Հայաստան-Եգիպտոս հարաբերություններում հեռանկարային է տնտեսության ոլորտը
3 ր. | 2023-02-06ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի Հայաստան այցի, Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների, Եգիպտոսի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունների վերաբերյալ «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցերին պատասխանել է եգիպտացի քաղաքագետ, «Al Mayadeen» կայքի լրագրող, «Institute for Future Studies» կենտրոնի հետազոտող Սայիդ Շեբլը:
— Պարո՛ն Սայիդ Շեբլ, շնորհակալություն հարցազրույցի համար: Վերջերս Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պատմական այց կատարեց Հայաստան, քանի որ այն իր տեսակով առաջինն էր Հայաստանի անկախացումից ի վեր: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մինչ այդ չեն եղել նման այցեր՝ հաշվի առնելով Եգիպտոսի և Հայաստանի միջև պատմական բարեկամությունն ու բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները։
— Կարծում եմ, որ Եգիպտոսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ եղել է Եգիպտոսի նախորդ նախագահների օրոք՝ երկու երկրների պատմական հարաբերությունների, ինչպես նաև Եգիպտոսում հայ համայնքի ուժեղ ազդեցության շնորհիվ: Սակայն, կասկած չկա, որ այսօր է Եգիպտոսը մեծացրել Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը՝ ավելի շատ երկրների հետ տնտեսական համագործակցության ուղիներ բացելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նպատակ ունենալով մեղմել ճգնաժամի հետևանքները: Կարծում եմ` սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Եգիպտոսի նախագահը հիմա է այցելում Հայաստան:
— Ինչպես նկատեցինք այցից հետո հրապարակված պաշտոնական հայտարարություններում, բանակցությունները հիմնականում վերաբերվել են կրթական, տնտեսական ոլորտներին: Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ հեռանկարներ կան Եգիպտոս-Հայաստան տնտեսական հարաբերություններում։
— 2019 թվականին երկու երկրների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի պայմանագրեր՝ ճանապարհ բացելով տարբեր ոլորտներում գործարարների ներդրումների համար: Կարծում եմ՝ այսօր պաշտոնյաների կամք կա՝ այդ համաձայնագրերը գործնական հողում ակտիվացնելու համար։ Կասկածից վեր է, որ զբոսաշրջության ոլորտը Եգիպտոսի և Հայաստանի միջև համագործակցության կարևոր ուղղություն է, և հնարավոր է երկկողմ զբոսաշրջային այցերով փոխանակվել։ Մեր տնտեսության վրա դա դրական է անդրադառնում:
— Ձեր կարծիքով, հնարավո՞ր է արդյոք համագործակցություն երկու երկրների միջև ռազմական և անվտանգային ոլորտներում:
— Երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներն էլ հնարավոր են, սակայն, իմ կարծիքով, տնտեսական ոլորտն է հիմք հանդիսանում շոշափելի արդյունքների հասնելու համար՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների:
— Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի/Արցախի հիմնախնդրին, ևս մեկ անգամ հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, որը միակ կապուղին է արտաքին աշխարհի հետ։ Միջանցքի անօրինական փակումը հումանիտար ճգնաժամ է: Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Եգիպտոսն այս խնդրի առնչությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքուն, օգտվելով «Իսլամական համագործակցություն» կազմակերպությունում Հայաստանի բացակայությունից, փորձում է խոչընդոտել Հայաստանի հարաբերություններն իսլամական և արաբական աշխարհի հետ:
— Կարծում եմ՝ Եգիպտոսն այս հակամարտության նկատմամբ փորձում է չեզոքություն պահպանել: Այս ամենի ապացույցն է նախագահ Ալ-Սիսիի այցը և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան:
— Վերջին շրջանում Եգիպտոսի և Թուրքիայի միջև որոշակի շփումներ ենք նկատում՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Որպես օրինակ կարող ենք նշել Կատարում Եգիպտոսի և Թուրքիայի նախագահների հանդիպումը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ: Դուք իրատեսական համարու՞մ եք հաշտեցումը:
— Կահիրեի և Անկարայի մերձեցման ուղղությամբ արդեն ջանքեր են գործադրվում, և Կատարի գլխավորությամբ շատ երկրներ են միջնորդում այդ հարցում: Թուրքիան փորձել է հետապնդել «Եղբայրության» [խմբ.՝ «Մուսուլման Եղբայրներ»] անդամներին՝ որպես բարեկամական ուղերձ Եգիպտոսի նկատմամբ: Սակայն հաշտեցման բոլոր ծրագրերը դեռևս անհրաժեշտ լրջության պակաս ունեն և բազմաթիվ բացակայող օղակներ կան, որոնք խոչընդոտում են առաջընթացին։ Հաշտեցման գործում խոչընդոտներ կան, այդ թվում՝ Լիբիայում տիրող իրավիճակը և այնտեղ Թուրքիայի դերը, մի դեր, որին Եգիպտոսը վերապահումներով է մոտենում, ինչպես նաև Անկարայի դիրքորոշումը, որ չնայած ամեն ինչին, պահպանում է հարաբերությունները «Եղբայրության» հետ:
—Վերջին շրջանում հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են մեկնում Եգիպտոս: Կարո՞ղ ենք նույնը ասել նաև եգիպտացի զբոսաշրջիկների պարագայում, Ձեր կարծիքով՝ նրանք ինչքանով են հետաքրքրված Հայաստան այցելելով:
— Եգիպտոսում հայկական համայնքը մեծ դեր ունի: Նուբար փաշան 19-րդ դարում երկար ժամանակ եղել է Եգիպտոսի վարչապետը, և կան այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ֆեյրուզը, Լեբլեբան և Նելլին, ովքեր ևս հայկական արմատներ ունեն: Հստակ է, որ զբոսաշրջության ոլորտն այն գերակշիռ ոլորտն է, որտեղ կարելի է հասնել համագործակցության և դրանից օգուտներ քաղել: