Բյուջե 2024. 2023-ի զարգացումների տրամաբանական շարունակություն
8 ր. | 2024-02-27Պետական բյուջեի եկամուտների աճ, ծախսերի առաջանցիկ աճ, պակասուրդի ավելացում, Կառավարության պարտքի ավելացում. 2024թ.-ի ծրագրված բյուջեն նախորդ տարիներին իրականացվող քաղաքականությունների շարունակությունն է:
Ինչպես յուրաքանչյուր տարի, 2023թ.-ին նույնպես տեղի են ունեցել բյուջետային քննարկումներ, որի արդյունքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2024թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հաստատմանը:
Հաշվի առնելով հարկաբյուջետային քաղաքականության կարևորությունը պետական բյուջեի եկամուտների, ծախսերի, պարտքի հուսալի կառավարման, ինչպես նաև տնտեսության շարունակական զարգացման ապահովման տեսանկյունից՝ ուսումնասիրվել են պետական բյուջեի նախագծում տեղ գտած հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու կանխատեսումները՝ ներկայացնելով այն առանցքային փոփոխությունները, որոնք հանդիսանում են Կառավարության 2021-2026թթ.-ի երկարաժամկետ ռազմավարության հիմնական առաջնահերթությունները:
Ծախսերի առաջանցիկ աճ՝ եկամուտների համեմատ
2 024թ.-ի ֆինանսական գլխավոր փաստաթղթի համաձայն՝ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքում ակնկալվում է 7% տնտեսական աճի ապահովում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացման (կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում հասցնելով 6.3%-ի) և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև՝ պարտքի կայունության պահպանման միջոցով: Այդ թվում՝ ակնկալվում է, որ ընթացիկ տարում հարկաբյուջետային քաղաքականությունն ամբողջական պահանջարկի վրա կունենա չեզոք ազդեցություն՝ միաժամանակ խթանելով ներուժային տնտեսական աճը:
Միաժամանակ, այս ամենին զուգահեռ, պետք է նկատի ունենալ նաև արտաքին հատվածից ՀՀ տնտեսություն փոխանցվող գործոնների բացասական ազդեցությունները, առկա անորոշություններն ու մարտահրավերները, անբարենպաստ տնտեսական զարգացումներն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Վերջին տարիներին պետական բյուջեի եկամուտները դինամիկ աճի միտում են ցուցաբերել, ինչը հիմք է հանդիսացել 2024թ.-ին պետական բյուջեի եկամուտների բարձր մակարդակի կանխատեսման համար: Ասվածին զուգահեռ, դեռևս շարունակում են պահպանվել ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված առկա անորոշությունները, աշխարհաքաղաքական մարտահրավերները, տարածաշրջանում քաղաքական լարվածությունը, որոնք իրենց հերթին հարկաբյուջետային որոշ ռիսկեր են պարունակում, ուստի հետագա զարգացումների դեպքում կարող են իրադարձությունները շեղվել սպասումներից:
Ֆինանսական գլխավոր փաստաթղթի համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում եկամուտների աճը պայմանավորված է եղել հիմնականում տնտեսության որոշակի վերականգնմամբ և հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում հարկային եկամուտների աճով: Կանխատեսվում է, որ 2024թ.-ին ՀՀ պետական բյուջեի եկամուտների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կկազմի 25.9%` 2023թ.-ին սպասվող 25.5%-ի համեմատ:
Անդրադառնալով պետական բյուջեով նախատեսվող ծախսերին՝ նշենք, որ 2024թ.-ին պետական բյուջեի ծախսային առաջնահերթությունները շարունակվելու են նախորդ տարիների տրամաբանությամբ։ 2024թ.-ին պետական բյուջեի ծախսերը կանխատեսվել են 3 տրլն 206.5 մլրդ դրամի չափով՝ առաջանցիկ աճ գրանցելով եկամուտների համեմատ: Ակնկալվում է, որ ծախսերի ընդհանուր ծավալի 78.3%-ը կամ 2 տրլն 511.2 մլրդ դրամը բաժին է ընկնելու ընթացիկ, իսկ մնացած՝ 21.7%-ը կամ 695.3 մլրդ դրամը՝ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (կապիտալ ծախսեր): Նախորդ տարվա փաստացի արձանագրված ցուցանիշի համեմատ նախատեսվում են ընթացիկ ծախսերի մասնաբաժնի նվազում կապիտալ ծախսերի մակարդակի ավելացման հաշվին:
Ըստ նախագծի՝ կանխատեսումներում մեծ ուշադրություն է դարձվում նաև պետական բյուջեի ծախսերի պլանավորված մակարդակների ապահովումը խաթարող մակրոտնտեսական և հարկաբյուջետային ռիսկերին, որոնք կարող են հանգեցնել լրացուցիչ ֆինանսավորման պահանջի առաջացման: Այդպիսիք են՝ ՌԴ-ից ՀՀ մարդկանց և կապիտալի զգալի ներհոսքի հետշրջման, համաշխարհային տնտեսական աճի դանդաղման ռիսկեր, կապիտալ ծախսերի թերակատարում և այլն:
2024թ.-ի բյուջեի հիմքում դրված սցենարում նախատեսվել է կապիտալ ծախսերի զգալի բարձր մակարդակ՝ ՀՆԱ-ի 6.3%-ի չափով: Սակայն հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի կատարողականները՝ առկա է ծրագրավորված ցուցանիշների թերակատարման ռիսկ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի ապահովման, ինչպես նաև հարկաբյուջետային շրջանակի ցուցանիշների վրա:
Պետական բյուջեի ծախսերի ավելացման հաշվին ակնկալվում է պակասուրդի 2 տոկոսային կետով ավելացում նախորդ տարվա սպասվողի համեմատ: ՀՀ 2024թ.-ի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 4.6%-ի չափով՝ կազմելով 482.9 մլրդ դրամ:
Նախագծի համաձայն՝ պետական բյուջեի ձևավորումը 2024թ.-ին շարունակելու է ընթանալ բյուջետային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցմամբ, ընդ որում՝ պակասուրդի ֆինանսավորման համար միջոցների ներգրավումն իրականացվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից, համապատասխանաբար` 351.2 մլրդ դրամի և 131.7 մլրդ դրամի չափով:
Հիմք ընդունելով ՀՆԱ-ի 25.9%-ի չափով կանխատեսված ՀՀ 2024թ.-ի պետական բյուջեի եկամուտների մակարդակը և ելնելով ՀՆԱ-ի 4.6%-ի չափով պակասուրդի ֆինանսավորման հնարավորություններից, ՀՀ կառավարությունը ծրագրել է 2024թ.-ին ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 30.5%-ի չափով:
Հարկաբյուջետային կանոններն արդյո՞ք պահպանվում են
Հ արկաբյուջետային քաղաքականության իրականացման համատեքստում կարևորվում է հարկաբյուջետային կանոնների պահպանումը, ուստի անհրաժեշտ ենք համարում նաև անդրադառնալ վերջինիս ուսւոմնասիրմանն ու գնահատմանը: Յուրաքանչյուր երկրի կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է համահունչ լինի հետևյալ «ոսկե կանոններին»՝
- Երբ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 40%-ը պետական բյուջեի կապիտալ ծախսերը չպետք է փոքր լինեն բյուջեի պակասուրդից:
- Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության՝ 50-60% միջակայքում գտնվելու դեպքում, ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը սահմանափակվում է նախորդ 7 տարիների ՀՆԱ-ների միջին աճով:
- Երբ Կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ 60%-ը, ընթացիկ առաջնային ծախսերի աճի տեմպը սահմանափակվում է նախորդ 7 տարիների ՀՆԱ-ների միջին աճից 0.5 տոկոսային կետով նվազեցված ցուցանիշով, ընթացիկ ծախսերը սահմանափակվում են հարկերի և տուրքերի մեծությամբ:
- Ներկայացված սահմանափակումները չեն գործում Կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ ելնելով խոշորածավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների պարագայում:
Նկատի ունենալով վերոնշյալ բոլոր կանոնները՝ նախագծով նախատեսվում է ընթացիկ տարվա պետական բյուջեն կատարել հարկաբյուջետային կանոնների ամբողջական համապատասխանության ներքո։
Պետական ֆինանսների «ոսկե կանոնների» պահպանումը թույլ կտա ապահովել պարտքի զուտ ներգրավմանն առաջանցիկ պետական ակտիվների աճը և կառավարելի պահել երկրի իրական պարտքային դիրքը, հետևաբար նաև երկարաժամկետ հարկաբյուջետային ռիսկերը։
Ընթացիկ տարում, ինչպես նախորդ տարի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը նախատեսվում է մեծամասամբ իրականացնել ներքին աղբյուրների հաշվին, որի մասնաբաժինը, ըստ նախագծի, էլ ավելի է մեծանալու 2024թ.-ի ընթացքում, սակայն դրան զուգահեռ նախատեսվել է նաև արտաքին աղբյուրների հաշվին պակասուրդի ֆինանսավորման ավելացում:
2023թ.-ի զարգացումները՝ հիմք 2024-ի բյուջեի կազմման համար
Ը նթացիկ տարվա պետական բյուջեն ծրագրվել է հաշվի առնելով 2023թ.-ին Հայաստանում արձանագրված տնտեսական զարգացումները, ինչպես նաև աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններն ու անորոշությունների առկա բարձր մակարդակը: Այդ իսկ պատճառով, կարևորվում է նաև 2023թ.-ի ընթացքում ՀՀ-ում հարկաբյուջետային ցուցանիշների ամփոփ ուսումնասիրությունը:
2023թ.-ին գրանցված բարձր տնտեսական աճի պայմաններում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա գնահատվել է որոշակի զսպող: Պետական բյուջեի ծրագրի համեմատությամբ ՀՀ ԿԲ-ն ակնկալում է բյուջեի ծախսերի որոշակի թերակատարում՝ հիմնականում կապիտալ ծախսերի գծով, ինչի պարագայում կձևավորվի ծրագրվածի համեմատ պետական բյուջեի ավելի փոքր պակասուրդ:
Պետական բյուջեի ծախսերը և եկամուտները ճշգրտելով համախառն պահանջարկի վրա ազդեցություն չունեցող հոսքերից՝ նախորդ տարի 2022թ.-ի նկատմամբ, գնահատվում է հարկաբյուջետային քաղաքականության մոտ 1.3 տոկոսային կետ զսպող ազդեցություն: Վերջինս պայմանավորված է թե՛ ծախսերի, թե՛ եկամուտների զսպող ազդակներով։
Հիմք ընդունելով 2024թ.-ի բյուջեն և 2024-2026թթ.-ի ՄԺԾԾ-ն՝ միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է չեզոք: Դա կպայմանավորվի այդ ժամանակահատվածում նախատեսվող և՛ ընթացիկ, և՛ կապիտալ ծախսերի աճով, ինչպես նաև հարկային քաղաքականության բարելավման արդյունքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աստիճանական աճով։
2023թ.-ին ՀՀ պետական բյուջեի եկամուտները շարունակել են աճել բարձր տեմպերով՝ հիմնականում պայմանավորված պահպանվող բարձր տնտեսական աճով և որոշ հարկատեսակների համար՝ տնտեսական ակտիվությանն առաջանցիկ հարկման բազաների աճերով։ Նույն ժամանակահատվածում հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է հարկման բազաների աճով։
2023թ.-ին բյուջեի ծախսերն աճել են՝ պայմանավորված ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերի աճերով: Պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրլն 547.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 25.9%-ով:
Վերոնշյալ զարգացումների արդյունքում պետական բյուջեն փաստացի եղել է պակասուրդային: 2023թ.-ի ընթացքում ձևավորվել է պետական բյուջեի 245.3 մլրդ դրամի պակասուրդ՝ նախորդ տարվա 179.5 մլրդ դրամի դիմաց:
2024թ.-ի բյուջետային նախագծի համաձայն՝ ծրագրված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2023-24թթ.-ին Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կգտնվի 50%-ից ցածր մակարդակի վրա՝ պահպանելով հնարավոր շոկերին արձագանքելու հարկաբյուջետային տարածքը և քաղաքականության ճկունությունը։ Այնուամենայնիվ, պարտքի բեռը 2022թ․-ի կտրուկ նվազումից հետո որոշակի աճ կունենա՝ պայմանավորված պետական բյուջեի պակասուրդի որոշակի աճով և 2022թ․-ի բարձր բազայի համեմատությամբ տնտեսական աճի որոշակի դանդաղմամբ։
ՀՀ կառավարության պարտքի կայունության վերլուծությունները վկայում են, որ թեպետ վերջինս կայուն է, կառավարելի և ցածր ռիսկային, սակայն զգայուն է տնտեսական աճի և փոխարժեքի շոկերի նկատմամբ:
Ամփոփելով նշենք, որ վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունեցել հարկաբյուջետային շրջանակի վրա, ինչն էլ հետևաբար իր արտացոլումն է գտել ընթացիկ տարվա բյուջեի պլանավորման և վերջնական հաստատման փուլերում: Մասնավորապես, ծախսերի մակարդակի ավելացման վրա իր ուղղակի ազդեցությունն է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության աջակցության միջոցառումների համար նախատեսված ծախսերը, որոնք ֆինանսավորվելու են Լեռնային Ղարաբաղին ուղղվող միջպետական վարկի համար նախատեսված ռեսուրսների հաշվին:
Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ հարկաբյուջետային կանխատեսումները հիմնված են մի շարք ենթադրությունների վրա, ուստի դրանք պարունակում են որոշակի ռիսկեր և անորոշություններ, այն մասով, որ սպասումները կարող են շեղվել փաստացի գրանցված արդյունքներից: Զուգահեռաբար, Հայաստանի տնտեսությունը զգալի կախվածության մեջ է գտնվում աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններից, որոնք ևս իրենց հերթին կարող են խաթարել նախանշված ցուցանիշների ապահովումը:
Ընթացիկ տարվա պետական բյուջեի նախագծով ակնկալվում է ծախսերի առաջանցիկ աճ եկամուտների համեմատ, հետևաբար նաև՝ պակասուրդի էլ ավելի մեծացում: Նախորդ տարվա համեմատ նախատեսվում են և՛ բյուջետային ծախսերի, և՛ եկամուտների զգալի ավելացումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենալու թիրախավորված տնտեսական աճի ապահովման տեսանկյունից:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն նախատեսվում է առավելապես իրականացնել ներքին աղբյուրների հաշվին: Այնուամենայնիվ, նախորդ տարվա համեմատ որոշակի աճ կա նաև արտաքին աղբյուրների մասով, ինչը փաստում է ՀՀ պետական բյուջեի որոշակի կախվածությունն արտաքին ֆինանսավորման աղբյուրներից: