Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

8 ր.   |  2024-02-12

Արդյունքներ և սպասելիքներ

էլեկտրոնային առևտրի զարգացում, երկաթուղային ինտեգրացիոն փոխգործակցություն, տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ենթակառուցվածքային նախագծերի զարգացում, Միության երկրների տեղեկատվական համակարգի կատարելագործում, «Եվրասիական Ագրոէքսպրես» ծրագրի բարելավում. ահա այն թեմաները, որոնք քննարկվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

2024թ.-ի փետրվարի 2-3-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների բարձրագույն ղեկավար կազմը։

Օրակարգից զատ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ներկայացրել է նաև ԵԱՏՄ մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացումն ապահովելու առաջարկներ։ Կարևորվել է նաև թվային օրակարգի իրականացումը, ստորագրվել են նիստում ընդունված որոշումների արձանագրությունները:

Ստորև ամփոփ ներկայացնում ենք նիստի ընթացքում քննարկված 12 հիմնական հարցերը:

Ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի զարգացում

Ե վրասիական միջկառավարական խորհրդի նիստում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հաստատել են ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի զարգացման առաջընթացի և հեռանկարների վերաբերյալ զեկույցը։ Ներկայում հաջողությամբ գործարկվել է 27 ընդհանուր գործընթաց, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) սեգմենտում 24 ընդհանուր գործընթացների իրականացման համար ապահովվել է տեխնիկական պատրաստվածություն: Բացի այդ, սահմանվել է 16 գործընթացների արդյունավետ կազմակերպմանն ու իրագործմանն ուղղված քայլերի հաջորդականությունը։ Առաջիկայում, համակարգի զարգացման նպատակով նախատեսվում են շարունակական աշխատանքների իրականացում:

Որոշակի քայլեր են կատարվել տվյալների փոխանակման ամբողջականության և անվտանգության պահպանման ուղղությամբ, ինչը թույլ կտա մոտ ապագայում ցանցային հաղորդակցությունը տեղափոխել ավելի անվտանգ միջավայր։


Ինտեգրված համակարգը նախատեսված է Միության շրջանակներում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների (երրորդ երկրների), միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների հետ տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ապահովման, ընդհանուր գործընթացների իրականացման, ինչպես նաև Միության մարմինների գործունեության ապահովման համար:

Տրանսպորտի ոլորտում ենթակառուցվածքային նախագծերի զարգացում

Ե ԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի ընդլայնմանը։ ԵԱՏՄ անդամ երկրների համար առանձնահատուկ նշանակություն ունեն առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի մշակումն ու արդյունավետ իրագործումը, որոնք ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունների արդիականացման և կառուցման լայնածավալ նախագծեր են՝ ուղղված եվրասիական տրանսպորտային միջանցքների և լոգիստիկ հեռանկարային ուղիների զարգացմանը։ Հատկանշական է, որ տվյալ նախագծերը Միության երկրների տրանսպորտային կապի ավելացման, տարանցման դերի բարձրացման և արտաքին առևտրաշրջանառության տեմպերի խթանման նպատակներ ունեն:

Ղազախստանը ներկայացրել է «Հյուսիս-Հարավ» արևելյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված նախագծեր, որոնք ուղղված են «Ռուսաստան-Կենտրոնական Ասիայի երկրներ» միջանցքի առկա երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը և նոր երկաթուղային գծերի ներդրմանը։

Ղրղզստանը ևս հանդես է եկել ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ առաջարկով, որոնց իրականացումը կստեղծի միասնական ներքին երկաթուղային ցանց և կբարձրացնի Ղրղզստանով տարանցիկ երթուղիների թողունակությունը։

«Նախագծերն ավելի հարմարավետ կդարձնեն տարանցումը և զգալիորեն կնվազեցնեն բեռների սեփականատերերի ծախսերը ԵԱՏՄ երկրների տարածքով ապրանքներ տեղափոխելիս։ Վերջինս հնարավորություն է կապող օղակ դառնալ Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի շուկաների միջև»,- ասել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։

Ներկայիս աշխարհաքաղաքական բարձր անորոշության, մատակարարման շղթաների գլոբալ խաթարման պայմաններում, ավանդական միջազգային տրանսպորտային միջանցքները վերափոխվում են, ԵԱՏՄ երկրներն ակտիվորեն զարգացնում են տրանսպորտային ենթակառուցվածքները:

Հիշեցնենք, որ 2022թ.-ի օգոստոսին Միության երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են ԵԱՏՄ-ի առաջնահերթ ենթակառուցվածքային ինտեգրացիոն տրանսպորտային նախագծերի ցանկը: Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված են ԵԱՏՄ երկրների 7 նախագծեր, որոնք իրականացվելու են տարբեր փուլերում։ Միևնույն ժամանակ, դրանք բոլորն ուղղված են եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների, տարանցիկ ներուժի և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը:

Անդրադառնալով ԵԱՏՄ երկրներում փոխադրումների ծավալին՝ նշենք, որ ԵՏՀ կողմից վիճակագրությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով և ամենաթարմ տվյալներով՝ 2023թ.-ի երրորդ եռամսյակում ուղևորափոխադրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6.7%-ով, մինչդեռ բեռնափոխադրումների ծավալը նվազել է 1.1%-ով: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ երկրներից ուղևորափոխադրումների ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում՝ 21.3%-ով, այնուհետև Ղրղզստանում (9.9%), Ղազախստանում (8.7%), Ռուսաստանում (6.5%) և Բելառուսում (3.1%): Բեռնափոխադրումների ծավալի ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում՝ 8.7%, իսկ ամենամեծ անկումը՝ Բելառուսում՝ -30.3%:

ԵԱՏՄ տարածքում ենթակառուցվածքային ինտեգրացիոն տրանսպորտային նախագծերի արդյունավետ իրագործման պարագայում առաջիկայում ակնկալվում են ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ: Վերջինս իր արտացոլումը կգտնի ընթացիկ տարվա վիճակագրության ամփոփման մեջ:

«Եվրասիական Ագրոէքսպրես», էլեկտրոնային առևտրի զարգացում

Դ եռևս նախորդ նիստի ժամանակ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել համատեղ ինտեգրացիոն նախագծում «Եվրասիական ագրոէքսպրես» փոխադրումները ներառելու վերաբերյալ ԵՏՀ առաջարկին: Նշենք, որ փոխադրումները նախատեսվում են իրականացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով՝ Թուրքմենստանի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Հնդկաստանի ուղղությամբ։

Ներկայում ծրագրի հիմնական տրանսպորտային ուղղությունը Չինաստանն է։ Անցյալ տարվա ընթացքում բեռնարկղային գնացքներով մատակարարումներ իրականացվել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան ճյուղով՝ դեպի Հնդկաստան և Իրան: Ավարտվել է փորձնական առաքումն Ուզբեկստան, աշխատանքներ են տարվում նաև ԱՄԷ առաքումները զարգացնելու ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, 2023թ.-ին «Եվրասիական ագրոէքսպրես»-ի գործունեության ծրագրի շրջանակներում փոխադրվել են 450 հազար տոննա բեռներ։ Ապրանքների տեսականին ներառում է հավի և տավարի միս, կաթի փոշի, յուղ և ճարպեր, մրգեր և բանջարեղեն ու հատիկեղեն:

«Նախորդ տարվա ընթացքում արտահանման տեսանկյունից ամենաբարձր աճը գրանցվել է հացահատկի և հատիկաընդեղենի գծով՝ 4 անգամ, ինչպես նաև նավթամթերքի գծով՝ 20%»,- այս մասին հայտնել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

«Եվրասիական ագրոէքսպրես»-ին Հայաստանի մասնակցության տեսանկյունից կարևորվում է հատկապես «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ստեղծման ծրագրի արդյունավետ իրագործումը, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի տարանցիկ դերի բարձրացում: Քանի որ փոխադրումներն իրականացվում են դեպի Իրան, այս դեպքում ևս կարևորվում է ծրագրի հետագա զարգացման նպատակով Հայաստանի շահագրգռվածությունը, քանի որ վերջինս հանդիսանում է Իրանին և ԵԱՏՄ երկրներին կապող օղակ:

Այս համատեքստում կարևորում ենք նաև ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրաշրջանառության դինամիկայի ուսումնասիրությունը: Աշխարհաքաղաքական կառուցվածքային փոփոխությունների և ֆինանսական համակարգերի զգալի ցնցումների պայմաններում, ԵԱՏՄ երկրների առևտրատնտեսական հարաբերություններում դրական միտում է գրանցվել. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տվյալներով՝ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2023թ.-ի առաջին եռամսյակում 2022թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով։

Հատկանշական է, որ 2023թ.-ի տարեկան տվյալներով՝ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ առևտրաշրջանառությունը կազմել է 7.6 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 42.7%-ով: Ռուսաստանը շարունակում է լինել ՀՀ հիմնական առևտրային գործընկերը, որտեղ ուղղվում են արտահանման ծավալների ամենամեծ մասը. 2023թ.-ին ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառության ծավալների 35.3%-ը բաժին է ընկել Ռուսաստանին:

Նույն ժամանակահատվածում Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 3.6 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 40.8%-ով: Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստան (4.8 անգամ), Ղազախստան (3.8 անգամ) և Ռուսաստան (38.8%):

          2023թ.-ին ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծումն աճել է 44.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ամենամեծ քանակի ներմուծումն իրականացվել է ՌԴ-ից. նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 47.4%:

Այսպիսով, ԵԱՏՄ երկրներում փոխադարձ առևտրի ծավալը վերջին 3 տարիների ընթացքում ցուցաբերել է շարունակական աճի միտում: Առևտրի մասնաբաժինը նախորդ տարի կրկնապատկվել է, իսկ 2 տարվա ընթացքում բացարձակ ծավալը՝ աճել մեկ քառորդով, հիմնականում ներդրումների ավելացման և սպառողական պահանջարկի մեծացման հաշվին:

Կանխատեսումներ, հեռանկարներ ԵԱՏՄ երկրների համար

Մ իջկառավարական խորհրդի նիստում ամփոփվել են նաև 2023թ.-ին ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները, ինչպես նաև ներկայացվել են կայուն տնտեսական զարգացումն ապահովելուն ուղղված առաջարկներ։

Չնայած այն հանգամանքին, որ ԵԱՏՄ երկրների համար արտաքին տնտեսական պայմանները շարունակում են մնալ բարդ, տնտեսական դրական դինամիկան պահպանվել է։ Այսպիսով, 2023թ.-ին աճել է սպառողական պահանջարկը, մեծացել է ներդրումային ակտիվությունը, ավելացել են արդյունաբերական արտադրանքի, շինարարական աշխատանքների ծավալները և այլ հիմնական ցուցանիշները։

«2023թ.-ի վերջին ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ի աճը հասել է 3.7%-ի, ինչը բարձր է համաշխարհային միջինից։ Միաժամանակ, Հայաստանն ու Ղրղզստանը դարձել են ՀՆԱ-ի աճով առաջատար երկրներ»,- ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը:

Նախորդ տարվա ընթացքում Միության երկրներում ներդրումային ակտիվություն է գրանցվել։ Փաստացի, ներդրումների աճի տեմպը 3 անգամ գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշը։ Դրան նպաստել են հիմնականում արտադրության և շինարարության ոլորտներում աճի բարձր տեմպերը, որոնք հասել են 6-8%-ի:

ԵՏՀ կանխատեսմամբ՝ արդյունաբերության արտադրական հզորությունների օգտագործման շնորհիվ տնտեսական ակտիվության բարձրացման հնարավորությունը գնահատվում է ՀՆԱ-ի տարեկան աճի 2 տոկոսային կետով։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի ակնկալվող աճը միջնաժամկետում գնահատվում է 3-5%։

Հարկ է նշել, որ 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ ԵԱՏՄ երկրներում ՀՆԱ-ն կազմել է շուրջ 1 տրլն 137 մլրդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2%-ով: ՀՆԱ-ի ամենաբարձր աճերը գրանցվել են Հայաստանում և Ղազախստանում՝ համապատասխանաբար 10.5%-ով և 5.3%-ով:

2024-2025թթ.-ի մակրոտնտեսական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել համաշխարհային միջինից բարձր տնտեսական աճ՝ բարելավելով մակրոտնտեսական միջավայրը, իրականացնելով եվրասիական համագործակցության նախագծեր, մեծացնելով ներդրումային գրավչությունը, ինչպես նաև գիտական, տեխնոլոգիական և արտադրական ներուժը։

Ամփոփելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում քննարկված հարցերը, ընդունված որոշումներն ու կատարված առաջարկները՝ նշենք, որ դրանք, ընդհանուր առմամբ, ուղղված են ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև երկրների բնականոն զարգացմանը: Մյուս կողմից, ներկայում աշխարհաքաղաքական փոփոխություններին զուգընթաց առավել քան կարևորվում է կառույցի կողմից ոչ միայն քննարկումներն ու որոշումների ընդունումը, այլ նաև կարճաժամկետում դրանց ուղղված քայլերի մշակումն ու արդյունավետ իրականացումը:

Նշենք, որ Եվրասիական միջխորհրդարանական միության հաջորդ նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա մայիսին՝ Բելառուսում:

Հիշեցնենք, որ 2024թ.-ի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը և 2024թ.-ի ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և ԵՏՀ խորհուրդը։


Ծանոթագրություն։ ԵԱՏՄ-ին լիիրավ անդամակցում են 5 երկրներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Բելառուս և Ղրղզստան: Այս պահի դրությամբ՝ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան։ Եվս 5 պետության՝ Չինաստանի, Իրանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ ստորագրվել են տարբեր խորության առևտրային համաձայնագրեր:

Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ.-ի հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ.-ի հունվարի 2-ին: