Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում

6 ր.   |  2023-05-30

Ինչո՞ւ է ՌԴ վարկանիշը անկում ապրում

Հ Հ անկախացումից և Արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո հայ հասարակության կողմից Ռուսաստանն ընկալվում էր որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, տնտեսական ու քաղաքական գլխավոր գործընկեր, հասարակության առավել լայն շրջանակների կողմից՝ գործնականում միակ հնարավոր դաշնակից։ Վերջին տասնամյակում, սակայն, այդ պատկերը կտրուկ փոխվել է։ Զգալիորեն նվազել է Ռուսաստանին որպես գործընկեր ընկալումը։ Զուգահեռ աճել են մտահոգությունները Ռուսաստանից եկող սպառնալիքների վերաբերյալ։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հետազոտությունների համաձայն 2013-2021թթ․ Հայաստանում Ռուսաստանին որպես ամենաբարեկամական երկիր ընկալողների տոկոսը նվազել է ավելի քան 2 անգամ՝ 2013թ․ 83 տոկոսից իջնելով մինչև 35 տոկոս 2021թ․։

Հատկանշական է, որ չնայած կտրուկ անկմանը ՌԴ-ն պահպանում էր առաջատարի դիրքերը մինչև 2021թ․ հարցումը, սակայն վերջին տվյալներով զիջել է այդ դիրքը Ֆրանսիային, որին ամենաբարեկամական երկիր էին համարել հարցվածների 36 տոկոսը։

Նման իրավիճակ է նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի 2018-2023թթ․ հարցումներում։ Ռուսաստանը հանրային ընկալումներում զիջել է դիրքերը որպես քաղաքական գործընկեր (78-ից 50 տոկոս)։ Զգալիորեն ավելացել է ՌԴ-ն որպես տնտեսական (11-ից 24 տոկոս) և քաղաքական (15-ից 28 տոկոս) սպառնալիք դիտարկողների մասնաբաժինը։





 

*ՄՀԻ 2021թ հարցման ընթացքում ընդունվել է 2 պատասխան, 2018 և 2023թթ՝ 2-ից ավելի։

Վերջին տարիներին Ռուսաստանի վարկանիշի անկման պատճառները բազմաթիվ են և կրում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթ։ Օբյեկտիվներից հիմնականը պաշտոնական Մոսկվայի՝ Արցախի հակամարտությունում կողմերից հավասարահեռության քաղաքականությունն է և դրանից բխող ածանցյալ խնդիրները՝ զենքի վաճառք Ադրբեջանին, ադրբեջանական սադրանքներին հասցեական քննադատության և 2020թ․ պատերազմի ընթացքում հստակ դաշնակցային դիրքորոշման բացակայություն և այլն։ Սուբյեկտիվ պատճառներն ավելի բազմազան են և հուզական։

Ա յս իրավիճակում հետաքրքրական է ոչ այնքան ՌԴ վարկանիշի նվազումը, որքան դրա հաշվին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի վարկանիշերի աճը։ Այսպիսի «փոխատեղման» պատճառների վերաբերյալ պարզունակ պատկերացումը, որը գերակշռում է ռուսական և հայկական որոշ շրջանակներում այն է, որ դեռևս 2018թ․ իշխանափոխությունից առաջ ՀՀ-ում գործող արևմտյան ՀԿ-ների կողմից սկսվել էր հակառուսական քարոզչություն՝ իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Իրականում այս պնդումը չի արտահայտում ողջ պատկերը։

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում, ինչպես և մի շարք այլ հետխորհրդային երկրներում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առաջացել էր ռեսուրսների խիստ պակաս։ Հայաստանում իրավիճակն ավելի բարդ էր՝ պայմանավորված Արցախյան պատերազմով և սուղ ռեսուրսներն այդ կողմ ուղղելու անհրաժեշտությամբ։ Այդ պայմաններում հասարակական կյանքի ոլորտներում առկա ֆինանսական և այլ ռեսուրսների բացը փորձեցին լրացնել արտասահմանյան, նախևառաջ՝ արևմտյան հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները։ Զարգացման տարատեսակ ծրագրերին զուգահեռ նրանք իրականացնում էին նաև արևմտյան արժեքների գրավչության քարոզ, սակայն չի կարելի պնդել, որ այդ ՀԿ-ների գործունեությունն ուղղված էր բացառապես արտաքին վեկտոր փոխելուն և ՌԴ դիրքերը Հայաստանում թուլացնելուն։ 

Հայաստանյան հանրային դիսկուրսը հակված չէր ոչ միայն հրաժարվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, այլև առհասարակ այլ դաշնակիցներ փնտրել։ Բացի այդ, հայ հասարակությունը որոշակի դիմադրողականություն ուներ արևմտյան փափուկ ուժի նկատմամբ, քանի որ, ի տարբերություն մյուս հետխորհրդային երկրների, դեռևս խորհրդային տարիներին շփում ուներ Արևմուտքի հայ գաղթօջախների հետ, և պայմանական «արևմտյան արժեքները» սկզբունքորեն նոր բան չէին հայկական իրականությունում։ 

Արևմտյան կազմակերպությունները տարիներ շարունակ աշխատում էին այս պայմաններում։ Ընդ որում, թյուր տպավորությունից խուսափելու համար հարկ է նշել, որ այդ կազմակերպությունների ծրագրերը և ֆինանսական աջակցությունը փաստացի քայքայված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում տնտեսության որոշ ոլորտների զարգացման կարևոր խթան են հանդիսացել։ Օրինակ՝ Բաց հասարակության հիմնադրամն իր 25-ամյա (1998-2022թթ․) գործունեության ընթացքում իրականացրել է ընդհանուր 36,4 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիր։ Դրանց զգալի մասը՝ 10 միլիոն ԱՄՆ դոլար, իրականացվել է քաղաքացիական հասարակությանն աջակցման ուղղությամբ, սակայն մեծ աջակցություն են ստացել նաև լրատվամիջոցները՝ 5,6 միլիոն, կրթական և առողջապահական ոլորտները՝ 3,5-ական միլիոն, արվեստն ու մշակույթը՝ 1,9 և այլն։ Ընդ որում, բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերում մեծ բաժին է ունեցել աջակցությունը բիզնեսին, ինչը զգալիորեն նպաստել է զուգահեռ առաջ մղվող գաղափարների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը։

ԱՄՆ և ԵՄ պաշտոնական մակարդակով տրամադրվող ֆինանսավորումն էլ ավելի լայն է, թիրախային ու արդյունավետ։ 2004թ․ ի վեր ԱՄՆ-ից տարբեր գործակալությունների միջոցով ստացվել է ավելի քան 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Դրանց զգալի մասը տրամադրվել է կառավարման, ենթակառուցվածքների, էներգետիկայի, բիզնեսի ոլորտներին։ ԵՄ-ի կողմից 2014թ․ սկսած վարկերի և դրամաշնորհների տեսքով ավելի քան 1 միլիարդ եվրո է ներդրվել էներգետիկայի, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում։ 2009թ․ ի վեր ներդրված միջոցները հանգեցրել են առնվազն 3200 նոր աշխատատեղերի ստեղծման, ազդեցություն են ունեցել 25 հազար փոքր և միջին ձեռնարկությունների վրա։ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ոլորտներից կարելի է առանձնացնել նաև գիտությունը, արվեստը, բժշկությունը, կրթությունը և այլն։ 

Անկախ նրանից, թե ինչ ծրագրի շրջանակներում է եղել աջակցությունը, ինչպես նաև անկախ դրա չափից և բնույթից, արևմտյան բոլոր ծրագրերի իրականացմանը զուգահեռ իրականացվել է նաև լայն տեղեկատվական արշավ, որն էլ հանգեցրել է հանրության շրջանում դրական վերաբերմունքի ձևավորմանը։

Ինչ վերաբերում է արևմտյան կազմակերպությունների հակառուսական գործունեությանը, ապա այդ ուղղությամբ անուղղակի աշխատանք կատարվել է։ Սակայն Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

Հայաստանում ռուսաստանյան կամ «ռուսամետ» հասարակական կազմակերպությունների ազդեցությունը մեծ չէ ոչ միայն ֆինանսական հոսքերի սակավության պատճառով։ Խնդիրների թվում են կազմակերպվածության ցածր մակարդակը, ընդհանուր մոտեցման, հաղորդակցության և միասնական ռազմավարության բացակայությունը։ Պակաս խնդրահարույց չէ նաև քննարկվող թեմաների սահմանափակությունը․ ռուսաստանյան կողմնորոշման կազմակերպությունները շեշտը դնում են ընդհանուր պատմության առանձին դրվագների վրա՝ անտեսելով ինչպես լայն հանրության ներկայիս պահանջները, այնպես էլ ապագային միտված հնարավորությունները։ Իրական արժեք ներկայացնող սակավաթիվ ծրագրերն էլ լայնորեն չեն լուսաբանվում և գովազդվում, այնինչ «փափուկ ուժի» արդյունավետ կիրառումը ենթադրում է համապատասխան տեղեկատվական ուղեկցություն։ Բոլոր այս խնդիրները բխում են Ռուսաստանում «փափուկ ուժ» հասկացության վերաբերյալ յուրօրինակ պատկերացումից և կիրառման համեմատաբար ոչ մեծ փորձից։ 

Վ երջին շրջանում ռուսաստանցի գործընկերների մոտ նկատվում է իրավիճակը շտկելու միտում․ կատարվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ Հայաստանի հանրության ցանկությունների, սպասելիքների և կարիքների վերաբերյալ։ Այդուհանդերձ, դրանք անհրաժեշտ ծավալի և խորության չեն, որպեսզի հնարավոր լինի խոսել իրավիճակի մոտալուտ փոփոխության մասին, այլ ավելի շատ կրում են ճանաչողական բնույթ։

Ռուսաստանյան փափուկ ուժի համար անբարենպաստ մթնոլորտ է ստեղծում նաև ռուսաստանյան մամուլը։ Վերջին տասը տարիների ընթացքում՝ սկսած 2013թ․ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստարագրումից, ռուսաստանյան ԶԼՄ-ները պարբերաբար մեղադրում են Հայաստանին արտաքին վեկտորը դեպի Արևմուտք ուղղելու փորձերի համար։ Չստորագրված Ասոցացման համաձայնագրից հետո դրա առիթը «Էլեկտրիկ Երևանն» էր, ապա՝ Ապրիլյան պատերազմից հետո, Ադրբեջանին զենք վաճառելու դեմ բողոքները, 2017թ․ ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, 2018թ․ «Թավշյա հեղափոխությունը» և այլն։ 

Մի կողմից հասկանալի է, որ ունենալով Վրաստանի և Ուկրաինայի տխուր փորձը ռուսաստանյան մեդիադաշտը ցավագին է արձագանքում ցանկացած դրվագի, որը կարող է իր մեջ վտանգներ պարունակել ՌԴ ազդեցության համար։ Մյուս կողմից, սակայն, պետք է հաշվի առնել, որ նման արձագանքները առնվազն չնպաստեցին Ուկրաինան և Վրաստանը ՌԴ ուղեծրում պահելուն։ Բացի այդ՝ ռուսաստանյան ԶԼՄ-ների, փորձագետների և ՏԳ ալիքների անհավասարակշիռ, իսկ երբեմն նույնիսկ վիրավորական դիրքորոշումներն է՛լ ավելի են հեռացնում Հայաստանի հանրությանը Ռուսաստանից։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը Հայաստանում առայժմ տիրապետում է բավականաչափ ռեսուրսների, այդ թվում ռազմավարական նշանակության օբյեկտների, որոնք հմուտ օգտագործելու դեպքում հնարավոր կլինի հանրային ընկալումները կրկին շրջել իր օգտին։ Անվտանգային ավելի հստակ ու վճռական քաղաքականությունը, սոցիալական ծրագրերի իրականացումը, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության սերտացումը, հայկական մշակույթի, պատմության և ավանդույթների նկատմամբ հարգանքի դրսևորումը կարող են դառնալ այս ուղղությամբ առաջին քայլերը։