ԵԱՏՄ-Իրան առևտուր. ո՞ւմ է այն ավելի ձեռնտու

8 ր.   |  2023-12-04

Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է, բայց այդ համաձայնագրից Հայաստանի շահերը չեն բավարարվել նույնքան, որքան Ռուսաստանի և Ղազախստանի շահերը։

Տ ևական բանակցություններից հետո 2018 թվականին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրվեց արտոնյալ առևտրի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը։ Դա նշանակում է, որ Իրանից ԵԱՏՄ հարյուրավոր ապրանքատեսակների ներմուծման պարագայում սահմանվածից ավելի ցածր մաքսատուրքեր են գանձվելու։ Նույնն է լինելու նաև ԵԱՏՄ-ից Իրան արտահանումների դեպքում։

Համաձայնագիրն սկսեց գործել 2019-ի հոկտեմբերի 27-ին։ Ու այդ համատեքստում հենց սկզբից էլ կար սպասում, ապա նաև պայմանավորվածություն այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերին, երբ ավարտվի ժամանակավոր համաձայնագրի ժամկետը, կստորագրվի մշտական համաձայնագիրը: Բայց 2023 թվականի դեկտեմբերի սկզբի դրությամբ այդ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել։ Դրա փոխարեն երկարացվել է ժամանակավոր համաձայնագրի ժամկետը։

Ունենալով փակ տնտեսություն և ղեկավարվելով դիմադրողական տնտեսության քաղաքականությամբ՝ Իրանը ավանդավար զգուշավորությամբ է վերաբերվում ցանկացած պետության կամ տնտեսական միավորման հետ համագործակցությանը։ Այս երկիրը ջանում է լինել ոչ այնքան ներկրող, որքան արտահանող։ Իրանն ավելի շատ արտահանողի դերում է նաև ԵԱՏՄ անդամ պետություններից չորսի դեպքում՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան։ Կարգավիճակն այլ է Ռուսաստանի դեպքում, երբ Իրանն արդեն ավելի շատ ներկրող է։ Ավելին, Իրան-Ռուսաստան առևտրի ծավալն այնքան մեծ է, որ ազդում է ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-Իրան առևտրի ցուցանիշների վրա։

Ամեն դեպքում, ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունն Իրանի համար կարևոր է հետևյալ պատճառներով․

  • Հայացք Արևելք․ պատժամիջոցների պայմաններում Արևմուտքի հետ Իրանի համագործակցության հնարավորությունները քիչ են, և պետությունը ձգտում է խորացնել հարաբերությունները հարևանների և տարածաշրջանային այլ պետությունների հետ։ Համապատասխանաբար, ԵԱՏՄ-ն նոր շուկաներ գտնելու և եղած շուկաներում ներկայությունն ամրապնդելու, ինչպես նաև ավելի հարմար պայմաններով ներմուծումների հնարավորություն է տալիս Իրանին։
  • Նույն պատճառներով ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ Իրանը ցույց է տալիս, որ մեկուսացած չէ արտաքին աշխարհից։ Դա նաև հնարավորություն է ամրապնդելու դիրքերը միջազգային ասպարեզում։

Իրանական  Tahlilbazar կայքը, որ մասնագիտացած է տնտեսական թեմաներում, պնդում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը կթեթևացնի Իրանի ինտեգրացիան միջազգային շուկային և Իրանի տնտեսությունը կդարձնի ավելի մրցունակ ու կանխատեսելի։

Հատկանշական է, որ Արցախում 2020 թվականի պատերազմից հետո Իրանը դեմ է հանդես գալիս նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջմղվող «Զանգեզուրի միջանցքի» նախագծին։ Պատճառն այն է, որ այդպիսի միջանցքի ծրագիրը սպառնալիք է հայ-իրանական սահմանի գոյությանը և ԵԱՏՄ-ի հետ ցամաքային միակ հաղորդակցության ուղուն։ Հայաստանն այս դեպքում Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ։

https://www.google.com/maps

Չնայած Հայաստանի նման կարևորությանը՝ գործնականում Իրանի և ԵԱՏՄ-ի, իսկ հատկապես՝ Իրանի և Ռուսաստանի միջև առևտուրը հիմնականում իրականացվում է Ադրբեջանի տարածքով։ Պատճառն այն է, որ «Հյուսիս-հարավ» առևտրային միջանցքի արևմտյան ճյուղն անցնում է Ադրբեջանի ճանապարհներով։ Այս պահին այն աշխատում է մուլտիմոդալ ռեժիմով․

  • Իրանի Բանդար-Աբաս նավահանգստից բեռները երկաթուղիով տեղափոխվում են Ռաշտ,
  • այնտեղից դրանք բեռնատարներով հասցվում են մինչև Ադրբեջանի սահմանին գտնվող Աստարա,
  • այնտեղ էլ նորից տեղավորվում են երկաթուղու վրա և տեղափոխվում Ռուսաստան։

Ռուսական երկաթուղիների տվյալներով՝ միայն 2023 թվականի առաջին հինգ ամիսներին «Հյուսիս-հարավ» առևտրային միջանցքով փոխադրվել է 4 միլիոն տոննա բեռ, որից 3,6 տոննան՝ նշված ադրբեջանական երթուղով։ ԵԱՏՄ-Իրան առևտրի զգալի մասը նույնպես ներառված է այս հաշվարկում։

Ադրբեջանի նման տրանզիտային ցուցանիշների վրա չեն ազդել նույնիսկ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերություններում լարվածության ժամանակահատվածները, որ արձանագրվել են 2020 թվականի արցախյան պատերազմից, ինչպես նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումից հետո։

Առևտրի նման մեծ ծավալները պայմանավորված են նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած լայնամաշստաբ պատերազմով։ Արևմտյան պատժամիջոցների հաղորդակցության ավանդական ուղիների սահմանափակման պայմաններում Ռուսաստանը հայացքն ուղղել է դեպի հարավ և արևելք։ Այս համատեքստում Ռուսաստանի համար Իրանն ավելի կարևոր է դարձել և՛ որպես արտահանման շուկա, և՛ որպես տրանզիտային երկիր։

Հենց այս պատճառով է, որ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցումը, ինչի դեպքում Իրանից Ռուսաստան բեռների փոխադրման համար մուլտիմոդալ ռեժիմի կարիք չի լինի․ ամբողջ երթուղին կանցնի երկաթգծով։ Այս հարցով Ռուսաստանն ու Իրանը նաև համաձայնագիր են ստորագրել, սակայն երկաթուղու այդ հատվածի շինարարությունը դեռ չի սկսվել։

Ո՞ր կողմն է շահել ԵԱՏՄ-Իրան համաձայնագրից

Հ ամաձայնագրի ստորագրումից երեք տարի առաջվա՝ 2016 թվականի տվյալներով՝ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև առևտրաշրջանառությունը 3 մլրդ դոլար էր։ Ստորագրումից հետո 3-րդ տարում՝ 2021 թվականին, այդ ցուցանիշը գերազանցեց 5 միլիարդ դոլարը։

Սրանից 4 միլիրադ դոլարը բաժին է ընկնում Իրանի և Ռուսաստանի միջև առևտրին, մնացածը՝ Իրանի և ԵԱՏՄ անդամ մյուս 4 երկրների միջև առևտրին։ Ընդ որում՝ Ռուսաստանի դեպքում առևտրային բալանսը հօգուտ Ռուսաստանի է, իսկ ԵԱՏՄ մյուս 4 երկրներնավելի շատ ներմուծում են Իրանից, քան արտահանում։

Սրա պատճառներից մեկն էլ Իրանի այն յուրահատկությունն է, որ պատժամիջոցների ընթացքում այս երկրի տնտեսությունն աստիճանաբար փակվել է արտաքին աշխարհի համար։ Բայց որոշ ապրանքներ, իհարկե, հասնում են իրանական շուկա։ Ռուսաստանից Իրան արտահանումների դեպքում խոսքը ռադիոլոկացիոն սարքավորումների, հացահատկի ու յուղերի մասին է, Ղազախստան-Իրան առևտրի դեպքում՝ սև մետաղներից արտադրատեսակների, Հայաստանից Իրան առևտրի դեպքում էլ խոսքը հատկապես էլեկտրաէներգիայի մասին է։

Մկնիկը պահելով՝ կարող եք տեսնել առանձին ապրանքատեսակների մասով առևտրի ծավալները։ Կարող եք նաև ընտրել երկիրը, ժամանակահատվածը և այլն։

https://public.tableau.com

2019 թվականի ժամանակավոր համաձայնագրում նշվում էր, որ կողմերը՝ ԵԱՏՄ-ն և Իրանը, արտոնյալ ու նվազեցված մաքսային դրույքներ են սահմանում բազմաթիվ ապրանքների համար, որոնք ներմուծվում են Իրանից ԵԱՏՄ և հակառակ ուղղությամբ։ ԵԱՏՄ-ից Իրան արտահանման համար արտոնյալ ցանկում ներառվել է 360 ապրանքատեսակ, Իրանից ԵԱՏՄ ներմուծման համար՝ 502 ապրանքատեսակ։

ԵԱՏՄ-ից Իրան արտահանման դեպքում արտոնյալ տոկոսադրույքով ապրանքների արտահանումը 2016-ին զիջել է սովորական տոկոսադրույքներով արտահանմանը։ Բայց տարեց տարի իրավիճակը փոխվել է և 2019-ին արտոնյալ ապրանքները լրջորեն գերակշռել են առևտրում։ (2020-2021 թվականներին Ռուսաստանը ապրանքների դասակարգում չի ներկայացրել, ինչով պայմանավորված՝ անհնար է պարզել այդ տարիների հստակ հարաբերակցությունը)։

Այսքանից, սակայն, պատճառ-հետևանք կապը նման է հավի-ձվի պատմությանը։ Մի կողմից արտոնյալ ցանկերում այդ ապրանքների ներառումը կարող էր խթանել դրանց արտահանումը։ Մյուս կողմից, արտահանման պորտֆելում այդ ապրանքների կշռի մեծացումը բանակցող կողմերին կարող էր մղել այդ ապրանքները ցանկերում ներառելուն։ Նույնպիսի հարց կարող է լինել Իրանից ԵԱՏՄ ներկրումների հարցում։

Իրանից Ռուսաստան ներկրում են մրգեր, բանջարեղեն, չորացրած մրգեր և այլն։ Եվ ամենամեծ կշիռ ունեցող ապրանքատեսակները, ինչպես երևում է գրաֆիկում, ներառված են մաքսային արտոնյալ տոկոսադրույք ունեցողների ցանկում։

https://public.tableau.com

Հայաստանը ներկրումների ծավալով երկրորդ տեղում է։ Իրանից Հայաստան ներկրումների մեջ ամենամեծ կշիռ ունեցող ապրանքը բնական գազն է, որ 2022-ին եղել է Իրանից Հայաստան ամբողջ ներկրման 10,2 տոկոսը։ Բայց այս ապրանքը ներառված չէ արտոնյալ մաքսային դրույքաչափով ապրանքների ցանկում։ Իսկ այդ ցանկում ներառված ապրանքներից ներկրումների մեջ ամենամեծ կշիռն ունեցել են նավթամթերքները (չորոշակիացված)․ նույն տարվա ընթացքում կշիռը կազմել է ամբողջի շուրջ 8 տոկոսը։

Նույն կերպ արտոնյալ ցանկում ներառված չէ էլեկտրաէներգիան, որը Հայաստանից Իրան արտահանումների մեջ մշտական առաջատար ապրանքն է (ամբողջ արտահանման 60 տոկոսը 2022-ին)։ Իսկ արտոնյալների ցանկում ներառված ապրանքներից արտահանումների մեջ ամենամեծ կշիռն ունեցել է շոկոլադը․ ընդամենը 0,9 տոկոս 2022-ին։

Այստեղ հարկ է նշել, որ բնական գազը և էլեկտրաէներգիան (ներմուծվող և արտահանվող ապրանքների թվում առաջատարները) հայ-իրանական «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի մաս են։

ԵԱՏՄ-Իրան գործարքից ի՞նչ է ստացել Հայաստանը

Հ այաստանը ԵԱՏՄ կազմում միակ երկիրն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Բայց արդյո՞ք դա որևէ առավելություն տալիս է Հայաստանին Իրանի հետ առևտրի հարցում, հատկապես եթե դիտարկվի արտոնյալ պայմաններով առևտուրը, որի մասին խոսվում է ժամանակավոր համաձայնագրում։

Հատկապես ներկրումների դեպքում աճի վրա մեծ է եղել Հայաստան-Իրան առևտրի ազդեցությունը։ Համաձայնագրի կնքումից 2-3 տարի առաջ՝ 2016 թվականին, երկկողմ առևտուրը կազմում էր շուրջ 230 միլիոն դոլար։ Դրա մոտ 70 տոկոսը կազմել է հայկական կողմի ներկրումն Իրանից։ Եվ այդ ներկրման մեջ ընդամենը 12,3 տոկոսն են եղել այն ապրանքախմբերից, որոնք հետագայում ներառվել են արտոնյալների ցանկում։

2022 թվականին երկու երկրների առևտուրը կազմել է շուրջ 710 միլիոն դոլար, որի 84 տոկոսը եղել է դեպի Հայաստան ներկրումը։ Այդ ներկրման մեջ, սակայն, արտոնյալ ապրանքների կշիռը կրկնապատկվել ու հասել է 25,3 տոկոսի։

Սակայն առանց այս հաշվարկի էլ ակնհայտ է, որ Հայաստանի ներկրման պորտֆելում արտոնյալ ապրանքների կշիռը ավելի փոքր է, քան, ասենք, Ռուսաստանի և Ղազախստանի դեպքում։ (Կրկին հիշեցնենք, որ Ռուսաստանը և Բելառուսը 2022 թվականի մասին տվյալներ չեն ներկայացրել, իսկ 2020-2021 թվականների տվյալներում բացակայում է ապրանքների բացվածքը)։

https://public.tableau.com

Այս խնդիրն ավելի ցայտուն է երևում արտահանման պորտֆելում։ Ռուսաստանի և Ղազախստանի դեպքում արտահանումների կեսից ավելին բաժին է ընկնում արտոնյալ տոկոսադրույքով մաքսազերծվող ապրանքների խմբերին։ Իսկ Հայաստանի դեպքում, քանի որ էլեկտրաէներգիան ամենամեծ կշիռն ունի, բալանսը խախտված է հօգուտ սովորական տոկոսադրույքներով մաքսազերծվող ապրանքների։

2016 թվականին Հայաստանից Իրան արտահանման կառուցվածքում 16 տոկոս էին կազմում այն ապրանքները ներառող խմբերը, որոնք հետագայում ընդգրկվեցին արտոնյալ տոկոսադրույքներ ունեցող ապրանքների ցանկում։ Իսկ 2022 թվականին այդ թիվը նվազեց այնքան, որ կազմեց արտահանումների ընդամենը 2,4 տոկոսը՝ մեծ մասը շոկոլադ ու այլ հարակից ապրանքատեսակներ։

Ստացվում է, որ ներմուծման դեպքում Հայաստան եկող ապրանքների մեջ արտոնյալ տոկոսադրույքով ապրանքների կշիռը կրկնապատկվել է, դրանք ավելի էժան են դարձել վերջնական սպառողի համար։

Բայց արտոնյալ տոկոսադրույքով ապրանքների արտահանումը նվազել է, հասել է չնչին մակարդակի։ Դա նշանակում է, որ Հայաստանի գործարարները տարբեր պատճառներով չեն կարողանում օգտվել Իրանի մեծ շուկա ավելի էժան ապրանքներ արտահանելու հնարավորությունից։ Դա էլ նշանակում է, որ Հայաստանի շահերը չեն բավարարվել նույնքան, որքան Ռուսաստանի և Ղազախստանի շահերը։


Ժաննա Վարդանյան
Գարիկ Հարությունյան, լրագրող