Գազայի պատերազմ. Հայացք Իրանից

6 ր.   |  2023-11-27

                                 
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության թեժացման, դրա դրդապատճառների,  պատերազմում Իրանի, Թուրքիայի, Ադրբեջան դերակատարման և Հարավային Կովկասի վրա հնարավոր ազդեցության վերաբեյալ «Օրբելի» կենտրոնը հարցազրույց է անցկացրել իրանցի միջազգայանգետ Էհսան Մովահեդիանի և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Մոհամմադ Ալի Հոսեյն Նիայի հետ։

Է հսան Մովեհդիանն ընդգծում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման հիմնական դրդապատճառը ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Պաղեստինի խնդրի առնչությամբ միջազգային ուշադրության նվազումն էր։ «Ընթանում էր արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթաց, որին նաև միանում էր Սաուդյան Արաբիան։ Եթե Էր Ռիադն էլ կարգավորեր Իսրայելի հետ հարաբերությունները, ապա  իրենց շահերն ապահովելու պաղեստինցիների շանսերը նվազելու էին։ Իրանը կմնար միակ երկիրը, որն աջակցում է պաղեստինայն երազանքին։ Իրադրությունը շատ բարդ կլիներ, քանի որ արաբական երկրներում Պաղեստինն այլևս աջակից չէր ունենա։ Մյուս կողմից, առաջ էին քաշվել նաև տնտեսական մի շարք նախագծեր, որոնցից է  «Արաբնեթ» միջանցքի գաղափարը։ Բոլոր այս գործընթացները թուլացնելու էին պաղեստինցիներին, ուստի «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողությամբ պաղեստինցիները ուշադրության կենտրոնում հայտնվեցին։ Կասեցվեց արաբա-իսրայելական և մասնավորապես Սաուդյան Արաբիա-Իսրայել կարգավորման գործընթացը։ Համաշխարհային մակարդակով Պաղեստինին աննախադեպ աջացություն հայտնեցին»,- շեշտում է Մովահեդիանը՝ հավելելով, որ Իսրայելը չի կարողացել հասնել իր նպատակին՝ ՀԱՄԱՍ-ի վերացմանը։ Մոհամմադ Հոսեյն Նիան էլ համոզմունք  է հայտնում, որ հակամարտության սրումը տարիներ շարունակ Գազայի դեմ Իսրայելի վարած քաղաքականության հետևանքն է։


Էհսան Մովահեդիան

Խոսելով ստեղծված իրավիճակում Իրանի համար հնարավոր մարտահրավերների մասին՝ Էհսան Մովահեդիանը նշում է, որ Իրանի համար ավելի շուտ ստեղծվել են հնարավորություններ, քան մարտահրավերներ։ «Արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով Իրանը մեկուսանում էր, այժմ այդ գործընթացը դադարեցվել է, և արաբական երկրներում Իրանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, քանի որ ապացուցվեց Իսրայելի նկատմամբ Իրանի քաղաքականության ճշմարտացիությունը։ «Արաբնեթ» միջանցքի ծրագիրը ևս չի իրագործվի, և դա Թեհրանի օգտին է։ Իրանը կարող է սեփական միջանցքները զարգացնել, և Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումները կարող են Իրանի տարածքով իրագործվել։ Սա հնարավորություն է, որից կարող է օգտվել նաև Հայաստանը՝ Չաբահարի ու Բանդարաբբասի նավահանգիստներով արտահանում ու ներկրում իրականցնելով»,- նկատում է փորձագետը։ Մովահեդիանը նաև ընդգծում է, որ Իսրայելը միշտ ջանացել է վնաս հասցնել Իրանին և ակտիվ է եղել Իսլամական հանրապետության դեմ տարբեր գործողություններում։ «Իսրայելը ցանկանում էր Ադրբեջանի ու Թուրքիայի միջոցով հարված հասցնել Իրանին։ Այս ամենը կանխվեց։ Այժմ նրանք զբաղված են իրենց սահմաններին և չեն կարող գալ, հարված հասցնել»,- հավելում է Մովահեդիանը։ Շարունակելով միտքը իրանցի միջազգայնագետը նշում է, որ Թեհրանի համար մարտահրավերն այն էր, որ Իսրայելը ցանկանում էր Իրանին ներքաշել պատերազմի մեջ, որը տեղի չունեցավ։ «Տարածաշրջանի երկրները, Իրանի դաշնակիցներն ու  դիմադրության ուժերը գործում են անկախ, և Իրանին պատերազմի մեջ ներքաշելու ջանքերը արդյունք չեն տվել։ Ամերիկացիներն էլ գիտեն, որ չպետք  է անընդհատ Իրանին մեղադրեն ու փորձեն բախումների մեջ ներքաշել, քանի որ այդ բախումները շատ են ընդլայնվելու, ինչը նրանց օգտին էլ չէ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը զարգացել է հօգուտ Իրանի»,- կարծիք է հայտնում Մովահեդիանը՝ շեշտելով, որ տարածաշրջանում Իրանն Իսրայելի դեմ մի շարք լծակներ ունի։ Այս համատեքստում փորձագետը մատնանշում է Եմենում իսրայելական նավի կալանումը։

 
Մոհամմադ Հոսեյն Նիա

Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության թեժացման գործում Ադրբեջանի ու Թուրքիայի դերակատարմանը՝ փորձագետները նշում են, որ Թել Ավիվը կարողանում է շարունակել պատերազմը, քանի որ Բաքուն ու Անկարան նրան նավթով են ապահովում։ «Ադրբեջանն ու Թուրքիան, ապահովելով Իսրայելի էներգետիկ կարիքները, այս պատերազմի երկարաձգման պատճառը դարձան։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով օրական մեկ միլիոն բարել նավթ են արտահանում Իսրայել։ Եթե նրանք դա չանեին, Իսրայելը չէր կարողանա այսքան երկար պատերազմել։ Սա մեծ դավաճանություն է ոչ միայն իսլամական աշխարհի, այլև մարդկության նկատմամբ։ Այսինքն, Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները նպաստում են Գազայում ոճրագործության շարունակմանը։ Եվ այս ուղղությամբ բոլոր երկրները պետք  է ճնշում գործադրեն Բաքվի ու Անկարայի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն նավթի արտահանումն Իսրայել»,- շեշտում է Մովահեդիանը։

Ըստ փորձագետների՝ նավթի մատակարարումը, սակայն, այդ երկրներին կապող միակ գործոնը չէ․ Իսրայելի հետ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն տնտեսական խորը հարաբերություններ։ «Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրային հաշվեկշիռը 2002 թվականի 1,8 միլիարդ դոլարից 2022 թվականին հասել է 10 միլիարդ դոլարի։ Էրդողանի օրոք Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրն աճել է 5 անգամ։ Թուրք-իսրայելական հարաբերությունները դեռ շատ թաքնված  ասպեկտներ ունեն։ Մյուս կողմից, Թուրքիայի և Իսրայելի միջև արտաքին առևտրի ծավալը 2022 թվականին հասել է 8,91 միլիարդ դոլարի։ Առևտրի այս ծավալից 6,7 մլրդ դոլարը Թուրքիայից Իսրայել արտահանումն է կազմում, իսկ 2,2 մլրդ դոլարը՝ Իսրայելից Թուրքիա արտահանումը։ Այս ցուցանիշներով Իսրայելը Թուրքիայի 7-րդ խոշոր գնորդն է: Միաժամանակ, Իսրայելի արտադրանքի 3,6%-ի ներկրմամբ Թուրքիան Իսրայելի յոթերորդ առևտրային գործընկերն է։ Սա Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրի ամենաբարձր ցուցանիշն է՝ վերջին 20 տարում ունենալով 532 % աճ»,- նշում է Հոսեյն Նիան։ Նա նաև ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման վերաբերյալ հայտարարությունների բացակայությունը խոսում է Բաքվի ու Թել Ավիվի հարաբերությունների խորության մասին։

Խոսելով Հարավային Կովկասի վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության թեժացման հետևանքների մասին՝ Մովահեդիանը նշում է, որ Գազայում պատերազմը նաև մի քանի միֆեր է վերացրել։ Նրա դիտարկմամբ, Ադրբեջանում ներկայություն ապահովելով՝ Իսրայելը միևնույն է՝ չի կարող Իրանի դեմ գործողություններ ձեռնարկել։ «Ադրբեջանում իր ներկայությամբ Իսրայելը ջանում էր հակակշիռ ստեղծել և չեզոքացնել իր սահմանների հարևանությամբ Իրանի ներկայության հետևանքները։ Սակայն, ինչպես Գազան է Իսրայելի գերեզմանը, այնպես էլ  Կովկասը կդառնա Իսրայելի գերեզմանը։ Նա որևէ գործողություն չի կարողանա ձեռնարկել։ Կովկասում ներկայությամբ նրանք չեն կարող սպառնալ Իրանի ազգային շահերին։ Քաղաքական առումով Գազայի դիմադրությունը ցույց տվեց, որ եթե Իսրայելը ցանկանա Կովկասում մնալ և ընդլայնել իր գործունեությունը, անպայման դիմադրության կարժանանա։ Եվ այն կարծիքը, թե Իրանն ու դաշնակիցները, դիմադրության ուժերը պատրաստ չեն գործողությունների դիմել, հօդս ցնդեց։ Եթե Իսրայելը ցանկանա Ղարաբաղն ու Կովկասը վերածի սիոնիստների, թաքֆիրների գործունեության վայրի, Իրանը դեմ կարտահայտվի և դա միայն խոսքի մակարդակում չէ։ Եթե անհրաժեշտ լինի, գործնականում կկիրառի։  Իրանը ցույց տվեց, որ երբ մի բան հայտարարում է, դա անում է։ Երբ Իրանն ասում է թույլ չենք տա «Զանգեզուրի միջանցքը» ստեղծվի, դա միայն խոսք չէ, Իրանը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը»,-համոզմունք է հայտնում Մովահեդիանը։

Փորձագետի գնահատմամբ՝ Գազայում պատերազմի հետևանքով Իսրայելը չի կարողանա աջակցել Բաքվին Սյունիքի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում։ «Դա հնարավոր չէ, քանի որ Իսրայելը Գազայում պարտվել է։ Սյունիքի վրա հարձակվելու համար Բաքուն չի կարող Իսրայելի վրա հույս դնել։ Սա հասկանալով՝ այս մեկ ամսում Ալիևը որևէ խոսք չի ասել Գազայի զարգացումների մասին, բացահայտ աջակցություն չի հայտնել Իսրայելին։ Եթե այսպես շարունակվի, նրանք չեն կարողանա Ղարաբաղում իսրայելցիներին բնակեցնել։ Մեր տեսանկյունից՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայերին տեղահանեց, որ սիոնիստներին, թաքֆիրներին բերի այնտեղ ու գործեն ընդդեմ Իրանի, ՌԴ-ի, Չինաստանի։ Բայց այժմ Ադրբեջանի համար շատ դժվար կլինի դա անելը։ Մյուս կողմից, իր հերթին լավ հնարավորություն է Մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշումն առ այն, որ Ադրբեջանը պետք է ապահովի հայերի վերադարձի իրավունքն Արցախ։ Ուստի պետք է օգտվել այս մթնոլորտից Ղարաբաղի հայերի վերադարձն ապահովելու համար։ ՀՀ կառավարությունը պետք է ակտիվ լինի այս ուղղությամբ»,- շեշտում է Մովահեդիանը: