Էներգետիկա, արդյունաբերություն, թվային օրակարգ

8 ր.   |  2023-02-08
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի քննարկման սեղանին

Էլեկտրաէներգիայի միասնական շուկայի գործարկում, արդյունաբերության միջպետական ծրագրերի և նախագծերի բարելավում, ագրոարդյունաբերական համալիրի զարգացում, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորում, Միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի կատարելագործում, թվային օրակարգի զարգացում. սրանք այն առանցքային նշանակության հարցերն են, որոնք քննարկվել են փետրվարի 2-3-ին տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ, այնուհետև՝ ընդլայնված կազմով նիստերում:

Միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ներկայացրել է նաև ԵԱՏՄ մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացումն ապահովելու առաջարկներ։ Կարևորվել է թվային օրակարգի իրականացումը, ստորագրվել են նաև նիստում ընդունված որոշումների արձանագրությունները:

2023թ.-ի փետրվարի 2-3-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստերը, որոնց մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների բարձրագույն ղեկավար կազմը։ Ստորև ամփոփ ներկայացնում ենք քննարկված 8 հիմնական հարցերը:

Էլեկտրաէներգիայի միասնական շուկայի գործարկում

Ե ԱՏՄ երկրների ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի շրջանակներում էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնները, ինչն էլեկտրաէներգիայի միասնական շուկա գործարկելու համար անհրաժեշտ կանոնների փաթեթի առաջին մասն է։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2025թ.-ի հունվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի կանոններին, միջպետական էլեկտրահաղորդման գծերի թողունակության որոշման ու բաշխման կանոններին և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայում տեղեկատվության փոխանակման կանոններին զուգահեռ։ Այս ակտերի ուժի մեջ մտնելով կսկսի գործարկվել ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկան։

            Կարևորվում է հատկապես ԵԱՏՄ երկրների կողմից գազի միասնական շուկայի ձևավորումը։ Նշենք, որ ԵԱՏՄ գազի միասնական շուկայի ձևավորմամբ նախ և առաջ հետաքրքրված են Հայաստանը, Բելառուսը, և Ղրղզստանը, քանի որ Ռուսատանի Դաշնությունը և Ղազախստանն ինքնաբավ են։

«Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա ստեղծելու գաղափարը ԵԱՏՄ-ի համար հիմնարար գաղափարներից մեկն է։ Մենք ձգտում ենք ապահովել դրա իրականացումը նոր կանոնների առումով, որն առաջին հերթին ազդեցություն կունենա հինգ երկրների էլեկտրաէներգետիկական համալիրների շահագործման էներգետիկ անվտանգության և հուսալիության բարձրացման վրա»,- ասել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։

Արդյունաբերական վերազգային ծրագրերի  ֆինանսավորում և իրականացում

Հ աջորդ հարցը, որը քննարկվել է Կառավարությունների ղեկավարների կողմից արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի ու նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրականացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին է։ Հարկ է նշել, որ այս փաստաթուղթը ԵԱՏՄ շրջանակներում գործում է արդեն 5 տարի՝ 2018թ.-ի փետրվարից, և այժմ դրա անհատական կանոնների ճշգրտման կարիք կա։

Համապատասխան կարգավորող իրավական ակտերի նախագծերը 2022թ.-ին ներկայացվել են արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի, հանձնաժողովի կոլեգիայի և հանձնաժողովի խորհրդի քննարկմանը, որտեղ բոլոր փոփոխությունները հաստատվել են։

Հատկանշական է, որ ԵԱՏՄ երկրներում 2015թ.-ից ի վեր արդյունաբերական արտադրանքի ծավալներն առավելագույնին են հասել 2022թ.-ին (հունվար-նոյեմբեր)՝ կազմելով շուրջ 1 մլրդ 488 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 19%-ով:

ՎԿ տվյալների համաձայն՝ 2022թ.-ին Հայաստանում արդյունաբերության ծավալները կազմել են 2 մլրդ 684 մլն ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 8%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում ամենաբարձր աճն արձանագրվել է մշակող արդյունաբերության ճյուղում՝ 13.5%:

Այս համատեքստում կարևորվում է ԵԱՏՄ երկրների կողմից արդյունաբերության ոլորտում ծրագրերի ու նախագծերի մշակումը և դրանց արդյունավետ իրագործումը, քանի որ վերջինս համարվում է տնտեսության առանցքային ճյուղերից մեկը:

Չնայած ԵԱՏՄ երկրների միջև Միասնական արդյունաբերական քաղաքականության իրավական հիմքերի առկայությանը (2014թ.-ի մայիսի 29-ին ԵԱՏՄ պայմանագրի 24-րդ՝ «Արդյունաբերություն» բաժին, 92-րդ հոդված՝ «Արդյունաբերական քաղաքականություն և համագործակցություն», 27-րդ հավելվածի «Արդյունաբերական համագործակցության մասին արձանագրություն», «Արդյունաբերական սուբսիադիաներ» հավելված), ծրագրերի մշակումն ու իրականացումը շարունակում է լինել սակավաթիվ:

ԵԱՏՄ երկրներում միասնական արդյունաբերական քաղաքականության առանձնահատկություններն առավել մանրամասն ներկայացված են Օրբելի վերլուծական կենտրոնի «Կոոպերացիա՞ թե մրցակցություն» վերնագրով հոդվածում:

«Եվրասիական ագրոէքսպրես»-ի ստեղծում

Ե ԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել համատեղ ինտեգրացիոն նախագծում «Եվրասիական ագրոէքսպրես» փոխադրումները ներառելու վերաբերյալ ԵՏՀ առաջարկին: Նշենք, որ փոխադրումները նախատեսվում են իրականացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով՝ Թուրքմենստանի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Հնդկաստանի ուղղությամբ[1]։

Ընդհանուր առմամբ, 2022թ.-ին Եվրասիական «Աերոէքսպրես»-ի գործունեության ծրագրի շրջանակներում փոխադրվել է 525.5 հազար տոննա, այդ թվում՝ 282.9 հազար տոննա սառնարանային բեռներ։ Ապրանքների տեսականին ներառում է հավի և տավարի միս, կաթի փոշի, յուղ և ճարպեր, մրգեր և բանջարեղեն և հատիկեղեն:

2015թ․-ից ի վեր ԵԱՏՄ երկրներում բեռնափոխադրումների ծավալն առավելագույնին է հասել 2019թ․-ին՝ կազմելով 13 մլրդ 125 մլն տոննա, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1․8%-ով։

«Եվրասիական ագրոէքսպրես»-ին Հայաստանի մասնակցության համատեքստում կարևորվում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ստեղծման ծրագրի արդյունավետ իրագործումը, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի տարանցիկ դերի բարձրացում: Քանի որ փոխադրումներն իրականացվելու են դեպի Իրան, այս դեպքում ևս կարևորվում է ծրագրին ընդգրկվելու նպատակով Հայաստանի շահագրգռվածությունը, վերջինս կարող է հանդիսանալ Իրանին և ԵԱՏՄ երկրներին կապող օղակ:

Փոխադարձ առևտրի ծավալների ընդլայնում

Ա շխարհաքաղաքական կառուցվածքային փոփոխությունների և ֆինանսական համակարգերի զգալի ցնցումների պայմաններում, ԵԱՏՄ երկրների միջև իրականացվող առևտրատնտեսական հարաբերություններում որոշակի դրական միտում է նկատվում. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տվյալներով՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալը 2022թ.-ի 11 ամսում տարեկան կտրվածքով աճել է 12.9%-ով՝ կազմելով 74.6 մլրդ դոլար։

Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022թ.-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4.6 մլրդ դոլար։ Ընդ որում, ներմուծումն, ըստ ապրանքների ծագման երկրների, աճել է ավելի քան 50%-ով։

2022թ.-ին ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալներում Հայաստանի մասնաբաժինը 1.2%-ից հասել է 2.9%-ի։

ԵԱԶԲ վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ 2022թ.-ին փոխադարձ առևտրի ծավալը գնահատվում է 82-84 մլրդ դոլար (տարեկան աճը մոտ 13%), իսկ 2023թ.-ին այն կարող է հասնել 87-95 մլրդ դոլարի։

Մյուս կողմից հատկանշական է նաև այն, որ հակամարտությունից հետո Եվրամիությունը (ԵՄ) Ռուսաստան է արտահանել 36,3 մլրդ եվրոյի ապրանքներ՝ նախորդ տարվա 69.2 մլրդ-ի դիմաց։ Միևնույն ժամանակ, ԱՊՀ երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, ԵՄ-ից ստացել են 20,3 մլրդ եվրո ապրանք՝ նախորդ տարվա 13.7 միլիարդի համեմատ։

Կանխատեսումներ, հեռանկարներ ԵԱՏՄ երկրների համար

Մ իջկառավարական խորհրդի նիստում ԵՏՀ-ն ներկայացրել է նաև ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացումն ապահովելու առաջարկներ։

ԵՏՀ կանխատեսումների համաձայն՝ 2022թ.-ին ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն կնվազի 1.9%-ով, իսկ 2023թ.-ին ռեցեսիայի ռիսկը պահպանվում է։ Միևնույն ժամանակ, աճ է ակնկալվում տնտեսության այնպիսի առանցքային ճյուղերում, ինչպիսիք են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, շինարարությունը և այլն։

Ըստ զեկույցի՝ ԵԱՏՄ երկրներում առկա տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական ներուժի օգտագործումը հնարավորություն է տալիս հասնել ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ի տարեկան աճի 4.5-5.5%-ով՝ աջակցելով անդամ երկրների տնտեսությունների ներքին կայունությանը։

Հարկ է նշել, որ 2022թ.-ի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ երկրներում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը կազմել է 1 տրլն 745 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.2%-ով:

Թվային օրակարգ

Հ ատկանշական է, որ դեռևս 2021թ.-ին Ալմաթիում կայացած համաժողովի շրջանակում ՀՀ կառավարությունն ընդունել է Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը, որը սահմանում է թվային տնտեսության ձևավորման և երկրի նորարարական զարգացման հիմնական ուղղությունները։

Նշենք նաև, որ նախորդ տարվա օգոստոսի 25-26-ին տեղի ունեցած միջկառավարական խորհրդի նիստին ԵՏՀ կոլեգիայի հրամանով հաստատվել է ԵԱՏՄ երկրներում պետական գնումների ամբողջական թվայնացման միջոցառումների ցանկը։ Վերջինս հանդիսանում է Ռազմավարություն 2025-ի շրջանակներում եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը: Ներկայում ԵԱՏՄ երկրներում թվային տնտեսության զարգացումը շարունակում է համարվել առաջնահերթ ուղղություններից մեկը:

Ամփոփելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում քննարկված հարցերն ու ընդունված որոշումները՝ նշենք, որ դրանք ուղղված են ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև անդամ երկրների բնականոն զարգացմանը: Մյուս կողմից այսօր աշխարհաքաղաքական փոփոխություններին զուգընթաց առավել քան կարևորվում է կառույցի կողմից ոչ միայն քննարկումներն ու որոշումների ընդունումը, այլ նաև կարճաժամկետում դրանց ուղղված քայլերի մշակման արդյունավետ իրականացումը: Աշխարհում տեղի ունեցող ներկայիս զարգացումները երկրներին ստիպում են առաջնորդվել սցենարային զարգացումների և դրանց համապատասխան ռիսկերի կառավարման քաղաքականությամբ: Կառույցի ստեղծման պահից ի վեր, ինչպես նաև վերջին զարգացումներով պայմանավորված նկատելի է, որ ԵԱՏՄ վերազգային մակարդակում ընդունված որոշումների իրագործումը դանդաղել է, ուստի ներկայում կարևորվում է գործուն քայլերի իրականացումը: Ընդհանուր առմամբ, նիստում ընդունված բոլոր որոշումների արդյունավետ իրագործման արդյունքում ակնկալվում է ԵԱՏՄ փոխադարձ առևտրային հարաբերությունների, տրանսպորտային կապերի բարելավում, ինչպես նաև անդամ երկրների տնտեսական ներուժի ավելացում:

Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու հունիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:

Ծանոթագրություն։ ԵԱՏՄ-ին լիիրավ անդամակցում են 5 երկրներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Բելառուս և Ղրղզստան: Այս պահի դրությամբ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան։ Եվս 5 պետության՝ Չինաստանի, Իրանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ ստորագրվել են տարբեր խորության առևտրային համաձայնագրեր:

Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ.-ի հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ.-ի հունվարի 2-ին:


[1] «Եվրասիական Ագրոէքսպրես»-ի արագացված կոնտեյներային երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման վերաբերյալ ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ նախագիծն իրագործելու նախաձեռնությունը տեղի է ունեցել 2022թ.-ի փետրվարի 25-ին: