Կրիպտոարժույթի շուկայի ճգնաժամը
10 ր. | 2019-01-29Ինչ կտա կրիպտոմայնինգը Հայաստանին
Թվային տեխնոլոգիանների սրընթաց զարգացմանը զուգահեռ լայն տարածում է գտել կրիպտոարժույթների օգտագործումը։ Հայաստանը կրիպտոշուկայում ինտեգրվելու քայլեր է անում, որոնց զուգահեռ, սակայն, այդ շուկայում ընթանում են բացասական զարգացումներ. գործարար շրջանակներն անհանգստանում են, որ կրիպտոարժույթի շուկայում արդեն իսկ ձևավորվել է «ֆինանսական փուչիկ», որը վաղ, թե ուշ պայթելու է։
Ինչ է կրիպտոարժույթը.
Կ րիպտոարժույթը թվային և վիրտուալ արժույթ է, որի ստեղծումն ու ղեկավարումը հենվում է կրիպտոգրաֆիական մեթոդների՝ փողի կոդավորման վրա։ Այն միայն էլեկտրոնային է, ինչը նշանակում է, որ կրիպտոարժույթ ձեռք բերելով, անձը ստանում է թվային կոդ, որը որոշակի պայմանական արժեք/փոխարժեք ունի ֆինանսական և ապրանքային շուկայում։ Կրիպտոարժույթի առանձնահատկություններն են՝ անանունությունը, ապակենտրոնացումը և ապահովությունը։ Կրիպտոարժույթի շրջանառությունը տեղի է ունենում անհատապես (P2P)՝ առանց երրորդ անձի միջամտության։ Անկախ իրենց սոցիալական և ֆինանսական դիրքից մասնակիցները գործարքների հարցում ունեն հավասար հնարավորություններ։ Այս վիրտուալ փողի հիմքում ընկած է տվյալների բազայի ապակենտրոնացումը՝ BlockChain-ը, ինչը նշանակում է, որ կրիպտոարժույթի թվային կոդերը տեղակայված են աշխարհի տարբեր կետերում գտնվող համակարգչային բազաներում՝ մայնինգային ֆերմաններում: Տեսականորեն նման ֆերմա կարող է հիմնել յուրաքանչյուր ոք, ով բավարար միջոցներ և ռեսուրսներ ունի:
BlockChain բառն արդեն ցույց է տալիս վերջինիս գործառույթը. «Block»՝ բաժին, «chain»՝ շղթա, այսինքն՝ բաժիների շղթա, որոնց միջև խստորեն պահպանվում է հերթականությունը։ Բաժինն ընդգրկում է համակարգում իրականցվող գործարքների, պայմանագրերի տվյալները, որոնք ներկայացված են կրիպտոգրաֆիկական տեսքով։ Բոլոր բաժիները դասավորված են շղթայաձև և կապված են։ Նոր բաժնի ստեղծման համար անհրաժեշտ է հաշվի առնել նախկին բաժիններում առկա տեղեկատվությունը։ Նախապես BlockChain-ն ստեղծվել է BitCoin-ի հիման վրա (կրիպտոարժույթի ծննդյան պաշտոնական տարեթիվը համարվում է 2009-ը, երբ սկսեց գործել BitCoin ցանցը)։
Կրիպտոարժույթների «հայրը» Սատոշա Նակամոտոն է, որի անհատական տվյալները հայտնի չեն։ Կրիպտոարժույթ տերմինն առաջին անգամ օգտագործվել է 2011թ. Bitcoin-ի մասին Forbes-ի հոդվածում։ Կրիպտոարժույթի ստեղծման նպատակը դեռևս հայտնի չէ, սակայն որոշ մասնագետներ վերջինիս ստեղծման խթան են համարել բարձր ապահովությամբ անանուն փոխանցումների անհրաժեշտությունը։ Համակարգի յուրհատկություններից է այն, որ Նակամոտոն, տեղաբաշխելով BitCoin-ը, թողարկման առավելագույն սահման է հաստատել՝ 21մլն BitCoin։
Կրիպտոարժույթի ձեռքբերման ամենատարածված ձևը մայնինգն է։ Մայնինգը չի կարելի համեմատել սովորական փողի տպագրման հետ, քանի որ կան որոշ առաձնահատկություններ, և ամենակարևորը՝ մայնինգով կարող է զբաղվել ցանկացած անձ։ Մայնինգն առաջացել է անգլերեն mine (հանքարդյունահանում) բառից։ Մայնինգը ցանցի աշխատանքի ապահովման գործընթացն է, որի միջոցով բլոկչեյնում բացվում կամ փակվում է բաժինը՝ օգտագործելով համակարգչի աշխատանքը։ Այլ խոսքով, մայնինգը կրիպտոարժույթի ձեռքբերումն է հատուկ սարքերի հզորության օգտագործման միջոցով։ Կրիպտորաժույթ ձեռք բերողները կոչվում են մայներներ։
Կրիպտոարժույթը տարբերվում է պետական պաշտոնական արժույթից, որը կարող է ունենալ նաև էլեկտրոնային տեսք՝ ֆիատային արժույթ։ «Արժույթ» բառի օգտագործման դեպքում յուրաքանչյուրի մտքում պատկերվում են թղթադրամներ։ Ֆիատը ստանդարտ և վերահսկվող արժույթն է, օրինակ՝ եվրո և դոլար։
Կրիպտոարժույթը տարբերվում է ֆիատային արժույթից.
-
Ֆիատային արժույթն ու կրիպտոարժույթն ունեն էլեկտրոնային տեսք, սակայն, ի տարբերություն ֆիատայինի, որը կարելի է կանխիկանցնել, կրիպտորաժույթն այդպիսի հնարավորություն չունի։
-
Կրիպտոարժույթները չեն թողարկվում որևէ երկրի Կենտրոնական բանկի կողմից և կապված չեն որևէ երկրի տնտեսության հետ։ Ոչ ոք չի վերահսկում և չի սահմանափակում կրիպտորաժույթի թողարկումը, որի կուրսը ձևավորվում է շուկայական մեխանիզմով։
-
Կրիպտոարժույթի միջոցով փոխանցումներն անանուն են։
-
Կրիպտոարժույթով գործարքներն ուղղակի են, չկան միջնորդներ, փոխանցումներն իրականցվում են անմիջապես մասնակիցների միջև։
Կրիպտոարժույթի շուկա. ձևավորվող ֆինանսական փուչիկ
Շ ատ տնտեսագետներ ու գործարարներ քննարկում են կրիպտոշուկայում «Կրիպտոարժութային փուչիկ»-ի առաջացման ռիսկերը: Ընդհանրապես՝ «Ֆինանսական փուչիկ» տնտեսությունում ձևավորվում է այն ժամանակ, երբ որևէ ակտիվի նկատմամբ պահանջարկի մեծացման արդյունքում ակտիվի շուկայական գինը բարձրանում է՝ էականորեն գերազանցելով վերջինիս իրական արժեքը։ «Փուչիկի» առաջացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կրիպտոարժույթներն իրենց մեջ չեն ներառում որևէ արժեք, էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներ են և սպեկուլյատիվ բնույթ ունեն։
Կրիպտոարժույթի արժեքը. Արժեքը հարաբերական հասկացություն է։ Ոսկին արժեքավոր է, քանի որ այն հազվադեպ հանդիպող, դժվար ձեռք բերվող և երկարակյաց մետաղ է։ Թղթե փողն, ըստ էության, նույնպես արժեք չէ, բայց այն փաստը, որ թողարկվում է պետության կողմից, հասարակության տեսանկյունից ապահով է թվում։
Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Շիլլերն ընդգծել է, որ, ի տարբերություն ոսկու և այլ ակտիվների, BitCoin-ի արժեքը ձևավորվում է հասարակության հետաքրքրության արդյունքում: Այլ խոսքով, կրիպտոարժույթն ակտիվ է, որը չի թողարկվում որևէ երկրի կողմից, այն որևէ թանկարժեք մետաղով ապահովված չէ և վերջինիս արժեքը ձևավորվում է շուկայական մեխանիզմով՝ հենվելով առաջարկի և պահանջարկի վրա։
Ծախսվող էլեկտրաէներգիա. Կրիպտորաժույթների մայնինգը պահանջում է էլեկտրաէներգիայի մեծ ծավալ։ Ըստ ԱՄՀ ղեկավար Քրիստիան Լագարդի՝ մայնինգային ֆերմաներն չափազանց շատ էլեկտրաէներգիա են ծախսում, ինչը, հաշվի առնելով մասշտաբները, կարող է բացասական հետևանք ունենալ շրջակա միջավայրի վրա։
Bitcoin Energy Consumption Index-ը ցույց է տալիս BitCoin-ի արտադրման համար ծախսվող էլեկտրաէներգիայի տարեկան միջին ծավալը՝ արտահայտված ՏՎտ/ժ-ով (1ՏՎտ/ժ=1*106ՄՎտ/ժ)։ Այս ցուցանիշի համաձայն՝ վերջին մեկ տարում էականորեն մեծացել է BitCoin-ի մայնինգի արդյունքում ծախսված էլեկտրաէներգիայի ծավալը։ Մասնավորապես՝ 2018թ.-ի հուլիսի վերջից մինչև նոյեմբերի կեսն այն հասել է իր գագաթնակետին, որից հետո նվազել է՝ 2019թ. հունվարին կազմելով տարեկան 47 ՏՎտ/ժ։
Բիթքոյնի էներգետիկ սպառման ինքդեքսը
BitCoin-ի մայնինգը պահանջում է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան մի շարք երկրներում արտադրվում և սպառվում է։ Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների՝ այդպիսի երկրների շարքում են Պերուն, Հոնգկոնգը և Իրաքը, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը Սինգապուրում, Պորտուգալիայում և Ուզբեկիստանում շատ մոտ է մայնինգի համար օգտագործված էլեկտրաէներգիայի ծավալին։ Չեխիայի Հանրապետություն օգտագործվող էլեկտրաէներգիայի մոտ 63%-ը, ծախսվում է BitCoin-ի մայնինգի համար, ինչի հետևանքով Չեխիայում ՓՄՁ-ների մեծ մասը խթանում է կրիպտոարժույթով վճարումները, և ավելի քան 80 կազմակերպություններում օգտագործվում է BitCoin-ը։
Էլեկտրաէներգիայի սպառման մեջ մայնինգի բաժինը մեծ է նաև Նիդեռլանդներում (32%), Ավստրալիայում (18%), Իտալիայում (14%), Մեծ Բրիտանիայում (13%), Ֆրանսիայում (9%) և այլն։
BitCoin-ի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծավալը զգալի կարող է լինել նաև Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, որտեղ էլեկտրաէներգիայի 1/3-ն ապահովում են հէկ-երը։ 2018-ին Հայաստանում արտադրվել է 7.8 Տվտ/ժ էլեկտրաէներգիա, այն ժամանակ, երբ BitCoin-ի մայնինգի համար աշխարհում ծախսվել է գրեթե 6 անգամ ավելի էլեկտրաէներգիա։ Այսինքն, մայնինգային ֆերմայի ստեղծման դեպքում այս պահին Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի զգալի մասը կարող է ուղղվեն մայնիգային ֆերմայի սպասարկմանը: BitCoin-ով կատարվող մեկ գործարքը պահանջում է 2690 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քանի VISA-ի մեկ գործարքը: 1000 հատ VISA գործարքը պահանջում է 151 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, այն դեպքում, երբ մեկ BitCoin գործարքը՝ 429 ԿՎտ/ժ։
Չնայած էլեկտրաէներգիայի մեծ ծախսին՝ կրիպտոարժույթով կատարվող գործարքներն ավելի գրավիչ են, քանի որ անանուն են և կրիպտոշուկայի վրա ԿԲ-ի վերահսկողությունը բացակայում է։ Այս ամենի արդյունքում կրիպտոարժույթը հեշտությամբ կարող է ստվերային տնտեսությունում շրջանառվող գումարների և զանազան ապօրինի ճանապարհներով վաստակած միջոցների օրինականացման գործիք դառնալ:
Կրիպտոշուկայի հետազոտությամբ զբաղվող CipherTrace խումբը, ուսումնասիրելով փողերի լվացման դեմ պայքարի թույլ օրենսդրություն ունեցող երկրների կրիպտոարժույթների 20 բորսաներում կատարված 45 մլն փոխանցումները, պարզել է, որ 200-2018թթ. իրականացվել է փողի լվացման 2.5 մլրդ դոլարին համարժեք BitCoin-ի գործարք։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ կասկածելի անձանց կողմից BitCoin-ի միջոցով կատարված փոխանցումները 36 անգամ ավելի շատ են դեպի այն երկրներ, որտեղ թույլ են կամ բացակայում են փողերի լվացման մասին օրենսդրական կարգավորումները։ Ըստ զեկույցի՝ 2018-ի երեք եռամսյակներում հաքերները «գողացել են» 927 մլն դոլարին համարժեք BitCoin։ CiperTrace-ը փոխանցումները համարում է քրեական, եթե այն կապված է սև շուկայի կայքերի, խաբեբայությամբ փողերի շորթման, փողերի լվացման, փրկագնման և ֆինանսական ահաբեկչության հետ։
Սպեկուլյատիվ բնույթ. Խոշոր ներդրող Սորոսը նշել է, որ Bitcoin-ը չի կարող համարվել արժույթ, քանի որ արժույթ է համարվում խնայողությունների կուտակման կայուն միջոցը, և նրա կուրսը չի կարող օրական 25%-ով փոփոխվել: Ըստ Սորոսի՝ կրիպտոարժույթները սպեկուլյատիվ բնույթ ունեն: Իսկ Ռոբերտ Շիլլերը նշել է, որ BitCoin-ը ենթակա է «համընդհանուր փլուզման» և կրիպտոարժույթների շուրջ տեղի ունեցող վիճակը հիշեցնում է «հոլլանդական հիվանդության», երբ տնտեսության ռեսուրսների հիմնական մասն ուղղվում է տնտեսության մեկ հատվածի:
Այսօր իսկ արդեն կրիպտոշուկայում առկա է ոչ բացահայտ «ֆինանսական փուչիկ», որի մասին են վկայում կրիպտո շուկայում տեղի ունեցող փոփոխությունները.
Ֆինանսական փուչիկի ձևավորումն սկսել է 2010թ., երբ BitCoin-ի սկզբնական արժեքը 0,1 ԱՄՆ դոլար էր: 2010թ.-ից սկսած շուկայում աշխուժություն է նկատվում, երբ բորսաներից մեկը թույլ է տալիս BitCoin-ը փոխանակել իրական փողի հետ: Այնուհետև այս արժույթը գրավեց անօրինական առևտրով զբաղվողների ուշադրությունը: Պահանջարկի ավելացման շնորհիվ 2013-ի նոյեմբերին BitCoin-ի գինը հասավ մոտ 1100 ԱՄՆ դոլարի, երբ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլարի գործարքներ արվեցին։ Չնայած 2015թ. BitCoin-ի կուրսը ընկավ մինչև 200 ԱՄՆ դոլար, սակայն հետագայում վերականգնվեց՝ գերազանցելով նախկին մակարդակը. 2017թ. դեկտեմբերի կեսերին այն գերազանցել է 2013թ. նոյեմբերի կուրսը մոտ 20 անգամ։
Կրիպտոշուկայում ձևավորված փուչիկի պայթունի մեկնարկը կարելի է համարել 2018թ.: 2017-ի դեկտեմբերին կուրսը հասավ 20000 ԱՄՆ դոլարի, սակայն 2018թ.-ին սկսեց շարունակաբար նվազել. դեկտեմբերի սկզբին BitCoin-ն արժեր 3750 ԱՄՆ դոլար, իսկ 2019թ.-ի հունվարի կեսերին՝ 3600 ԱՄՆ դոլար:
BitCoin-ի փոխարժեքն ըստ ամսիների 2010-2019թթ., ԱՄՆ դոլար
2018թ. նոյեմբերին կրիպտոշուկայում փոխարժեքի անկման պատճառով Չինաստանի մայնինգային ընկերությունների շահույթն ընկավ, ինչը հանգեցրեց մի շարք մայնինգային ընկերությունների գործունեության դադարեցմանը։ Ընկերությունների աշխատանքի դադարեցումը կարելի է բացատրել էլեկտրաէներգիայի ծախսով, որը հնարավոր չի եղել ծածկել մայնինգից ստացած շահույթով։ Շվեյցարիայում BitCoin-ի արտադրությամբ զբաղվող երկու մայներներ նույն պատճառով դադարեցնում են գործունեությունը։
Շուկայի կախվածությունը BitCoin-ից. BitCoin-ի ազդեցությունն այլ կրիպտոարժույթի վրա պայմանավորված է կրիպտոշուկայում վերջինիս մեծ բաժնով։ Համաձայն investing.com-ի 08.12.2018թ.-ի տվյալների՝ գոյություն ունի ավելի քան 2500 տեսակի կրիպտոարժույթ։ Շուկայի կապիտալիզացիան 2019թ. հունվարի կեսին 121 մլրդ 417 մլն ԱՄՆ դոլար էր, իսկ Volume ինդիկատորը, որը ցույց է տալիս որոշակի ժամանակահատվածում՝ մեկ օրում կատարված գործարքների ծավալը, կազմել է 16 մլրդ 461 մլն ԱՄՆ դոլար։ 2500 տեսակի կրիպտոարժույթների մեջ կապիտալիզացիայի 52 տոկոսը և գործարքների 32 տոկոսը պատկանում է Bitcoin-ին։ Գլխավոր կրիպտոարժույթի՝ BitCoin-ի կուրսի անկումն իր ազդեցությունն է ունենում ամբողջ շուկայի վրա:
Կրիպտոշուկայի կապիտալիզացիայի մեջ կրիպտոարժույթների տեսակների մասնաբաժինը 2019թ. սկզբին, %
«Ֆինանսական փուչիկի» մասին վկայում է նաև գործարքների ծավալը. 2010թ.-ից BitCoin-ով կատարված գործարքները, փոխարժեքի բարձրացմանը զուգահեռ, սկսել են աճել, և 2018թ.-ի սեպտեմբերին հասել 154 մլն ԱՄՆ դոլարի, երբ փոխարժեքը 6630 ԱՄՆ դոլար էր, ինչը 30 անգամ գերազանցել է ամենաբարձր փոխարժեքի պահին կատարված գործարքների ծավալին։ Փոխարժեքի անկումը ներդրողների շրջանում սպասումներ էր առաջացրել, որ այն կվերակագնվի, ինչը կբազմապատկի եկամուտը, սակայն 2018-ի վերջին երեք ամիսներին փոխարժեքը շարունակեց ընկնել. «ձևավորված փուչիկի» պայթյունը շարունակվում է։
BitCoin-ով կատարված գործարքների ծավալն ըստ ամիսների 2010-2018թթ., մլն ԱՄՆ դոլար
Կրիպտոարժույթը Հայաստանում
2 018թ. մայիսի սկզբին ՀՀ Կենտրոնական բանկը նախազգուշացնում է կրիպտոարժույթի հնարավոր ռիսկերի մասին, նշելով, որ «կրիպտոարժույթները» զուրկ են ապահովվածությունից եւ խիստ անկայուն են, դրանց կիրառությամբ սխեմաների մեծ մասում գոյություն չունեն իրավաբանորեն պատասխանատու սուբյեկտներ, և «կրիպտոարժույթներով» գործարքները հաճախ կարող են մաս կազմել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման սխեմաների, քանի որ հնարավորություն են տալիս կատարել անանուն և անդրսահմանային գործարքներ, որոնց վերադարձը հնարավոր չէ ապահովել:
Վերջերս Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը նաև տեղեկացրեց, որ ՀՀ օրենքներով ԿԲ-ին վերապահված չէ մայնինգային ընկերություններին լիցենզիաների տրամադրումը։ ԿԲ-ն նաև «հորդորել է հասարակությանը և ֆինանսական կառույցներին զերծ մնալ «կրիպտոակտիվների» միջոցով կատարվող փոխանցումներից, ներդրումներից, առքուվաճառքից և այլ գործարքներից»։
Եվ այսպես, կրիպտոշուկայում դրսևորվող բացասական միտումները փաստում են, որ Հայաստանի քայլերը դեպի կրիպտոշուկա որոշ ռիսկեր են պարունակում: