Համընդհանուր պաշտպանության համակարգեր

8 ր.   |  2024-02-12

Մաս I. Իսրայելական Միլուիմի մոբիլիզացիան

Վ երջին տարիներին աշխարհի տարբեր թեժ կետերում տեղի ունեցող իրադարձություններն ի ցույց են դնում ագրեսիային արձագանքելու հարցում հանրության արագ մոբիլիզացիայի, աշխարհազորի մասնակցության և դրա պատրաստվածության բարձր մակարդակի կարևորությունը։

ՀՀ ԶՈւ-ում ընթացող վերազինման և դիվերսիֆիկացման գործընթացին զուգահեռ շարունակվում է դեռևս 2020թ․ ամառվանից մեկնարկած աշխարհազորի համակարգի կայացումը։ Համապատասխան փոփոխություններ արդեն կատարվել են «Պաշտպանության մասին»[1], «Տարածքային կառավարման մասին»[2], «Տեղական ինքնակառավարման մասին»[3] և այլ օրենքներում՝ օրենսդրական հիմքեր ստեղծելով աշխարհազորի ձևավորման և համակարգման համար։ Մասնավորապես, «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն աշխարհազորի առաջին նպատակը «ՀՀ պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելն» է։ 

Այս կոնտեքստում ՀՀ-ում աշխարհազորի կազմակերպման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումը կարելի է քայլ համարել դեպի համընդհանուր պաշտպանության (total defence) հայեցակարգ։ Աշխարհազորը համընդհանուր պաշտպանության համակարգի, անկասկած, կարևոր, սակայն ընդամենը տարրերից մեկն է։ Սեփական Համընդհանուր պաշտպանության համակարգը կայացնելու տեսանկյունից կարևոր է ուսումնասիրել համընդհանուր պաշտպանության կամ համանման այլ համակարգեր ունեցող երկրների փորձն ու առանձին տարրերը։

Իսրայելի պաշտպանության բանակ

Հ ամընդհանուր պաշտպանության մասին քննարկումներում առաջին և ամենատարածված օրինակը Իսրայելի Պաշտպանության բանակն է (ՑԱՀԱԼ)։ Ընդ որում, այդ քննարկումները, սովորաբար, զերծ չեն մնում տարատեսակ մանիպուլյատիվ և միֆական տարրերից։ Վերջին տարիներին իսրայելա-պաղեստինյան հակամարտության համեմատաբար հանգիստ ֆոնը (վերջին լայնածավալ գործողությունները տեղի էին ունեցել 2014թ. ամռանը) պարարտ հող էր ստեղծում հանրային ընկալումներում այդ միֆերի խորացման համար։ 2023թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը զգալիորեն հարվածեց դրանց. առավել հայտնիներից ցրվեցին, մասնավորապես, «Երկաթե գմբեթի» գերարդյունավետության և ընդհանուր առմամբ իսրայելական բանակի անխոցելիության մասին միֆերը։ 

Հատկանշական է, որ այդ միֆերի տարածման ընթացքում հաշվի չէր առնվում Իսրայելի հակառակորդի տեխնիկական ու մարտավարական ցածր մակարդակների հանգամանքը։ Փաստացի՝ Իսրայելի բանակին, թեև ոչ կործանարար, բայց, այդուհանդերձ, ցավոտ ու անսպասելի հարված հասցնելու համար բավարար էր որակապես մի փոքր ավելի պատրաստված ու կազմակերպված լինել, քան նախկինում։ 

Սակայն խնդիրը դա չէ. Իսրայելի ՊԲ-ի հաղթանակը հակամարտության այս փուլում արդեն զուտ ժամանակի հարց է։ ՀԱՄԱՍ-ի գործողության կարևորագույն արդյունքն այն է, որ ի ցույց դրվեցին Իսրայելի բանակի նաև թույլ կողմերը, ինչի ֆոնին հետագա գործողություններն ընդգծեցին ուժեղ կողմերը։ Ուստի արդեն այս փուլում, ուսումնասիրելով Իսրայելի ՊԲ գործողողությունները, կարելի է փորձել դրանցում օգտակար և աշխատող մեխանիզմներ փնտրել սեփական համակարգում տեղայնացնելու համար։

Այս առումով ամենաակնհայտը, թերևս, պահեստազորի մոբիլիզացիայի արագությունն էր։ Իսրայելի ՊԲ ներկայացուցիչ Դանիել Հագարին հոկտեմբերի 9-ին հայտարարեց, որ 48 ժամվա ընթացքում մոբիլիզացվել է 300 հազար պահեստազորային[4]։ Սովորական պայմաններում Իսրայելի ՊԲ քանակը մոտ 170 հազար է, և նման սեղմ ժամկետներում այսպիսի բազմապատկումը իրոք տպավորիչ է։ Ընդ որում, խոսքը զուտ թվաքանակի ավելացման մասին չէ. զորակոչված 300 (ապա ևս 60[5]) հազար իսրայելցիները զորակոչվելուց հետո գրեթե անմիջապես պատրաստ են լինում ռազմական խնդիրներ կատարել։ Պատճառը հոգեբանությունն է, որը դրվել է ՑԱՀԱԼ-ի դոկտրինալ հիմքում[6] դեռևս դրա ստեղծման ժամանակ։

ՑԱՀԱԼ-ի պատմությունը/փիլիսոփայությունը

Ի սրայելի Պաշտպանության բանակը ֆորմալ ստեղծվել է Անկախության պատերազմի ընթացքում՝ 1948թ. մայիսի 28-ին[7]։ Գործնականում, իհարկե, Պաղեստինում  դեռևս մինչև պատերազմն արդեն իսկ գործում էին հրեական ընդհատակյա ռազմականացված կառույցներ։ 1948թ. հունիսին այդ կառույցները՝ Հագանան, Իրգունը (Էցել) և Լեհին համաձայնության եկան, որ նրանց մարտական ստորաբաժանումները պետք է ինտեգրվեն ՑԱՀԱԼ-ի կազմ։ 

Իսրայելի ՊԲ դոկտրինալ հիմքերը և փիլիսոփայությունը ձևավորվել են աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով։ Առաջին հերթին դա այն փաստի ընդունումն է, որ Իսրայելը բնակչությամբ զիջում է իր հարևաններին և տեսանելի ապագայում միշտ ստիպված է լինելու պատերազմել թվային առումով գերազանցող թշնամու դեմ: Այնուհետև՝ գոյութենական սպառնալիքի գիտակցումը, այն է՝ հարևանները ոչ թե սահմանային վեճեր ունեն Իսրայել պետության հետ, այլ ընդհանրապես չեն ընդունում դրա գոյության իրավունքը։ Հետևաբար Իսրայելը պետք է պատրաստ լինի դիմագրավելու ոչնչացման նպատակ հետապնդող պատերազմների։ Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև աշխարհագրական ու տարածքային առանձնահատկությունները (ռազմավարական խորության բացակայություն, առաջնագծին մոտ տեղակայված բնակավայրեր, բնական պատնեշների բացակայություն և այլն) հետևություն է արվել, որ Իսրայելը չի կարող անգամ երազել թշնամուն ոչնչացնելու ճանապարհով հաղթանակի մասին: Ուստի նպատակը պետք է լինի թշնամու զինված ուժերին այնպիսի հարված հասցնելը, որ հնարավորինս երկար ժամանակով դրանք շարքից դուրս գան։ Ընդ որում՝ այդ հարվածը պետք է հասցվի հնարավորինս արագ, քանի որ պատերազմը ստիպելու է մոբիլիզացնել բնակչության հսկայական տոկոս, ինչը մի քանի շաբաթվա ընթացքում ուղղակի կդադարեցնի երկրի տնտեսության գործունեությունը։ 

Ռազմական դոկտրինի ամուր տրամաբանական հիմքը թույլ է տվել ճկունություն ցուցաբերել և հարմարվել փոփոխվող տարածաշրջանի նոր մարտահրավերներին։ Տասնամյակների ընթացքում զարգանալով և փոփոխվելով՝ այժմ ՑԱՀԱԼ-ի հայեցակարգն իր մեջ ներառում է 3 կարևորագույն բաղադրիչ՝ կանխարգելում, կազմաքանդում և զսպում, որը ստացել է «ճակատամարտ պատերազմների միջև» անվանումը։

Սադիր և Միլուիմ

Վ երոնշյալ սկզբունքներն ու փիլիսոփայությունը գործնական իմաստ կարող են ստանալ ռազմական առումով պատրաստված հասարակության գոյության դեպքում։ Նման հասարակություն դաստիարակելու համար Իսրայելը մեծ ուշադրություն է դարձրել սեփական բնակչության լայն զանգվածներին բանակում ներառելուն։ Զինվորական ծառայության մասին օրենքը[8] սահմանում է ՑԱՀԱԼ-ում պարտադիր զինվորական ծառայության երկու տեսակ՝ ժամկետային (Սադիր) և պահեստազորային (Միլուիմ) ծառայություն։

Իսրայելական բանակ զորակոչվում են, ինչպես հայտնի է, և՛ տղամարդիկ (32 ամսով), և՛ կանայք (24 ամսով)։ Ժամկետային ծառայությունից հետո սկսվում է պահեստազորային ծառայությունը, որը ևս պարտադիր է։ Կանայք կարող են ազատվել զինվորական ծառայությունից ամուսնական կարգավիճակի կամ առողջական պատճառներով։ Տղամարդը ծառայությունից կարող է ազատվել միայն առողջական պատճառներով։

Տղամարդիկ մինչև 41, իսկ կանայք՝ մինչև 38 տարեկանը, պարտավոր են անցնել պահեստազորային ծառայություն։ Մարտական սպաների համար շեմը 46 տարեկանն է, որոշ հատուկ մասնագիտությունների (բժիշկներ, տեխնիկներ և այլն)՝ մինչև 50։ 2023թ. դեկտեմբերին կատարված փոփոխությունների համաձայն վերոնշյալ բոլոր խմբերի համար շեմն ավելացվել է մեկ տարով՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ընթացքում ԻՊԲ մարտունակությանը չվնասելու նպատակով։ Պարտադիր պահեստազորային ծառայության տարիքային շեմն անցնելուց հետո բոլոր խմբերը կարող են շարունակել ծառայությունն արդեն կամավորության սկզբունքով։

Պահեստազորային ծառայության մասին[9] օրենքով ենթադրվում է, որ տարվա ընթացքում մի քանի անգամ ծառայողը պետք է մասնակցի հավաքների։ Հավաքի տևողությունը կախված է զինապարտ քաղաքացու մասնագիտությունից և զինվորական կոչումից։ Հավաքի միջին տևողությունը տարեկան առավելագույնը մինչև 25 օր է (սովորաբար՝ դրանից պակաս)։ Օրենքով սահմանված է, որ երեք տարվա ընթացքում շարքային կազմը կարող է զորակոչվել մինչև 54 օր ժամկետով, սերժանտական և ենթասպայական կազմը՝ մինչև 70, սպաները՝ մինչև 84, իսկ որոշ հատուկ մասնագիտություններ ունեցող քաղաքացիները՝ մինչև 108։

Այդ հավաքների նպատակն է շարքայինների, ենթասպաների և սպաների գիտելիքները, հմտությունները և կարողությունները բարելավելը, զինված ուժերում տեղի ունեցող փոփոխություններին (նոր տեխնիկա, նոր սկզբունքներ, զենք օգտագործելու գործնական հմտությունների զարգացում և այլն) ծանոթանալը: Բացի դրանից, պահեստազորայինները խաղաղ ժամանակ կարող են զորակոչվել իրենց ստորաբաժանման կազմում զորավարժություններին մասնակցելու, սահմանի և կարևոր օբյեկտների անվտանգությունն ամրապնդելու և բնական կամ տեխնածին աղետների հետևանքները վերացնելու համար։ Այսինքն, բացի մարտական պատրաստության մակարդակի պահպանումից, պահեստազորայինները հաճախ կատարում են նաև ընթացիկ առաջադրանքներ՝ ժամկետային ստորաբաժանումների բեռը թեթևացնելու նպատակով։

Ռազմական գործողությունների դեպքում մոբիլիզացիայի կազմակերպում

Ռ ազմական գործողությունների դեպքում պահեստազորայինները ստանում են «Ծավ 8» հրամանը, որը նշանակում է, որ քաղաքացին պետք է 12 ժամվա ընթացքում ներկայանա նախատեսված ռազմակայան։ Արտերկրում գտնվելու դեպքում ժամկետը ավելանում է մինչև 48 ժամ։ Հետագա 12 ժամվա ընթացքում կազմակերպվում է զենքի և զինամթերքի ստացումը, հրամանների և հրահանգների պարզաբանումը, ստորաբաժանման տեղաշարժը դեպի մարտական առաջադրանքի վայր։ 

Ըստ մարտական պատրաստության[10]՝ ՑԱՀԱԼ-ի կազմավորումներն ու ստորաբաժանումները բաժանվում են մշտական մարտական պատրաստության կազմավորումների, առաջին ու երկրորդ աստիճանի պատրաստության ռեզերվների։ Ոչ պատերազմական դրության պայմաններում մշտական պատրաստության կազմավորումներն ու ստորաբաժանումները գրեթե ամբողջովին համալրված են անձնակազմով, սպառազինությամբ և տեխնիկայով։ Առաջին աստիճանի ռեզերվը համալրված է անձնակազմի առնվազն կեսով, իսկ  սպառազինության և տեխնիկայի գրեթե ամբողջությամբ: Երկրորդ աստիճանի ռեզերվը համալրված է միայն անհրաժեշտ քանակի անձնակազմով (նախատեսվածի մոտ 10-15 տոկոս) և սպառազինության և տեխնիկայի 80-90 տոկոսով:

Ըստ սահմանաված նորմատիվների՝ մշտական պատրաստության կազմավորումները մարտական պատրաստության «Լրիվ» աստիճանի բերելու համար նախատեսված է 6 ժամ, (այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող կազմավորումների և ստորաբաժանումների համար՝ 2 ժամ), առաջին հերթի ռեզերվի համար՝ 36 ժամ, երկրորդ հերթի ռեզերվի համար՝ 72 ժամ։

Նման սեղմ ժամկետներում պահեստազորի ներգրավումը հնարավոր է դառնում պարտադիր պահեստազորային ծառայության շնորհիվ։ Փաստացի պահեստազորայինների վերապատրաստման և ինտեգրման վրա ծախսվում է ոչ թե մի քանի շաբաթ, այլ առավելագույնը մի քանի օր։ Զորակոչիկը պետք է վերհիշի ոչ թե, լավագույն դեպքում, մի քանի տարվա, այլ առավելագույնը 11 ամսվա տվյալներ, վերաընտելանա ոչ թե իր ժամկետային ծառայության, այլ պարբերական զորահավաքների և վերապատրաստումների ժամանակ իրեն կցված զինատեսակին։

 Բացի ժամանակի տնտեսումից, Միլուիմը կատարում է մեկ այլ՝ սոցիալական բնույթի կարևոր գործառույթ։ Ինչպես արդեն նշվել էր՝ հավաքներին մասնակցող պահեստազորայինները, ժամկետային ստորաբաժանումների բեռը թեթևացնելու համար, կարող են կատարել նաև ընթացիկ առաջադրանքներ, ինչպես, օրինակ, պարեկային ծառայություն, ժամկետային վարորդների կամ մեխանիկների փոխարինում և այլն։ Բացի նրանից, որ որոշ առաջադրանքներ փորձված պահեստազորայինն ավելի արագ ու որակով է կատարում, այդ ընթացքում տեղի է ունենում փորձի փոխանցում ավելի փորձառու պահեստազորայինից երիտասարդ ժամկետայինին։ Նույնը աշխատում է նաև հակառակ ուղղությամբ, երբ երիտասարդ ժամկետայինը, որը տիրապետում է, օրինակ, որևէ նոր զենքի, կիսվում է դրա կիրառման առանձահատկություններով այդ զենքն առաջին անգամ տեսնող պահեստազորայինի հետ։


[1] https://www.arlis.am/documentview.aspx?docid=180552

[2] https://www.arlis.am/documentview.aspx?docID=73271

[3] https://www.arlis.am/documentview.aspx?docid=176442

[4] https://www.timesofisrael.com/liveblog_entry/id

[5] https://www.afr.com/world/middle-east/israel

[6] https://www.jewishvirtuallibrary.org/history-and

[7] https://www.jewishvirtuallibrary.org/the-founding

[8] https://www.jewishvirtuallibrary.org/israel-defense

[9]https://he.wikisource.org/wiki/

[10] http://www.iimes.ru/?p=74532