Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը
10 ր. | 2023-04-14Մոսկվան՝ նոր մարտահրավերների առաջ
Ռ ուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2023թ․ մարտի 31-ին հաստատել է ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը։ Այն ռազմավարական պլանավորման փաստաթուղթ է, որն արտացոլում է Ռուսաստանի ազգային շահերը, ռազմավարական նպատակները, խնդիրներն ու արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Փաստաթուղթը նկարագրում է նաև աշխարհում ներկա իրավիճակը Ռուսաստանի տեսանկյունից, առկա միտումները և այն մարտահրավերները, որոնց բախվում է Մոսկվան արտաքին քաղաքականության մեջ։ Հայեցակարգում ամրագրվում է Ռուսաստանի քաղաքականությունը՝ ըստ տարածաշրջանների, որոնցում, իհարկե, առաջնայինը հարաբերություններն են մերձավոր արտասահմանի երկրների հետ, այլ կերպ ասած՝ հետխորհրդային տարածքը։ Փաստաթղթի կարևորությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այն նկարագրում է միջազգային հարաբերություններում Ռուսաստանի դիրքավորումը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում։
ՌԴ արտաքին քաղաքականության նախորդ հայեցակարգը ընդունվել էր 2016թ․ նոյեմբերի 30-ին, իսկ դրանից առաջ՝ 2008թ․ հուլիսի 15-ին։ Ի տարբերություն նախորդ տարիների հայեցակարգերի՝ նոր հայեցակարգում առաջին անգամ Ռուսաստանը նշված է որպես «ինքնաբավ քաղաքակրթություն-պետություն» և «Ռուսական աշխարհի կենտրոն»։ Նման ձևակերպումը կոչված է ամրապնդելու Ռուսաստանի դերը որպես այլընտրանք այլ քաղաքակրթությունների և ընդգծելու տարանջատումը արևմտյան քաղաքակրթությունից։ Փաստաթղթում ամրագրված է նաև, որ Մոսկվայի վերաբերմունքը այլ պետությունների և միջպետական միավորումների նկատմամբ որոշվում է ՌԴ նկատմամբ նրանց քաղաքականության «կառուցողական», «չեզոք» կամ «ոչ բարեկամական» բնույթով: Ըստ այդմ, Միացյալ Նահանգները դիտարկվում է որպես «հակառուսական քաղաքականության և երկրի անվտանգության, միջազգային խաղաղության, մարդկության հավասարակշռված և արդար զարգացման համար ռիսկերի գլխավոր աղբյուր»։
Հայեցակարգի երկրորդ մասը, որը հաջորդում է «Ընդհանուր դրույթներին», վերնագրված է «Ժամանակակից աշխարհ․ զարգացման հիմնական միտումները և հեռանկարները»։ Այստեղ կարելի է առանձնացնել հետևյալ առանցքային թեզերը․
- շարունակվում է ավելի արդար, բազմաբևեռ աշխարհի ձևավորումը,
- համաշխարհային զարգացման ոչ հավասարակշռված մոդելը անդառնալիորեն մնում է անցյալում,
- միջազգային հարաբերություններում մեծանում է ուժի գործոնի դերը, ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք տարածաշրջաններում ընդլայնվում է կոնֆլիկտային տարածությունը,
- մեծանում են խոշոր պետությունների, այդ թվում՝ միջուկային տերությունների միջև բախումների ռիսկերը, և դրանց՝ լոկալ, տարածաշրջանային կամ գլոբալ պատերազմի վերաճելու հավանականությունը։
Այս փոփոխությունները հայեցակարգում բնութագրվում են որպես «հեղափոխական», մինչդեռ 2016թ․ հայեցակարգը աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները համարում էր «խորը», իսկ այդ փոփոխությունների հիմնական առանցքը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դերի մեծացում էր և դրան հակառակ՝ Արևմուտքի գերիշխելու հնարավորությունների նվազումը։
Նոր փաստաթղթում թեև «ՌԴ-ն իրեն Արևմուտքի թշնամին չի համարում, չի մեկուսանում, թշնամական մտադրություններ չունի և պատրաստ է երկխոսության և համագործակցության», այնուամենայնիվ, Արևմուտքը, ինչպես նշված է փաստաթղթի տեքստում՝ «ԱՄՆ-ը և նրա արբանյակները», «Ուկրաինայում ռազմական գործողություններն օգտագործել են որպես պատրվակ՝ բազմամյա հակառուսական քաղաքականությունը սրելու և նոր տիպի հիբրիդային պատերազմ սանձազերծելու համար»։ Իսկ 2016թ․ փաստաթղթում Ռուսաստանի համար հիմնական սպառնալիք էր դիտարկվում միջազգային ահաբեկչությունը։ Հատկանշական է, որ նոր փաստաթղթում հստակ ամրագրվում է․ «Ի պատասխան Արևմուտքի ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանը մտադիր է գոյության և ազատ զարգացման իր իրավունքը պաշտպանել առկա բոլոր միջոցներով»։ Նման ձևակերպումը կարող ենթադրել, որ Մոսկվան անհրաժեշտության դեպքում չի բացառում նաև իր միջուկային արսենալի օգտագործումը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը, մեկնաբանելով Արևմուտքի հայտարարությունները զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մասին նշել էր, որ Մոսկվան ևս ունի ոչնչացման տարբեր միջոցներ․ «Մեր երկրի տարածքային ամբողջականությանը սպառնալիքի առկայության դեպքում երկրի և ժողովրդի պաշտպանության համար մենք անպայման կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները»։
Փաստաթղթի երրորդ հատվածում՝ «Արտաքին քաղաքականության ոլորտում ՌԴ ազգային շահերը, ռազմավարական նպատակներն ու հիմնական խնդիրները», արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակների իրագործման համար առանձնացվում են հետևյալ հիմնական գործողությունների կատարումը․
- օտարերկրյա պետությունների հակառուսական գործունեության հակազդեցություն,
- հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորում, դրանց տարածքներում լարվածության և կոնֆլիկտների օջախների առաջացման կանխարգելմանն ու վերացմանը նպաստում,
- ՌԴ-ի դաշնակիցներին և գործընկերներին աջակցության ցուցաբերում ընդհանուր շահերի առաջխաղացման, նրանց անվտանգության և կայուն զարգացման ապահովման գործում՝ անկախ դաշնակիցների և գործընկերների կողմից միջազգային ճանաչում ստանալուց և միջազգային կազմակերպություններին նրանց անդամակցությունից,
- Ռուսաստանի մասնակցությամբ բազմակողմ տարածաշրջանային միավորումների և ինտեգրացիոն կառույցների ներուժի բացահայտում և ամրապնդում։
2 016թ․ և 2008թ․ ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգերի հետ համեմատությունը թույլ է տալիս եզրակացնել, որ եթե նախկինում Ռուսաստանը ավելի շատ էր հակված տարբեր ոլորտներում միջազգային համագործակցությանը, հանդես էր գալիս միջազգային անվտանգության հաստատման, կայունության պահպանման օգտին, ապա նոր փաստաթուղթն ավելի ինքնակենտրոն է և առաջնորդվում է հենց Ռուսաստանի անվտանգության ապահովման, բոլոր ոլորտներում երկրի ներուժի բացահայտման և զարգացման, տնտեսության ամրապնդման և այլ հրամայականներով։
Հայեցակարգի չորրորդ մասում՝ «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները», նշվում է, որ Մոսկվան մտադիր է առաջնահերթ ուշադրություն դարձնել․
- համաշխարհային գործերում ԱՄՆ-ի և այլ ոչ բարեկամական պետությունների գերիշխանության մնացորդների վերացմանը,
- ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ՌԴ ծանրակշիռ մասնակցությամբ այլ միջպետական միավորումների ու միջազգային կազմակերպությունների ամրապնդմանն ու միջազգային դերի բարձրացմանը,
- ՌԴ պետական սահմանի միջազգային իրավական գրանցման գործընթացի ակտիվացմանը,
- դաշնակիցներին և գործընկերներին պաշտպանության և անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելուն, նրանց ներքին գործերին արտաքին միջամտության փորձերը չեզոքացնելուն,
- դաշնակիցների և գործընկերների հետ ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը,
- ՌԴ շահերի տեսանկյունից տարածաշրջանային անվտանգության ապահովման և ճգնաժամերի կարգավորման մեխանիզմների ստեղծմանն ու կատարելագործմանն աջակցելուն,
- խաղաղապահ գործունեության մեջ ՌԴ դերի բարձրացմանը (այդ թվում՝ ՄԱԿ-ի, տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների և հակամարտող կողմերի հետ փոխգործակցության շրջանակներում), ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի խաղաղապահ և հակաճգնաժամային ներուժի ամրապնդմանը,
- Աբխազիայի, Հարավային Օսիայի, ԵԱՏՄ անդամ պետությունների, ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանող ԱՊՀ մասնակից պետությունների, ինչպես նաև ՌԴ նկատմամբ կառուցողական քաղաքականություն վարող զարգացող պետությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը,
- և այլն։
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն օգտագործումը կարող է ուղղված լինել Ռուսաստանի և նրա դաշնակիցների վրա զինված հարձակման հետ մղման և կանխարգելման խնդիրների լուծմանը, ճգնաժամերի կարգավորմանը, խաղաղության պահպանմանը / վերականգնմանը։
Հատկանշական է, որ 2016թ․ հայեցակարգում արտահայտված է Ռուսաստանի շահագրգռվածությունը Ուկրաինայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր կապերի զարգացնելու հարցում։ 2008թ․ փաստաթղթում Ուկրաինան առանձին հիշատակվում է մեկ անգամ․ «Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, մասնավորապես՝ Ուկրաինայի և Վրաստանի դաշինքի անդամ դառնալու ծրագրերին»։ 2023թ․ փաստաթղթում Ուկրաինան առանձին չի հիշատակվում։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա 2016թ․ փաստաթղթում նշված է․ «Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ այն ոլորտներում, որոնցում դրան պատրաստ է վրացական կողմը՝ հաշվի առնելով Անդրկովկասում ստեղծված քաղաքական իրողությունները»։ 2008թ․ հայեցակարգում, բացի ՆԱՏՕ-ի ընդլայնման համատեքստից, Վրաստանին անդրադարձը կատարվում է անուղղակիորեն։ Մասնավորապես, Մոսկվան մտադրություն է հայտնում հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորել, աջակցել հարևան տարածաշրջաններում կոնֆլիկտների նոր օջախների վերացմանը և կանխմանը։ Նոր հայեցակարգում Վրաստանի մասին ևս առանձին հիշատակում չկա։
2016թ․ հայեցակարգում արձանագրվում է, որ Ռուսաստանն ակտիվորեն հանդես է գալիս հետխորհրդային տարածքում հակամարտությունների քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին, այդ թվում՝ «այլ պետությունների հետ փոխգործակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 2009-2013թթ. համատեղ հայտարարություններում շարադրված սկզբունքների հիման վրա»: Հաշվի առնելով 2020թ․ 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները տարածաշրջանում, նաև Ռուսաստանի հատուկ գործողությունը Ուկրաինայում՝ 2023թ․ հայեցակարգում Արցախին անդրադարձը բացակայում է։ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում, ըստ էության, խուսափում է Արցախի հարցով կարմիր գծեր և սկզբունքներ նշելուց։ Հատկանշական է, որ 2008թ․ հայեցակարգում ևս Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը առանձին անդրադարձ չկա:
Կարևոր է դիտարկել նաև Եվրոպայի նկատմամբ Ռուսաստանի մոտեցման փոփոխությունը: 2008թ. հայեցակարգում Եվրոպական ուղղությամբ ՌԴ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը «համատարածաշրջանային հավաքական անվտանգության և համագործակցության իսկապես բաց, ժողովրդավարական համակարգի ստեղծումն էր, որն ապահովում է Եվրաատլանտյան տարածաշրջանի միասնությունը»: Մոսկվան կարևորում էր նաև նախկին բլոկային մոտեցումների վերարտադրությունը թույլ չտալը, հանդես էր գալիս Եվրոպայի միասնության օգտին՝ առանց բաժանարար գծերի: Ռուսաստանը, իրեն համարելով եվրոպական խոշորագույն պետություն, պատրաստակամություն էր հայտնում զարգացնել համագործակցությունը Եվրոպայի հետ:
2016թ. փաստաթղթում արդեն ի հայտ են գալիս հակասությունները Եվրոպայի հետ: Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը շարունակում են աշխարհաքաղաքական էքսպանսիան, որի նպատակը Ռուսաստանին զսպելն է: Չնայած դրան՝ Մոսկվան արձանագրում է, որ ԵՄ-ն մնում է կարևոր առևտրատնտեսական և արտաքին քաղաքական գործընկեր։ «Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է ԵՄ երկրների հետ կառուցողական, կայուն և կանխատեսելի համագործակցության կառուցմամբ՝ իրավահավասարության և շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- նշված է հայեցակարգում:
Եթե նախորդ փաստաթղթերում Եվրոպան դիտարկվում է որպես գործընկեր շատ ոլորտներում և ՌԴ պատրաստակամություն է հայտնում համագործակցելու, ապա 2023թ. հայեցակարգում Եվրոպան դիտարկվում է որպես Եվրասիայի ծայրամաս, ինչը, իհարկե, առաջին հերթին պայմանավորված է Ուկրաինայի հակամարտությունով և Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներով: Փաստաթղթում հանդիպում է «Եվրասիայի եվրոպական մաս» արտահայտությունը, իսկ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից Եվրոպան ընդհանրապես հանված է:
Փաստաթղթի հինգերորդ մասը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության տարածաշրջանային ուղղությունները, ուշագրավ է նրանով, որ այստեղ սահմանվում են Մոսկվայի առաջնահերթությունները՝ ըստ տարածաշրջանների: Դրանք ներկայացված են հետևյալ դասավորությամբ.
- Մերձավոր արտասահման,
- Արկտիկա,
- Եվրասիական մայրցամաք (Չինաստան, Հնդկաստան),
- Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան,
- Իսլամական աշխարհ,
- Աֆրիկա,
- Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան,
- Եվրոպական տարածաշրջան,
- ԱՄՆ և անգլո-սաքսոնական այլ պետություններ,
- Անտարկտիկա:
Ի նչպես նախորդ փաստաթղթերում, այնպես էլ 2023թ. հայեցակարգում Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունը մերձավոր արտասահմանն է։ Ուշագրավ է, որ 2016թ. հայեցակարգում այս տերմինի փոխարեն օգտագործված է «հետխորհրդային տարածք» հասկացությունը, և կարևորվում է հատկապես հետխորհրդային տարածքի անվտանգության ապահովումը և հակամարտությունների կարգավորումը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Թեև «մերձավոր արտասահման» հասկացությունը ընկալվում է հենց որպես հետխորհրդային տարածք, սակայն ժամանակի ընթացքում այն կարող է ընդլայնել իր աշխարհագրական նշանակությունը՝ ներառելով, օրինակ, Իրանը կամ Թուրքիան:
2016թ. փաստաթղթում ԱՊՀ-ին հաջորդում է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունը, իսկ 2023թ. տարբերակում նշվում է, որ ՌԴ-ն առաջնահերթ ուշադրություն է դարձնելու «զինված հակամարտությունների կանխմանը և կարգավորմանը, և մերձավոր արտասահմանում կայունության ապահովմանը, այդ թվում՝ «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման և ՌԴ դաշնակիցների ու գործընկերների ներքին գործերին միջամտելու այլ փորձերի կանխմանը»: Նոր փաստաթղթում ևս Բելառուսը հիշատակվում է միայն Միութենական պետության շրջանակում․ «Ռուսաստանը մտադիր է առաջնահերթ ուշադրություն դարձնել... Միութենական պետության շրջանակում փոխլրացմանը»։ Ինչպես 2016թ․ փաստաթղթում, այդպես էլ նոր հայեցակարգում Հայաստանի հետ համագործակցությունը դիտարկվում է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում։ Ի դեպ, 2016թ. հայեցակարգում ավելի կարևորվում է ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում, իսկ 2023թ. կարևորվում է ՀԱՊԿ-ը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը:
2016թ. հայեցակարգում Մոսկվան նախատեսում էր աջակցել Աբխազիայի և Հարավային Օսիայի կայացմանը «որպես ժամանակակից ժողովրդավարական պետությունների», մինչդեռ նոր փաստաթղթում նշվում է, որ Մոսկվան ուշադրություն կդարձնի «Աբխազիայի և Հարավային Օսիայի համապարփակ աջակցությանը, այդ պետությունների ժողովուրդների կամավոր ընտրության իրականացմանը աջակցելուն՝ ի նպաստ Ռուսաստանի հետ ինտեգրման խորացմանը»: Չնայած շեշտադրումների փոփոխությանը, ինչպես նաև Ուկրաինայում հատուկ գործողությամբ պայմանավորված՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում բարդություններին՝ շարունակում է գործել Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան միջազգային քննարկումների ձևաչափը, որի ցանկալի արդյունքը Մոսկվայի համար Սուխումի և Ցխինվալի նկատմամբ Վրաստանից ուժի չկիրառման երաշխիքներ ստանալն է: Վերջին հեռավար հանդիպումը տեղի է ունեցել 2023թ. մարտի 22-ին, և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը անընդունելի է համարել բանակցային ձևաչափի աշխատանքների ամիսներ տևած դադարը: Միաժամանակ, ինչպես նշվեց, նոր հայեցակարգից դուրս է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Արևմուտքի հետ համագործակցությանը վերաբերող կետերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վերջին համատեղ հայտարարությունն ընդունվել է 2021թ. դեկտեմբերի 7-ին:
Տարածաշրջանային ուղղությունների բաժնում ընդգծվում է հատկապես Ասիայի հետ համագործակցության առաջնահերթությունը՝ «Մեծ Եվրասիայի» գաղափարի շրջանակներում, Չինաստանի և Հնդկաստանի հետ համագործակցելու մտադրությունը, ինչը ենթադրում է, որ Ասիական տարածաշրջանը կարող է դառնալ առանցքային ուղղություն ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, նաև ՀԱՊԿ-ի համար: Կարևոր է նաև Ռուսաստանի նախանշած հարաբերությունները Իսլամական աշխարհի հետ։ Այս ուղղության մեջ ընդգծվում է հատկապես Իրանի, Սիրիայի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի դերը:
Այսպիսով, ի տարբերություն նախորդ տարիների հայեցակարգերի, որտեղ Եվրոպան և ԱՄՆ-ը հաջորդում էին մերձավոր արտասահմանին՝ Արևմուտքն այստեղ առաջնահերթությունը զիջել է այլ տարածաշրջանների։
ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում ի հայտ է եկել «դաշնակից» հասկացությունը, որը չի հանդիպում ո՛չ 2016թ., ոչ էլ 2008թ․ արտաքին քաղաքականության հայեցակարգերում: Փաստաթղթում շեշտադրվում է Ռուսաստանի մտադրությունը՝ պաշտպանելու դաշնակից և գործընկեր երկրներին, նրանց հետ պաշտպանական ոլորտի համագործակցության խորացումը, նրանց հետ հարաբերությունների խորացման խոչընդոտների վերացումը: Այս պնդումը Հայաստանի համար հատկապես կարևոր է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաիմաստավորման տեսանկյունից: ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում դաշնակիցների վերաբերյալ դրույթների գործնական կիրառությունը դրական կանդրադառնա հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների վրա, կամրապնդի Ռուսաստանի դերը որպես Հայաստանի դաշնակցի, ինչպես նաև կնպաստի Հարավային կովկասում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին:
[1] Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգ 2023թ.
[2] Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգ 2016թ.
[3] Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգ 2008թ.
[4] Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2022թ. սեպտեմբերի 21-ի ուղերձը
[5] Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մ.Գալուզինի հանդիպումը Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահների հետ
[6] ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան միջազգային քննարկումների դադարը
[7] ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարությունը