Միջուկային կանխարգելիչ հարվածի հավանականությունը

12 ր.   |  2023-07-27
Ռուսական և արևմտյան փորձագետների դիտարկումները

Վ երջին ամիսներին ռուսական քաղաքական և փորձագիտական դաշտում ակտիվացել են խոսակցությունները միջուկային զենքի հնարավոր կանխարգելիչ կիրառման մասին: Վերջին շրջանում դրա համար առիթ հանդիասացավ Ռուսաստանի Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության պատվավոր նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Սերգեյ Կարագանովի աղմկահարույց հոդվածը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում։ «Բարդ ընտրության» անհրաժեշտության մասին Կարագանովի գաղափարները մեծ արձագանք գտան ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում: Որոշ մարդիկ պնդում են, որ դա գործողությունների ծրագիր է, որի մասին զգուշացնում է պրոֆեսորը։ Ոմանց կարծքով՝ հոդվածը պարզապես արտաքին լսարանին ուղղված թեզերի ամբողջություն է, որի նպատակն Արևմուտքին նախազգուշացնելն է։

Կարագանովի հոդվածը, սակայն, միակ ազդանշանը չէ, որը բորբոքեց միջուկային զենքի հնարավոր կանխարգելիչ կիրառման մասին խոսակցությունները։ Դրան նախորդել էին մի շարք կարևոր իրադարձություններ։

Նախ, 2023թ․ փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին Մոսկվայի մասնակցությունը դադարեցնելու մասին։ Սա սպառազինությունների վերահսկման մասին ՌԴ-ի և ԱՄՆ-ի վերջին գործող պայմանագիրն էր։

Միևնույն ժամանակ, 2023թ․ մարտի 31-ին նախագահի կողմից հաստատված ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում նշված էր․ «Ի պատասխան Արևմուտքի ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանը մտադիր է գոյության և ազատ զարգացման իր իրավունքը պաշտպանել առկա բոլոր միջոցներով»։ Նման ձևակերպումից շատերը ենթադրեցին, որ Մոսկվան անհրաժեշտության դեպքում չի բացառում նաև իր միջուկային զինանոցի օգտագործումը։ Ավելի վաղ՝ 2022թ․ սեպտեմբերի իր ուղերձում, Ռուսաստանի նախագահը, մեկնաբանելով Արևմուտքի հայտարարությունները զանգվածային ոչնչացման զենքի հնարավոր կիրառման մասին, նշել էր, որ Մոսկվան ևս ունի ոչնչացման տարբեր միջոցներ․ «Մեր երկրի տարածքային ամբողջականությանը սպառնալիքի առկայության դեպքում երկրի և ժողովրդի պաշտպանության համար մենք անպայման կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները»։

Բացի այդ, 2023թ․ հունիսի 16-ին՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, Պուտինը նշել էր«Անշուշտ, միջուկային զենքի օգտագործումը տեսականորեն հնարավոր է։ Ռուսաստանի համար դա հնարավոր է այն դեպքում, եթե սպառնալիք է ստեղծվում մեր տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության, բուն ռուսական պետության գոյության համար»։ Միաժամանակ, Ռուսաստանի նախագահը հավաստիացրել էր, որ այժմ նման անհրաժեշտություն չկա։

Միջուկային զենքի հնարավոր կիրառման շուրջ շահարկումների առիթ հանդիսացավ նաև Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը։ Պետերբուրգի համաժողովում ՌԴ նախագահը տեղեկացրեց«Մենք մարտավարական զենքի մի մասը կտեղափոխենք բելառուսական տարածք։ Առաջին միջուկային լիցքերն արդեն հասցվել են Բելառուս։ Մինչև ամառվա վերջ մենք ամբողջությամբ կկատարենք այդ աշխատանքը։ Դա հենց զսպման տարր է»։ Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի, եթե Արևմուտքը «պատին դեմ տա» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և առաջարկի պայմանավորվել, «քանի դեռ հնարավոր է»:

Չնայած այս վերջին զարգացումներին՝ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունը հստակ արձանագրված է ՌԴ նախագահի 2020թ. հունիսի 2-ի «Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքների մասին հրամանագրում»։ Այստեղ նշվում է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների կիրառման, ինչպես նաև սովորական զենքի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությունը վտանգված է:

Միջուկային զենք չկիրառելու շուրջ համաձայանության առկայության հետ կապված կարելի է նշել նաև 2022թ. հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների համատեղ հայտարարությունը (որտեղ կա նաև Ռուսաստանի ստորագրությունը), որ «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»։ Ի դեպ, հենց Մոսկվան և Վաշինգտոնն են ձևակերպել այս միտքը 1986թ․։ Նույն միտքը Վլադիմիր Պուտինը կրկնել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործողության քննարկման 10-րդ համաժողովի ժամանակ՝ 2022թ․ օգոստոսին։

Ուստի եթե Ռուսաստնը միջուկային զենքի կիրառումը դիտարկում է միայն ծայրահեղ դեպքում, ինչո՞վ է պայմանավորված այդ հարցի շուրջ ներկայիս իրարանցումը։ 

Ռուսաստան

Ա նդրադառնանք Կարագանովի հոդվածին։ Նա մի թեզ է առաջ քաշում, ըստ որի՝ 75 տարիների հարաբերական խաղաղության ընթացքում մարդիկ մոռացել են պատերազմի սարսափները, դադարել են վախենալ նույնիսկ միջուկային զենքից։ Ամենուր, բայց հատկապես Արևմուտքում թուլացել է ինքնապահպանության բնազդը։ Միջուկային սրացման վախը պետք է վերականգնել, հակառակ դեպքում մարդկությունը դատապարտված է։ 

Իհարկե, այս ամենի մասին խոսելու առիթը Ուկրաինայում ընթացող պատերազմն է, որի ցանկացած ելքի դեպքում, ըստ Կարագանովի, Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունը չի ավարտվի։ Նրա կարծիքով, հատուկ ռազմական գործողությունը չի ավարտվի վճռական հաղթանակով՝ առանց Արևմուտքին ռազմավարական նահանջ պարտադրելու կամ նույնիսկ կապիտուլյացիայի։ Ուստի նրա խոսքով՝ Մոսկվան ստիպված է լինելու վերականգնել միջուկային զսպման կարևորությունը՝ իջեցնելով «միջուկային զենքի կիրառման անթույլատրելի սահմանված շեմը»։ Կարագանովի հոդվածի համաձայն՝ ստացվում է, որ միջուկային զենքի թիրախում կարող են հայտնվել ոչ միայն Ուկրաինան, այլև առնվազն ՆԱՏՕ-ի արևելյան երկրները՝ ակնարկելով Լեհաստանը։ Ավելի ուշ արած հայտարարություններում, սակայն, Կարագանովը հույս է հայտնում որ հնարավոր կլինի խուսափել միջուկային պատերազմից։

Վախը միջազգային հարաբերություններ վերադարձնելու մասին խոսել է նաև Դմիտրի Տրենինը (1), հավելել՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կարմիր գծերը չպահպանելու պատճառն այն է, որ այնտեղ չեն հավատում, որ Ռուսաստանը միջուկային զենք կօգտագործի։ Նրա խոսքով՝ խնդիրը միջուկային զենքը կոնկրետ Ուկրաինայի իրավիճակում զսպման գործուն տարր դարձնելն է, որպեսզի Միացյալ Նահանգները համոզվի, որ հարված կլինի նաև ԱՄՆ-ի տարածքին։ Տրենինի կարծիքով՝ բացի վախից՝ ոչինչ չի կանգնեցնի հակառակորդին:

Կարագանովի և Տրենինի գաղափարները չի կիսում մեկ այլ ռուսաստանցի փորձագետ Իվան Տիմոֆեևը (2): Նրա խոսքով՝ Ռուսաստանում երկար ժամանակ թերագնահատում էին այդ երկրի ընկալումն Արևմուտքում՝ որպես մարող տերություն, որն արժանի չէ իրավահավասար հարաբերությունների։ Իսկ Արևմուտքում թերագնահատում էին Ռուսաստանի ղեկավարության վճռականությունը՝ գնալու ծայրահեղ միջոցների, որպեսզի ստիպեն լսել իրենց դիրքորոշումը։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ըստ Տիմոֆեևի, «սխալների և հակասությունների հետաձգված հետևանք է, որոնք կուտակվել է ավելի քան երեսուն տարի»: Նրա կարծիքով՝ ռազմական առճակատումը  ստվերից դուրս բերեց այն գործընթացները, որոնք մինչ այդ ակնհայտ չէին՝ ՆԱՏՕ-ի ընդլայնում, դաշինքի ռազմականացում, ռազմական և քաղաքական ներկայության ընդլայնում Ուկրաինայում և հետխորհրդային տարածքում։ Նա համաձայնում է, որ այս իրավիճակում Ռուսաստանի նկատմամբ իր մոտեցումը վերանայելու և Ուկրաինայի հարցով նոր ստատուս քվոյին համաձայնել ստիպելու միակ տարբերակը միջուկային զենքի իրական կիրառումն է։ Սակայն Տիմոֆեևի խոսքով՝ դրա իրականացումը չափազանց վտանգավոր է, և չկա երաշխիք, որ այն չի վերածվի միջուկային պատերազմի։ Նա նաև համաձայնում է, որ միջուկային զենքի կանխարգելիչ կիրառումը չի լուծի Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում առկա խնդիրները, փոխարենը ավելի կխորացնի ճգնաժամը։ Այն կարծիքը, որ Արևմուտքը չի պատասխանի Ռուսաստանի միջուկային հարվածին, ըստ Տիմոֆեևի, ոչնչով հիմնավորված չէ: 

Բացի միջուկային պատերազմի վտանգից՝ Տիմոֆեևը առաջ է քաշում նաև Մոսկվայի համար այլ բացասական հետևանքների հնարավորությունը։ Մասնավորապես, իմիջի հարցը․ Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և այլ ուժային կենտրոններ կփոխեն իրենց վերաբերմունքը ՌԴ նկատմամբ։ Տիմոֆեևի խոսքով՝ չի կարելի գերագնահատել Արևմուտքի գերիշխանությունից ազատվելու նրանց ձգտումը այն դեպքում, երբ նրանցից շատերը փոխշահավետ հարաբերություններ են կառուցում արևմտյան մայրաքաղաքների հետ։  Փոխարենը նա առաջարկում է շարունակել գլոբալ ստատուս քվոյի պահպանումը, ամրագրել այս իրավիճակը Ուկրաինայում, փորձել դիմակայել պատժամիջոցներին և ներքին հնարավոր խռովություններին, ապա վերադասավորվել և շրջադարձ կատարել դեպի արևելք։

Հեղինակավոր գիտնական, քաղաքագետ Ալեքսեյ Արբատովն (3) իր հերթին կարծիք է հայտնել, որ Կարագանովի արտահայտած տեսակետները բացառապես իր անձնական կարծիքը չէ․ այլ արտահայտում է ռուսական քաղաքական էլիտայի որոշակի հատվածի տեսակետը։ Ալեքսեյ Գրոմիկոն (4) էլ նշել է, որ առայժմ ոչինչ չի վկայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման շեմի նվազեցման մասին․ դա ռազմական տեսանկյունից անիմաստ է։ Նրա կարծիքով՝ միջուկային զենքի մասին խոսակցություններով Մոսկվան զգուշացնում է, որ թույլ չի տա վտանգի տակ դնել իր գոյությունը, որ ՆԱՏՕ-ի երկրների զանգվածային հարձակումը իր կամ իր դաշնակիցների տարածքի վրա կբացի միջուկային զենքի կիրառման տարբերակը՝ ինչպես մարտավարական, այնպես էլ ռազմավարական:

Արևմուտք

Ռ ուսաստանում միջուկային զենքի հնարավոր կանխարգելիչ կիրառման մասին քննարկումները չէին կարող չարտացոլվել Արևմուտքի քաղաքական և փորձագիտական դաշտում: 2023թ. հունիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սինգապուրի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին հայտարարեց՝ «Մենք նշաններ չենք  տեսնում, որ Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել»: Բառացիորեն նույն հայտարարությունն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը 2023թ. հունիսի 26-ն` միաժամանակ դատապարտելով մարտավարական միջուկային զենքի տեղափոխումը Բելառուս:

ԱՄՆ պետքարտուղարի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքը հիմնականում կիսում է նաև արևմտյան փորձագիտական դաշտը: Ուսումնասիրելով արևմտյան ամենաառաջատար համալսարանների դասախոսների դիտարկումները հարցի վերաբերյալ՝ կարող ենք մի շարք եզրակացություններ անել. նրանց մի մասի կարծիքով՝ միջուկային սպառնալիքն ակտիվացել է 2022թ. փետրվարի 24-ին, երբ սկսվեց հատուկ գործողությունը Ուկրաինայում, բայց այժմ այդ սպառնալիքը մեծացել է ՌԴ կողմից նոր տարածքներ գրավելուց և երկրի կազմում ընդգրկելուց հետո՝ ցույց տալու, որ եթե հարձակում լինի այդ տարածքների վրա, կարող է միջուկային հարված հասցվել:

Մյուս մասը կարծում է, որ Ռուսաստանի անհաջողությունները մարտի դաշտում ստիպում են հադես գալ միջուկային սպառնալիքով, որպեսզի Արևմուտիքը դադարեցնի ռազմատեխնիկական աջակցությունը Կիևին, և այդպիսով վճռվի պատերազմի ելքը: 

Դոկտոր Լորեն Սյուքինը (5) համաձայնում է վերջին մտքի հետ՝ հավելելով, որ միջուկային զենքի կիրառման սպառնալիքով Մոսկվան փորձում է նաև համոզել ՆԱՏՕ-ի պետություններին և Ուկրաինային ճանաչել Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները և հետ պահել ավելի ակտիվ մարտական գործողություններից: Նրա կարծիքով՝ որքան շատ են հնչում այդ սպառնալիքները, այնքան ավելի անլուրջ են դառնում: Սյուքինը նշում է նաև, որ այդ խոսակցություններով Ռուսաստանը փորձում է կարմիր գծեր քաշել, հիշեցնում՝ նախկինում գծված կարմիր գծերը Արևմուտքը բազմիցս խախտել է, սակայն Մոսկվայի կողմից համարժեք արձագանքը մինչ այժմ բացակայում է: Որպես օրինակ նա նշում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը, որը Ռուսաստանի համար կարմիր գիծ էր, սակայն վերջերս Ֆինլանդիայի անդամակցությունից հետո ՌԴ-ն «անսովոր լռություն էր պահպանում»: Եվ վերջապես, Սյուքինը համոզմունք է հայտնում, որ միջուկային զենքի ցանկացած կիրառում թույլ չի տրվի, իսկ թույլ տրվելու դեպքում՝ անհետևանք չի մնա:

ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն (6) ընդգծում է, որ չնայած մինչ այժմ Ռուսաստանը չի կիրառել միջուկային զենք, դրա կիրառման սպառնալիքները արդյունավետ էին մեկ կարևոր իմաստով՝ սահմանափակել սովորական սպառազինությունների տեսակները և քանակը, որոնք Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պատրաստ էին տրամադրել Ուկրաինային: Նրա կարծիքով՝ Մոսկվան չի կիրառել և դժվար թե կիրառի միջուկային զենք, քանի որ գիտակցում է իր համար դրա ծանր հետևանքները: Միջուկային զենքի կիրառումը կմեծացներ հավանականությունը, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ուղղակիորեն կներգրավվեն հակամարտության մեջ, ինչից ՌԴ-ն փորձում է խուսափել: Բացի այդ, միջուկային «տաբուի» խախտումը միայն կմեծացնի Ռուսաստանի քաղաքական մեկուսացումը, նույնիսկ կարող է հակազդեցություն առաջացնել ռուս ռազմական վերնախավի կողմից, ինչը սպառնալիք է ՌԴ ներքին կայունությանն ու անվտանգությանը: Եվ, իհարկե, Ռուսաստանը չի կարողանա խուսափել ծանրագույն պատժամիջոցներից:

Ուեսլեյան համալսարանի պրոֆեսոր Փիթեր Ռաթլենդը (7) համաձայն է այն տեսակետին, որ Ռուսաստանը չի կիրառի միջուկային զենք: Պատասխանելով Կարագանովի հոդվածին՝ նա նշել է, որ դա չի արտացոլում ռուսական պաշտոնական քաղաքականությունը: Ռաթլենդի կարծիքով՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր՝ միջուկային զենքը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար զսպող գործիք է հանդիսացել: Այսպես,  Ռուսաստանը ձեռնպահ է մնացել Լեհաստանում գտնվող պահեստներին հարվածելուց, որտեղից զենքը հասնում է Ուկրաինա, իսկ ԱՄՆ-ն Ուկրաինային հետ է պահել Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախներին հարվածելուց: Օրինակ, ԱՄՆ-ը Ուկրաինային ուղարկել է 80 կմ հեռահարությամբ HIMARS ռեակտիվ հրետանի, սակայն հրաժարվել է ուղարկել 300 կմ հեռահարությամբ տարբերակը։ Միևնույն ժամանակ, Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարությունը և հզորությունը շարունակաբար աճում են, ինչի պատճառը Ռուսաստանից հնչող միջուկային սպառնալիքներն են:

Իսպանիայի նախկին ԱԳ նախարար Անա Պալասիոյի կարծիքով՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքների պատճառը Ուկրաինայում ՌԴ-ի արագ հաջողության հասնելու սցենարի տապալումն էր, ինչպես նաև երկրի ներսում առկա խմորումները (Օրինակ, Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ կապված իրադարձությունները), որոնց խորանալու դեպքում վտանգի տակ կարող է հայտնվել Ռուսաստանի գոյությունը ներկայիս սահմաններով և կառավարման համակարգով, այսինքն՝ մասնատման վտանգը:

Արևմուտքում, սակայն կան փորձագետներ, որոնք հավատում եմ, որ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք կկիրառի: Օրինակ, պաշտոնաթող գեներալ և Մոսկվայում ԱՄՆ նախկին ռազմական կցորդ Քևին Ռայանը (9) նշել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր՝ Ռուսաստանը պայմաններ է ստեղծում միջուկային զենք օգտագործելու համար և պատրաստվում է այն կիրառել: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը իր վերջին ելույթներում և հարցազրույցներում պնդում է, որ Ռուսաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև. դա այն իրավիճակն է, որը, ըստ ռուսական քաղաքականության, արդարացնում է միջուկային զենքի օգտագործումը: ՌԴ նախագահը նաև վերադասավորումներ է կատարել ռազմական ղեկավարության մեջ. երեք գեներալներ, որոնք պատասխանատու են մարտավարական միջուկային զենքի կիրառման համար, այժմ ղեկավարում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը:

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի պատերազմում միջուկային զենքի հրարավոր կիրռման հետ կապված՝ անցկացվել են նաև սոցիոլոգիական հետազոտություններ: Գլոբալ հարցերի Չիկագոյի խորհուրդը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի աջակցությամբ, հրապարակել է դեռ 2022թ. դեկտեմբերին իրականացված հասարակական կարծիքի հարցումների շարք, որոնք կոչված են գնահատելու ամերիկյան և ռուսական հասարակական կարծիքը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ: Այսպիսով, նշվում է, որ ՌԴ հանրության 42 տոկոսը ամբողջությամբ և 32 տոկոսը մասնակի աջակցում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը: 69 տոկոսը արդարացված չի համարում ՌԴ կողմից Ուկրաինայի պատերազմում տակտիկական միջուկային զենքի օգտագործումը, 23 տոկոսի կարծիքաով՝ դա արդարացի կլինի միայն այն դեպքում, եթե հակառակ կողմը առաջինը օգտագործի նման զենք: 3 տոկոսը միջուկային զենքի օգտագործումը արդարացված են համարում: Մեկ այլ հետազոտություն է անցկացրել Levada Center-ը, այն ավելի թարմ է, իրականացվել է 2023թ. ապրիլին: Արդյունքների համաձայն՝ հարցվածների 29 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ միջուկային զենքի հնարավոր կիրառումն արդարացված է, մինչդեռ 56 տոկոսը նշել է, որ այդ զինատեսակի կիրառումը չի կարող արդարացված լինել:

* * *

Այսպիսով, թե՛ ռուսական և թե արևմտյան փորձագիտական դաշտում հակված չեն մտածելու, որ Ռուսաստանը մոտ ապագայում կարող է իջեցնել միջուկային զենքի կիրառման շեմը: Կարելի է ենթադրել, որ միջուկային զենքի կիրառման հարցով Ռուսաստանն ու Արևմուտքը այժմ ակտիվորեն թեզեր են փոխանակում, կարմիր գծեր սահմանում: Ռուսաստանը հավաստիացնում է, որ երկրի գոյությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և այլ առանցքային ուղղություններով արևմտյան սպառնալիքի պարագայում չի վարանի միջուկային զենք կիրառել: Իսկ Արևմուտքը զգուշացնում է, որ միջուկային զենքի որևէ կիրառում անպատասխան ու անհետևանք չի մնա: Միևնույն ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում կողմերից մեկը ակնհայտ պարտություն չի կրում, միջուկային զենքի կիրառման հավանականությունը ցածր է մնում: Սակայն մարտի դաշտում և Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում կտրուկ փոփոխությունների դեպքում ոչինչ հնարավոր չէ բացառել։ Պետք չէ մոռանալ 2018թ. Վլադիմիր Սոլովյովի «Աշխարհակարգ 2018» ֆիլմում Ռուսաստանի նախագահի խոսքերը միջուկային դիմակայության թեմայով. «Ես՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուսական պետության ղեկավար, ուզում եմ հարց տալ. ինչների՞ս է պետք այնպիսի աշխարհը, եթե այնտեղ չի լինելու Ռուսաստանը» (10):


  1. Դմիտրի Տրենին՝ Բարձրագույն տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի հետազոտական պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող:
  2. Իվան Տիմոֆեև՝ Միջազգային գործերով ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն։
  3. Ալեքսեյ Արբատով՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ:
  4. Ալեքսեյ Գրոմիկո՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Միջազգային գործերով ռուսական խորհրդի անդամ։
  5. Լորեն Սյուքին՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի միջազգային հարաբերությունների դոցենտ:
  6. Ալեքսանդր Վերշբոու` Ռուսաստանում և Հարավային Կորեայում ԱՄՆ նախկին դեսպան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ:
  7. Փիթեր Ռաթլենդ՝ Հարվարդի համալսարանի Ռուսական և եվրասիական հետազոտությունների Դևիսի կենտրոնի աշխատակից, Ուեսլեյան համալսարանի պետական կառավարման պրոֆեսոր:
  8. Անա Պալասիո` Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար, հրավիրված դասախոս Ջորջթաունի համալսարանում:
  9. Քևին Ռայան՝ Հարվարդի Քենեդու դպրոցի Բելֆերի գիտության և միջազգային հարաբերությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, Մոսկվայում ԱՄՆ նախկին ռազմական կցորդ:
  10. Օրիգինալ տեքստը. “Но я как гражданин России и глава российского государства хочу задаться вопросом: а зачем нам такой мир, если там не будет России?”.