Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների կարգավորումը և Չինաստանի միջնորդությունը

18 ր.   |  2023-06-19

Մ երձավոր Արևելքում իրադարձությունները շատ արագ են զարգանում: Տարածաշրջանային գրեթե բոլոր հակամարտություններում և հիմնախնդիրներում Սաուդյան Արաբիան և Իրանը դիրքավորվել են հակադիր ճամբարներում: Նրանց հարաբերությունների մրցակցային բնույթը շարունակվել է տասնամյակներ՝ իր ուրույն դերն ունենալով տարածաշրջանի աշխարհաքաղաքական և անվտանգային քարտեզի վրա: Իսկ ուկրաինական ճգնաժամի հետևանքով աշխարհակարգի փոփոխության գործընթացն իր ուղղակի ազդեցությունն ունեցավ նաև Մերձաավոր Արևելքի վրա՝ փոխելով տարածաշրջանային խաղացողների փոխհարաբերությունների բանաձևերը։ 

2023թ․ մարտի 10-ին Պեկինում հինգ օր տևած բանակցություններից հետո Իրանը, Սուդյան Արաբիան և Չինաստանը եռակողմ հայտարարություն ստորագրեցին, ըստ որի՝ Թեհրանն ու Ռիադը համաձայնեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերսկսել դեսպանատների գործունեությունը: Եռակողմ հայտարարությունը ստորագրեցին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի (նախկին) քարտուղար Ալի Շամխանին, Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մուսաադ բին Մուհամմադ Ալ Աիբանը և Չինաստանի պետական խորհրդի անդամ Վանգ Ին: Հարաբերությունները խզելուց 7 տարի անց երկու մերձավորարևելյան տերությունները պայմանավորվեցին լուծել տարաձայնությունները՝ հիմնվելով մի շարք միջազգային օրենքների և իրանա-սաուդական երկկողմ համաձայնագրերի՝ 2001թ․ ստորագրված անվտանգության համագործակցության և 1998թ․ ստորագրված առևտրի, ներդրումների, տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներում համագործակցության համաձայնագրերի հիման վրա։ Հայտարարությունում նաև ընդգծվել է, որ կողմերը հաստատել են երկու երկրների ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու պատրաստակամությունը։


Սաուդյան Արաբիայի, Չինաստանի և Իրանի ԱԽ քարտուղարներ

Սաուդյան Արաբիա-Իրան լարվածության պատճառները

Թ եհրանի և Ռիադի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2016 թ. սկզբին: Լարվածության առիթը Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և Մաշհադում գործող սաուդական հյուպատոսության վրա իրանցի ցուցարարների հարձակումներն էին: Դրանք կազմակերպվել էին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը մահապատժի էր ենթարկել թագավորության հիմնականում շիաբնակ Արևելյան նահանգում մեծ հեղինակություն վայելող «Շիա հոգևորական շեյխ Նիմր ալ-Նիմր»և նրա 46 կողմնակիցներին՝ կառավարությանը քննադատելու համար: Իրանը դատապարտել էր շիա հոգևորականի մահապատիժը, որից հետո Ռիադում Իրանի դեսպանը կանչվել էր ԱԳՆ՝ շեյխի մահապատժի վերաբերյալ Իրանի թշնամական հայտարարությունների պատճառով։ 

Իրանում տեղի ունեցած հակասաուդական ակցիաներին ի պատասխան՝ Սաուդյան Արաբիան խզեց հարաբերություններն Իրանի հետ՝ նրան մեղադրելով թագավորության ներքին գործերին միջամտելու մեջ:


Շիա հոգևորական շեյխ Նիմր ալ-Նիմիր

Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիա-Իրան հակասություններն ու մշտական մրցակցությունը խորքային պատճառներ ունեն՝ հիմնված պատմաքաղաքական և կրոնագաղափարական հիմքերի վրա:

Գրեթե մեկ տասնամյակ ձգվող լարվածության մեկնարկային սկզբնակետ կարելի է համարել «արաբական գարնան» գործընթացները, երբ դեռևս 2011 թ. բնակչության սուննիական մեծամասնություն ունեցող Սաուդյան Արաբիան շիայական մեծամասնությամբ Իրանին մեղադրում էր դարձյալ շիա մեծամասնություն ունեցող Բահրեյնում արքայական ընտանիքի դեմ ցույցեր հրահրելու մեջ: Սաուդյան Արաբիան անգամ զինված ուժեր էր ուղարկել Բահրեյն՝ ցույցերը դադարեցնելու համար:

Ռիադ-Թեհրան մրցակցությունն ավելի սրվեց սիրիական հակամարտության շրջանակներում: Իրանը ռազմական և ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս Բաշար ալ-Ասադի վարչակարգին, մինչդեռ Սաուդյան Արաբիան՝ ընդդիմադիր խմբավորումներին՝ ավելի ուշ միանալով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված կոալիցիային:

Հաջորդն արդեն Եմենի ճգնաժամն էր: Այստեղ ևս Սաուդյան Արաբիան և Իրանը հակադիր ճամբարներում էին, ինչպես վերոնշյալ դեպքերում: Սաուդյան Արաբիան աջակցում էր Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը, իսկ Իրանը զինում էր հութիների «Անսար Ալլահ» խմբավորմանը:

Երկկողմ լարվածությանը նպաստած միջադեպերից կարելի է հիշեցնել նաև 2015 թ. ամենամյա Հաջի (իսլամում կարևոր իրադարձություն՝ ուխտագնացություն Մեքքա) ժամանակ Մեքքայում տեղի ունեցած հրմշտոցը: Իրանն անմիջապես մեղադրեց Սաուդյան Արաբիային՝ մուսուլմանների համար ամենակարևոր իրադարձությունը սխալ կառավարելու մեջ: Հրմշտոցի հետևանքով զոհվել էր մոտ 2000 ուխտավոր, որոնցից ավելի քան 400-ը իրանցիներ էին:

Ինչպես արդեն նշվեց, Մեքքայի իրադարձություններից հետո Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեց շիա Նիմր ալ-Նիմրը՝ կառավարությանը քննադատելու համար: Իսկ միջադեպին հետևած ցույցերի և հարձակումների պատճառով Սաուդյան Արաբիան խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:

Նույն թվականին Իրանը դադարեցրեց սեփական քաղաքացիների մասնակցությունը Հաջին, իսկ Սաուդյան Արաբիան պարսկերեն լեզվով հեռուստատեսային կայան էր բացել, որը լուսաբանում էր ուխտագնացությունը: Ռիադը հայտնել էր, որ 24-ժամյա արբանյակային ալիքը լուսաբանելու է Հաջի ծեսերը և աղոթքները Մեքքայից: Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին քննադատել էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին այն բանի համար, թե ինչպես են նրանք վարում Հաջը, և առաջարկել էր մուսուլմանական երկրներին մտածել ուխտագնացության նկատմամբ Ռիադի վերահսկողության դադարեցման մասին:


Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի

Այսքանով երկկողմ հակասությունների շրջանակը չի սահմանափակվում: Ընդամենը մեկ տարի անց՝ 2017 թ. հունիսին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Եգիպտոսը նախաձեռնեցին Կատարի շրջափակման քաղաքականությունը՝ Դոհային մեղադրելով Թեհրանի հետ չափազանց սերտ հարաբերություններ պահպանելու և ահաբեկչությանն աջակցելու մեջ: Լարվածությունը թուլացավ միայն 2021 թ. հունվարին:

Այնուհետև 2017 թ. նոյեմբերին Սաուդյան Արաբիան Ռիադի միջազգային օդանավակայանի վրա արձակված բալիստիկ հրթիռ էր խոցել: Սաուդական կողմը պնդում էր, որ հրթիռն արձակել է Իրանը՝ Եմենի հութի ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքից:

Երկկողմ հակասությունների և թյուրըմբռնումների շարքը շարունակելով՝ հարկ է հիշեցնել նաև Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականի թեման: Վերջինս հրաժարական էր տվել Սաուդյան Արաբիայում գտնվելու ժամանակ՝ պատճառաբանելով, որ «Հիզբալլահի» միջոցով Իրանն ազդեցություն ունի Լիբանան վրա:

Արդեն 2018թ. Դ. Թրամփի վարչակազմի կառավարման շրջանում Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Թագավորության թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանն այս համատեքստում զգուշացրել էր, որ եթե Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի, ապա Սաուդյան Արաբիան ևս կհետևի նրա օրինակին որքան հնարավոր է շուտ:

Մեկ տարի անց 2019 թ. Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրեց թագավորության նկատմամբ իրականացված մի շարք հարձակումների մեջ: Հարձակումները թիրախավորել էին երկրի նավթարդյունաբերական օբյեկտները՝ ժամանակավորապես կրճատելով թագավորության նավթի արդյունահանումը: Պաշտոնական Թեհրանը հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները: Փոխարենը պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի ապստամբ հութիները:

Իրադարձությունների շարքը լրացնում է 2020 թ. Բաղդադում ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ ԱՄՆ-ի կողմից արձակված ԱԹՍ-ի միջոցով: Թագավորությունը հայտարարել էր, որ Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները նախորդ «ահաբեկչական գործողությունների» արդյունք են, և որ Սաուդյան Արաբիան նախազգուշացրել է դրանց հետևանքների մասին:

Երկկողմ հարաբերությունները վերականգնելու ջանքերը

Ս աուդյան Արաբիան և Իրանն առաջին շփումները սկսեցին 2021 թ., երբ Իրաքի և Օմանի միջնորդությամբ փորձ արեցին կարգավորել հարաբերությունները։ Երկու տարածաշրջանային տերությունների միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությունը սկսվեց 2021թ․ ապրիլին՝ Իրաքի նախկին վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմիի հաշտեցման նախաձեռնությամբ։ Երկու տարվա ընթացքում Բաղդադում տեղի է ունեցել բանակցությունների 5 փուլ, որի ընթացքում բանակցային պատվիրակությունները գլխավորել են Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի այդ ժամանակի քարտուղար Ալի Շամխանին և Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մուսաադ բին Մոհամմադ ալ Աիբանը։ 

Չնայած 5-րդ փուլից հետո հայտարավել էր 6-րդ փուլի անցկացման մասին, այնուամենայնիվ, բանակցությունները դադարեցին Իրանում հակակառավարական ցույցերի բռնկման պատճառով. իրանական կողմը մեղադրում էր արտաքին ուժերին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային երկրում անկարգություններ հրահրելու մեջ։ Ինչպես նաև բանակցային գործընթացի դադարեցումը պայմանավորված էր Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմիին՝ այդ պաշտոնում Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիի փոխարինմամբ։ Վարչապետ Սուդանին նվազ հետաքրքրություն էր ցուցաբերել Իրաքի միջնորդական դերակատարումը շարունակելու հարցում, քան իր նախորդը։ 

Երկու մրցակից և թշնամական կեցվածք որդեգրած տերությունների՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկամյա բանակցությունները՝ Իրաքի և Օմանի միջնորդությամբ, չհանգեցրին կոնկրետ արդյունքի և վերջնական համաձայնության։ Խնդիրը հանգուցալուծում ստացավ 2023թ․ մարտին Պեկինում՝ մեկ շաբաթից քիչ ավել տևած բանակցությունների արդյունքում։

Պեկինում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո երեք ամսվա ընթացքում Իրանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում նկատվում էր գործնական քայլեր անելու պատրաստակամություն, ինչը հատկապես ակնառու էր երկու երկրների տարբեր պաշտոնատար անձանց պարբերական շփումների, հանդիպումների և հեռախոսազրույցների տեսքով։ Վերջին երեք ամիսներին մի քանի հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարների միջև, ինչպես նաև 2023թ․ ապրիլի 6-ին կողմերը հանդիպել են Պեկինում (1,2,3,4,5)։ Շփումների ընթացքում ԱԳ նախարարները հատուկ ուշադրությամբ ընդգծել են Թեհրանում և Ռիադում դեսպանատների ու հյուպատոսությունների հնարավորինս արագ վերաբացման հարցը։ Իրանցի պաշտոնյաներից ոմանք էլ հայտարարում էին, որ Սաուդյան Արաբիան ու Իրանը ջանքեր են գործադրում, որ երկու երկրների դիվանագիտական ներակայացուցչությունները վերաբացվեն նախքան հաջի մեկնարկը։ Երկու կողմերից հնչող հայտարարություններում առանձնակի շեշտվում և կարևորվում է երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունը։ Այս առումով Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի տնօրենների խորհրդի անդամ Քեյվան Քաշֆին նշել է, որ շուտով Իրանի պալատի ջանքերով կգործարկվի նաև Իրան-Սաուդյան Արաբիա համատեղ առևտրի պալատը։ Արդյունքում՝ երեք ամսում երկու կողմերի ձեռնարկած գործուն քայլերը պսակվեցին հաջողությամբ, և 2023 թվականին հունիսի 6-ին Ռիադում պաշտոնապես վերաբացվեց Իրանի դեսպանատունը, իսկ հունիսի 7-ին՝ Ջիդդայում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։


Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպումը Պեկինում՝  չինացի պաշտոնակցի միջնորդությամբ

Չինաստանի դերը սաուդա-իրանական կարգավորման գործընթացում

Պ եկին-Ռիադ-Թեհրան եռակողմ գործարքում շահող դերակատար է դիտարկվում Չինաստանը: Հասկանալի է, որ չինական միջնորդությունը ավելի մեծ հեղինակություն և վստահություն կբերի Պեկինին՝ որպես համաշխարհային պատասխանատու խաղացողի, որը կարողանում է նման եռացող տարածաշրջանում բարդագույն հակամարտություն հանգուցալուծել: Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ այս տարածաշրջանը առավելապես ԱՄՆ-ի շահերի գոտի է համարվել: Իսկ Չինաստանի նման ներգրավումը էներգակիրներով և լոգիստիկ հնարավորություններով կարևորվող այս տարածաշրջանի առանցքային գործընթացներին, վստահաբար ենթադրում է էական քաղաքական և տնտեսական կապիտալ։ 

Կարծիք կա նաև այն մասին, որ Չինաստանն այլևս Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մրցակցային ալընտրանքն է: Մյուս կողմից, չինական գործոնի մասին խոսելիս՝ պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանային խաղացողների միջև կան բազմաթիվ փոխադարձաբար պարտավորեցնող կամ սահմանափակող իրողություններ, որոնք անմիջապես հաղթահարելն անհնար է: Խոսքը Սաուդյան Արաբիայի կախվածությունն է Միացյալ Նահանգներից ռազմական մակարդակում: Սպառազինության ոլորտում թագավորության ներկրումների հիմնական ուղղությունն ԱՄՆ-ն է: Միևնույն ժամանակ Չինաստանը Սաուդյան Արաբիայից օրական 2 մլն բարել նավթ է ներկրում և ապագայում ծրագրում է ավելացնել այդ ծավալը: Ի հակադրություն այս հանգամանքին, Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայից օրական գնում է ընդամենը 300.000 բարել նավթ: Ուստի, եթե Վաշինգտոնը կարող է իրեն թույլ տալ նվազեցնել իր կախվածությունը Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի նավթից, ապա Չինաստանը չի կարող: 

Ինչ վերաբերում է Իրանից հում նավթի ներկրմանը, ապա Չինաստանը վերջին երկու տարիներին օրական միջինը 1 մլն բարել նավթ է գնում Իրանից։ Տարբեր վիճակագրության համաձայն՝ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2022թ․ նոյեմբերին, երբ Իրանից հում նավթի արտահանումը Չինաստան կազմել է օրական 1,23 մլն բարել։ Իրան-Չինաստան նավթային համագործակցության մեջ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Իրանի հում նավթի հիմնական և ամենամեծ սպառողը Չինաստանն է, որի բաժինը կազմում է 30%, մինչդեռ Իրանը ապահովում է Չինաստանի նավթային կարիքների ընդամենը 7%-ը։ Ելնելով վիճակագրությունից՝ պարզ է դառնում, որ Իրանը նավթային ոլորտում զգալի կախվածություն ունի Չինաստանից, ուստի անհրաժեշտության դեպքում ենթարկվելու է Չինաստանի պահանջներին, որպեսզի պահպանի և էլ ավելի զարգացնի երկկողմ առևտրային հարաբերությունները։

Բացի այդ, Չինաստանը Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի այլ երկրների առաջատար տնտեսական գործընկերն է: Սա էլ իր հերթին ենթադրում է, որ տարածաշրջանային հակամարտություններն էական ազդեցություն են ունենում նաև Չինաստանի վրա՝ մեծամասամբ բացասական առումով: Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքում Չինաստանի գերխնդիրը սեփական տնտեսական շահերի առաջմղումն է՝ առանց առավելություն տալով գործընկերներից որևէ մեկին: Պեկինի նպատակն այս երկու երկրների նավթային խոշոր գնորդը լինելն է։ Ըստ այդմ, էներգակիրների մատակարարման կայունության ապահովումը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև այս երկրի միջնորդության գլխավոր նպատակներից մեկն է։

ԱՄՆ-ն իր հերթին այլևս չի կարող անտեսել Չինաստանի դերը Ծոցի անվտանգային համակարգում: Եթե նախկինում Պեկինը մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում մերձավորարևելյան քաղաքական գործընթացների նկատմամբ, այժմ շատերն արդեն Պեկինն անվանում են ԱՄՆ-ի հնարավոր հակակշիռ Մերձավոր Արևելքում։ Չինաստանը դարձել է տարածաշրջանում ամենաշատ ներդրումներ անող երկիրը և, ըստ էության, ունակ է արդյունավետ միջնորդական դերակատարում ստանձնելու տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման գործընթացներում։

Իրանական արձագանքները Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերականգման գործընթացին

Չ ինաստանի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո Իրանի պետական լրատվական գործակալությունները, վկայակոչելով Պեկինում ստորագրված համատեղ հայտարարությունը, նշում էին, որ բանակցությունների արդյունքում Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները առաջիկա երկու ամսվա ընթացքում և վերաբացել դեսպանատները։ Երկկողմ հարաբերությունները վերականգնելու պայմանավորվածության մասին հայտարարությունից հետո իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ողջունեցին ձեռք բերված համաձայնությունը, մասնավորապես, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր․ «Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը մեծ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի և իսլամական աշխարհի համար»։

Իրանական վերլուծական դաշտում փորձագետներից ոմանք կարծում են, որ գործարքը կարող է պոտենցիալ հեռահար արդյունքներ ունենալ Իրանի և Սաուդյան Արաբիայի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում առկա գործընթացների զարգացման վրա։ 

Մասնավորապես, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Եմենի պատերազմի ելքին։ Իրանցի փորձագետների կարծիքով՝ Եմենի պատերազմում «Անսար Ալլահի» հաջողությունները, որը կարողացել է բազմաթիվ պարտություններ պարտադրել Էր Ռիադին ռազմական և քաղաքական ասպարեզում, ստիպում է սաուդցիներին իրենց ձախողումները կոծկելու և Եմենից արժանապատվորեն դուրս գալու համար տարբեր լուծումներ փնտրել, ինչն իրենք՝ սաուդցիները բազմիցս ակնարկել են, որ այդ լուծումը կարելի է փնտրել Իրանի հետ մերձեցմամբ։ Սաուդյան Արաբիան կարող է ակնկալել, որ Իրանը կկանգնեցնի հութիների անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումները թագավորության վրա։

Որոշ վերլուծաբաններ լավատեսորեն են վերաբերվում Եմենի հակամարտության կարգավորմանը՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման լույսի ներքո, սակայն պետք չէ ակնկալել, որ Եմենում երկու հակամարտող տերությունների հարաբերությունների կարգավորումն արագորեն կազդարարի հակամարտության ավարտը, քանզի գոյություն ունեն այլ գործոններ ևս։ Իրանական փորձագիտական դաշտում վստահ են, որ Թեհրանը միայնակ չի կարող ստիպել հութիներին վարվել այնպես, որ նվազեցնի սաուդյան կողմի անվտանգության մտահոգությունները․ «Հարաբերությունների կարգավորումը կարող է օգնել Ռիադին շահավետ դուրս գալ Եմենի պատերազմից, սակայն պետք է նկատի ունենալ, որ հութիները նույնպես հետևում են սեփական օրակարգին»։ 

Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել լիբանանյան և սիրիական զարգացումներին։ Փորձագետների կարծիքով՝ Լիբանանի ներքաղաքական իրադարձությունների և վերջին ընտրությունների արդյունքում՝ Սաուդյան Արաբիայի կողմնակիցների դիրքերի թուլացմամբ, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է տարածաշրջանային հարաբերությունների վերանայում։ 

Իրանցի վերլուծաբանները դժվարանում են եզրակացնել, թե ինչ ազդեցություն կունենա իրանա-սաուդյան հարաբերությունների կարգավորումը Լիբանանի ներքաղաքական գործընթացների վրա։ Այնուամենայնիվ, կարծում են, որ Մերձավոր Արևելքի երկու խոշոր մրցակից երկրների հարաբերությունների կարգավորումը հեռանկարային և դրական փոփոխությունների լավատեսություն է տալիս Լիբանանում։ 

Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավումը հետևանքներ կունենա նաև Սիրիայի համար. սիրիական ճգնաժամի ընթացքում երկու մրցակիցներն աջակցել են հակառակորդ խմբավորումների։ Իրանցի վերլուծաբանների կարծիքով՝ Սիրիայում ընդդիմադիր և ահաբեկչական ուժերի դիրքերի տապալումից հետո շատ երկրներ, հատկապես Սաուդյան Արաբիան, վերջին ամիսներին ակնհայտ քաղաքական շրջադարձ են կատարել դեպի Սիրիա և ցանկանում են վերականգնել հարաբերությունները Դամասկոսի հետ։

Դեռ ավելի վաղ փորձագետները մատնանշել են, որ վերջին շրջանում նկատելի է դարձել որոշ արաբական երկրների կողմից Սիրիան արաբական աշխարհ վերադարձնելու գործընթացը, և ըստ էության, Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Ռիադը Դամասկոսի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամություն կցուցաբերի։ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը ողջունելի իրադարձություն է Սիրիայի իշխանությունների համար, քանի որ Սաուդյան Արաբիան եղել է Բաշար ալ-Ասադի վարչակարգի գլխավոր հակառակորդներից մեկը։ 

Իրանական փորձագիտական դաշտում գտնում են, որ երկկողմ հարաբերությունների վերականգման համաձայնությունը կարող է ազդեցություն ունենալ Արևմուտքի կողմից պատժամիջոցների միջոցով Իրանի տնտեսության մեկուսացման վրա։ Փորձագետներից ոմանք այն կարծիքին են, որ Իրանին հաջողվում է նվազեցնել տարածաշրջանային մեկուսացումը՝ լուրջ փոփոխություն չենթարկելով իր արտաքին քաղաքականության հիմնադրույթները, և ըստ ամենայնի, սաուդական կողմի հետ պայմանավորվածությունը կբարդացնի Իրանին մեկուսացնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը։ 

Իրանական վերլուծական դաշտում կարծում են, որ հարաբերությունների կարգավորումը կարող է  բարելավել նաև երկու երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունները, և ըստ այդմ,  Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև որոշ քաղաքական բանակցություններից հետո, առավել անհրաժեշտ է թվում նախապատրաստական աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև համատեղ առևտրի վերականգնման ուղղությամբ։ Իրանցի փորձագետները վստահ են, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լավ հարաբերությունները կողմնակի ազդեցություններ կունենան նաև տարածաշրջանի կապուղիների վրա, այսինքն՝ կդյուրինացվի Իրանի և տարածաշրաջանային երկրների, հատկապես արաբական երկրների հետ հաղորդակցությունն ու բեռանփոխադրումները․ «Եթե Ռիադի հարաբերությունները Թեհրանի հետ իսկապես ջերմանան, հետևանքներից մեկը, ամենայն հավանականությամբ, կլինի սաուդական ներդրումներն Իրանում»։ (1,2,3,4,5,6)

Սաուդական արձագանքներն Իրանի հետ հարաբերությունների վերականգման գործընթացին

Ս աուդական փորձագիտական դաշտում քննարկվող գործընթացի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել: Գերակշռող է եղել այն մոտեցումը, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների կարգավորումը նպաստելու է տարածաշրջանում լարվածության թուլացմանը և բխում է տարածաշրջանային բոլոր պետությունների շահերից: 

Մեծամասնություն է կազմել նաև այն համոզմունքը, որ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը Սաուդյան Արաբիայի՝ հակասությունները երկխոսության և խաղաղ միջոցներով լուծելու արտաքին քաղաքականության արդյունքն է: Բացի այդ՝ Սաուդյան Արաբիան իրականացնում է «Տեսլական 2030» հավակնոտ ծրագիրը, որն արդեն իսկ հսկայական ռեսուրսներ է պահանջում: Նպատակահարմար չէ ջանքերն ուղղել Իրանի հետ լարվածությանը: Դեռ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը հայտարարել էր, որ, այնուամենայնիվ, Իրանը թագավորության հարևանն է: «Մենք չենք կարող ազատվել նրանցից, իսկ նրանք չեն կարող ազատվել մեզանից: Այնպես որ, ավելի լավ է երկուսիս համար էլ դա մշակենք և ուղիներ փնտրենք, որոնցով կարող ենք գոյակցել»,- նշել էր թագաժառանգը:  

Այս համատեքստում, ինչպես իրանական փորձագիտական շրջանակներում, առանցքային տեղ է զբաղեցնում Եմենի ճգնաժամը: Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ մերձեցումը սահմանափակելու է Իրանի կողմից Եմենի ապստամբներին տրամադրվող աջակցությունը, քանի որ դա սպառնալիք է հանդիսանում թագավորության համար: Դադարեցնելով զենքի և սպառազինությունների մատակարարումները հութիներին՝ Իրանի լեգիտիմությունը կբարձրանա ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային մակարդակում, քանի որ Թեհրանը ցույց կտա, որ հարգում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կողմից սահմանված հութիներին զենքի տրամադրման էմբարգոն:

Երկկողմ կարգավորման գործընթացը հաջողություն կունենա, եթե Իրանը հրաժարվի ինչպես հեղափոխությունն արտահանելու գաղափարից, այնպես էլ միջուկային զենք ստանալու փորձերից: 

Գերակշռող է այն տեսակետը, որ գործընթացին հաջողություն է խոստանում երկկողմ ներդրումների հնարավորությունը Սաուդյան Արաբիայի և Իրանի տնտեսություններում: Ներդրումների կարիք հատկապես ունի Իրանը, որը տնտեսապես մեկուսացած է: Թեհրանը օտարերկրյա ներդրումների մեծ ներուժ ունի։ Իրանում ամենագրավիչն էներգետիկ ոլորտն է՝ նավթն ու գազը: Իսլամական Հանրապետությունն աշխարհում չորրորդն է հում նավթի ապացուցված պաշարներով և երկրորդը՝ բնական գազի պաշարներով:

Ուշագրավ է նաև, թե սաուդական փորձագիտական շրջանակներում ինչպես է մեկնաբանվում Չինաստանի միջնորդությունը: Բացի այն, որ Չինաստանը լավ հարաբերություններ է պահպանում և՛ Սաուդյան Արաբիայի, և՛ Իրանի հետ, կարևորվել են մի քանի այլ պատճառներ ևս: Որպես օրինակ՝ Պեկինը միջազգային հարաբերությունների և աշխարհակարգի շուրջ միանգամայն այլ ընկալում ունի: Նախ, Չինաստանը վերածվել է տնտեսական գերտերության, նրա ապրանքներն ու ծառայությունները հասնում են աշխարհի տարբեր ծայրեր՝ ըստ այդմ ապահովելով արդյունավետության ու զարգացման նոր մոդել: Այնուհետև, Չինաստանն իր ուսերին այնպիսի «միսիոներական առաքելություններ» չի կրում, ինչպես Միացյալ Նահանգներն է կատարում: Խոսքը «քաղաքակրթությունների բախման» կամ «ժողովրդավարությունն ընդդեմ ավտորիտարիզմի» մասին տեսություններն են: Փոխարենը Չինաստանն առաջարկում է մի մոդել, որը ցանկության դեպքում հնարավոր է ուսումնասիրել և սովորել: Խոսքը Չինաստանի կողմից տնտեսական փափուկ ուժի կիրառման մասին է։ Այն, փաստացի, ավելի արդյունավետ է աշխատել՝ ի հակադրություն ԱՄՆ-ի, որը վերջին 20 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում երեք պատերազմների մեջ է ներքաշվել (Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում՝ ԻՊ-ի դեմ): 

Սաուդական փորձագիտական դաշտը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ Սաուդյան Արաբիայի ռազմավարական շատ կարևոր դաշնակիցներից մեկը: Իսկ մերձեցման գործընթացում Չինաստանի ընտրությունը բացատրում են նրա «անկողմնակալ և գաղութատիրության անցյալ չունենալու» համոզմունքով: Այսինքն հերքվում է այն տեսակետը, թե Պեկինի հետ գործարքի մեջ մտնելով՝ Ռիադը ջանում է իր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ին փոխարինել Չինաստանով: Ավելի շուտ, սա վկայում է Չինաստանի` որպես ռազմավարական խաղացողի վերելքի մասին մի տարածաշրջանում, որը տառապում է ուժային վակուումից: Ի վերջո, այն գաղափարը, որ սաուդցիները պետք է երկխոսեն Իրանի հետ «տարածաշրջանը կիսելու» համար, ծնվել է Վաշինգտոնում, այլ ոչ Ռիադում: Այսօր միակ համաշխարհային խաղացողը, որն ունի լծակներ և ազդեցություն՝ էականորեն փոխելու Իրանի վարքագիծը, Չինաստանն է, ոչ թե ԱՄՆ-ը, քանի որ վերջինը հակամարտության մեջ է Թեհրանի հետ։ Ուստի Չինաստանին՝ որպես միջնորդ ընտրելն էլ կայացել է այն պատճառով, որ վերջինս որոշակի լծակներ ունի Իրանի վրա: Այսինքն այստեղ ԱՄՆ-ին դուրս մղելու խնդիր չի եղել: 

Գործընթացի հետ կապված կորցնող կողմ են համարել Իսրայելին: Վերջինս տարիներ շարունակ քայլեր է ձեռնարկում արաբական աշխարհի՝ այդ թվում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Բացի այդ, Իսրայելը ձգտում է բացառել Իրանին տարածաշրջանային դաշինքներից ու նախաձեռնություններից: 

Սակայն գործընթացի հետ կապված սաուդցի վերլուծաբանների շարքերում կան նաև թերահավատ մոտեցումներ առ այն, որ լուրջ սպասելիքներ հարկավոր չէ ունենալ: Այս ամենի համար մի քանի պատճառներ են նշել: Նախևառաջ Իրանը մշտապես ունեցել է և ունի ծավալապաշտական նկրտումներ: Եթե այն տնտեսական մեկուսացման մեջ չհայտնվեր, ապա մերձեցումը Սաուդյան Արաբիայի հետ տեղի չէր ունենա: Ասվածի վկայությունն է Իրաքում Իրանի մշտական ներկայությունը: Բացի այդ, Իրանը չի հրաժարվելու նաև Եմենից՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը: 

Շատ վերլուծաբաններ չեն գերագնահատել Չինաստանի գործոնը: Եթե ԱՄՆ-ը կարող էր թույլ տալ պատմական արաբա-իսրայելական խաղաղության համաձայնագրերը` սկզբում Եգիպտոսի և Իսրայելի, ապա Հորդանանի և Իսրայելի միջև, ապա այն պատճառով, որ անվտանգության երաշխիքներ են տրամադրվել բանակցող կողմերին: Չինաստանը շահագրգռված չէ նման երաշխիքներ տրամադրել ո՛չ իրանցիներին, ո՛չ սաուդցիներին, քանի որ նրա հիմնական անվտանգային ներդրումները գտնվում են Ասիայում։ Հիմնական ընկալումն այն է, որ տարածաշրջանում անվտանգություն չի տիրելու, քանի դեռ չի լուծվել Իրանի միջուկային ծրագրի խնդիրը: Այս առումով խափանվում է նաև Իսրայելի այն մարտավարությունը, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ կառուցելով՝ ընդահանուր անվտանգային ճակատ կձևավորվի Թեհրանի դեմ: Սա ևս մեկ ապացույց է այն մասին, որ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ընկալումներն Իրանի սպառնալինքերի շուրջ տարբերվում են միմյանցից:

Եզրակացնելով՝ կարող ենք նշել, որ ինչպես և՛ սաուդական, և՛ իրանական փորձագիտական շրջանակներն են պնդում, երկկողմ հարաբերությունների կարգավորումը, նպաստելու է մերձավորաևելյան տարածաշրջանում կառավարելիության և կայունության ապահովմանը, ինչպես նաև նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծելու ոչ միյան երկու երկրների, այլ նաև նրանց հետ սերտ տնտեսական հարաբերություններ կառուցող այլ խաղացողների համար։ Սակայն երկու երկրների միջև բոլոր հակասությունների կարգավորումը տեսանելի ապագայում հնարավոր չէ, քանի որ, ինչպես ցույց ենք տվել հոդվածում, երկկողմ հակասությունները խճճված և բազմաշերտ են: Ուստի մոտ ապագայում գործընթացը երկու կողմի համար էլ կարող է փոխշահավետ լինել տնտեսական առումով:  

Երկկողմ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս, որ Իրանը նախընտել է գործարք կնքել Սաուդյան Արաբիայի հետ՝ նպատակ ունենալով ճեղքել անընդհատ սեղմվող հակաիրանական օղակը և քաջ գիտակցելով, որ եթե թագավորությունը բարելավի հարաբերություններն Իսրայելի հետ, ապա Իրանի մեկուսացումն ավելի է խորանալու: Իսկ Սաուդյան Արաբիան, ձգտելով իրացնել իր լայնամասշտաբ «Տեսլական 2030» մեգածրագիրը, փորձում է հակասությունները հարթել դիվանագիտական ուղիներով և երկխոսության միջոցով: 

Գործընթացի առաջին կողմնակի արդյունքներից կարող ենք համարել Սիրիայի վերադարձն արաբական աշխարհ: Սիրիական հակամարտությունում ևս Սաուդյան Արաբիան և Իրանը հակադիր բևեռներում են գտնվել: Սակայն ներկայում կողմերի շահերը հատվել են:

Մյուս խնդիրներում ևս (Լիբանանում և Եմենում) հնարավոր է առաջընթաց գրանցել, ինչպես հնարավոր եղավ Սիրիայի պարագայում: Բայց և այնպես, կարելի է կանխատեսել, որ համագործակցային հարաբերությունների կառուցումը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև առավելագույնն է, որին կարող են կողմերը հասնել: Այսինքն՝ նման մերձեցումը որոշակի ժամանակահատվածի համար է՝ քանի որ տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ չի փոխվում նրանց հարաբերությունների պատմական մրցակցային բնույթը։  Այս համատեքստում տեղին է մեջբերել Նապոլեոն Բոնապարտի խոսքերն առ այն, որ պայմանագրերը այնքան ժամանակ են ծառայում, քանի դեռ դրանք հետապնդվող շահերի հետ ներդաշնակ են: