Եվրամիության արտաքին քաղաքականությունը ընտրությունների նախաշեմին
10 ր. | 2024-03-15Ու կրաինայում ընթացող հակամարտության, Արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարվածության սրման և գլոբալ առճակատման պայմաններում Եվրոպական Միությունը, որպես Արևմուտքի բաղկացուցիչ մաս, ենթարկվում է ներքին փոփոխությունների, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև հանրակցության արտաքին քաղաքականության մեջ։ Ընթացիկ միջազգային իրադարձությունների ֆոնին ԵՄ-ն ավելի շատ փորձում է պահպանել «ստատուս քվոն» և վերջին տարիներին զգալիորեն պասիվացրել է արտաքին քաղաքականությունը։ ԵՄ երկրներում ավելի ու ավելի հաճախ ազգային շահը գերակայում է հավաքական շահի նկատմամբ: Նույնիսկ 2023թ. Լեհաստանում կրկին վարչապետի պաշտոնը ստանձնած Դոնալդ Տուսկը, որը 2014-2019 թվականներին զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը և եվրոպամետ քաղաքացիական կոլաիցիան, չի շտապում ավելի նախաձեռնողական լինել արտաքին քաղաքականության ոլորտում Եվրամիության ավելի խորը ինտեգրմանը։
Ավելի վաղ Եվրոպայի միասնականությունը արտաքին քաղաքականության հարցերում ապահովվում էր առավելապես Գերմանիայի կողմից, սակայն Անգելա Մերկելի պաշտոնավարման ավարտից հետո, երբ կանցլերի պաշտոնում նրան փոխարինեց Օլաֆ Շոլցը, Բեռլինը, կարծես թե, որոշակիորեն հրաժարվեց այդ դերից: Ներկայումս Եվրոպայի կոնսոլիդացման քաղաքականության առաջամարտիկ է փորձում հանդես գալ Ֆրանսիան։ Վերջերս նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հրավիրած գագաթնաժողովի ժամանակ օրակարգ առաջ բերեց Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորությունը, որը թեպետ, հավանության չարժանացավ ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների այլ ղեկավարների կողմից, այնուամենայնիվ, սկիզբ դրեց նման քննարկումներին։
ԵՄ արտաքին քաղաքականության ներկայիս վիճակը
Գ լոբալ և տարածաշրջանային ներկայիս իրադարձությունների ֆոնին եվրասկեպտիկները պնդում են, որ Եվրամիությունը պատրաստ չէ դիմակայել աշխարհում աճող լարվածությանը, ռազմավարական առումով կախված է ԱՄՆ-ից, տնտեսապես ինքնաբավ չէ, բացի այդ՝ արևմտյան ժողովրդավարական արժեքների տարածումը կորցրել է կարևորությունը, որովհետև շատ ու շատ տարածաշրջաններ այժմ բախվում ավելի կենսական մարտահրավերների, այդ թվում՝ անվտանգային և սոցիալ-տնտեսական, ինչպես նաև ավելի ու ավելի շատ խնդիրներ է փորձ արվում լուծել ռազմական ճանապարհով։ Եվրոպայում անհանգստությամբ են սպասում ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին՝ մտահոգվելով, որ Դոնալդ Թրամփի վերընտրվելու դեպքում եվրատլանտյան դաշինքը կարող է թուլանալ, ինչի հետևանքով Եվրամիությունը կտուժի՝ կորցնելով իր ազդեցությունը:
Եվրոպացի շատ մտավորականներ Եվրոպայի հետագա դերը տեսնում են որպես տարածաշրջանային դերակատար և ոչ համաշխարհային, քանի որ վերջինիս համար ավելի հստակ և ամուր դիրքորոշում է անհրաժեշտ հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ, որոնք, ելնելով արևմտյան քաղաքական փիլիսոփայությունից, պետք է որ անընդունելի լինեին Եվրոպայի համար։ Սակայն, հակառակ դրան, ԵՄ-ում հաճախ անտարբեր են հարևան տարածաշրջաններում զարգացումների նկատմամբ:
Միաժամանակ, ԵՄ անդամ երկրներում պայքարը «ինքնիշխանության» համար խոչընդոտում է միասնական արտաքին քաղաքականությանը, ինչն էլ նվազեցնում ԵՄ դերը միջազգային հարաբերություններում։ Շատերն առաջարկում են, որ Եվրամիությունը կենտրոնանա սեփական պաշտպանական և անվտանգային քաղաքականության վրա, ուժեղացնի ռազմական թևը, աջակցի Ուկրաինային, սակայն, նրանց կարծիքով, սա կբավարարի միայն տարածաշրջանային դերակատար լինելու համար, ինչը Եվրոպայի նվազագույն խնդիրը պետք է լինի։
Եվրոպայում ստատուս քվոյի փոփոխության վրա կարող են ազդել, իհարկե, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունները, ԱՄՆ-ում ընտրություններից հետո հնարավոր անկանխատեսելի զարգացումները, ինչպես նաև վերջինիս բացարձակ ազդեցության թուլացումը, և Չինաստանի աճող հզորությունը։
Ուկրաինայի հարցում Եվրամիության երկրների շրջանում միասնականություն չկա: Հանրությունը միանշանակ աջակցություն է հայտնում հարևան Ուկրաինային, սակայն որոշ երկրների դեպքում, դա առաջնահերթություն չի համարվում: Շատերը վստահեցնում են, որ ինչքան էլ թանկ է նստում Միության համար Ուկրաինային աջակցելը, նրան չաջակցելու համար Եվրոպան «ավելի բարձր գին կվճարի», քանի որ Ուկրաինայում իրավիճակի հանգուցալուծումը պայմանավորելու է նաև Եվրոպայի ճակատագիրը: Մյուս թևը կարծում է, որ Ուկրաինայի համար ավելի շատ պատասխանատվություն է կրում ԱՄՆ-ը, քանի որ Եվրոպան էլ անվտանգության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից: Ուկրաինային պատշաճ աջակցություն ցուցաբերելու և դրա ֆինանսական բեռը թեթևացնելու համար էլ շատերն առաջարկում են օգտագործել ռուսական սառեցված ակտիվները: Վերջերս Եվրամիության Խորհուրդը հաստատեց որոշում, որի համաձայն՝ ռուսական արգելափակված ակտիվներից ստացված շահույթը պետք է գրանցվի և պահվի առանձին: Դրա նպատակը ակտիվների զուտ շահույթով հնարավոր ներդրումն է ԵՄ բյուջե՝ Ուկրաինային և երկրի վերակառուցմանն աջակցելու համար: Միևնույն ժամանակ, առաջարկվում է ակտիվացնել պաշտպանական արդյունաբերությունը: Որոշ քաղաքական ուժեր, որոնք դեմ են Ուկրաինային աջակցելուն, դա բացատրում են հանրության «հոգնածությամբ» և պատերազմի բեռի ծանրությամբ: Շատերը հիասթափված են, որ ռազմական գործողությունները երկու տարի է չեն ավարտվում, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն տալիս ցանկալի արդյունք, ռուսական ռազմական արդյունաբերությունն էլ շարունակում է զարգանալ:
Օրակարգում է նաև Եվրամիության ընդլայնումը, սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: ԵՄ իստիտուտները քննադատության են ենթարկվում, օրինակ, Բալկաններում առաջընթացի տևական բացակայության համար, մինչդեռ նախորդ տարի առաջընթաց գրանցվեց Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի դեպքում: ԵՄ ներսում ևս կան ընդլայնմանը դեմ արտահայտվող երկրներ: Մասնավորապես, Հունգարիան, որի ղեկավար Վիկտոր Օրբանը վերջին շրջանում բազմիցս խոչընդոտել է որոշումների կայացումը ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ՆԱՏՕ-ում: Որոշ երկրներ էլ, օրինակ, Նիդերլանդները, Եվրամիության ընդլայնումը կապում են փախստականների և աշխատանքային միգրանտների ներհոսքի հետ: Որոշակի համերաշխություն և միասնականություն մտցնելու համար առաջարկվում է արտաքին քաղաքական և անվտանգային հարցերում որոշումները կայացնել ձայների որակական մեծամասնությամն՝ ոչ թե միաձայնությամբ, սակայն սա դեռևս միայն քննարկումների փուլում է։
Եվրախորհրդարանի ընտրությունների գլխավոր ինտրիգը
Մ ինչև գլոբալ փոփոխությունների անցնելը Եվրամիությանն այս տարի սպասվում է կարևոր փորձություն։ Հունիսի 6-9-ը տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք կորոշեն ԵՄ քաղաքական ուղղությունն առաջիկա հինգ տարիների համար, և որի արդյունքում կընտրվեն 720 եվրապատգամավորեր։
Չնայած միջին վիճակագրական եվրոպացին առավել կարևորում է սոցիալ-տնտեսական և փախստականների խնդիրները՝ այնուամենայնիվ, քաղաքական ուժերի նախընտրական պայքարում կարևոր դեր են ունենալու արտաքին քաղաքական հարցերը, մասնավորապես՝ ԵՄ կախվածությունը ԱՄՆ-ից, Ռուսաստանի և Չինաստանի հետ հետագա հարաբերությունների կառուցումը, էներգակիրների խնդիրը, ֆինանսական խնդիրները։
Եվրոպական խորհրդի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի (ECFR) կատարած հետազոտության համաձայն՝ եվրասկեպտիկները ֆավորիտ են ինը երկրներում՝ Ավստրիայում, Բելգիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում և Սլովակիայում։ Իսկ ինը երկրներում էլ կարող են զբաղեցնել երկրորդ կամ երրորդ հորիզոնականը՝ Բուլղարիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լատվիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Իսպանիայում և Շվեդիայում։ ECFR-ի կանխատեսմամբ՝ Եվրախորհրդարանի մանդատների գրեթե կեսը կանցնի պատգամավորներին, որոնք չեն մտնում կենտրոնամետ երեք խմբակցությունների կոալիցիայի մեջ, որը կազմված է Եվրոպական ժողովրդական կուսակցությունից, Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքից և «Նորացնելով Եվրոպան» խմբակցությունից։ Մեծ քանակությամբ աթոռներ կստանան պահպանողականները և ռեֆորմիստները, ծայրահեղ աջերը և պոպուլիստները։ Չնայած դրան՝ վերլուծության համաձայն՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կշարունակի լինել ամենախոշոր խմբակցությունը, իսկ լիբերալներն ու կանաչները անկում կապրեն։
Ըստ կանխատեսումների՝ աջերը ընտրություններում երրորդ տեղը կզբաղեցնեն՝ այսպիսով ամրապնդելով իրենց դիրքերը, ինչը կհանգեցնի Եվրախորհրդարանում ավելի թեժ բանավեճերի, այդ թվում՝ արտաքին քաղաքական հարցերի շուրջ, մասնավորապես՝ Ուկրաինային աջակցության։ Հնարավոր է, որ պահպանողականները, եվրասկեպտիկները, ծայրահեղ աջերը կոալիցիա կազմեն, և նրանց հարեն անկախ եվրապատգամավորները։
Ուստի կենտրոնամետ ուժերը պետք է համագործակցեն ձախ ծայրահեղականների հետ, հակառակ դեպքում մեծ ազդեցություն չեն ունենա Եվրախորհրդարանում։ Բայց հիմա շատ պահպանողականներ, այդ թվում՝ Գերմանիայում համագործակցում են աջ ծայրահեղականների հետ՝ պայմանավորված առկա միտումներով կամ գաղափարների նմանությամբ, ինչը ավելի է ամրապնդում վերջիններիս դիրքերը։
Ընտրություններին ընդառաջ կուսակցությունների կողմից պոպուլիզմն ու հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ավելի սովորական և պահանջված է դառնում։ Դրանք առավել լավ օգտագործում են հենց աջ ծայրահեղականները։ Մյուսները խուսափում են ընտրողների հետ ուղղակի շփումից՝ ապավինելով միջնորդներին, ինչպիսիք՝ PR-ով զբաղվող գործակալությունները և քաղտեխնոլոգները։ Իսկ աջերի ներկայացուցիչները հաճախ են հանդիպում և քննարկումներ ունենում ընտրողների հետ, ինչը վերջիններիս շրջանում տպավորություն է ստեղծում, որ այդ քաղաքական գործիչներն իրենց ավելի լավ են հասկանում և ավելի վստահելի են:
Կանխատեսվում է, որ Եվրոպական շատ երկրներում ընտրողների մոտ 20-25 տոկոսը քվեարկելու է ծայրահեղ աջերի օգտին: Եվրոպայում անհանգստացած են, որ աջերի հաղթանակը տարբեր երկրներում լուրջ մարտահրավեր կդառնա ԵՄ հիմնարար սկզբունքների համար: Բացի այդ, շատերը պնդում են, որ աջ ծայրահեղականներին աջակցում են Ռուսաստանը և Չինաստանը։
Ծայրահեղ աջերի ակտիվացումը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ աճող միգրացիոն հոսքերով, գնաճով, Ուկրաինային աջակցության բացասական ընկալումներով, «կանաչների» քաղաքականության նկատմամբ բացասական արձագանքով: Սակայն որոշ երկրներում աջերը հետընթաց են ապրել, ինչպես Լեհաստանում, Իսպանիայում, Էստոնիայում: Ընտրություններում հաղթելու համար կենտրոնամետ ուժերը պետք է կարողանան ստատուս քվոյի փոփոխություն առաջարկել: Սակայն մինչ այժմ նրանք անտեսել են ծայրահեղ աջ կուսակցություններին՝ փորձելով շեղել հասարակության ուշադրությունը բարդ խնդիրներից, օրինակ՝ ներգաղթից, ապա ընդունել ծայրահեղ աջերի որոշ դիրքորոշումներ՝ ընտրողներին վերադարձնելու համար, այդպիսով ավելի լեգիտիմացնելով նրանց թեզերը:
Հատկանշական է, որ հունիսի 1-ից ԵՄ-ում նախագահությունը ստանձնում է Հունգարիան, որը վերջին տարիներին ամենաշատն է խնդիրներ ստեղծել Եվրամիության միասնականության համար։ Վարչապետ Օրբանը հայտնի է որպես վետոյի իր իրավունքը չարաշահող ղեկավար, որը ԵՄ-ից մեծ ֆինանական աջակցություն է ակնկալում՝ վետո չկիրառելու դիմաց։ Ընտրություններից հետո Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի ձևավորման շրջանում հենց Օրբանն է պատասխանատու լինելու Միության օրակարգի ձևավորման համար։
Շատերը նշում են, որ Օրբանը մեծ վտանգ է ներկայացնում եվրոպական ժողովրդավարության համար, քանի որ նրա նախագահությունը համընկնում է հաջորդող հինգ տարիների համար ԵՄ օրակարգի ձևավորման հետ։ Հատկանշական է, որ միևնույն ժամանակ տեղի են ունենալու ԱՄՆ նախագահի ընրությունները, իսկ Օրբանը հանդես է գալիս Դոնալդ Թրամփի աջակցությամբ, որը Եվրամիության համար նախընտրելի թեկնածու չէ։
Այժմ եվրոպական ինստիտուտները քայլեր են ձեռնարկում Եվրամիությունը Հունգարիայի ղեկավարի ձեռքում «պատանդ» թողնելուց խուսափելու համար։ Ներկայումս Օրբանի կառավարությունը հայտնվել է պատժամիջոցների երկու ընթացակարգի տակ՝ իրավունքի գերակայության համակարգային խախտումների պատճառով։ Եվրոպացի փորձագետների պնդմամբ՝ ԵՄ երկրների կառավարությունները կարող են որոշել, որ այն երկիրը, որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, չի կարող նախագահել Միությունում։
ԵՄ-ն ու Հարավային Կովկասը
Անդրադառնալով Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ Հարավային Կովկասի դերին՝ պետք է նշել, որ տարածաշրջանը ԵՄ առաջնահերթությունների ցանկում չէ: Միաժամանակ, Միությունը չի կարող Հարավային Կովկասը դիտարկել որպես մեկ միասնական տարածաշրջան: Պատճառներից մեկը Հայաստան-Ադրբեջան չկարգավորված հարաբերություններն են, որոնց շուրջ ընթացող բանակցություններում կողմերը դեռևս հեռու են փոխընդունելի լուծումից, իսկ նոր լարվածության և ռազմական գործողությունների հնարավորությունը չեզոքացված չէ։ Մյուս պատճառն այն է, որ տարածաշրջանի երկրների հետ Եվրամիության հարաբերությունները տարբեր մակարդակներում են: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ներկայումս կարգավորվում են Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրով։ Առանձին ոլորտներում համագործակցության առանձին ձևաչափեր են գործում։ Հայաստանում տեղակայված է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը մշտադիտարկում է Ադրբեջանի հետ սահմանը։ Բացի այդ, Հայաստանը ակտիվացնում է պաշտպանական ոլորտում համագործակցությունը ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՄ անդամ առանձին երկրների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հունաստանի: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Թբիլիսին ամիսներ առաջ ստացավ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։ Սակայն այս առումով խնդիրներ կան երկու կողմից։ Եվրամիությունում ընդլայնման հարցերը օրակարգ եկան միայն Ուկրաինայում պատերազմի ֆոնին, իսկ Բալկանյան երկրների մոտ դժգոհություն է առաջացնում իրենց կարգավիճակում փոփոխության բացակայությունը։ Օրինակ, Հյուսիսային Մակեդոնիան թեկնածուի կարգավիճակ է ստացել մոտ 20 տարի առաջ՝ 2005 թվականին, Մոնտենեգրոն՝ 2010 թվականին, Սերբիան՝ 2012 թվականին, իսկ Թուրքիան՝ դեռ 1999 թվականին։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վերջինս դեռ պետք է ապահովի ԵՄ չափանիշների համապատասխանության ուղղությամբ բոլոր անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայում հակամարտության պայմաններում Վրաստանի մոտեցումներում որոշ փոփոխությունները և Մոսկվայի հետ հարաբերությունների վերագործարկումը բացասաբար են ընկալվել Եվրամիությունում։ Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվում են Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրով, որն ուժի մեջ է մտել 1999թ.: 2017 թվականին նոր շրջանակային համաձայնագրի շուրջ սկսված բանակցությունները դեռևս չեն ավարտվել: Թեև Ադրբեջանը ԵՄ կարևոր էներգետիկ գործընկերն է, այնուամենայնիվ, կառույցը չի կարող աչք փակել Բաքվի կողմից մարդու իրավունքների խախտումների վերջին դեպքերի վրա, ինչպես նաև ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջան-Ռուսաստան սերտացող համագործակցությունը։
Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը նաև հանդիսանում են ԵՄ Արևելյան գործընկերության մաս, որը շատերը սպառված են համարում ընդհանուր առմամբ ընդլայնման քաղաքականության համատեքստում։ Նրանք կարծիք են հայտնում, որ ծրագրին նոր մոտեցումներ ու բարեփոխումներ են անհրաժեշտ, ինչպես նաև հստակ օրակարգ։ Շատերը Եվրամիությանը մեղադրում են նաև տարածաշրջանում հետևողական քաղաքականության բացակայության, ինչպես նաև այս երկրների հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների պրիզմայով դիտարկելու համար։ Առավել մեծ հարցական է Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Հարավային Կովկասում ԵՄ արտաքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որ կարևոր դերակատարում ուներ նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների միջնորդական ջանքերում, արդեն հայտարարել է ընտրություններին չմասնակցելու մասին։
Այնուամենայնիվ, ընտրություններից հետո Եվրամիությունը պետք է քայլեր ձեռնարկի` արտաքին քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ, այդ թվում՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունները։ Կայուն օրակարգի և հստակ դիրքորոշման բացակայությունը առաջիկա հինգ տարիներին կարող է նոր՝ ավելի լուրջ խնդիրներ ստեղծել Եվրամիության համար, քանի որ քաղաքական ուժերի միջև բևեռացվածության խորանալու միտումներ են նկատվում։