Հարկատեսակների կշիռը բյուջեի եկամուտների ձևավորման գործընթացում

7 ր.   |  2023-06-26

Հ Հ պետական բյուջեի եկամուտների ձևավորման հիմքում առանցքային նշանակություն ունեն հարկային եկամուտները և պետական տուրքերը, որոնք 2018-2022թթ.-ին կազմել են բյուջեի ընդհանուր եկամուտների 90%-ից ավելին։  Միևնույն ժամանակ, ՀՀ-ում թե՛ օբյեկտիվ, և թե՛ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով շարունակաբար հարկային եկամուտների աճ է արձանագրվում, այս մասին են վկայում վերջին 5 տարիների (բացառությամբ 2020թ.-ի) կտրվածքով ցուցանիշների դինամիկան*։



Առանձին հարկերի գծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորման գործում առաջնային դեր են կատարում ԱԱՀ-ն, եկամտային հարկը, շահութահարկը և ակցիզային հարկը, որոնց մասնաբաժինների հանրագումարը գերազանցում է ընդհանուր եկամուտների ծավալի 70%-ը։ 

 

Պետությունը հարկաբյուջետային քաղաքականություն մշակելիս կարևորություն է տալիս հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը, որը ՀՀ-ում վերջին 5 տարվա կտրվածքով տատանվում է 22-23%-ի սահմաններում։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում ձևավորված ՀՆԱ-ի 22-23%-ը իր արտահայտությունն է ստացել հարկերի տեսքով։ 2018թ․-ին այս հարաբերակցությունը կազմել է 21%՝ ՀՆԱ-ի 6,002․7 մլրդ դրամի պարագայում: Հարկային եկամուտների և պետական տուրքեր/ՀՆԱ ցուցանիշը 2022թ․-ին կազմել է 22․7%, ՀՆԱ-ի՝ 8,496․8 մլրդ դրամի պարագայում։ Ստացվում է, որ 2022թ․-ին ՀՆԱ-ի 41.5% աճի պարագայում 2018թ․-ի համեմատ պետությունը հավաքագրել է 1.7%-ով ավելի հարկ։ Քանի որ վերոնշյալ ցուցանիշը հաշվարկվում է ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկերի և պետական տուրքերի փաստացի ցուցանիշների հիման վրա, ուստի ենթադրվում է, որ 2022թ․-ին հարկային եկամուտներ և պետական տուրքեր/ՀՆԱ-ի նվազ ցուցանիշը մեծամասամբ կարող է պայմանավորված լինել նաև հիփոթեքային վարկի վճարվող տոկոսների մասով վարկառուներին վերադարձված եկամտային հարկի գումարների 7․79 անգամ աճով 2018թ․-ի համեմատ։
Ստորև ներկայացված գծագրում ցուցադրված են վերջին 5 տարիներին ՀՀ-ում հարկային եկամուտներ և պետական տուրքեր/ՀՆԱ ցուցանիշի տոկոսային հարաբերակցությունը.



Դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների մասով ստեղծված դինամիկ պատկերի և այդ գործընթացում հարկատեսակների ունեցած դերն ու նշանակությունը հասկանալու համար ուսումնասիրել ենք այս գործընթացի վրա ազդեցություն թողնող գործոնները և կատարել համեմետական վերլուծություն 2022թ.-ի և 2018թ.-ի միջև։
Նկատենք, որ 2022թ.-ին տեղի են ունեցել մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում 2022թ.-ի ճշտված ծրագիրը կազմել է 1,925.0 մլրդ դրամ, իսկ բյուջեի հարկային եկամուտներից և պետական տուրքերից ձևավորված փաստացի մուտքագրված գումարները կազմել են 1,926.0 մրդ դրամ, որոնք 104․4%-ով ապահովել են օրենքով հաստատված ցուցանիշը և 100%-ով  ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշը։ Ստորև ներկայացված է առանձին հարկատեսակների մասով կատարողականը և դերը հարկային մուտքերի ապահովման գործընթացում.

⦁ Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) -   ՀՀհարկային օրենսգրքով սահմանված է ԱԱՀ-ի երկու դրույքաչափ՝ 20% և 0%, 115 մլն ՀՀ դրամը գերազանցող իրացման շրջանառության, ինչպես նաև ՀՕ սահմանված առանձին դեպքերի համար։
Ու սումնասիրելով ՀՀ պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում հարկատեսակների մասնաբաժինները, կարող ենք արձանագրել, որ ամենամեծ մասնաբաժինը պատկանում է այս հարկատեսակին. վերջին տարիներին այն տատանվում է 33-36%-ի սահմաններում։ Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ՀՀ-ն հանդիսանում է ներմուծման վրա հիմնված տնտեսություն ունեցող երկիր և հավաքագրված ԱԱՀ-ի ծավալների 50%-ից ավելին բաժին է ընկնում ներմուծմանը։
    2018թ․-ին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 34․8%-ը բաժին է ընկել ԱԱՀ-ին, որը կազմել է 438․2 մլրդ դրամ, որից 296.6 մլրդ դրամը ստացվել է ներմուծման հարկումից (92 մլրդ դրամը գանձվել է ԵԱՏՄ անդամ պետություններից, իսկ 141․6 մլրդ դրամը՝ ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից): 2018թ.-ի համեմատ 2022թ.-ին այս մասնաբաժինը ավելացել է 0.7%-ով, կազմելով 35․3% (679․6 մլրդ դրամ): Ըստ էության, 2022թ.-ին հավաքագրված ԱԱՀ-ի փաստացի ցուցանիշը 2018թ․-ի նկատմամբ աճել է շուրջ 55%-ով։ 2022թ․-ին ՀՀ-ում ներմուծման ծավալներն 2018թ.-ի համեմատ աճել են 49․39%-ով, որից ԵԱՏՄ երկրներից 74․2%-ով, իսկ ներքին շրջանառությունից՝ 67․02%-ով։ Ներմուծումից ձևավորված ԱԱՀ-ի աճի վրա դրական ազդեցություն է թողել  ներմուծմող ապրանքների գների աճը։ Դրանից զատ, դիտարկվող ժամանակաշրջանում այն գործոնը, որը դրական ազդեցություն է ունեցել ԱԱՀ-ի մուտքերի վրա հանդիսացել է տնտեսական գործունեություն ծավալող ոլորտներում ստեղծված ավելացած արժեքների և ծավալների աճը։ Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ԱԱՀ-ով պայմանավորված ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորման վրա բացասական ազդեցություն են թողել ԱԱՀ-ի գծով վերադարձրած գումարները, որոնք իրենց մեջ ներառում են ТАХ FREE համակարգով (ներդրված մեխանիզմ, որը թույլ է տալիս ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ-ում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն երկրից մեկնելիս հետ ստանալ) և արտահանողներին վճարված գումարները, որոնք 2018թ.-ի համեմատ աճել են 121.9 մլրդ դրամ գումարով։ Ենթադրվում է, որ ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարների աճը պայմանավորված կարող է լինել հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման հանգամանքով, որը հանգեցրել է ԱԱՀ-ի գծով լրացուցիչ մուտքերի աճին, ինչն էլ հանգեցրել է վերադարձրած գումարների ծավալների աճին։
Ամփոփելով, նշենք որ, 2022թ.-ի ԱԱՀ-ով պայմանավորված մուտքերի աճը 2018թ.-ի համեմատ պայմանավորված է եղել տնտեսական գործունեության ոլորտներում ստեղծված ավելացված արժեքների և գործարքների ծավալների աճով, ինչպես նաև ներմուծվող ապրանքների գների բարձրացմամբ և հարկային վարչարարության ավելացմամբ։

⦁ Եկամտային հարկ - 2023թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 20% (համահարթ դրույքաչափ)։

2 022թ․-ին եկամտային հարկի մուտքերը կազմել են 474․8 մլրդ դրամ՝ ապահովելով հարկային եկամուտների և պետական տուրքերի 24․7%-ը։ 2018թ․-ի եկամտային հարկի մասով ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 356․6 մլրդ դրամ, որը ապահովել է հարկային եկամուտների և պետական տուրքերի 27․3%-ը։ Համեմատելով 2022թ․-ի և 2018թ․-ի եկամտային հարկի տարեկան մուտքերը տեսնում ենք, որ այն աճել է 33․15%-ով, որի հիմնական պատճառներից է 2022թ․-ի միջին անվանական  աշխատավարձի 36․67 % աճը 2018թ․-ի համեմատ։ Սա հանգեցրել է հարկման բազայի մեծացմանը, բայց, չնայած այդ հանգամանքին, դիտարկվող ժամանակահատվածում հիփոթեքային վարկի վճարվող տոկոսների մասով վարկառուներին վերադարձված եկամտային հարկի գումարներն աճել են 7․79 անգամ 2018թ․-ի համեմատ, ինչը բացասական ազդեցություն է ունեցել եկամտային հարկի մուտքերի վրա։
Եթե 2018թ.-ին վերադարձված եկամտային հարկի գումարները կազմել է 4,679.9 մլն դրամ, ապա 2022թ.-ին այն աճել է 7.79 անգամ կազմելով 36,500 մլն դրամ։  Ենթադրվում է, որ հիփոթեքային վարկով պայմանավորված եկամտային հարկի վերադարձի գումարները բացասական ազդեցություն են թողնելու եկամտային հարկի գծով ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով մուտքերի վրա։

⦁ Շահութահարկ  - Դրույքաչափը՝ 18%: Շահութահարկի սահմանված դրույքաչափերը փոփոխվում են կախված հարկման բազայից։ 

2022թ․-ին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 11․6%-ն ապահովել է շահութահարկը՝ 222․8 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ աճել է 40.5%-ով, իսկ 2018թ․-ին 13․5%-ն, որը կազմել է 170․1մլրդ դրամ։ Շահութահարկի մասով ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա իրենց ազդեցությունն են ունենում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման բազաների աճը։ Համադրելով միմյանց հետ 2022թ․-ի և 2018թ․-ի տվյալները  ստանում ենք հետևյալ պատկերը։ 2022թ․-ին շահութահարկի գծով հարկային եկամուտները աճել են 30․9%-ով 2018թ․-ի համեմատ, որի հիմքում ընկած է շահութահարկի գծով հարկման բազայի աճը։

⦁  Ակցիզային հարկ -  Ակցիզային հարկի հաշվարկման դրույքափերը բազմազան են՝ կախված ապրանքի տեսակից, ԱՏԳԱԱ ծածկագրից և այլն։
2 022թ․-ին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և պետական տուրքերի 6․6%-ը բաժին է ընկնում ակցիզային հարկին, որը կազմել է 127․5 մլրդ դրամ, որից ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից գանձվել են 60․9 մլրդ դրամ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից 17․9 մլրդ դրամ, ՀՀ-ում արտադրվող ենթաակցիզային ապրանքներից՝ 66․6 մլրդ դրամ, իսկ 2018թ․-ին ակցիզային հարկը կազմել է ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 8․7%-ը՝ կազմելով 109 մլրդ դրամ։
Համադրելով 2022թ․-ի ակցիզային հարկերի մասով ցուցանիշները 2018թ․-ի հետ, ստանում ենք հետևյալ պատկերը. 2022թ․-ին ակցիզային հարկերի գծով հարկային եկամուտները աճել են 16․97%-ով, որը պայմանավորված է հատկապես ենթաակցիզային հարկով հարկվող ապրանքների ծավալների մեծացմամբ․ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների ծավալները 2022թ․-ին աճել են 29․03%-ով 2018թ․-ի համեմատ, իսկ ՀՀ-ում արտադրվող ապրանքների ծավալները՝ 7․9%-ով։
 Վերոնշյալից հանգում ենք այն ենթադրությանը, որ ՀՀ-ում ենթաակցիզային ապրանքների արտադրությունը համեմատաբար դանդաղ է զարգանում։

    Ամփոփելով վերոշարադրվածը կարելի է եզրակացնել, որ վերջին 5 տարիներին 4 հարկատեսակների կշիռները ընդհանուր հարկային եկամուների և պետական տուրքերի ծավալներում զգալի փոփոխությունների չեն ենթարկվել, ինչպես նաև զգալի փոփոխությունների չի ենթարկվել Հարկեր և պետական տուրքեր/ՀՆԱ ցուցանիշը՝ այնուամենայնիվ դրանց ծավալները ենթարկվել են արտաքին և ներքին գործոնների ազդեցությունների։ Դրանց շարքում հատկանշական տեղ ունեն ներմուծվող ապրանքների գների փոփոխությունները, հիփոթեքային վարկով պայմանավորված եկամտային հարկի վերադարձի գումարները, ԱԱՀ-ի վերադարձված գումարները, պետության կողմից իրականացվող վարչարարական գործունեությունը։


* Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների ձևավորման գործընթացի ուսումնասիրության աղբյուր են հանդիսացել ՀՀ ՖՆ 2022թ․-ի և 2018թ․-ի  պետական բյուջեի կատարման հաշվետվությունները։