Համընդհանուր պաշտպանության համակարգեր
7 ր. | 2024-03-15Մաս II. Իրանական «Բասիջ». ուսումնական կենտրոններ և սոցիալականացում
Ի րանի Իսլամական Հանրապետության բանակը Մերձավոր Արևելքում հզորագույններից է, ինչը պատահական չէ. այս տարածաշրջանում կենսունակ լինելու՝ առավել ևս որևէ իրական հավակնություններ ունենալու համար ուժեղ բանակն անհրաժեշտ պայման է։ Իրանական ԶՈւ միայն քանակը արդեն իսկ տպավորիչ է. այն կազմում է 1-1,5 միլիոն մարդ։ ԻԻՀ ԶՈւ-ն ներառում է երեք կառույց՝ Իրանի կանոնավոր բանակը (Արտեշ), Իրանի իրավապահ ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Կանոնավոր բանակը բաղկացած է ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերից։ Այն պատասխանատու է երկրի սահմանների պաշտպանության և պետության ներսում կարգուկանոնի ապահովման համար։
Իրավապահ ուժերը կատարում են ոստիկանության ու սահմանապահ ծառայության գործառույթներ՝ կոչված են պայքարելու հանցավորության դեմ, պաշտպանելու հասարակական կարգը, գույքը, ապահովելու հասարակական և պետական անվտանգությունը։
ԻՀՊԿ-ն համարվում է Իրանի երկրորդ կամ զուգահեռ բանակը։ Դրա կազմում, ինչպես և կանոնավոր բանակի, կան ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժեր։ ԻՀՊԿ-ի կազմում են նաև հատուկ գործողություններ իրականացնող «Ղոդսը» և աշխարհազորային «Բասիջը»։
Պատմություն
«Բասիջն» (Բասիջե Մոսթազաֆան) ԻԻՀ ԶՈւ համակարգում իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում։ Դրա կազմավորումը մեկնարկել է Իսլամական հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո՝ 1980թ․ փետրվարին։ Այն հանդիսացավ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ռուհալլահ Խոմեյնիի կողմից հռչակված իսլամական «20 միլիոնանոց բանակի» հայեցակարգի իրականացման հիմնական գործիքը։
Մարտական մկրտություն «Բասիջը» ստացել է 1980-1988թթ․ իրան-իրաքյան պատերազմում։ Այսպես կոչված «մարդկային ալիքները» «Իսլամական սուրբ պատերազմի» մաս էին կազմում և մերժում էին ընդունված մարտավարական նորմերը։ Իսլամին՝ բառի բուն իմաստով անձնազոհաբար նվիրված մարդկանց խմբերը, չնայած թեթև զինված լինելու հանգամանքին և նրան, որ հաճախ գործում էին առանց օդային և հրետանային աջակցության, շարունակում էին շարժվել առաջ՝ անտեսելով սեփական ահռելի կորուստները: Այս «մարդկային ալիքները» հզոր հոգեբանական ազդեցություն էին ունենում հակառակորդի վրա։
«Բասիջի» կառուցվածքային բարելավմանն ու ռազմական պատրաստվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկվում էին դեռևս պատերազմի տարիներին։ Այդ ժամանակ էլ «Բասիջի» նկատմամբ վերահսկողությունը դրվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ «Բասիջի» յուրաքանչյուր անդամ պարտավոր էր մնալ ռազմաճակատում առնվազն երկու, իսկ պատերազմի վերջին տարիներին՝ առնվազն վեց ամիս, որից հետո նրան կարող էին փոխարինել։ Արդյունքում պատերազմի ավարտին Իրանն ուներ ռազմական գործողություններին մասնակցած ավելի քան հինգ միլիոն աշխարհազորայիններ։
ԻՀՊԿ ջանքերով ամբողջ երկրով ստեղծվեց ռազմական ուսումնական կենտրոնների ցանց, որտեղ զենք կրելու ունակ իրանցիները անցնում էին մեկից մեկուկես ամիս տևող վերապատրաստում: Լայնածավալ աշխատանքի արդյունքում «Բասիջը» ստացավ իր ներկայիս տեսքը․ ստեղծվեցին «Բասիջ» դիմադրության ուժերը (ԲԴՈւ)։
Գործառույթներ
Ի րանի վարչատարածքային բաժանմանը համահունչ յուրաքանչյուր նահանգում ձևավորվել են դիմադրության ավելի քան 3 հազար շրջաններ։ ԲԴՈւ համակարգի ստորին օղակը դիմադրության բազաներն են, որոնց թիվը, ըստ տարբեր տվյալների, կազմում է 40-50 հազար։ «Բասիջի» հիմնական մարտական միավորը գումարտակներն են, որոնք ներառում են 400-500 մարտիկ։ Տարբեր նահանգներում գումարտակների թիվը տատանվում է 70-ից 90։ Գումարտակների հրամանատարները ԻՀՊԿ կադրային սպաներ են։ Այդ ստորաբաժանումներում ծառայության ժամկետը 11-ից 13 ամիս է: Ընդ որում, այդ ժամկետը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հատուկ հրամանով կարող է կրճատվել մեկուկեսից երեք ամսով։ Խաղաղ ժամանակ ծառայությունից հետո աշխարհազորայիններին կցված զենքը պահվում է ԻՀՊԿ պահեստներում։
Պատերազմական պայմաններում ԲԴՈւ գործառույթներից է դիմադրության բազաների տարածքներում պաշտպանության կազմակերպումը, փրկարարական, վերանորոգման և վերականգնողական աշխատանքների իրականացումը։
Վերջինը իրականացվում է նաև խաղաղ ժամանակ՝ տարերային աղետների հետևանքները վերացնելու կամ մեղմելու նպատակով։ Բացի դրանից, խաղաղ պայմաններում «Բասիջն» օգնություն է տրամադրում իրավապահ ուժերին՝ ընդդիմության և հանցավոր տարրերի դեմ պայքարում, պաշտպանելով պետական կառույցները և երկրի կարևոր ռազմատնտեսական օբյեկտները։ Իրանի աշխարհազորայինները ներգրավված են նաև սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ապահովելու և մաքսանենգության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:
Ըստ նպատակների՝ «Բասիջը» բաժանվում է հետևյալ կատեգորիաների.
– սովորական «Բասիջը» ներկայացված է անձնակազմով, որը հիմնական ռազմական պատրաստություն անցնելուց հետո ընդգրկվում է «20 միլիոնի բանակի» ստորաբաժանումներից մեկում,
– ակտիվ «Բասիջը» ներառում է անձնակազմ, որոնք հիմնական ռազմական պատրաստությունն անցնելուց հետո ընդգրկվում են հատուկ ստորաբաժանումներում, որոնք հավաքագրվում են անհատական առաջադրանքներ կատարելու համար՝ սերտ համագործակցելով ԻՀՊԿ կանոնավոր ստորաբաժանումների հետ,
– հատուկ «Բասիջը» ԻՀՊԿ կանոնավոր ստորաբաժանումների առաջնահերթ ռեզերվն է։ Այս կատեգորիան համապատասխան զինվորական պատրաստություն անցնելուց հետո ընդգրկվում է ԻՀՊԿ ռեզերվում և վտանգված ժամանակահատվածում կամ պատերազմական դրության ժամանակ համալրում է կորպուսի ստորաբաժանումները։
Սոցիալական բաղադրիչ
«Բասիջի» ռազմական բաղադրիչը հիմնականն է, սակայն ոչ միակը։ Ներկայումս «Բասիջը» ներգրավված է իրանցիների կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ «Բասիջի» հետ փոխկապակցված կազմակերպությունները զբաղվում են մշակութային, կրթական, գիտական, տնտեսական և այլ բնույթի գործունեությամբ։ «Բասիջ կոոպերատիվ հիմնադրամը» ներկայացված է Իրանի տնտեսության ամենատարբեր ոլորտներում տրանսպորտից և շինարարությունից մինչև ծանր արդյունաբերություն ու ֆինանսներ։ Այս կազմակերպությունը Իրանի տնտեսության մեջ բավական մեծ դեր է խաղում։
Բարդ է գերագնահատել «Բասիջի» սոցիալական դերակատարումը։ Շատերի համար աշխարհազորը լուծում է սոցիալիզացիայի խնդիր։ Այս առումով այն հետաքրքրություն է ներկայացնում նախևառաջ սոցիալապես անապահով գյուղական բնակչության համար։ Խոշոր քաղաքների բնակչության համար «Բասիջը» գրավիչ է սոցիալական դիրքի բարելավման տեսանկյունից։ Ռազմական և քաղաքական կարիերայի համար «Բասիջի» ակտիվ անդամ լինելը պարտադիր պայման է։ Բացի քաղաքական և ռազմական կարիերայից «Բասիջի» անդամներն առավելություններ ունեն նաև «Բասիջ կոոպերատիվ հիմնադրամի» և ԻՀՊԿ հետ փոխկապակցված այլ ընկերություններում կարիերայի աճի առումով:
«Բասիջի» անդամներն արտոնություններ ունեն նաև բուհ ընդունվելիս, նրանք կարող են դիմել «Բասիջին» կից բանկերին կամ վարկային կազմակերպություններին՝ վարկ ստանալու նպատակով, ակտիվ անդամները կարող են նաև օգտվել պետական հատվածում բնակարանային սուբսիդիաներից: Կազմակերպությանը կից սպառողական կոոպերատիվների ցանցի միջոցով «Բասիջի» սովորական անդամը կարող է զեղչված գներով սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել: Այդ կերպ ԻՀՊԿ-ն աջակցում է «Բասիջի» անդամների սոցիալական կարգավիճակի բարձրացմանն ու ֆինանսական դրության բարելավմանը, ինչը հավելյալ շարժառիթ է «Բասիջի» շարքերը համալրելու համար։
Տեղական իշխանությունները պարտավոր են սեփական միջոցներով կոմունալ վճարներից ազատել իրենց տարածքում գտնվող «Բասիջի» օբյեկտները:
Հայաստանի պարագայում աշխարհազորի սերտաճումը երկրի տնտեսության, քաղաքական համակարգի, բանակի և սոցիալական կյանքի հետ բարդ է պատկերացնել, առավել ևս, որ Հայաստանում նման համակարգի կայացումը կնշանակի քաղաքական ու տնտեսական ազատությունների փաստացի վերացում։ Այդուհանդերձ, աշխարհազորին որոշակի սոցիալական արտոնությունների տրամադրումը կարող է դրական ազդեցություն ունենալ համալրման, գրավչության և ընդհանուր համակարգային կայացման առումով։ Որպես տարբերակ կարելի է դիտարկել սահմանամերձ ստորաբաժանումներում ներգրավված աշխարհազորայիններին արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրումը կամ կոմունալ վճարների սուբսիդավորումը։ Հետաքրքրական կարող է լինել նաև աշխարհազորի դերը որպես ԶՈւ անձնակազմի՝ ընդհուպ մինչև կրտսեր սպայական կազմի համալրման հավելյալ աղբյուր։
Պատրաստություն և ուսուցում
«Բասիջի» համակարգը, Իրանի զինված ուժերի վերապատրաստված ռեզերվի կարիքները բավարարելուց զատ, երկրի ղեկավարությանը թույլ է տալիս իրականացնել բնակչության ընդհանուր ռազմական և կրոնական-գաղափարական պատրաստության ծրագրեր:
Ներկայումս Իրանում գործում է «Բասիջի» շուրջ 6 հազար ուսումնական կենտրոն։ Ուսումնական ծրագիրը նախատեսում է թեթև հրազենի հետ վարվելու հմտությունների, մարտական մարտավարության հիմունքների, առաջին բուժօգնության կանոնների ուսուցում, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության բարձրացում: Իրանում տարվա ընթացքում յուրաքանչյուր նահանգում առնվազն մեկ անգամ անցկացվում են ԲԴՈւ վարժանքներ։ Բացի դրանից՝ ԲԴՈւ կազմավորումների անդամները ներգրավված են Իրանի ԶՈւ և ԻՀՊԿ ցամաքային ուժերի բոլոր խոշոր զորավարժություններում։
Բացի ռազմական պարապմունքներից, մեծ ուշադրություն է դարձվում քաղաքական և գաղափարական աշխատանքին (Իսլամի պատմության ուսուցանում, Ղուրանի ուսումնասիրություն): Քարոզչության ազդեցությունն առավելագույնի հասցնելու նպատակով յուրաքանչյուր տարի ամառային արձակուրդների ընթացքում ուսանողների և դպրոցականների համար կազմակերպվում են հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ օգտագործելով ԻՀՊԿ-ի և ԲԴՈւ-ի կրթական և նյութական բազան:
Թերևս հենց այս առումով է «Բասիջի» օրինակը հետաքրքրական մեզ համար։ Բնականաբար, ուսումնական գործընթացի կազմակերպման փորձը տեղայնացնելու պարագայում կարևոր է հաշվի առնել մի շարք կրոնական, մշակութային, պատմական և ընդհանուր առմամբ ազգային առանձնահատկություններ, սակայն գաղափարն ինքնին արժանի է ուշադրության։
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում ուսանողների և դպրոցականների համար կազմակերպվող դասընթացները։ Բնական է, որ Հայաստանի պարագայում այդ դասընթացները պետք է զերծ լինեն կրոնական և քաղաքական աշխատանքներից, քանի որ դա ոչ միայն անօրինական է, այլ նաև անիմաստ ու անօգուտ։ Սակայն ամառային ռազմամարզական ճամբարները կարող են օգտակար լինել ինչպես մոտ ապագայում ծառայության մեկնող պատանիների համար, այնպես էլ վաղ տարիքից ամբողջ հանրության ռազմական պատրաստության որոշակի մակարդակ ապահովելու տեսանկյունից։
Ընդհանուր առմամբ «Բասիջի» օրինակը և փորձն ամբողջ ծավալով փոխառելը նախ անհնար է, սակայն առանձին տարրերը գրագետ տեղայնացնելու պարագայում պահեստազորի որակը և որպես հետևանք՝ ՀՀ դիմադրողականությունը զգալի աճ կարող են ապահովել։
CIA World Factbook - https://www.cia.gov/the-world-factbook
Niruyeh Moghavemat Basij/ Mobilisation Resistance Force -https://www.globalsecurity.org
Контуры глобальных трансформаций/том 10, номер 3, 2017/ В. И. САЖИH - Корпус стражей исламской революции Ирана – государство в государстве - https://cyberleninka.ru/article
اساسنامه سپاه پاسداران انقلاب اسلامی (The Statute of the Islamic Revolutionary Guard Corps) -https://web.archive.org/web
Смагин Н. На страже Исламской Республики: КСИР и Басидж в системе безопасности Ирана. Армии и безопасность на Ближнем Востоке и в Северной Африке. Москва, РСМД, 2019, с. 70-79 - https://russiancouncil.ru/upload