ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի պասիվ դերակատարությունն ու Վրաստանը
12 ր. | 2019-01-21Գրեթե 2 տասնամյակ գոյություն ունեցող ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերն (NATO response forces-NRF) օգտագործվել են ընդամենը 4 անգամ՝ 2004-ին Աթենքում Օլիմպիական խաղերի և Աֆղանստանում նախագահական ընտրությունների, 2005թ. ԱՄՆ-ում Քաթրինա փոթորիկի հետևանքները վերացնելու և 2006թ. Պակիստանում երկրաշարժից հետո մարդասիրական օգնություն ցուցաբերելու ժամանակ [1]։ Այդ ընթացքում արձագանքման ուժերը վերափոխվել են մի քանի անգամ, բայց այդպես էլ չեն օգտագործվել մարտական առաջադրանքներում։ Արևմտյան որոշ տեսաբաններ պնդում են, որ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը ֆինանսական և քաղաքական պատճառներով որոշակիորեն ձախողվել են։
Հարավային Կովկասի երկրներից Վրաստանն է ակտիվորեն փորձում անդամակցել ՆԱՏՕ-ին և տարբեր ձևաչափերով համագործակցում է դաշինքի հետ: Դաշինքի անդամ չլինելով՝ Վրաստանը 2015թ. ընդգրկվեց ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում։
NRF-ի պատմությունն ու փոփոխությունները
Ն ԱՏՕ-ի անդամ պետությունները 2002թ. Պրահայի գագաթնաժողովում հաստատեցին ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի ձևաչափը, որի գաղափարը ծագել էր ԱՄՆ-ում, այնուհետև տարածվել եվրոպական գործընկերների շրջանում։
Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները նախապես չէին մտածում որևէ կոնկրետ ուժի ստեղծման մասին, այլ աջակցում էին Պաշտպանական կարողությունների նախաձեռնությունը [2] (DCI) ընդհանուր կարողությունների ուժեղացման ավելի փոքր տարբերակով փոխարինելու Բրյուսելի կոչին: 2002թ. ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի փորձագետների առաջարկով Ազգային պաշտպանության համալսարանի գիտաշխատողներ Ռիչարդ Քուգլերը և Հանս Բիննենդեյքը ներկայացրին մի փաստաթուղթ, որով կոչ էին անում Պրահայի գագաթնաժողովում քննարկել պաշտպանության փոխակերպման (defense transformation) և 20-25 հազարանոց միասնական հարվածող ստորաբաժանում ստեղծելու հնարավորությունը։ Այդ զորախումբը պիտի կարողանար հեշտորեն տեղափոխվել ճգնաժամային գոտիներ և սերտորեն համագործակցել ԱՄՆ ուժերի հետ [3]։
Հետագայում «The NATO Response Force 2002-2006: innovation by the Atlantic Alliance» աշխատությունում Քուգլերը մանրամասն պատմում է, թե իրենց գաղափարն ինչպես է միս ու արյուն ստացել։ Ըստ հեղինակի՝ զորախումբը պետք է լիներ կազմակերպված մարտական միավոր՝ կառավարման, վերահսկողության, հաղորդակցության, հետախուզության և տեղադիտման (Command, Control, Communications, Computers, Intelligence, Surveillance and Reconnaissance — C4ISR) կառուցվածքով։ Քուգլերն ու Բիննենդեյքն իրենց գաղափարն անվանել էին «Առաջատար արձագանքման ուժեր» (Spearhead Response Force)։ Այն պետք է մեծ լիներ, որպեսզի ռազմականորեն նշանակություն ունենար, բայց նաև պետք է բավականաչափ փոքր լիներ մատչելիության և ՆԱՏՕ-ի անդամներին հետաքրքրելու տեսանկյունից։
Քուգլերն ու Բիննենդեյքը նախատեսել էին, որ այդ ուժերը պետք է բարձր պատրաստվածություն ունենան, կարողանան շատ կարճ ժամանակում տեղակայվել նշված վայրում։
Բազմազգ զորախումբը պետք է կազմվեր ռոտացիոն համակարգով. արձագանքման ուժերի ստարաբաժանումներից մեկը պետք է 6 ամիս ծառայություն անցներ, իսկ մյուսները լինեին վարժանքների փուլում։ Ըստ նախնական գաղափարի՝ ստորաբաժանումները պետք է համալրվեին միայն եվրոպական երկրներից, իսկ ԱՄՆ-ն գործուն մասնակցություն կունենար C4ISR-ի, զորքերի շարժունության ապահովման հարցում [4]։
Հատկանշական է, որ այդ ժամանակ եվրոպական շատ երկրներ չէին մտածում համատեղ գործողությունների կամ Եվրոպայի սահմաններից դուրս որևէ առաքելության մասին։
ԱՄՆ-ում ԱԱԽ եվրոպական և ՆԱՏՕ-ի հարցերով խորհրդական, դեսպան Դեն Ֆրայդը հավանություն է տալիս արձագանքման ուժերի ստեղծման գաղափարին ու առաջարկում ներկայացնել Պենտագոնին, որտեղ հավանության արժանանալուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գաղափարը ներկայացնում է եվրոպական գործընկերներին։ 2002թ. Պրահայի գագաթնաժողովում ընդունվում է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի (NRF) ստեղծման որոշումը, որը հաստատվում է 2003-ի գարնանը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամներն արձագանքման ուժեր ստեղծելու գաղափարն ընդունեցին Ֆրանսիայի և Գերմանիայի հետ Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի բացահայտ հակասության պայմաններում։ 2002-ի վերջում Գերմանիան և Ֆրանսիան դեմ էին ԱՄՆ հնարավոր ներխուժմանն Իրաք [5], բայց անգամ այս մթնոլորտում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետություններն աջակցեցին NRF-ի ստեղծման գաղափարին։
Եվրոպական երկրները հիմնավոր պատճառներ ունեին նոր ստորաբաժանման ստեղծմանն աջակցելու համար։ Ռիչարդ Քուգլերն իր աշխատությունում պնդում է, որ գաղափարին աջակցելով եվրոպական երկրները հնարավորություն էին ունենալու հասու լինել ժամանակակից դոկտրիններին, տեղեկատվական ցանցերին, սպառազինությանը և այլն։ Բացի այդ, փոքրաթիվ լինելով՝ NRF-ը մատչելի էր ու չէր ստվերում եվրոպական պաշտպանական ծրագրերը։ Օրինակ՝ այն վտանգ չէր ներկայացնում Եվրոպական Միության «Եվրոպական անվտանգության և պաշտպանական քաղաքականության» (European Security and Defense Policy-ESDP) և Եվրոպական արագ արձագանքման ուժերի (European Rapid Reaction Force ERRF) ստեղծման համար [6]: Քուգլերը նշում է նաև, որ եթե ԱՄՆ-ն չհովանավորեր NRF-ը, այն ամենայն հավանականությամբ չէր ընդունվի. երկու կողմի աջակցությունը հնարավոր դարձրեց այդ համաձայնությունը։ «NRF-ը չէր ընդունվի նաև, եթե եվրոպական երկրների ուժեղ կոալիցիան ընդդիմանար»,— գրել է Քուգլերը [7]։
ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը 2002թ.-ից մի քանի անգամ փոփոխվել են։ Առաջինը 2007-ին էր, երբ պարզվեց, որ եվրոպական երկրները համապատասխան թվով զորախումբ չեն տրամադրում։ 2009թ. հունիսին հաստատվեց NRF-ի 2-րդ փոփոխությունը՝ NRF 3.0-ը: 2014թ. ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո ՆԱՏՕ-ն որոշում է նորից վերափոխել իր ուժերը` ներկայացնելով NRF 4.0 տարբերակը։ Սակայն պետք է նշել, որ արձագանքման ուժերի առաջին տարբերակների ձախողումը հիմնականում պայմանավորված էր անդամ պետությունների կողմից ոչ բավարար թվով ստորաբաժանումներ տրամադրելով. NRF-ի ուժերը երկու անգամ կրճատվեցին։
2014թ. Ուելսի գագաթնաժողովում Անհապաղ արձագանքման ուժերը (Immediate Response Force (IRF)) վերանվանվեցին Բարձր պատրաստության միացյալ զորքեր (Very High Readiness Joint Task Force (VJTF)), որոնք պետք է դառնային ավելի դյուրաշարժ։ VJTF-ը մոտ 13 հազար հոգուց բաղկացած ստորաբաժանում էր, որը կարող էր վերատեղակայվել 48 ժամում, մինչդեռ IRF-ին անհրաժեշտ էր մեկ ամիս։
Այս որոշումից հետո ՆԱՏՕ-ի անդամ պետություններն առաջին անգամ արձագանքման ուժերն ուղղակիորեն կապեցին հավաքական պաշտպանության և Վաշինգտոնի համաձայնագրի 5-րդ հոդվածի հետ [8]։ NRF 4.0-ը մի քանի վարժանք է անում Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում։ Այսպիսով` ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի այս տարբերակն ավելի շատ կենտրոնանում էր միացյալ ուժերի վերափոխման, տարածքային պաշտպանության, քան՝ ճգնաժամային կառավարման վրա։
ՆԱՏՕ-ի և NRF-ի ֆինանսական խնդիրները
2 014թ. ՆԱՏՕ-ի անդամ պետությունները որոշեցին մինչև 2024թ. ռազմական ծախսերին հատկացնել ՀՆԱ-ի 2%-ը, սակայն այս որոշումը պարտադիր չէր [9]։ Նախագահ Թրամփն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում մյուս երկրների փոխարեն ավելի շատ վճարել, ու կոչ է արել պետություններին հասնել 2%-ի շեմին։ 2018թ. տվյալներով ԱՄՆ-ն հատկացնում է 3.57%, հաջորդ ամենաշատ հատկացումն անում է Հունաստանը՝ 2.36%, 3-րդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 2.12%-ով, ապա Էստոնիան՝ 2.08% և Լեհաստանը՝ 1.99%: Այս երկու երկրներն իրենց ցուցանիշը բարձրացրել են Ղրիմի դեպքերից հետո։ Մյուսները չեն հասնում 2 տոկոսին, իսկ Իսլանդիան ընդհանրապես որևէ ցուցակում չի ներգրավված, քանի որ զինված ուժեր չունի [10]։
Հարկ է նշել, որ ֆինանսական խնդիրներից զերծ չեն նաև ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը։ NRF-ը խնդիրների է բախվում լայնամասշտաբ զորավարժություններ անցնակցնելու, հեռավոր շրջաններում զորքերի և տեխնիկայի տեղակայման ժամանակ [11]:
Բացի այդ, մասնակից երկրները պետք է վճարեն NRF-ի պահպանման և պատրաստության համար։ Ավելին, ՆԱՏՕ-ի արևելյան դաշնակիցները պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ունենան VJTF-ը հյուրընկալելու և աջակցելու համար։ Այսպիսով՝ ֆինանսավորման հարցը բաց է մնում, քանի որ որոշ երկրներ չեն կարողանում, իսկ մյուսներն էլ ցանկություն չեն ունենում հատուցել ծախսերը [12]:
NRF-ի ֆինանսական խնդիրների պատճառով 2016թ. Վարշավայի գագաթնաժողովում որոշվեց սպառնալիքները դիմագրավող բաղադրիչ (Enhanced Forward Presence-EFP) ստեղծել և Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում ու Լեհաստանում տեղակայել 4 միջազգային գումարտակ՝ Ռուսաստանի հնարավոր սպառնալիքներից այդ երկրների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Այսինքն՝ EFP-ն և ոչ թե VJTF-ն դարձավ ՆԱՏՕ-ի կանխարգելիչ դիրքորոշման ճակատային գիծը։ Եթե NRF-ը լիներ արդյունավետ, ապա ամենայն հավանականությամբ, նոր ստորաբաժանում ստեղծելու կարիք չէր լինի և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը կաջակցեին Մերձբալթյան երկրներին և Լեհաստանին։ Այս ամենով հանդերձ հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի և EFP-ի դեպքում եվրոպական ուժերը սիմվոլիկ դերակատարություն ունեն։
Բացի այդ, Դաշինքի անդամ երկրների մեծ մասը չի ցանկանում իր ուժերն ուղարկել բարդ աշխարհագրական դիրք ունեցող երկրներ, օրինակ՝ Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա։ Այսինքն՝ NRF-ի հետագա ճակատագիրը մեծ հաշվով կախված է Դաշինքի ներսում ընթացող զարգացումներից։ Վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ Դաշինքում ամեն ինչ չէ, որ հարթ է։ Նախագահ Թրամփի հայտարարությունները եվրոպական երկրներին կարող են ստիպել ավելի շատ մտածել սեփական ռազմական կառույց ունենալու մասին, որը կկենտրոնանա միայն Եվրոպայի, և ոչ թե ամբողջ աշխարհի վրա։ Ամեն դեպքում, արձագանքման ուժերի ձևաչափը պահելու դեպքում կարևոր կլինի կենտրոնանալ զորախմբի արագության, մարտական առաջադրանքներ կատարելու, ճգնաժամային իրավիճակներում գործելու կարողության վրա։ Մյուս կողմից, այս ամենը հնարավոր չի լինի անել, եթե չլինեն բավականաչափ ֆինանսական միջոցներ [13]։
Վրաստանը ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մաս. Քայլ դեպի Դաշինք
Ն ԱՏՕ-ի անդամ պետությունները 2008թ. Բուխարեստի գագաթնաժողովում պաշտոնապես հայտարարեցին, որ Վրաստանը «մի օր» կդառնա Դաշինքի անդամ, և հաջորդ քայլը «Անդամակցության գործողությունների պլանն» է (Membership Action Plan – MAP): Բուխարեստի գագաթնաժողովում Վրաստանին տրված խոստումը միանշանակ չէր, քանի որ Դաշինքի անդամ եվրոպակական առաջատար մի քանի պետություններ ընդգծված բացասական վերաբերմունք ու դիրքորոշում ունեին (և այժմ էլ ունեն) Վրաստանին MAP տալու հարցում:
Չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությունը ձգձգվում է՝ Վրաստանն ակտիվորեն համագործակցում է Դաշինքի հետ՝ մասնակցում և հյուրընկալում է զորավարժություններ, ընդգրկված է միջազգային խաղաղապահ առաքելությունների և ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում։
ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը 2013-ի հոկտեմբերին նշել էր, որ Շվեդիան, ՆԱՏՕ-ի անդամ չլինելով, միացել է արձագանքման ուժերին ու մասնակցելու է Դաշինքի ամենամեծ «Steadfast Jazz» զորավարժությանը։ 2014-ին ուժերին կմիանան նաև Ուկրաինան ու Ֆինլանդիան, իսկ 2015-ին՝ Վրաստանը [14]։
2014թ. Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ Վրաստանը դիմել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին անդամակցելու համար, իսկ հովանավոր երկիր ընտրվել է ԱՄՆ-ն [15]։ «Արդեն որոշվել է, որ 2015-ից մեր երկիրը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս կդառնա։ Սա նշանակում է, որ մեր համագործակցությունը նոր մակարդակի է հասել»,— նշել էր Ալասանիան [16] :
Մեզ հետ զրույցում վրացի ռազմական փորձագետ Ամիրան Սալուքվաձեն նշեց, որ «ԱՄՆ-ն վճարում է միայն պատրաստության, տեղափոխման լոգիստիկ ծախսերը։ Մնացած բոլոր ծախսերը փակում է Վրաստանի ռազմական բյուջեն» [17]։ (США оплачивет только логистические расходы по подготовке, по транспортировке. Все остальные расходы покрывет военный бюджет Грузии).
2015-ին վրացական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ վրացի զինծառայողները մարզվում են ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում հանդես գալու համար։ 2015թ. ապրիլի 1-ից առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի 116 զինծառայող մասնակցել է մեկամսյա դաշտային պարապմունքների, որից հետո ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գնահատել են ստորաբաժանման պատրաստությունը՝ NRF-ի կազմում ներգրավելու համար [18]։ Վրաստանի ՊՆ հաղորդագրությունում նշվում էր, որ 2013թ. զինծառայողները հատուկ վարժանքներ են անցում ինչպես Վրաստանում, այնպես էլ գերմանական Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության կենտրոնում։
Դաշտային պարապմունքներից և գնահատումից հետո վաշտը Վրաստանում մասնակցել է նաև վրաց-ամերիկյան «Noble Partner-2015» զորավարժությանը, որի նպատակն էր ստուգել վրաստանցի և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի ամերիկյան ստորաբաժանման զինծառայողների փոխգործակցությունը [19]։
Նշենք նաև, որ նույն թվականի հունիսին ԱՄՆ բանակի Եվրոպական հրամանատարության տարածած հաղորդագրությունում նույնպես նշվում էր, որ Noble Partner-ը ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի համար վրացական ստորաբաժանումները մարզելու կարևոր բաղադրիչ էր [20] ։ Զորավարժությանը մասնակցում էին շուրջ 600 ամերիկացի և վրաստանցի զինծառայողներ։ Համատեղ վարժանքների համար ԱՄՆ-ն Վառնայից Սև ծովով Բաթում էր ուղարկել «Բրեդլի» հետևակի մարտական 14 և թիկունքային ապահովման այլ մեքենաներ։ Վրացական կողմից զորավարժության ժամանակ օգտագործվեցին ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ [21]։ Ըստ ամերիկյան բանակի պաշտոնական կայքի՝ զորավարժության համար «Noble partner» (Ազնվական/ազնիվ գործընկեր) անունը որոշվել էր Վրաստանի արժանիքները գնահատելու նպատակով։ «Սա այն անունն է, որ նրանք [վրաստանցի զինծառայողները] ցուցադրում են իրենց յուրաքանչյուր ներդրումով և ամեն զոհով» [22]։
Հասկանալի է, որ այս հայտարարությունը զգացական ֆոն էր ապահովում վրաստանցիների համար և փորձում շոյել նրանց արժանապատվությունը։ Հայտարարող կողմն ինքն էլ շատ լավ հասկանում էր, որ Վրաստանն ամեն գնով փորձում է դառնալ Հյուսիսատլանտյան Դաշինքի անդամ, անգամ զոհերով, որ ունենում է միջազգային խաղաղապահ առաքելությունների ժամանակ: Վրաստանի Jumpstart Georgia հկ-ի մինչև 2015թ. տվյալներով՝ միջազգային առաքելությունների ժամանակ մահացել է Վրաստանի ԶՈւ 35 զինծառայող՝ 30-ը Աֆղանստանում, 5-ը՝ Իրաքում [23]։
2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում մահացել է ևս 2 զինծառայող, որոնց մասին տեղեկություն ստացվե [24] է մեդիա հրապարակումներից [25]։
Ուշագրավ է, որ ամերիկացի զինծառայողները զորավարժության ավարտից հետո մի քանի օր մնացին Վրաստանում և մայիսի 26-ին մասնակցեցին Անկախության օրվա միջոցառումներին։ Այդ օրը Վրաստանի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներում երևում է, որ Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները թևերին կրում էին NRF-ի տարբերանշան։ Հայկական վերլուծական Razm.info կայքը այդ առիթով գրեց, որ «NRF-ի տարբերանշանի գոյությունը խոսում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները դասընթացը համարել են բարեհաջող ավարտված, թեև պաշտոնական հաստատման մասին չի հաղորդվել» [26]։ Մոտ մեկ ամիս անց Վրաստան է այցելում Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Ադրիան Բրեդշոուն։ Վերջինս հայտարարում է, որ ընդամենը 2 ամիս առաջ վրացական վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի (NATO Response Force — NRF) համար հավաստագրում (certification status) [27]։
Հունիսի 25-ին Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ ասուլիսում Բրեդշոուն հայտարարել էր. «Մոտ 2 ամիս առաջ ես 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտին հանձնել եմ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին համապատասխանելու հավաստագրերը։ Վրաստանի ստորաբաժանումն առաջին անգամ է ստանում նման կարգավիճակ, ինչը ձեր զինված ուժերի համար ևս մեկ ձեռքբերում է»,— ասել է Բրեդշոուն [28]։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Ադրիան Բրեդշոուն և Վրաստանի ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն
Հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ «Ալֆա» վաշտի զինծառայողները, ամենայն հավանականությամբ, արդեն ներգրավվել են NRF-ի կազմում։ Վաշտը 2015թ.-ից 3 տարով դարձավ NRF-ի մաս, սակայն ամբողջովին համապատասխանելու 2-րդ փուլը` «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակը» (NATO Evaluation Level 2 — NEL-2) Վրաստանի ԶՈւ զինծառայողներն անցել են 2016-ի մայիսին՝ [29] Noble Partner-2016 [30] զորավարժության ժամանակ:
2-րդ զորախմբի պատրաստման մասին վրացական մեդիայում 2017թ. հրապարակումներում նշվում էր, որ ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Չառլի» վաշտի զինծառայողները «Ինքնագնահատում. 1-ին մակարդակ», «Ինքնագնահատում. 2-րդ մակարդակ» (Self-Assessment 1, 2, SEL-1, SEL-2) մակարդակները հաղթահարել են [31] ու սպասում են ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատմանը։ 2018թ. նոյեմբերի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է ԶՈւ Մցխեթի 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակ և շնորհավորել զինծառայողներին ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում ընդգրկվելու համար [32]։
Ըստ հաղորդագրության՝ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Չառլի» վաշտը 2019թ. հունվարից փոխարինելու է NRF-ի կազմում ծառայող «Ալֆա» վաշտին։ Գնահատման բոլոր փուլերն անցելով՝ զինծառայողները մինչև 2021թ. դառնում են ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մաս։
«Չառլի» վաշտի զինծառայողները ՆԱՏՕ-ի «Հետադարձ կապի և օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի գնահատման» (The Operational Capability Concept Evaluation and Feedback Programme — OCC E&F) ծրագրի շրջանակներում վերապատրաստվում են 2016թ.-ից։ 2018-ի սեպտեմբերի 24-28-ն անցկացված «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակը» (NATO Evaluation Level 2 — NEL-2) հաղթահարելուց հետո վաշտը ստացել է «Ալֆա» վաշտին փոխարինելու իրավունք [33]։
Այսպիսով, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ Վրաստանի ԶՈւ 2 զորախումբ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում է։ Թեև արձագանքման ուժերը որևէ առաքելության չեն մասնակցում և այժմ գործնական դերակատարություն չունեն, սակայն այն վերապատրաստվելու և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու լրացուցիչ հարթակ է։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ կառուցի անունը հնչեղ է ու հավելյալ առավելություններ է տալիս։
Ռ ազմական փորձագետ Ամիրան Սալուքվաձեից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է վերաբերվում արձագանքման ուժերին, քանի որ արևմտյան մի շարք փորձագետներ նշում են, որ NRF-ը էական դերակատարություն չունի ռազմաքաղաքական ոլորտում։ «Արձագանքման ուժերը ՆԱՏՕ-ի բոլոր ստորաբաժանումներից ամենապատրաստվածն ու տեխնիկապես ամենահագեցածն են։ Այնպես որ, ես չէի թերագնահատի նրանց նշանակությունը»,— նշեց Սալուքվաձեն [34]։ (СБР НАТО являются самыми подготовленными и, в техническом плане, оснащенными среди всех сил НАТО. Так что, я бы не занижал роль этих сил).
Ռազմական փորձագետ Ամիրան Սալուքվաձեն
«Այս ստորաբաժանմանն անդամակցելը կարևոր է Վրաստանի բանակի համար։ Մի կողմից այն հնարավորություն է տալիս բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստությունը, տեխնիկական հագեցվածությունը, ներդաշնակությունը։ Մյուս կողմից՝ արձագանքման ուժերի կազմում վրացական բանակը ծանոթանում է ՆԱՏՕ-ի առաջատար երկրների փորձին և ՆԱՏՕ-ի չափանիշներով ստորաբաժանումներ է պատրաստում, ինչը բարձրացնում է երկրի պաշտպանունակությունը։ Վրաստանն, իր հերթին, անհրաժեշտության դեպքում կարող է ուժեր տրամադրել անսպասելի խնդիրների լուծման՝ օրինակ, ահաբեկչության դեմ պայքարի համար»,— հավելեց փորձագետը։ (Участие в СБР НАТО важно для грузинской армии. С одной стороны это позволяет повышать подготовку Вооруженных сил, повышать их боевую готовность, оснащенность, слаженность. С другой стороны находясь в составе СБР, грузинская армия перенимает передовой опыт стран НАТО, готовит подразделения по стандартам НАТО, чем повышает обороноспособность государства. А сама Грузия дает то, что при необходимости применить СБР, Грузия может выделить силы для решения внезапно возникших задач, например при борьбе с терроризмом.)
[1] Rynning, Sten; Ringsmose, Jens. / Can NATO's new Very High Readiness Joint Task Force deter?. Norwegian Institute of International Affairs, 2016. 4 p. (NUPI Policy Brief, Vol. 15)
[2] 1999թ. Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները սկսեցին Պաշտպանական կարողությունների նախաձեռնությունը (Defence Capabilities Initiative-DCI), որի նպատակն էր բարելավել պաշտպանական կարողությունները, ապահովել միջազգային գործողությունների արդյունավետությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Դաշինքի ուժերի փոխգործակցությանը։ DCI-ն կոչ էր անում արդիականացնել եվրոպական զինված ուժերը կարեւորագույն ուղղություններում. օրինակ՝ ռազմավարական շարժունակությունը (strategic mobility), մեծ հեռավորության լոգիստիկ աջակցությունը (long-distance logistic support), C4ISR համակարգերը, հակաօդային պաշտպանությունը և այլն։
[3] Kugler, Richard, The NATO Response Force 20026: innovation by the Atlantic Alliance, Washington, DC, Center for Technology and National Security Policy, National Defense University, 2007.
[4] Տե՛ս նույն տեղում։
[5] Pichler, Lothar. Comparison of the French and German approaches to ESDP and NATO, 2004
[6] Kugler, Richard, The NATO Response Force 20026: innovation by the Atlantic Alliance, Washington, DC: Center for Technology and National Security Policy, National Defense University, 2007
[7] Տե՛ս նույն տեղում։
[8] 1949թ. ապրիլի 4-ին Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշնագրի ստորագրմամբ ստեղծվեց ՆԱՏՕ-ն։ Համաձայնագրի 5-րդ հոդվածով «Կողմերը համաձայնում են, որ զինված հարձակումը Կողմերից մեկի կամ մի քանիսի վրա Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում կդիտարկվի որպես հարձակում բոլորի դեմ, հետևաբար, նրանք համաձայնում են, որ եթե նման զինված հարձակում կատարվի, ապա նրանցից յուրաքանչյուրը, ըստ Միացյալ ազգերի կանոնադրության 51-րդ հոդվածի, որով ճանաչվում է անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը, կօժանդակի այն կողմին կամ կողմերին, որոնց վրա հարձակում է կատարվել` անմիջապես անհատական կամ մյուս կողմերի հետ համախմբված գործողություն ձեռնարկելով, ներառյալ զինված ուժի կիրառումը»։
[9] NATO contributions country-by-country, Euronews
[10] Defence Expenditure of NATO Countries (2010-2017) NATO.int
[11] Olshausen, Klaus. NATO’s Readiness Action Plan for Assurance and Deterrence – Progress & Challenges on the Road from Wales to Warsaw,ISPSW Strategy Series: Focus on Defense and International Security , Issue No 402, Jan 2016
[12] Jens Ringsmose & Sten Rynning: The NATO Response Force: A qualified failure no more?, Contemporary Security Policy, 2017
[13] Տե՛ս նույն տեղում։
[14] Sweden to join NATO Response Force and exercise Steadfast Jazz, NATO.int
[15] Georgia to join NATO Response Force NRF in 2015 with financial support of United States
[16] Irakli Alasania: NATO will sponsor inclusion of Georgia in its Immediate Response Forces, News Agancy GHN
[17] Օնլայն հարցազրույց վրաստանցի ռազմական փորձագետ Ամիրան Սալուքվաձեի հետ, 14.12.2018թ.
[18] Georgian Unit is Ready to Join NRF, საქართველოს თავდაცვის სამინისტრო
[19] Exercise Noble Partner 2015 demonstrates bilateral cooperation, The official homepage of United States Army Europe
[20] Մելիքսեթյան Հ. (2015) Վրաստանի ԶՈւ վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հավաստագրում / Ռազմ.info.
[21] ქართულ-ამერიკული ერთობლივი სწავლება „ღირსეული პარტნიორი“ გაიხსნა, თავდაცვის სამინისტრო [Youtube chanel]
[22] U.S., Georgian forces begin two-week Exercise Noble Partner, The official homepage of United States Army
[23] 35 Georgian Soldiers Have Died In International Peacekeeping Missions, Jumpstart Georgia
[24] კაპრალი რამაზ დავითაია სამხედრო პატივით დაიკრძალა, საქართველოს თავდაცვის სამინისტრო
[25] Georgian Soldier Killed In Afghanistan, RadioLiberty
[26] Bртанесян К. (2015) Грузинское подразделение уже вошло в состав Сил реагирования НАТО? / RAZM.info.
[27] DSACEUR Visits Georgian Troops Preparing for RESOLUTE SUPPORT Cites 20 Year Partnership
[28] Грузия на втором месте после США среди участвующих в миссиях НАТО контингентов - генерал Брэдшоу, Грузия online
[29] ქართულმა ქვედანაყოფმა ნატოს შეფასების II დონე წარმატებით დაასრულა, საქართველოს თავდაცვის სამინისტრო
[30] Noble Partner-2016 միջազգային զորավարժությունն անցկացվել է մայիսի 11-24-ը Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում: Հատուկ վարժանքների համար ԱՄՆ-ի ազգային գվարդիան Վառնայից Սև ծովով Փոթիի նավահանգիստ էր ուղարկել ամերիկյան «M1A2 Abrams» 8 տանկ, «Բրեդլի» հետևակի մարտական 7 մեքենա, ինչպես նաև թիկունքային ապահովման այլ մեքենաներ։ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի (NRF) Noble partner-2016 («Ազնիվ գործընկեր») զորավարժությանը մասնակցել է 1300 զինծառայող, որից 500-ը Վրաստանի զինված ուժերից, 650-ը՝ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունից, 150 զինծառայող էլ ներկայացրել է Մեծ Բրիտանիան։ Զորավարժության ամբողջ ընթացքին ներգրավված է եղել ամերիկյան C-130 Hercules բեռնատար ինքնաթիռը։
[31] 100 Georgian soldiers will join NATO Response Force, Agenda.ge
[32] ლევან იზორიამ მცხეთაში I ქვეითი ბრიგადაში ჩატარებული ინფრასტრუქტურული სამუშაოები დაათვალიერა, საქართველოს თავდაცვის სამინისტრო
[33] მე-12 ბატალიონის „ჩარლი“ ასეული ნატოს რეაგირების ძალებს შეუერთდა, საქართველოს თავდაცვის სამინისტრო
[34] Օնլայն հարցազրույց վրաստանցի ռազմական փորձագետ Ամիրան Սալուքվաձեի հետ, 14.12.2018թ.