Հնդկաստանի առաջատար վերլուծական կենտրոնները
8 ր. | 2024-01-03Հ այ-հնդկական հարաբերությունների պատմությունը գալիս է դարերի խորքից: Դեռևս 16-րդ դարից Հնդկաստանում ձևավորվում և զարգանում են հայկական համայնքներ, որոնք մեծ ազդեցություն են ունենում հայ հասարական-քաղաքական մտքի ձևավորման վրա: Հայ-հնդկական հարաբերություններում մշտապես առաջնային կարևորություն են ունեցել կրթական, մշակութային և հումանիտար բաղադրիչները: Անկախության պատմության ողջ ընթացքում ևս Հայաստանը մեծապես արժևորում է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների կայացումը: 1991թ. դեկտեմբերին Հայաստանի անկախության ճանաչմամբ և 1999թ. մարտի 1-ին Երևանում դեսպանության բացմամբ, որն այժմ սպասարկում է նաև Վրաստանի հետ հարաբերությունները, Հնդկաստանը ևս կարևորեց Հայաստանի հետ կապերի զարգացումը։ Դելիի համար հատկանշական է Ջամու և Քաշմիրի հարցում Երևանի ոչ երկիմաստ աջակցությունը։ Այդ վճռական դիրքորոշումը հաստատեց նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի՝ 2021թ․ Երևան կատարած այցի ժամանակ, որն, ի դեպ, այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության առաջին ղեկավարի այցն էր Հայաստան։ Սա նաև վկայում է, որ վերջին տարիներին Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի: Մի կողմից տնտեսական կապերի զարգացման հրամայականը, մյուս կողմից՝ Հայաստանին սպառազինության մատակարարումները ռազմավարական նշանակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին:
Այդուհանդերձ, Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում առկա է բավական մեծ ներուժ, որի բացահայտման և իրացման գործում կարևոր է պետական և ոչ պետական օղակների գործուն մասնակցությունը: Այդ օղակներից մեկը հասարակական և փորձագիտական հանրությունների համագործակցությունն ու համատեղ աշխատանքն է: Հայկական փորձագիտական դաշտի համար կարևոր է հնդկական առաջատար վերլուծական կենտրոնների հետ գործընկերային կապերի հաստատումն ու խորացումը, համատեղ միջոցառումների կազմակերպումը, մտքերի փոխանակումը և դրանով իսկ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ներդրում ունենալը:
«Օրբելի» վերլուծական կենտրոնը ներկայացնում է Հնդկաստանի առաջատար ուղեղային կենտրոններից մի քանիսը, որոնց հետ կապ է հաստատել: Այդ կենտրոնների, որոնք աշխատում են նաև Հնդկաստանի կառավարության հետ և իրենց որոշակի ներդրումն ունենում երկրի արտաքին քաղաքականության մեջ, հետաքրքրությունների շրջանակում է նաև Հարավային Կովկասը։
Observer Research Foundation
Հ իմնադրամը ստեղծվել է 1990 թվականին։ Գործում է Դելիում, սակայն ունի կենտրոններ նաև Մումբայում, Չենայում և Կալկաթայում: Այն անկախ վերլուծական կենտրոն է, միաժամանակ իր ներդրումն է ապահովում Հնդկաստանի կառավարության, քաղաքական գործիչների և որոշումներ կայացնողների, ինչպես նաև երկրի քաղաքական և գործարար շրջանակների համար: Որոշ ծրագրերում համագործակցում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ:
Ուսումնասիրության ոլորտներն ընդգրկում են պաշտպանության, անվտանգության, միջազգային հարաբերությունների, կառավարման, շրջակա միջավայրի, էներգետիկայի, ռեսուրսների, տնտեսության և այլ ուղղություններ:
Հիմնադրամի կառուցվածքում գործում են հետևյալ ծրագրերն ու կենտրոնները.
- Նոր տնտեսական դիվանագիտության կենտրոն,
- Անվտանգության, ռազմավարության և տեխնոլոգիաների կենտրոն,
- Տնտեսություն և տնտեսական աճ,
- Էներգետիկա և կլիմայի փոփոխություն,
- Քաղաքական տնտեսություն,
- Ռազմավարական հետազոտություններ,
- Կայուն զարգացում,
- Տեխնոլոգիաներ և մեդիա:
Հիմնադրամի աշխարհագրական ուղղություններն ընդգրկում են.
- Աֆղանստան,
- Աֆրիկա,
- Հյուսիսային և Հարավային Ամերիկա,
- Կենտրոնական Ասիա,
- Չինաստան,
- Եվրոպական Միություն,
- Հնդկաստան,
- Մալդիվներ,
- Ռուսաստան և Եվրասիա,
- Հարավային Ասիա,
- Խաղաղ օվկիանոս, Արևելյան և Հարավարևելյան Ասիա,
- ԱՄՆ և Կանադա,
- Արևմտյան Ասիա:
Հայաստանը դիտարկվում է Ռուսաստան և Եվրասիա բաժնում՝ հիմնականում տարածաշրջանային քաղաքականության համատեքստում, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Թուրքիայի քաղաքականություն Հարավային Կովկասում։ 44-օրյա պատերազմի համատեքստում նշվում է, որ Անկարան նշանակալի աջակցություն է ցուցաբերել Բաքվին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից վարձկաններ բերելով, ինչպես նաև այն, որ Թուրքիայի գործողություններին լիակատար աջակցություն է հայտնում Պակիստանը։
Դիտարկվում են նաև Հնդկաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունները։ Փորձագետները հաճախ նշում են, որ Հնդկաստանի համար կարևոր է համագործակցել և աջակցել Հայաստանին՝ քանի որ երկու երկրների շահերը համընկնում են անմիջական հակառակորդներին դիմակայելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, վստահություն է հայտնվում, որ Հայաստանի հետ ավելի խորը համագործակցությունը տնտեսապես ևս շահավետ է Հնդկաստանի համար, քանի որ Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում «Եվրասիական միջանցքում», որը կապում է Պարսից ծոցը Ռուսաստանի և Եվրոպայի հետ։
Հիմնադրամը համագործակցում է նաև հայ քաղաքագետների ու փորձագետների հետ. կազմակերպության կայքում կարելի է գտնել նաև վերջիններիս հեղինակային հոդվածներ, մասնավորապես 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի և այլ թեմաների վերաբերյալ։
Հատկանշական է Հնդկաստանի ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ՝ Observer Research Foundation-ի 2016թ.-ից անցկացվող հեղինակավոր «Ռաիսինա երկխոսություն» միջազգային համաժողովին 2022թ․ և 2023թ․ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։ Վերջերս արտգործնախարարը հայտարարեց, որ Հիմնադրամի հետ համատեղ՝ Երևանում 2024թ․ սեպտեմբերին նախատեսվում է կազմակերպել համանուն միջազգային համաժողով։
Manohar Parrikar Institute for Defence Studies and Analyses
Հ նդկաստանի նախկին պաշտպանության նախարար Մանոհար Պարիկարի անվան պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտը, որը համարվում է «անկուսակցական, ինքնավար մարմին», հիմնադրվել է 1965թ. Հնդկաստանի պաշտպանության նախարարության կողմից, և զբաղվում է պաշտպանության, անվտանգության և միջազգային հարաբերությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ հետազոտություններով: Կառույցի առաքելությունը նշված է պետական և միջազգային անվտանգությանը նպաստելը՝ պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ գիտելիքի հավաքագրման ու տարածման միջոցով:
Ինստիտուտում գործում են հետևյալ կենտրոնները.
- Աֆրիկա, Լատինական Ամերիկա, Կարիբյան ավազան և ՄԱԿ,
- Ահաբեկչության դեմ պայքար,
- Պաշտպանական տնտեսություն և արդյունաբերություն,
- Արևելյան Ասիա,
- Եվրոպա և Եվրասիա,
- Ներքին անվտանգություն,
- Ռազմական հարցեր,
- Ոչ ավանդական անվտանգություն,
- Միջուկային զենքի և սպառազինությունների վերահսկում,
- Հարավային Ասիա,
- Հարավարևելյան Ասիա և Օվկիանիա,
- Ռազմավարական տեխնոլոգիաներ,
- Արևմտյան Ասիա:
Այս կենտրոններից Հայաստանը ներառված է Եվրոպայի և Եվրասիայի հատվածում: Կենտրոնը հետազոտություններ է իրականացնում ինչպես ըստ թեմաների, այնպես էլ ըստ տարածաշրջանների: Հատուկ ուշադրություն է դարձվում աշխարհագրական այս տարածաշրջանի առանցքային ռազմավարական նշանակությանը: Առավելապես կենտրոնացած է Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի վրա, ինչպես նաև Եվրամիության: Ուշադրության կենտրոնում է պահվում ուկրաինական հակամարտությունը:
Հայաստանի հետ կապված ուսումնասիրությունները շատ չեն: Հայաստանը հիմնականում դիտարկվում է տարածաշրջանային համատեքստում, որպես Ռուսաստանի դաշնակից կամ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: 2023թ. հունիսին Ինստիտուտում քննարկում է տեղի ունեցել «Հայ-ադրբեջանական հակամարտություն. հետևանքները տարածաշրջանային անվտանգության համար» թեմայով: «Խճճված իրավիճակ Հարավային Կովկասում. հայ-ադրբեջանական հակամարտություն» հոդվածում նշվում է, որ Հնդկաստանի մակերեսային շահեր ու հետաքրքրություններ ունի տարածաշրջանում, ինչպես նաև ընդգծվում է, որ Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը Քաշմիրի հարցում աջակցել է Հնդկաստանին, իսկ Ադրբեջանը՝ թուրք-պակիստանյան տանդեմին։
Մանոհար Պարիկարի անվան պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտը, ի թիվս այլ գործառույթների, նաև կազմակերպում է միջազգային սեմինարներ և գիտաժողովներ, հյուրընկալում է հրավիրված գիտնականների և կապեր է պահպանում աշխարհի տարբեր հետազոտական ինստիտուտների հետ:
Usanas Foundation
«Վերծանել, ախտորոշել, ապամիստիֆիկացնել» կարգախոսի ներքո գործող Usanas հիմնադրամը պետական քաղաքականության հարցերով զբաղվող վերլուծական կենտրոն է: Գործում է Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ուդայպուր քաղաքում որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն: Կառույցը մասնագիտացած է աշխարհաքաղաքականության և անվտանգության հարցերում, իրականացնում է միջառարկայական վերլուծություններ: Նպատակը վերլուծությունների, կանխատեսումների, փորձի փոխանակման միջոցով որոշումների կայացման գործընթացին աջակցելն է:
Հիմնադրամի թիմում ընդգրկված են վերլուծաբաններ, դիվանագետներ, միջազգային հարաբերությունների ոլորտի գիտնականներ, փիլիսոփաներ, հետախուզության մասնագետներ, զինված ուժերի վետերաններ և դաշտային աշխատանքի փորձ ունեցող լրագրողներ: Ուսումնասիրությունները կատարվում են հիմնականում ըստ հետևյալ տարածաշրջանների՝ Ամերիկա, Եվրասիա, Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և Արևելյան Ասիա, Հարավային Ասիա:
Հայաստանը դիտարկվում է Եվրասիա տարածաշրջանում: Մեր երկրի վերաբերյալ ուսումնասիրությունները կատարվել են հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Անդրադարձ կա 2020թ. 44-օրյա պատերազմին, տարածաշրջանում Թուրքիայի և Պակիստանի քաղաքականությանը: «Հնդկաստանը շատ ավելի սերտ մշակութային և առևտրային հարաբերություններ ունի Հայաստանի հետ՝ ի համեմատ Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերությունների։ Հայաստանի և Հնդկաստանի պատմական և մշակութային կապերի արմատները գնում են դեպի միջնադար»,- նշված է հոդվածներից մեկում: Ընդգծվում է նաև Հնդկաստանի հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի տեսանկյունից:
Vivekananda International Foundation
V ivekananda միջազգային հիմնադրամը Նյու Դելիում գործող ուղեղային կենտրոն է, որը ստեղծվել է Հնդկաստանի անվտանգության ոլորտի փորձագետների, դիվանագետների և բարերարների համատեղ ջանքերով՝ Վիվեկանանդա Քենդրա կազմակերպության հովանու ներքո: Հիմնադրամի կայքում նշված է, որ VIF-ը անկախ, անկուսակցական հաստատություն է, սակայն որոշ աղբյուրներ այն ասոցացնում են Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ:
VIF-ի հայտարարված նպատակը նորարարական գաղափարների առաջ քաշմամբ ավելի ուժեղ, անվտանգ և բարգավաճ Հնդկաստանի ստեղծումն է, որպեսզի վերջինս «համաշխարհային գործերում իրեն վերապահված դերը խաղա»: Կենտրոնը ուսումնասիրություններ է անում մի քանի ոլորտներում, և ըստ այդմ՝ ունի հետևյալ կառուցվածքը.
- Ազգային անվտանգության և ռազմավարական հետազոտությունների կենտրոն,
- Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության կենտրոն,
- Հարևանության ուսումնասիրության կենտրոն,
- Կառավարման և քաղաքական հետազոտությունների կենտրոն,
- Տնտեսական հետազոտությունների կենտրոն,
- Պատմական և քաղաքակրթական հետազոտությունների կենտրոն։
Հարևանության ուսումնասիրության կենտրոնը դիտարկում է հիմնականում հետևյալ երկրները՝ Չինաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Բանգլադեշը, Մյանմարը, Նեպալը և Շրի Լանկան: Իսկ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության կենտրոնը ուսումնասիրում է գլոբալ ռազմավարական խնդիրները, ուժերի միջազգային դասավորության նոր միտումները, Հնդկաստանի արտաքին քաղաքականությունը:
Չնայած Հայաստանի շուրջ խորքային ուսումնասիրությունները շատ չեն, դրանցում, այդուհանդերձ, ներկայացվում են նաև Հնդկաստանի դիրքորոշումները և ռազմավարական նպատակները՝ կապված Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ:
Մասնավորապես գերակշռում է այն կարծիքը, որ Ադրբեջան-Պակիստան դաշինքի պարագայում, Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական մատակարարումների ակտիվացումը հիմնաքարային նշանակություն ունի: Նշվում է նաև, որ Քաշմիրի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը Հնդկաստանի համար մշտական դժգոհության առիթ է, սակայն Նյու Դելին հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Միևնույն ժամանակ, «Հնդկաստանը և Հարավային Կովկասը» հոդվածում նշվում է, որ Հայաստանը Հնդկաստանի ամենամոտ գործընկերն է Հարավային Կովկասում, նաև կոչ է արվում շարունակել կենտրոնանալ Հայաստանի հետ համագործակցության ոլորտների ընդլայնման վրա: Հիշատակվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որի հետ Հնդկաստանն ունի Բարեկամության և համագործակցության պայմանագիր (1995 թվական): Այս պայմանագիրն արգելում է Հնդկաստանին ռազմական կամ որևէ այլ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին Հայաստանի վրա վերջինիս հարձակման դեպքում: Հաճախ Հայաստանը դիտարկվում է Ռուսաստանի համատեքստում՝ որպես ՌԴ դաշնակից, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ:
Բացի վերլուծական-փորձագիտական աշխատանքից՝ Vivekananda միջազգային հիմնադրամը քաղաքական ամփոփագրեր է պատրաստում Հնդկաստանի իշխանությունների համար, կազմակերպում է միջոցառումներ, գործակցում դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև օտարերկրյա ուղեղային կենտրոնների հետ:
Այսպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է, և երկկողմ հարաբերությունների ամրապնդումն այժմ Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Դա նաև ամրագրված է ՀՀ Կառավարության ծրագրում։ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործեր է ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ ռազմական, մշակութային ու կրթական ոլորտներում։ Այս բոլոր ուղղություններում երկկողմ համագործակցության դինամիկ զարգացմանը կարող են նպաստել նաև երկու երկրների փորձագիտական հանրությունները։