Ադրբեջանը ցանկանում է ջնջել հայկական ներկայությունն Արցախում. իսրայելցի փորձագետ
4 ր. | 2023-08-29Ադրբեջանի վարած քաղաքականությունը նույնն է, ինչ 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունն իրագործողների քաղաքականությունը: Այս մասին «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետ զրույցում նշել է «Հարավային Կովկասի հարցերով իսրայելցի փորձագետ և «Davar» լրատվամիջոցի սյունակագիր Յարոն Վայսը»:
- Ադրբեջանն ավելի քան 8 ամիս է` արգելափակել է Լաչինի միջանցքը՝ պաշարման մեջ պահելով Արցախը: Բաքուն դադարեցրել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ, իսկ վերջին օրերին արգելում է անգամ հումանիտար բեռնափոխադրումները: Այս ամենը հումանիտար խորը ճգնաժամ է առաջացրել Արցախում, և Արցախի նախագահը երկիրը հայտարարել է աղետի գոտի: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ադրբեջանի նման քաղաքականության վերջնանպատակը։
- Բոլոր ապացույցները կան, որ Ադրբեջանը ցանկանում է ջնջել հայկական ներկայությունն Արցախում։ Տարիներ շարունակ ես սա ասել եմ: Ցավոք սրտի, այն ամենը, ինչ շատերը զգուշացնում և ինչից վախենում էին, տեղի է ունենում հենց հիմա։
Էթնիկ զտումները, պատմության վերաշարադրումը, հայատյացությունը, այս ամենն Ադրբեջանի վարած քաղաքականություն է, որը շարունակվում է տարիներ։ Քաղաքականությունը նույնն է, ինչ 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունն իրագործողների քաղաքականությունն էր։
Այդ իսկ պատճառով կարևոր է դադարեցնել էթնիկ զտումները, քանի դեռ դրանք տեղի են ունենում։ Քաղաքակիրթ աշխարհը հիանալի կերպով հիշատակի արարողություններ է կատարում, բայց նույն կերպ չի մոտենում այն իրադարձություններին, որոնց արդյունքը հենց հիշատակի այդ արարողություններն են:
Հենց սա է պատճառը, որ այժմ անհրաժեշտ է ավելացնել բացատրական ջանքերը և բացել աշխարհի առաջնորդների աչքերը։
- Ի՞նչպես եք գնահատում տարածաշրջանային իրավիճակի վրա Արցախում ստեղծված ճգնաժամի և Բաքվի ագրեսիվ գործողությունների ազդեցությունը:
- Երբ բռնապետության ձեռքում է գտնվում ժամանակակից զենքի մեծ քանակություն, հատկապես այն բռնապետության, որը գլխավորում է մարդու իրավունքները ոտնահարող կասկածելի համբավ ունեցող մի ընտանիք, դրա արդյունքը տարածաշրջանի ապակայունացումն է։ Այդ իսկ պատճառով մենք հիմա ականատես ենք լինում արցախցիների միտումնավոր սովի։
- Ինչպե՞ս կարող են միջազգային հանրությունը, ինչպես նաև Իսրայելը աջակցել այս աղետաբեր ճգնաժամի հանգուցալուծմանը։
- Մի քանի շաբաթ առաջ մի խումբ ակադեմիկոսներ, լրագրողներ, կրոնական առաջնորդներ, ակտիվիստներ և մտավորականներ հորդորեցին Իսրայելի նախագահին (ով վերջերս Բաքու էր այցելել) օգտագործել իր կապերը բռնապետ Ալիևի հետ՝ ազդելու նրա վրա Լաչինի միջանցքը բացելու համար:
Իսրայելը ազդեցիկ գործոն է տարածաշրջանում:
Շատ կարևոր է, որ աշխարհում Հայաստանի բոլոր բարեկամները, ինչպես նաև ազատության ու ժողովրդավարության սիրահարները իրենց երկրներում նման քայլերի դիմեն։
- Կցանկանայի՝ անդրադառնայինք նաև հայ-իսրայելական հարաբերություններին՝ ինչպե՞ս կբնութագրեք դրանք: Ակնհայտ է, որ երկկողմ հարաբերություններում առկա են մի շարք բացթողումներ: Կնշե՞ք պատճառները:
- Իսրայելի անհեռատես քաղաքականությունը Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը երկրի շահ է դիտարկում։ Հայտնի է, որ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի նկատմամբ Իսրայելի ցանկացած մոտեցում Ադրբեջանին վնասող քայլ է համարում։
Այդ իսկ պատճառով Իսրայելը խիստ զգուշանում է Հայաստանի հետ մերձենալուց։
Սա տեսնում ենք նաև իսրայելական զանգվածային լրատվամիջոցներում, որոնց վրա ազդում է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև մասնավոր լրատվամիջոցներում, որոնք էլ կրում են արդյունաբերական հատվածում շահագրգիռ անձանց ազդեցությունը, ովքեր ձեռնպահ են մնում Ադրբեջանի վրա հարձակվելուց և խուսափում Արցախում տիրող ճգնաժամը լուսաբանելուց:
Վերջին շաբաթների ընթացքում մենք մեծ ջանքեր ենք գործադրել՝ համոզելու օտարերկրյա լրատվական խմբագիրներին՝ ապահովել Արցախում իրավիճակի լուսաբանումը, ինչպես լուսաբանվում է աշխարհի այլ երկրներում։
Ցավոք, Իսրայելը դեռ դեսպանատուն չի բացել Երևանում։ Սա ուղղակիորեն կապված է Ալիևների ընտանիքին չբարկացնելու ցանկության հետ։
Երեք տարի է, ինչ Թել Ավիվում գործում է Հայաստանի դեսպանությունը։ Դեսպան Արման Հակոբյանը, կարծես, անխոնջ աշխատում է Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Գիտեմ, որ ջանքեր են գործադրվում երկրների միջև զբոսաշրջային կապերը, Երևան-Թել Ավիվ ուղիղ չվերթները, ակադեմիական հաստատությունների միջև հարաբերությունները և, իհարկե, պոտենցիալ ներդրողներին գրավելու փորձերն ընդլայնելու ուղղությամբ:
Դեսպան Հակոբյանը մեծ մարտահրավերի է առերեսվում՝ ծառայելով որպես դեսպան մի երկրում, որը վախենում է չափից շատ զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ:
- Եվ վերջում. տեղյակ եք, որ Ադրբեջան է այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Ինչպես պարզ դարձավ հանդիպումներից, Բաքվում Գալանտը քննարկել է Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման ուղիները: Գալանտը նաև անդրադարձել է «Իրանից եկող սպառնալիքներին»: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ադրբեջանա-իսրայելական ռազմավարական համագործակցությանը: Արդյո՞ք այն ավելի շատ առավելություններ է պարունակում, թե մարտահրավերներն հաճախ «անտեսվում են»:
- Իսրայելում գրաքննությունը թույլ չի տալիս քաղաքացիներին տեղեկատվություն ստանալ Ադրբեջանի հետ հարաբերությունների բնույթի մասին։ Պաշտոնյաները նշում են, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում կա ռազմավարական նշանակություն, քանի որ այն Իրանին սահմանակից շիայական երկիր է։ Ենթադրվում է, որ հարաբերությունների ամրապնդումն անհրաժեշտ է Իսրայելի ազգային անվտանգության համար։
Կարծում եմ, որ պաշտոնական այս քաղաքականությունը նպատակ ունի քողարկիչ դառնալ և ըստ այդմ օրինականացնել սպառազինության զանգվածային վաճառքը մի երկրի, որը արևմտյան երկրների մեծ մասի կողմից համարվում է բռնապետություն: Իսրայելը հայտնի է բռնապետություններին զենքի և սպառազինության զանգվածային վաճառքով։
Երբ Իսրայելը զենք է վաճառում Աֆրիկայում կամ Արևելյան Ասիայում գործող բռնապետություններին, կառավարությունը դա չի կարող արդարացնել ազգային անվտանգության նկատառումներով, քանի որ այդ երկրները չեն գտնվում Իսրայելին սպառնացող վտանգի անմիջական շրջանակում։ Բայց Ադրբեջանի պարագայում կառավարությունը զենքի վաճառքը հիմնավորում է ազգային անվտանգության նկատառումներով՝ հանրային քննադատությունից խուսափելու համար։
Պատմությունից գիտենք, որ, երբ Իսրայելն ամուր հարաբերություններ էր հաստատել այնպիսի բռնապետությունների հետ, ինչպիսին էին Իրանում շահի գահակալության և Հարավային Աֆրիկայում ապարտեիդի ժամանակաշրջանը, իշխանափոխությունից անմիջապես հետո այդ երկրների քաղաքացիների շրջանակում մեծ թշնամանք էր առաջացել Իսրայելի հանդեպ: Իշխանափոխությունից կամ նավթի պաշարների սպառումից հետո նույնը տեղի կունենա նաև Ադրբեջանում: Ահա թե ինչու է Իսրայելի քաղաքականությունն անհեռատես։