ՀՀ տնտեսությունը արտաքին մարտահրավերների առջև
4 ր. | 2023-10-31Ռիսկեր և հնարավորություններ
Ա րդի արտաքին մարտահրավերների ու անորոշության պայմաններում մեծ կարևորություն է ստացել աշխարհի երկրներում այնպիսի քաղաքականության մշակումն ու իրականացումը, որն ուղղված է ռիսկերի կառավարման բարձր արդյունավետությանը և համաշխարհային տնտեսությունից փոխանցվող բացասական ազդակների զսպմանը: Համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գլոբալ կառուցվածքային փոփոխություններն իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում աշխարհի երկրների տնտեսական գործունեության բոլոր տեսակների վրա՝ խաթարելով դրանց զարգացման բնականոն գործընթացը: Հայաստանը, լինելով փոքր բաց տնտեսություն և կիսափակ սահմաններ ունեցող երկիր, զգալի կախվածության մեջ է գտնվում արտաքին աշխարհից, ուստի աշխարհաքաղաքական փոփոխություններից ևս անմասն մնալ չի կարող:
Վերջին տարիներին համաշխարհային տնտեսության բնականոն գործունեությունը հիմնականում խաթարել են Covid-19 համավարակը և 2022թ.-ի փետրվարի վերջին սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտությունը: Հայաստանի պարագայում վերնոշյալին գումարվել են նաև ռազմաքաղաքական բարդ իրադրությունը, 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից սկիզբ առած 44-օրյա պատերազմը և ներկայում Ադրբեջանի կողմից իրականացված Արցախում բնակված հայերի էթնիկ զտման գործընթացը, որոնց տնտեսական հետևանքների մասին գնահատականներ տալը դեռ վաղ է: Չնայած առկա հանգամանքներին՝ դեռևս նախորդ տարվանից ի վեր Հայաստանի տնտեսությունում նկատվել են որոշակի դրական տեղաշարժեր ևս: Մասնավորապես, ՀՀ-ում զգալիորեն ավելացել է մարդկանց հոսքն արտասահմանից, ինչի հետևանքով պահանջարկը մեծացել է հատկապես առևտրի և ծառայությունների ոլորտներում:
Տարիներ շարունակ Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) [1] կառուցվածքում առավել մեծ տեսակարար կշիռ են զբաղեցրել հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերը, սակայն վերջին տարիներին պատկերը փոփոխվել է: Հանքարդյունաբերության ճյուղը զիջել է իր դիրքն առևտրի և ծառայությունների ոլորտներին: Ուսումնասիրելով ՀՀ ՀՆԱ-ն ըստ տնտեսական գործունեության տեսակների` նկատում ենք, որ 2023թ.-ի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը զբաղեցրել է առևտրի ոլորտը՝ 13.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12.3%-ի համեմատ: Հակառակ դրան՝ մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ճյուղերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նվազել է՝ կազմելով համապատասխանաբար 10.4% և 3.1%` նախորդ տարվա 10.7%-ի և 5.1%-ի համեմատ: Զգալիորեն նվազել է նաև գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում՝ 7.1%` նախորդ տարվա 10%-ի համեմատ: Երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 138 մլրդ 375․5 մլն դրամ, իսկ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 9.1%։
Մասնավորապես, այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.4%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: ՏԱՑ-ի աճի բարձր տեմպի ապահովմանը նպաստել են հիմնականում առևտրի և շինարարության ոլորտներում գրանցված բարձր աճերը՝ համապատասխանաբար 23.1%-ով և 17.3%-ով: ՀՀ-ում առևտրի և ծառայությունների (մասնավորապես՝ ՏՏ) ոլորտներում զգալի աճ նկատվել է դեռևս ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր, իսկ շինարարության ոլորտի աճը պայմանավորված է հիմնականում անշարժ գույքի ոլորտում բնակելի շենքերի կառուցապատման ծավալների մեծացմամբ և համապատասխանաբար պահանջարկի աճով:
Միաժամանակ, նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերության ճյուղում որոշակի անկում է արձանագրվել՝ 0.1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության ճյուղի անկմամբ, ինչպես նաև հանքարդյունաբերության ճյուղի համեմատաբար ցածր աճով:
Վերջին 2 տարվա ընթացքում բավականին բարձր տեմպերով աճել են նաև ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալները. 2023թ.-ի հունվար-օգոստոսի տվյալներով՝ այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 53%-ով, այդ թվում՝ արտահանումն արձանագրել է 51.8%, իսկ ներմուծումը՝ 53.8% աճ: Հատկանշական է, որ դեռևս նախորդ տարվա սկզբից ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը ցուցաբերել է զգալի աճի միտում:
Ներկայում համաշխարհային տնտեսությունում առկա անորոշությունների, ինչպես նաև միջազգային շուկայից ՀՀ տնտեսություն փոխանցվող բացասական ազդակների որոշակի նվազումը ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) և մի շարք այլ միջազգային ֆինանսատնտեսական կառույցների համար հիմք է հանդիսացել ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները բարելավելու ուղղությամբ: ԿԲ-ն, գնահատելով Հայաստանում ներկայիս տնտեսական զարգացումները, և, հաշվի առնելով, շինարարության, ինչպես նաև ծառայությունների ոլորտում առկա բարձր աճերը բարձրացրել է տնտեսական աճի կանխատեսումը. 2023թ.-ի վերջին ակնկալվում է 7.2% տնտեսական աճ՝ նախորդ 6.9% կանխատեսման համեմատ: ՀՀ կառավարությունը 2023թ.-ի համար տնտեսական աճի որպես թիրախային ցուցանիշ սահմանել է 7%-ը՝ ակնկալելով, որ ՀՀ տնտեսությունում շարունակելու են պահպանվել ներկայիս դրական զարգացումները:
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) թարմացրել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը՝ 2023թ.-ին ակնկալելով 6.5% տնտեսական աճ՝ նախորդ 5% կանխատեսման համեմատ:
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերջին «Մակրոտնտեսական կանխատեսում» զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում առկա իրավիճակի և տնտեսական հեռանկարների բարելավումը դրական կանդրադառնան ՀՀ արտաքին տրանսֆերտների մուտքերի ծավալների և արտաքին պահանջարկի վրա։ Արդյունքում 2023թ.-ի համար կանխատեսվել է 7.5% իրական ՀՆԱ-ի աճ, որը նախորդ կանխատեսման համեմատ բարելավվել է 3.3 տոկոսային կետով: 2024թ.-ի համար կանխատեսվել է համեմատաբար ցածր՝ 5.1% աճ: ՎԶԵԲ-ի և ԵԱԶԲ-ի կողմից կատարված ամենաթարմ կանխատեսումներով՝ ընթացիկ տարվա վերջին տարածաշրջանի երկրներից ամենաբարձր աճն ակնկալվում է Հայաստանում:
S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում տնտեսական աճի դանդաղում է կանխատեսել՝ պայմանավորված ֆինանսական հոսքերի և միջազգային այցելուների թվաքանակի նվազմամբ, ինչպես նաև բազային էֆեկտի ազդեցություններով: Կազմակերպության կողմից ՀՀ-ում 2023թ.-ի համար ակնկալվում է 7.5%, իսկ 2024թ.-ին՝ 4.5% տնտեսական աճ:
Այսպիսով, չնայած ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրադրությանը, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսությանը հաջողվել է կլանել արտաքին հատվածից փոխանցվող ազդակները՝ արձագանքելով առկա մարտահրավերներին: Վերջին տարիներին ՀՀ տնտեսությունում ևս գրանցվել են կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում այսօր տնտեսության գերակա ճյուղեր են համարվում են առևտրի և ծառայությունների, որոշ չափով նաև շինարարության ոլորտները:
[1] Ներկայացված են ամենաթարմ տվյալները. ՀՀ-ում ՀՆԱ-ն հրապարակվում է եռամսյակային և կիսամյակային կտրվածքով: