեղինակություն որպես ցեղասպանություն վերապրածներ, որոնք ցեղասպանության ավերակներից ստեղծել են շատ խաղաղ, կայուն հասարակություն»,-նշել է Վոն Ջոեդեն-Ֆորջեյը։
Խոսելով ազգերի միջև ցեղասպանությունների կանխարգելման հարցում համերաշխության անհրաժեշտության մասին՝ նա նշել է, որ միայն պետությունների քաղաքական կոալիցիայի և համերաշխության միջոցով է երկարաժամկետ հեռանկարում հնարավոր լինելու կանխարգելել նման հանցագործությունները։ Ընդգծել է, որ ամեն անգամ երբ ճգնաժամային իրադրություն է ստեղծվում, մարդիկ ստիպված են լինում միայնակ կանխել իրենց իսկ ցեղասպանությունը, ինչպես եղավ արցախցիների հետ, ինչպես լինում է պաղեստինցիների դեպքում և այլն։
«Մեզ անհրաժեշտ է ինչ-որ տեսակի ավտոմատ մեխանիզմ, որը կմիավորի երկրներին ցեղասպանության կանխարգելման հարցում, երբ իրավիճակը հասնում է որոշակի շեմի»,-նշել է նա՝ շեշտելով, որ ցեղասպանությունը պետք է կանխարգելել, քանի որ դա ամենակործանարար, անդառնալի կորուստներով հնացագործությունն է, որ մարդիկ կարող են կատարել միմյանց դեմ։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում․