Դա ոչ մարդկային և ոչ բարոյական է

3 ր.   |  2023-07-31

 

Իրանցի փորձագետը՝ Արցախի շրջափակման մասին 

Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի թեմայով Օրբելի կենտրոնը հարցազրույց է անցկացրել Իրանի  IRAS հետազոտական կենտրոնի փոխտնօրեն, միջազգայնագետ Մահմուդ Շուրիի հետ։

- Ադրբեջանն արդեն շուրջ 8 ամիս է` արգելափակել է Լաչինի միջանցքը՝ պաշարման մեջ պահելով Արցախը: Բաքուն դադարեցրել է բնական գազի և էլեկտրաէներգիայի հոսքն Արցախ, իսկ վերջին օրերին արգելում է անգամ հումանիտար բեռնափոխադրումները: Այս ամենը հումանիտար խորը ճգնաժամ է առաջացրել Արցախում, և Արցախի նախագահը երկիրը հայտարարել է աղետի գոտի: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ադրբեջանի նման քաղաքականության վերջնանպատակը։

- Այն իրադարձությունները, որոնց վերջին ամիսներին ականատեսն ենք Ղարաբաղում, ցավոք, վկայում են, որ այդ շրջանի մարդկանց կենսապայմանները ծանրացել են։ Էներգիայի, ջրի կամ պարենամթերքի նման առաջնային նշանակության կարիքներին մարդկանց հասանելիությունն արգելափակելը ոչ մարդկային և ոչ բարոյական է՝ անկախ պատճառաբանությունից։ Կարծես թե, Ադրբեջանը տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար գործնականում փորձում է օգտագործել հնարավոր բոլոր գործիքները։ Այդ ջանքերի մի մասն ուղղված են նրան, որ Հայաստանին ստիպեն ընդունել Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի հարցում Բաքվի պահանջները։ Ըստ էության, մենք անմեղ մարդկանց կյանքի գնով պատանդառության մի տեսակի ենք ականատես լինում։ Ցավոք սրտի, միջազգային կազմակերպությունները տարբեր պատճառներով այս խնդրին մեծ ուշադրություն չեն դարձնում, և մինչև հիմա Կարմիր խաչի համաշխարհային կազմակերպությունը այս խնդրի լուծման հարցում հաջողության չի հասել։ 

- Ինչպես եք գնահատում տարածաշրջանային իրավիճակի վրա Արցախում ստեղծված ճգնաժամի և Բաքվի ագրեսիվ գործողությունների ազդեցությունը:

- Ամեն դեպքում ակնհայտ է, որ այս գործողությունները կհանգեցնեն տարածաշրջանային հակամարտությունների սրման և բռնության աճի։ Նման գործողությունները տարածաշրջանին ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ զարգացում չեն բերելու։ Բացի այդ, 2020թ․ նոյեմբերի համաձայնության շրջանակներում հակասությունների կարգավորման համար մեխանիզմներ են մշակվել, և միակողմանի գործողությունների անհրաժեշտություն չկա։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ ատելության ու թշնամանքի խորացումն, ի վերջո, ողբերգական աղետների է հանգեցնելու։ Աշխարհագրական առումով Կովկասը մեծ տարածաշրջան չէ, և տարածաշրջանի մի անկյունում ցանկացած բախում ու հակամարտություն արագորեն անմիջական ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի այլ մասերի և անգամ հարակից տարածաշրջանների վրա։

- Ինչպե՞ս կարող են միջազգային հանրությունը, ինչպես նաև Իրանն աջակցել այս աղետաբեր ճգնաժամի հանգուցալուծմանը։

- Ինչպես նշեցի, տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու համար և՛ 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի շրջանակներում են մշակվել մեխանիզմներ, և՛ միջազգային օրենքների ու նորմերի շրջանակներում վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու բազմաթիվ ուղիներ կան։ Այս մեխանիզմներին վերադարձը միակ ամուր հիմքն է, որը կարող է կայունություն և խաղաղություն բերել տարածաշրջան։ Բացի այդ, նախկինում ձևավորվել էր այնպիսի մեխանիզմ, ինչպիսին 3+3 մեխանիզմն էր, որը ներառում էր տարածաշրջանային բոլոր դերակատարներին ու ուժերը, և հնարավորություն կար այդ մեխանիզմի շրջանակներում կառավարել տարածաշրջանի ճգնաժամերը։ Ամեն դեպքում, դիվանագիտական ջանքերը պետք է ավելացվեն՝ միջազգային հանրության ուշադրությունն այս խնդրի վրա հրավիրելու համար։ Նաև Ռուսաստանի նման մեծ տերությունը, որը պատմական շահեր ունի տարածաշրջանում, չնայած Ուկրաինայի հարցում իր բազմաթիվ դժվարություններին, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այս ուղղությամբ իր պատմական և մարդասիրական դերին։ Տարածաշրջանային ուժերի, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցությամբ երկկողմ կամ բազմակողմ բանակցությունները միանշանակ կարող են անմիջական ազդեցություն ունենալ տարածաշրջանում խաղաղության ապահովման վրա։ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան Աստանայի ձևաչափի շրջանակներում մեկ անգամ արդեն ունեցել են սիրիական հարցում համագործակցության փորձ, և այդ իսկ պատճառով Կովկասի  հարցում ևս նման մեխանիզմը կարող է արդյունավետ դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում։