Հայ-իրանական մշակութային երկխոսության պատմական վկաներից մեկը
3 ր. | 2023-08-30Գոհար տիկնոջ Վերին մզկիթը
2 020 թ. 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում գտնվող ճարտարապետական-կրոնական համալիրի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի և վերջինիս հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքի վերականգնումն ու պահպանումը բազմաթիվ վկայություններից հերթականն են այն հարգալից վերաբերմունքի, որ ունեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն Իրանին պատկանող պատմամշակութային ժառանգության նկատմամբ:
Շուշիի մուսուլմանական հոգևոր շինություններից ամենամեծը՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթը, մինչև 44-օրյա պատերազմն ունեցած տեսքով կառուցվել է 1880-ական թթ. Ղարաբաղի խան Իբրահիմի դուստր Գյովհար աղայի (Գոհար տիկնոջ) հովանավորությամբ: Շուշիի մզկիթները վերանորոգելու 2007 թ․ ծրագրի շրջանակներում 2009 թ․ պետական միջոցներով վերականգնվեց նաև Գոհար տիկնոջ Վերին մզկիթի տանիքն ու մաքրվեց տարածքը: Մզկիթի ամբողջական վերականգնման աշխատանքները ձեռնարկվեցին 2014 թ․ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամների ծրագրերի շրջանակներում: Մզկիթի ուսումնասիրության և վերականգնման աշխատանքները, որոնցում ներգրավված էին «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոն, «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն»՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը, «Part Saman Jahan» իրանական ճարտարապետական ընկերությունը, Իրանական մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպությունը (Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization), Լորենցո Յուրինան (Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս), ավարտվեցին 2019 թ․։ Աշխատանքների ավարտին նվիրված միջոցառմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարը նշել էր, որ մզկիթը գործելու է որպես հայ-իրանական գիտամշակութային կենտրոն, որը նպաստելու է հայ-իրանական կապերի ամրապնդմանը։
Իրանական կրոնամշակութային կենտրոն Գոհար տիկնոջ Վերին մզկիթը և մեդրեսեն տեղավորվում են ինչպես հայ-իրանական մշակութային կապերի, այնպես էլ քրիստոնեական-իսլամական մշակութային արժեքների երկխոսության համատեքստում և վերջիններիս գոյության փաստը վկայում է ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքակրթական արժեհամակարգ ընկալելու, այնպես էլ, անկախ էթնիկական, կրոնական և այլ առանձնահատկություններից, հարևան պետության մշակութային ժառանգությունը սեփականին համաքայլ ներկայացնելու, պահպանելու և զարգացնելու մասին։ Այդ համատեքստում ԻԻՀ-ն էլ իր հերթին է մշտապես համապատասխան քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորում Իրանի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, և երկուստեք հարգելն ու պահպանելը ապահովում են մշակութային ժառանգության պաշտպանությունն ու օրինակ դառնում տարածաշրջանային երկրների համար։
Դեռևս 1992 թ. Շուշիի ազատագրմամբ ճանապարհ բացվեց ինչպես հայկական, այնպես էլ իրանական մշակութային արժեքների՝ իրենց պատմական, ճարտարապետական, գեղարվեստական բնորոշ առանձնահատկություններով դրսևորվելու ու ճանաչելի դառնալու համար, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1994-2020 թթ. ընթացքում նախաձեռնեց մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանությանն ուղղված միջոցառումներ: Սակայն 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն ու հետպատերազմյան նպատակային քաղաքականությունն ակնհայտորեն ուղղված են նաև Արցախում պատմական հայկական ներկայության, տարածքի մշակութային արժեքների դեմ, որոնց միտումնավոր ոչնչացումը ռազմական գործողությունների ժամանակ և հետո միջազգային մի շարք կոնվենցիաներով ու հռչակագրերով որակվում է որպես պատերազմական հանցագործություն։ Նշվածի ամենահայտնի օրինակները Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիների հրթիռակոծումն ու պղծումն են, իսկ 2020 թ․ նոյեմբերի 1-ին նաև Գոհար տիկնոջ Վերին մզկիթի թիրախավորումը։
Ամփոփելով՝ հարկ է ընդգծել, որ հայ-իրանական համագործակցային, ռեսուրսահեն քաղաքականության առաջմղումը լավագույնս կարող է լուծել մերօրյա այնպիսի կարևոր ռազմավարական խնդիր, ինչպիսին երկուստեք քաղաքակրթական, մշակութային ժառանգության պահպանումը, ճանաչումը և հանրահռչակումն են: