Գնաճը՝ օրակարգում. գնաճային միջավայրի թուլացում և արտաքին մարտահրավերներ
7 ր. | 2023-09-04Ա րդի ժամանակաշրջանում համաշխարհային տնտեսությունում գնաճը հանդիսանում է գլոբալ հիմնախնդիր։ Վերջին տարիներին հատկապես, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների մեծ մասը պայքարում է գնաճի բարձր տեմպերի մեղմման դեմ։ Այս առումով, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող աշխարհաքաղաքական երևույթների արդյունքում նկատվել են կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես, Covid-19 համավարակի բացասական հետևանքների պահպանմանը զուգընթաց, ի հայտ են եկել նաև ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունները, որոնք խաթարել են աշխարհի երկրների տնտեսական զարգացման բնականոն ընթացքը։
Արտաքին աշխարհում տեղի ունեցող երևույթներն իրենց ազդեցությունն են թողնում նաև ՀՀ տնտեսության վրա։ Նախորդ տարվանից ի վեր Հայաստանում գնաճային բարձր տեմպեր են արձանագրվել, սակայն ներկայում նկատվում է գնաճային միջավայրի որոշակի մեղմացում։
Հայաստանում գնաճի դինամիկան և դրա վրա ազդող գործոնները
Վ երջին 10 տարիների ընթացքում Հայաստանում գնաճն ամենաբարձր մակարդակին հասել է 2022թ․-ին՝ կազմելով 8․6%, որը հիմնականում պայմանավորված է եղել ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՀՀ տնտեսությունում ներքին պահանջարկի ավելացմամբ։ Մասնավորապես՝ 2022թ․-ի փետրվարից ի վեր միջազգային պարենային շուկայից ՀՀ տնտեսություն փոխանցվող ազդեցությունների հետևանքով ներքին տնտեսությունում գրանցվել է գների աճ։ Միաժամանակ, արձանագրվել է միջազգային այցելուների հոսքերի աճ, որի հետևանքով ավելացել է սպառողական շուկայում ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկը, հետևաբար նաև գնաճը։
Նախորդ տարում համաշխարհային տնտեսությունը բախվել է բազում մարտահրավերների՝ կապիտալի և աշխատուժի հոսունության բարձր մակարդակ, բարձր տոկոսադրույքներ, փոխարժեքի տատանողականություն, գնաճային ճնշումներ և այլն: Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն են ունենում համաշխարհային երևույթները, քանի որ այն լինելով փոքր բաց տնտեսություն՝ զգալիորեն կախված է արտաքին աշխարհից։
Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հատկապես բարձր տեմպերով աճել են սննդամթերքի գները, սակայն ներկայում նկատվում է ինչպես սննդամթերքի, այնպես էլ մյուս ապրանքատեսակների գծով գնաճի տեմպերի որոշակի թուլացում: Միաժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանում շարունակում են բարձր մնալ մատուցվող ծառայությունների գները: 2023թ.-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր աճն արձանագրվել է ռեստորանների ու հյուրանոցների, այնուհետև հանգստի ու մշակույթի կազմակերպման համալիր ծառայությունների գներում: Ծառայությունների գների աճ նկատվել է հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր: Հակամարտության հետևանքով Հայաստանում կտրուկ ավելացել են միջազգային այցելուների հոսքերը, ինչի արդյունքում մեծացել է ներքին պահանջարկը՝ հատկապես ծառայությունների ճյուղում, ինչն այսօր հանդիսանում է ՀՀ տնտեսության ամենաբարձր ակտիվությունն ապահովող ճյուղերից մեկը:
Ընթացիկ տարվա հուլիսին զգալի աճել են նաև ոչ պարենային ապրանքների գները: Ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի գները տարեկան կտրվածքով աճել են 8.5%-ով, իսկ հագուստի և կոշիկի գները՝ 4.8%-ով:
Այսպիսով, ընթացիկ տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 3․6%։ Գնաճի տեմպի նվազումը պայմանավորված է հիմնականում պարենային ապրանքների գների 3․9% նվազմամբ։ ՀՀ-ում նկատվել է հատկապես ներմուծված պարենային ապրանքների գների նվազում։
Միջազգային շուկայում նույնպես նկատելի են պարենի համաշխարհային գների նվազում՝ աշխարհի երկրներում ֆինանսական պայմանների խստացմանը զուգընթաց։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)՝ պարենի գների ինդեքսը ցուցաբերել է նվազման միտում․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն նվազել է 11.8%-ով, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ՝ 1․3%-ով ավելացել: Նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ աճը պայմանավորված է հիմնականում FAO-ի բուսական յուղի գների ինդեքսում կտրուկ աճով, որը հունիսի համեմատ աճել է ավելի քան 12%-ով՝ 7 ամիս անընդմեջ անկումից հետո: Մնացած բոլոր ինդեքսների մասով արձանագրվել է անկում։
Տարեսկզբից ի վեր միջազգային ապրանքահումքային շուկաներում նկատելի են գնանկումային երևույթներ, ուստի կարելի է ենթադրել, որ դրանով ևս պայմանավորված Հայաստանում առնվազն ներմուծվող ապրանքների մասով գրանցվել է գնաճային միջավայրի թուլացում։
Միջազգային պարենային շուկաներն աչքի են ընկնում զգալի տատանողականությամբ, ինչն իր ազդեցությունն է ունենում աշխարհի՝ հատկապես Հայաստանի պես փոքր բաց տնտեսություն ունեցող զարգացող երկրների սպառողական զամբյուղների վրա։
Պարենային ապրանքների գների նվազումը նաև իր ազդեցությունն ունեցել է Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նվազման տեսանկյունից: Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված՝ 2023թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 825 դրամ՝ նախորդ եռամսյակի 36 հազար 189 դրամի համեմատ: Նույն ժամանակահատվածում նախորդ եռամսյակի համեմատ պարենային զամբյուղի արժեքը նվազել է 3.8%-ով:
Հաջորդ կարևոր գործոնը, որը նպաստել է Հայաստանում ընդհանուր գնաճային միջավայրի որոշակի զսպմանը, ՀՀ ԿԲ կողմից վարվող զսպող դրամավարկային քաղաքականությունն է։ Նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն 6 անգամ անընդմեջ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ տարեվերջին սահմանելով 10․75%:
Ներկայում ԿԲ-ն նկատելով համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն փոխանցվող գնաճային ազդեցությունների թուլացում և հավատարիմ մնալով իր հիմնական նպատակին՝ գների կայունության ապահովմանը, ընթացիկ տարում երկրորդ անգամ օգոստոսի 1-ին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել 10․25%:
Միջազգային կազմակերպությունների կողմից կատարվել են կանխատեսումներ ՀՀ-ում գնաճային, ինչպես նաև մյուս սոցիալ-տնտեսական ցուցանիշների զարգացումների վերաբերյալ. տարեվերջին ակնկալվում է գնաճի համեմատաբար ցածր մակարդակի հաստատում։ Վերջերս Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված «Մակրոտնտեսական կանխատեսում 2023-2025թթ․» զեկույցում Հայաստանում 2023թ․-ի վերջին կանխատեսվել է 2․5% գնաճի մակարդակ։ Միևնույն ժամանակ, նմանատիպ կանխատեսում է արվել նաև ՀՀ ԿԲ կողմից․ 2023թ․-ին Հայաստանում ակնկալվում է 2․2%, իսկ 2024թ․-ին՝ 2․8% գնաճի մակարդակ։
S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության կողմից նույնպես հրապարակվել է ՀՀ-ում տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույց, ըստ որի՝ տարեվերջին ՀՀ-ում կանխատեսվում է միջինում 2.5% գնաճի մակարդակ, ինչպես նաև ՀՀ ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի աստիճանական նվազեցում:
Հայաստանում դրամի արժևորումը ևս հանգեցրել է գնաճի մակարդակի զսպմանը՝ հատկապես ներկրվող ապրանքների գների նվազման տեսանկյունից: Հատկանշական է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր հայկական դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 22.2%-ով:
Այսպիսով, 2022թ․-ի ընթացքում Հայաստանում գնաճը գտնվել է բավականին բարձր մակարդակում՝ պայմանավորված հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության սրմամբ, սակայն ընթացիկ տարում զգալի են գնաճային միջավայրի մեղմման դրսևորումները։ ՀՀ-ում գնաճային ֆոնի նվազմանը նպաստել են հիմնականում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների թուլացումը, ՀՀ ԿԲ կողմից վարվող քաղաքականությունը, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնցից ՀՀ տնտեսությունը մեծապես կախված է, ինչպես նաև բազիսային ցուցանիշը, որը եղել է բավականին բարձր՝ 9․3% (2022թ․-ի հուլիսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ)։
Գնաճային միտումները տարածաշրջանի երկրներում
Ա շխարհաքաղաքական անորոշությունները շարունակում են պահպանվել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ համաշխարհային տնտեսությունում, ինչը զգալի ռիսկեր է առաջացնում երկրների դրամավարկային քաղաքականության իրականացման, ինչպես նաև բնականոն տնտեսական զարգացման տեսանկյունից։
Համաշխարհային տնտեսությունում, մասնավորապես՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում 2023թ․-ի սկզբից ի վեր 12-ամսյա գնաճը դանդաղման միտում է ցուցաբերում՝ պայմանավորված պարենի և էներգակիրների գների շարունակական նվազմամբ։
Ընթացիկ տարվա հուլիսին ԵԱՏՄ երկրներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գները 12-ամսյա կտրվածքով աճել են 5․4%-ով, ընդ որում, ինչպես արդեն նշվել է, Հայաստանում գրանցվել է գնանկում, իսկ Բելառուսում և Ռուսաստանում՝ համապատասխանաբար 2․7% և 4.3% գնաճ։ Համեմատաբար բարձր գնաճային միջավայր է գրանցվել Ղազախստանում՝ 14% և Ղրղզստանում՝ 10․3%:
Նույն ժամանակահատվածում տարածաշրջանի երկրներից ամենաբարձր գնաճը հաստատվել է Թուրքիայում՝ 47.8%: Վրաստանում նույնպես նկատելի է գնաճի դանդաղում՝ հուլիսին գրանցվել է տարեկան 0․3% գնաճ։
Հաշվի առնելով ԵԱՏՄ երկրներում գնաճային ֆոնի նվազման միտումները, ԵԱԶԲ կողմից կատարված կանխատեսումներում 2023թ․-ի վերջին ևս ակնկալվում են ցածր գնաճային միջավայրի պահպանում։ Մասնավորապես` Ռուսաստանում 2023թ․-ի վերջին կանխատեսվել է 6․1%, իսկ Ղրղզստանում՝ 7․1% գնաճ: ԵԱԶԲ անդամ երկրներից գնաճի ամենաբարձր ցուցանիշը կանխատեսվել է Ղազախստանում՝ 7․9%:
Ամփոփելով, նշենք, որ համաշխարհային տնտեսությունում դեռևս շարունակում է պահպանվել անորոշությունների բարձր մակարդակը, ինչը մեծամասամբ խաթարում է տնտեսական զարգացումների գործընթացը: Հայաստանում գնաճի մակարդակը որոշակի մեղմվել է, սակայն դեռևս որոշ ապրանքների գծով շարունակում են պահպանվել բարձր գները:
ՀՀ ԿԲ կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է ՀՀ-ում գների կայունության ապահովմանը և նախորդ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդմեջ բարձրացումը հետապնդել է վերոնշյալ նպատակի իրագործումը, ինչն ընթացիկ տարվա վերջին ամիսներին տվել է իր տեսանելի արդյունքը:
ՀՀ-ում գնաճային զարգացումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կանխատեսումները կարելի է գնահատել դրական, առկա գնահատականների համաձայն՝ Հայաստանում տարեվերջին ակնկալվում է գնաճի բավականին ցածր, որոշ դեպքերում նաև՝ ՀՀ ԿԲ կողմից սահմանված նպատակային ցուցանիշից ցածր մակարդակ: