Կառուցվածքային փոփոխությունները խոշոր հարկատուների ցանկում

8 ր.   |  2023-06-09

Վ երջին տարիներին 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտները դինամիկ աճ են արձանագրում։ Մասնավորապես, եթե դիտարկում ենք վերջին 6 տարիների դինամիկան, 2023թ.-ի առաջին եռամսյակում 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտների ծավալն աճել է 2.5 անգամ։ Կարևոր է նշել, որ 1000 խոշոր հարկատուների մասնաբաժինն ընդհանուր հարկային եկամուտների ծավալում աճել է՝ կազմելով 82.6%: 2023թ.-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտների ծավալը կազմել է ավելի քան 381 մլրդ 104 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 54 մլրդ դրամով կամ 16.5%-ով։ 

«Գազպրոմ Արմենիան», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ), «Գրանդ Տոբակոն» ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե ամենից շատ գումար փոխանցած առաջին երեք խոշոր ընկերություններն են։ 

Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսության կառուցվածքում հանքարդյունաբերությունն էական դերակատարում է ունեցել, որն իր արտացոլումն է գտել նաև 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Սակայն ներկայում խոշոր հարկատուների ցանկում նկատվել են որոշակի կառուցվածքային փոփոխություններ, որոնք մասամբ պայմանավորված են նաև աշխարհում տեղի ունեցող զարգացումներով: Մասնավորապես՝ հանքարդյունաբերական ոլորտի ընկերություններն իրենց դիրքերն սկսել են զիջել առևտրի ոլորոտում գործունեություն իրականացնող ընկերություններին:

Խոշոր հարկատուների 10-յակ. հանքարդյունաբերական ընկերությունների դերի նվազում

Ը նթացիկ տարվա խոշոր հարկատուների ցանկում գրանցվել են դիրքային փոփոխություններ. հանքարդյունաբերական ընկերություններն իրենց դիրքերը որոշակիորեն զիջել են առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին:

1000 խոշոր հարկատուների ցանկում առկա է որոշակի կենտրոնացվածություն, ինչը վկայում է, որ հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտների շուրջ 25%-ը բաժին է ընկնում խոշոր հարկատուների տասնյակին, իսկ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի կեսից ավելին գոյանում է առաջին 100-յակի միջոցով: Այս փոփոխությունը փաստում է խոշոր հարկատուների միջև կենտրոնացվածության բարձր աստիճանը: 

2015թ.-ից ի վեր 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը դինամիկ աճ է արձանագրել: Բացառությամբ 2018թ.-ի՝ մնացած բոլոր տարիներին դինամիկ աճ է գրանցվել նաև 100 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալում: 100 խոշոր հարկատուների կողմից առավել կտրուկ աճ է գրանցվել հատկապես 2022թ.-ին. նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 31.5%:

Դիտարկվող ժամանակահատվածում խոշոր հարկատուների տասնյակի կողմից պետական բյուջե վճարվել է 90.1 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.3%-ով: 2023թ.-ի հունվար-մարտին 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր հարկատուների տասնյակի կողմից վճարված հարկերի ծավալն աճել է ավելի քան 2 անգամ: 

Տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել հիմնականում արդյունաբերական ոլորտի ընկերությունները, սակայն ընթացիկ տարում ընդգրվել է նաև բանկային ոլորտի մեկ ընկերություն՝ «Ակբա» բանկը, ինչպես նաև առևտրի ոլորտում գործունեություն ծավալող «Փրիթի Ուեյ» ընկերությունը:

Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր հարկատուների տասնյակում հայտնված բոլոր ընկերությունների կողմից՝ բացառությամբ ԶՊՄԿ-ի, վճարված հարկերի ծավալն աճել է: Այս համատեքստում կարևոր է նշել, որ ներկայում ԶՊՄԿ-ում Հայաստանի կառավարությունն ունի 21.875% բաժնեմաս։ 2021թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն 15% բաժնեմաս է ստացել, այնուհետև 2022թ.-ի մարտի 24-ին՝ ևս 6.8%:

Անդրադառնալով խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած կազմակերպությունների կողմից հարկային եկամուտների հավաքագրման վերլուծությանը՝ նշենք, որ ներկայում խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան». 2023թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ բյուջե վճարված հարկերի ծավալն ավելացել է ավելի քան 4%-ով: 2022թ.-ի տվյալներով՝ ընկերությունը գտնվում էր երկրորդ հորիզոնականում: «Գազպրոմ Արմենիան», որպես կանոն, մշտապես ներառված է եղել խոշոր հարկատուների եռյակում: 

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «ԶՊՄԿ»-ն՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի առաջին հորիզոնականի փոխարեն: Նկատենք, որ կոմբինատի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտների ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է, ինչը պայմանավորված է նախկին սեփականատիրոջ կողմից իրականացված խախտումների հետևանքով չվճարված հարկային եկամուտների վերականգնումով, որը տեղի է ունեցել 2022թ.-ի առաջին եռամսյակում: Բացի այդ, 2023թ.-ի առաջին եռամսյակում միջազգային շուկայում նվազել է պղնձի խտանյութի գինը, ինչպես նաև արժևորվել է հայկական դրամը, ինչն ուղղակի ազդեցությունն է ունեցել ընկերության վճարած հարկերի վրա:

Նկատելի է, որ ԶՊՄԿ կողմից վճարված հարկերի ծավալն առավելագույնին է հասել 2022թ.-ին՝ հատկապես երկրորդ եռամսյակում: Նախորդ տարվա համեմատ ընկերության կողմից վճարված հարկերի ծավալն աճել է 2.3 անգամ, որը հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի գների աճով, քանի որ վերջինս հանդիսանում է արտահանող ընկերություն:

Խոշոր հարկատուների 100-յակ. առևտրի ոլորտի ընկերությունների դիրքի բարելավում

Ա րդի պայմաններում Հայաստանում տնտեսության ճյուղերից առավել ակտիվություն ապահովողներից է առևտրի ոլորտը, որը տնտեսական աճին նպաստող հիմնարար գործոններից մեկն է: Վերջին տվյալներից պարզ է դառնում, որ 2023թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում Տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա առավել շատ ազդել է ծառայությունների և առևտրի ոլորտում արձանագրված աճը՝ 22.9% և 21%: Տվյալ ոլորտներում ակտիվությունն սկսել է հատկապես նախորդող տարվա մարտ ամսից՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՀՀ-ում զգալի հոսքերի ավելացումով:

Վերջին 2 տարիների առաջին եռամսյակներում ուսումնասիրելով 100 խոշոր հարկատուների բաշխվածքն ըստ ոլորտների՝ նկատում ենք, որ ընթացիկ տարում ցանկում առավել շատ տեղ են գտել առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունները՝ կազմելով ընդհանուրի 33.2%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24.1%-ի համեմատ: Այս ամենին հակառակ նվազել է արդյունաբերական ճյուղում գործող ընկերությունների տեսակարար կշիռը. 2023թ.-ին խոշոր հարկատուների 100-յակում արդյունաբերության ճյուղի մասնաբաժինը կազմել է 38.1%` նախորդ տարվա 49.3%-ի համեմատ: 

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «Մոբայլ սենթր Արթ»-ը 7-րդ հորիզոնականում է, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում: «Փրիթի Ուեյ» ընկերությունն առաջին անգամ հայտնվել է խոշոր հարկատուների տասնյակում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 118-րդ հորիզոնականի համեմատ: Նշենք, որ ընկերությունը զբաղվում է էլեկտրատեխնիկայի և կենցաղային տեխնիկայի վաճառքով:

2023թ.-ի հունվար-մարտին «Այլ» բաժնում նույնպես նկատելի է զգալի նվազում, որը պայմանավորված է հիմնականում Կառավարության այն որոշմամբ, ըստ որի՝ 2022թ.-ի երկրորդ եռամսյակից ի վեր հարկատուների ցանկից հանվել են ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները: «Պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերն ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք»,- հայտնել է ՊԵԿ-ը՝ հիմնավորելով պետական կառույցների ցանկում չներառվելու անհրաժեշտությունը:

1000 խոշոր հարկատուներ. բանկային համակարգ

Դ եռևս նախորդ տարվա մարտից ի վեր ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված շարունակվում է բանկային ոլորտում գրանցված զգալի ակտիվությունը: Նշվածը նկատելի է նաև 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս. 2023թ.-ի առաջին եռամսյակում հայաստանյան 17 բանկեր ընդգրկվել են խոշոր հարկատուների ցանկում՝ միասին վճարելով ավելի քան 20 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 58%-ով: 

Հատկանշական է, որ «Ակբա» բանկը հայտնվել է խոշոր հարկատուների տասնյակում՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24-րդի համեմատ: Այս համատեքստում կարևոր է նաև նշել, որ 2023թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ առևտրային բանկերը գրանցել են 70 մլրդ դրամի շահույթ, ինչը շուրջ 2 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Դիտարկվող ժամանակահատվածում «Ակբա» բանկի զուտ շահույթի մակարդակը կազմել է 4.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը գերազանցելով 62.8%-ով:

Հայաստանում գործող 18 բանկերից ամենամեծ շահույթի մակարդակն արձանագրել է «Արդշին» բանկը. նախորդ տարվա համեմատ բանկի կողմից ստացված շահույթի մակարդակն աճել է 3.6 անգամ՝ կազմելով 16.7 մլրդ դրամ:

Տվյալ ժամանակահատվածում բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն «Ֆասթ» և «Արմ Սվիս» բանկերի դեպքում զուտ շահույթի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է: 18 բանկերից միայն «Արցախ» բանկն է, որ ընթացիկ տարում չի ներառվել խոշոր հարկատուների ցանկում: Նկատենք, որ «Ֆասթ»-ը նախորդ տարվա դեկտեմբերի 14-ից ի վեր վարկային կազմակերպությունից դարձել է բանկ:

Ամերիաբանկը՝ շուրջ 2 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2022թ.-ի նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 1.6 մլրդ դրամ): Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 27.7%-ով: Հարկատուների ցուցակում բանկը 22-րդն է: Նրան հաջորդում են Հայէկոնոմբանկը՝ 1.78 մլրդ դրամ (27-րդ տեղ, աճ՝ 126.8%), Արդշինբանկը՝ 1.52 մլրդ  դրամ հարկերի ծավալով (37-րդ տեղ, աճ՝ 55%):

Ընդհանուր առմամբ, նկատելի է, որ ընթացիկ տարվա դիտարկվող ժամանակահատվածում զգալիորեն ավելացել են բանկերի կողմից պետական բյուջե հավաքագրվող հարկերի ծավալը: Բանկային ոլորտում ակտիվության մասին փաստում է նաև դեռևս 2022թ.-ի փետրվարից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ավանդային ներդրումների զգալի աճը հայաստանյան բանկերում, մասնավորապես՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 70.4%-ով: 

Վերջերս ԿԲ-ն ևս փաստել է, որ բանկային համակարգը 2022թ.-ին մուտք է գործել կապիտալի համարժեքության բարձր մակարդակով, ինչն ավելի է ամրապնդվել տարվա ընթացքում:

Կարևոր է նաև արձանագրել, որ նախորդ տարի 1000 խոշոր հարկատուների ցանկը եզրափակում էին այնպիսի կազմակերպություններ, որոնք վճարել են նվազագույնը 50 մլն ՀՀ դրամ հարկային եկամուտ, մինչդեռ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ցուցակը եզրափակվում էր ավելի քան 75 մլն ՀՀ դրամ վճարված հարկերով: Ասվածից կարելի է ենթադրել, որ խոշոր ընկերություններն էլ ավելի են մեծացրել վճարված հարկերի ծավալը, որի արդյունքում ցուցակից դուրս են եկել առավել փոքր ընկերությունները: Այս ամենին զուգահեռ, ՊԵԿ ներկայացուցիչները նշել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 350 նոր ընկերության անուն հայտնվել է ցանկում: 

Հարկ է նշել, որ դեռևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակում ՊԵԿ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է «Մեթա պլատֆորմ» ընկերությունը՝ 2023թ.-ի հունվար-մարտին զբաղեցնելով 287-րդ հորիզոնականը՝ 2022թ.-ի հունվար-դեկտեմբերի 803-րդի համեմատ:  

Ընկերության ցանկում հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռևս 2021թ.-ի օգոստոսին ՀՀ կառավարությունը փոփոխություններ է իրականացրել Հարկային օրենսգրքում, ըստ որոնց՝ որոշվել է հարկել Facebook, Google, Booking, Netflix և այլ էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները։ 

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրելով 1000 խոշոր հարկատուների ցանկը նկատում ենք, որ հանքարդյունաբերական ընկերությունները որոշակիորեն զիջել են իրենց դիրքերն առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին: Այս հանգամանքը փաստում է այն մասին, որ Հայաստանը ևս անմասն մնալ չի կարող աշխարհաքաղաքական իրադարձություններից: