Կայացավ հանդիպում ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ

2 ր.   |  2023-03-10

Վ արչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում մարտի 10-ին կայացավ հանդիպում ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Նորա Արիսյանի հետ։

Բացման խոսքում ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը նախ ցավացկություն հայտնեց Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ կապված։ Այնուհետև անդրադարձ կատարեց Հայաստան-Սիրիա հարաբերություններին` շեշտելով, որ դրանք հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա՝ թե՛ խաղաղ և թե՛ դժվարին ժամանակներում դրսևորված բարեկամության վրա։ Որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր ցուցիչ՝ ընդգծվեց ՀՀ կառավարության կողմից հումանիտար առաքելության գործուղումը, ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանի և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի վերջին այցերը Սիրիա։

Ծառուկյանը ներկայացրեց նաև ՀԿՏԿ և «Օրբելի» վերլուծական կենտրոնի առաջնահերթությունները, այդ թվում՝ միջազգային համագործակցության ուղղությունները՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել նաև սիրիական և սիրիահայ համայնքի վերլուծական շրջանակների հետ։ Դեսպանը խոստացավ միջնորդել երկու երկրների վերլուծական շրջանակների միջև կապերի հաստատման հարցում։

Ն.Գ. տիկին Արիսյանը կարևորեց Հայաստան-Սիրիա բարեկամական հարաբերությունների զարգացումը, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի կողմից առաջիններից մեկը աղետի գոտու բնակավայրերին ցուցաբերված աջակցությունը։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետների մասնակցությամբ քննարկվեցին նաև հայ-սիրիական բազմոլորտ հարաբերություններին, երկկողմ համագործակցությանը, ներսիրիական գործընթացներին, սիրիական հակամարտության ընթացքին, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Կարևորվեց տեղեկատվական, գիտա-վերլուծական դաշտում համագործակցության ապահովումը և հայ ու սիրիացի փորձագետների միջև կայուն համագործակցության հաստատման անհրաժեշտությունը:



Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ առավել հաճախակի դարձնել երկկողմ շփումները: