Ո՞ր դիրքում է Հայաստանը միջազգային վարկանիշներում. փոփոխություններ և ակնկալիքներ
9 ր. | 2024-01-17Մ ի շարք միջազգային ֆինանսատնտեսական հեղինակավոր կազմակերպությունների կողմից ժամանակ առ ժամանակ հրապարակվում են համաշխարհային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող համաթվեր, որոնք գնահատում են աշխարհի երկրների տնտեսական ազատության, մրցունակության, կոռուպցիայի առկայության, մարդկային զարգացման, ազատության մակարդակներն ու տեմպերը:
Ներկայիս գլոբալ կառուցվածքային փոփոխություններին զուգընթաց կարևորվում է Հայաստանի դիրքի՝ միջազգային վարկանիշային սանդղակներում ուսումնասիրությունը, քանի որ վերջինս արտացոլում է երկրի տեղն ու դերը համաշխարհային տնտեսությունում, զարգացման տեմպը, ինչպես նաև աշխարհի մյուս երկրների համեմատ տվյալ երկրի առավելությունները կամ առկա թերությունները:
Վերջին տարիներին Հայաստանն ինչպես դրական, այնպես էլ որոշ դեպքերում բացասական ուղղվածությամբ փոփոխել է իր դիրքը միջազգային համաթվերում: Այս համատեքստում ուսումնասիրել ենք Հայաստանի դիրքը միջազգային ինդեքսներում. մասնավորապես՝ տնտեսական ազատության, կոռուպցիայի ընկալման, մարդկային ազատության, ինչպես նաև գլոբալ ինովացիոն:
Տնտեսական ազատության ինդեքս. Տարածաշրջանի երկրներ և Հայաստան
Ա շխարհի երկրներում տարիներ շարունակ զգալի կարևորություն է ունեցել ինչպես մարդկային, այնպես էլ տնտեսական ազատության պատշաճ իրագործումը, ապահովումն ու պահպանումը: Այս համատեքստում կարևորվել է նաև տարբեր երկրներում տնտեսական ազատության մակարդակի չափումն ու գնահատումը, որի նպատակով ստեղծվել են միջազգային ֆինանսատնտեսական հեղինակավոր կառույցներ: Մասնավորապես՝ Տնտեսական ազատության ինդեքսը (ՏԱԻ) գնահատվում և հրապարակվում է The Heritage Foundation-ի կողմից՝ «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա զեկույցում[1]: 2023թ.-ին տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը նախորդ ժամանակահատվածի համեմատ վատթարացել է 0.7 միավորով՝ 100 միավորից կազմելով 59.3 միավոր, ինչը վերջին 2 տասնամյակի ընթացքում գրանցված ամենացածր արդյունքն է:
Ըստ տնտեսական ազատության ինդեքսի երկրները դասակարգվում են 5 խմբի՝ ազատ (100-80 միավոր), առավելապես ազատ (79.9-70 միավոր), չափավոր ազատ (69.9-60 միավոր), առավելապես անազատ (59.9-50 միավոր) և ռեպրեսիվ (49.9-0 միավոր):
«Տնտեսական ազատության ինդեքս 2023» զեկույցի ուսումնասիրության առարկա են դարձել աշխարհի 176 երկրներ, ինչը թույլ է տալիս կատարել համեմատություն տարբեր տարածաշրջանների, գոյություն ունեցող միավորումների (ԵՄ, ԵԱՏՄ, ՏՀԶԿ և այլն) ու կառույցների միջև:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը՝ 65.1 միավորով՝ նախորդ տարվա 65.3 միավորի (58-րդ հորիզոնական) համեմատ: Հատկանշական է, որ 2023թ.-ին ՀՀ-ի զբաղեցրած դիրքը բարելավվել է, սակայն միավորները 2022թ.-ի համեմատ նվազել են 0.2-ով:
Կարևոր է արձանագրել նաև, որ Հայաստանը 28-րդն է Եվրոպայի 44 երկրների շարքում, միավորը բարձր է համաշխարհային միջինից (59.3), սակայն ցածր է տարածաշրջանային միջինից (68.2): Հայաստանն իր զբաղեցրած դիրքով ու միավորներով դասվել է չափավոր ազատ երկրների շարքին:
Միաժամանակ, 2010թ.-ից ի վեր Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը հասել է նվազագույն մակարդակին 2023թ.-ին. «Covid-19 համավարակը և ռուս-ուկրաինական հակամարտությունն ամբողջ աշխարհում հանգեցրել են տնտեսական ազատության ցուցանիշի շեղման ու նվազման»,- նշվել է զեկույցում:
Կարևոր է նաև ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական ազատության ինդեքսի միավորների և դիրքի ուսումնասիրությունը: Նախ նշենք, որ 2023թ.-ին տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարն է թե՛ դիրքով, թե՛ միավորով, որին հաջորդում են Ղազախստանը (71-րդ հորիզոնական՝ 62.1 միավոր), Ղրղզստանը (115-րդ հորիզոնական՝ 55.8 միավոր), Ռուսաստանը (125-րդ հորիզոնական՝ 53.8 միավոր), Բելառուսը (145-րդ հորիզոնական՝ 51 միավոր): Սակայն ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ ԵԱՏՄ երկրների մեծամասնությունը (բացառությամբ՝ Հայաստանի և Ղրղզստանի) դիրքի հետընթաց է ապրել:
Անդրադառնալով տարածաշրջանի երկրներին՝ նշենք, որ Վրաստանը ՏԱԻ-ով զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը՝ 68.7 միավորով: Տարածաշրջանում Ադրբեջանը 75-րդն է՝ 61.4 միավորով, որին հաջորդում են Թուրքիան (104-րդ հորիզոնական) և Իրանը (169-րդ հորիզոնական)՝ համապատասխանաբար 56.9 և 42.2 միավորներով: Ասվածից եզրակացնում ենք, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանը ՏԱԻ-ով զիջում է միայն Վրաստանին և՛ զբաղեցրած դիրքով, և՛ միավորով:
Նկատենք, որ աշխարհի երկրների զգալի մասը ՏԱԻ-ով հետընթաց է ապրել հատկապես վերջին տարիներին, որի հիմքում հիմնականում ընկած են աշխարհում տեղի ունեցող գլոբալ կառուցվածքային փոփոխությունները, մասնավորապես՝ Covid-19 համավարակը և ռուս-ուկրաինական հակամարտությունը, որոնք խաթարել են համաշխարհային տնտեսության բնականոն զարգացումը:
Հաջորդ ինդեքսը, ինչը ևս ազատությանն է վերաբերում, մարդկային ազատության ինդեքսն է, որը հրապարակվում է Ֆրեյզերի և Գատոյի ինստիտուտների կողմից[2]: Ինդեքսն իրենից ներկայացնում է մարդու ազատության չափանիշ, որն ընկալվում է որպես հարկադիր սահմանափակումների բացակայություն։ Այն իր մեջ ներառում է 83 տարբեր ցուցանիշներ անձնական և տնտեսական ազատության մի շարք ոլորտներում։
Վերջին անգամ զեկույցը հրապարակվել է 2022թ.-ին, սակայն ուսումնասիրում է աշխարհի երկրներում մարդկային ազատության ինդեքսը 2020թ.-ին. զեկույցը ներառում է աշխարհի 165 երկրներ և չափվում է 0-ից 10 սանդղակով, որտեղ 10-ը ցույց է տալիս երկրների մարդկային ազատության ինդեքսով առավել ազատ լինելու հանգամանքը։
2019թ.-ին ի հայտ եկած Covid-19 համավարակը և դրա բացասական հետևանքներն իրենց ուղղակի ազդեցությունն են ունեցել տարբեր երկրների բնականոն գործունեության տեսանկյունից՝ խաթարելով համաշխարհային տնտեսության զարգացման հաջորդականության արժեշղթան: Ասվածն իր ազդեցությունն է ունեցել նաև մարդկային ազատության ինդեքսի վրա, մասնավորապես՝ 2020թ.-ին գլոբալ մարդկային ազատության ինդեքսը վերջին երկու տասնամյակի ամենացածր մակարդակին է հասել՝ դիտարկվող 165 երկրներից 148-ում գրանցելով անկում։ Աշխարհի երկրներում 2020թ.-ին ինդեքսը կազմել է 6.81 միավոր, 2019թ.-ի 7.03-ի համեմատ, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաև Հայաստանի՝ մարդկային ազատության ինդեքսի որոշակի նվազման տեսանկյունից:
Մարդկային ազատության ինդեքսով Հայաստանը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը՝ 8.14 միավորով: Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է դիրքի բարելավում, սակայն ինդեքսը նվազել է։ 2019թ.-ին Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, բայց ավելի բարձր՝ 8.32 միավորով:
Պետք է արձանագրել նաև, որ 2020թ.-ին Հայաստանը մարդկային ազատության ինդեքսի հորիզոնականով ամենաբարձրն է 2004թ.-ից ի վեր և դրան զուգահեռ ինդեքսի միավորը 2008թ.-ից դինամիկ աճ է գրանցել՝ առավելագույնին հասնելով 2019թ.-ին, որից հետո՝ 2020թ.-ին գրանցվել է միավորի անկում: Միաժամանակ, նկատենք, որ 2008թ.-ին Հայաստանում մարդկային ազատության ինդեքսը եղել է նվազագույնը վերջին 10 տարիների ընթացքում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սրմամբ: Այսպիսով, համաշխարհային գլոբալ երևույթներն իրենց ուղղակի արտացոլումն են գտել միջազգային վարկանիշային սանդղակներում երկրների զբաղեցրած դիրքի և ձեռք բերած միավորների հետընթացի տեսանկյունից:
Համեմատական տանելով տարածաշրջանի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներում մարդկային ազատության ինդեքսի շարժընթացի հետ՝ նշենք, որ ՀՀ-ն առաջատար է և՛ զբաղեցրած հորիզոնականով, և՛ միավորներով: Տարածաշրջանի, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից Վրաստանը 43-րդ հորիզոնականում է, Ղրղզստանը՝ 87, Ղազախստանը՝ 107, Ռուսաստանը՝ 119, Բելառուսը՝ 126, Թուրքիան՝ 130, Ադրբեջանը՝ 131, իսկ Իրանը՝ 162։ Հատկանշականն այն է, որ վերոնշյալ երկրներից 2020թ.-ին ինդեքսի դիրքերը բարելավել են միայն Վրաստանը (11 հորիզոնականով), Ռուսաստանը (5) և Թուրքիան (10), սակայն մարդկային ազատության միավորի փոփոխությունը բոլոր երկրների համար եղել է բացասական, բացի Թուրքիայից, որն աճել է 0.08 միավորով՝ կազմելով 5.71։
Կոռուպցիայի ընկալման համաթիվ. Հայաստանի տեղն ու դիրքը
Ե րկրում տնտեսական իրավիճակի, ինչպես նաև ազատ մրցակցային պայմանների վերաբերյալ պատկերացում կազմելու համար առավել մեծ կարևորություն է ստացել կոռուպցիայի մակարդակի ուսումնասիրությունը, որը խոչընդոտ է հանդիսանում տնտեսական բնականոն զարգացման տեսանկյունից: Ներկայիս բարդ պայմաններում զգալի կարևորություն է ստացել կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկության խթանումը, ազատ ու արդար մրցակցային միջավայրի ապահովումը: Կոռուպցիայի մակարդակը չափվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 1995թ.-ից ի վեր հրապարակվող «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» (ԿԸՀ) ամենամյա զեկույցների շարքում[3]:
Վերջին տարիներին, ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ն աշխարհի երկրներում առաջընթաց չի գրանցել, որն ըստ կազմակերպության, պայմանավորված է աշխարհում առկա անորոշություններով և Covid-19 համավարակի շարունակվող բացասական ազդեցություններով: 2022թ.-ին համաթիվը գնահատվել է աշխարհի 180 երկրներում, որից 124-ում ԿԸՀ-ն անփոփոխ է մնացել:
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ԿԸՀ միջին արժեքը 2022թ․-ին նվազել է մեկ միավորով և հավասարվել 35-ի։ Նախորդ տարվա համեմատ 3 միավորով հետընթաց է գրանցվել նաև Հայաստանում. ԿԸՀ-ն կազմել է 46 միավոր: Բնականաբար, միջազգային զարգացումներն իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի տնտեսություն վրա:
Ինչպես նախորդ երեք տարիներին, 2022թ.-ին ևս Հայաստանի ԿԸՀ-ն ավելի բարձր է եղել համաշխարհային միջին արժեքից (43 միավոր): Հատկանշական է նաև, որ Հայաստանն իր դիրքը զիջել է 5 հորիզոնականով՝ 2022թ.-ին զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը:
Տարածաշրջանի երկրներից Վրաստանն է առաջատար՝ 56 միավորով: Ղազախստանին ու Թուրքիային բաժին է ընկել 36-ական միավոր: Առավել ցածր միավորներ են բաժին ընկել Ռուսաստանին (28 միավոր) և Ղրղզստանին (27 միավոր): Տարածաշրջանի հետնապահներն Իրանը և Ադրբեջանն են՝ համապատասխանաբար 25 և 23 միավորներով:
Կարևոր է արձանագրել նաև, որ Հայաստանը, չնայած միավորի և դիրքի զգալի հետընթացին, ԵԱՏՄ անդամ երկրների ցանկում ԿԸՀ-ով առաջատարն է: Ասվածը փաստում է այն, որ ԿԸՀ-ն գլոբալ առումով անկում է ապրել, որից անմասն մնալ չէր կարող նաև Հայաստանը:
Գլոբալ ինովացիոն ինդեքս. ԵԱՏՄ և տարածաշրջան
Ե րկրի տնտեսական զարգացումն ուսումնասիրելու համար կարևորվում է նաև նորարարությունների ոլորտի, առկա զարգացումների վերլուծությունն ու գնահատումը, ինչպես նաև տեղի ու դիրքի ուսումնասիրությունն աշխարհի երկրների ցանկում: Վերջինս գնահատվում է World Intellectual Property Organization-ի (WIPO) կողմից հրապարակված Global Innovation Index-ում[4]։ Գլոբալ ինովացիոն ինդեքսի (GII) 2023թ.-ի զեկույցում ներկայացվում է 132 տնտեսությունների գլոբալ նորարարության վերջին վարկանիշը՝ հենվելով 81 տարբեր ցուցանիշների վրա և հաշվի առնելով Covid-19 համավարակի ազդեցությունը: Ինդեքսը հաշվարկվում է 0-100 սանդղակով:
Գլոբալ ինովացիոն ինդեքսը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը։ Ըստ 2023թ.-ի զեկույցի՝ Հայաստանը զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը՝ 28 միավորով: Նշենք, որ նախորդ տարի ինդեքսով ՀՀ-ն 80-րդն է եղել (26.6 միավոր) 132 երկրների ցանկում, մինչդեռ 2020թ.-ին՝ 61-րդը: Այսպիսով, չնայած նախորդ տարվա զգալի հետընթացին, այս տարի ՀՀ-ում նկատվել են ինդեքսի ինչպես դիրքի, այնպես էլ միավորների որոշակի առաջընթաց:
Տարածաշրջանի երկրներից առաջատարը Թուրքիան է՝ 39-րդ հորիզոնականում՝ 38 միավորով: Համեմատաբար բարվոք՝ 62-րդ հորիզոնականում է Իրանը, սակայն նախորդ տարվա համեմատ դիրքի 9 հորիզոնական հետընթաց է ապրել: Տարածաշրջանում Վրաստանը 65-րդն է՝ նախորդ տարվա 74-րդի համեմատ, իսկ Ադրբեջանը՝ 89-րդը:
Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ երկրներին, նշենք, որ ՀՀ-ն իր զբաղեցրած դիրքով զիջում է միայն Ռուսաստանին, որը 51-րդն է՝ 33.3 միավորով: Գլոբալ ինովացիոն ինդեքսով Բելառուսը 80-րդն է, որին հաջորդում են Ղազախստանն ու Ղրղզստանը՝ համապատասխանաբար 81-րդ և 106-րդ հորիզոնականներում:
Ներկայում աշխարհի երկրները կանգնած են բազում գլոբալ մարտահրավերների, արտաքին աշխարհից փոխանցվող զգալի ազդակների, ռիսկայնության ու անորոշության բարձր մակարդակի առկայության առջև: Վերջին 3 տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, ինչպիսիք էին Covid-19 համավարակը, հետհամավարակային շրջանը, առկա աշխարհաքաղաքական լարվածությունը և ժամանակ առ ժամանակ երկրների միջև սրվող տարաձայնություններն ու հակամարտությունները, հատկապես իրենց բացասական ազդեցությունն են ունեցել համաշխարհային տնտեսության վրա՝ խաթարելով վերջինիս բնականոն գործունեությունը: Վերոնշյալն իր ազդեցությունն է ունեցել նաև միջազգային վարկանիշային սանդղակներում աշխարհի երկրների, այդ թվում՝ Հայաստանի, տեղի, դիրքի և միավորների զգալի հետընթացի տեսանկյունից:
Այսպիսով, ուսումնասիրության առարկա դարձած միջազգային վարկանիշային ինդեքսներից երեքում՝ տնտեսական, մարդկային ազատության, կոռուպցիայի ընկալման, Հայաստանը միավորների հետընթաց է գրանցել, սակայն առաջին երկուսում դիրքի բարելավում է արձանագրվել: Միաժամանակ, չնայած առկա հետընթացին, ՀՀ-ն շարունակել է գլխավորել ԵԱՏՄ երկրների ցանկը տնտեսական ազատության, մարդկային ազատության, ինչպես նաև կոռուպցիայի ընկալման համաթվերով: Ուսումնասիրվող հաջորդ՝ գլոբալ ինովացիոն ինդեքսում Հայաստանը, թե՛ միավորներով, թե՛ հորիզոնականով 2023թ.-ին բավականին բարձր՝ 8 հորիզոնականով առաջընթաց է գրանցել՝ նախորդ տարվա հետընթացի ֆոնին: Սակայն այս ինդեքսով ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ԵԱՏՄ երկրների շարքում եղել է երկրորդը:
Ընդհանուր առմամբ, միջազգային վարկանիշային սանդղակներում Հայաստանի դիրքը շարունակում է մնալ համեմատաբար բարձր, սակայն առկա են ներուժի որոշակի թերօգտագործում, ռեսուրսների բաշխվածության, ինչպես նաև դրանց արդյունավետ կառավարման թերացումներ:
[1] 2023 INDEX OF ECONOMIC FREEDOM, The Heritage Foundation
[2] The human freedom index 2022, CATO, Fraser institute
[3] 2022թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ), Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
[4] Global Innovation Index 2023, WIPO