Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարը Բերձորի ճգնաժամի համատեքստում
6 ր. | 2023-01-19Ա դրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը՝ շրջափակման մեջ վերցնելով Արցախի 120 000 բնակչի: Բացի Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրներ ստեղծելուց, Արցախի բնակչությանը սեփական հայրենիքից հեռանալու դրդելուց՝ Բաքուն հետապնդում է մի շարք այլ նպատակներ:
Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների շղթան 2020թ. պատերազմից հետո
Ա րցախի շրջափակումը դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի բազմաթիվ խախտումների շղթայի հերթական մասն է: Հենց 2020թ. դեկտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց առաջին խոշոր ռազմական գործողությունն Արցախում՝ գրավելով Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը: Արցախում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ևս շարունակվեցին:
Արդեն 2021թ. մայիսին Ադրբեջանը գործողություններ սկսեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Մայիսի 12-ին ադրբեջանական ուժերն առաջխաղացում ունեցան Սյունիքում և զբաղեցրին Իշխանասարի բարձունքը, Սև լճի տարածքը: Աստիճանաբար նրանք նոր տարածքներ զբաղեցրին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի արևելյան մասերում: 2021թ. աշնանը Ադրբեջանցիները փաստացի փակեցին Գորիս-Կապան ավտոճանապարհը, իսկ նոյեմբերին խոշոր հարձակում ձեռնարկեցին Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում:
2022թ. փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանը կրկին խոշոր գործողություն ձեռնարկեց Արցախի ուղղությամբ: Այս ընթացքում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցան Փառուխ գյուղն ու հարևանությամբ գտնվող Քարագլուխ բարձունքի մի մասը։ 2022թ. օգոստոսին ադրբեջանցիներն իրենց վերահսկողությունը հաստատեցին Աղավնո, Բերձոր և Սուս բնակավայրերում: Արդեն սեպտեմբերին Բաքուն լայնածավալ հարձակում ձեռնարկեց Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ՝ գրավելով նոր հողեր ՀՀ ինքնիշխան տարածքում։
Այս շղթայի մեջ պետք է դիտարկել նաև 2022թ. մարտի 8-ին Սյունիքից Արցախ գնացող գազատարի պայթեցումը, որից հետո Ադրբեջանը պարբերաբար խաթարում է Արցախի գազամատակարարումը:
Ադրբեջանական խոշոր գործողությունների հաջորդ օրինակը, իհարկե, Բերձորի միջանցքի փակումն էր, այսպես կոչված, «բնապահպանական ակտիվիստների» կողմից:
Պարբերաբար ուժի գործադրման և սպառնալից հռետորաբանության ճանապարհով Ադրբեջանը փորձում է արագացնել բանակցային գործընթացը և Հայաստանից կորզել այնպիսի զիջումներ, որոնցից Երևանը մշտապես և հաստատակամորեն հրաժարվել է: Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ պարբերական գործողություններով, Արցախում հրադադարի ռեժիմի և նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտումներով Ադրբեջանը փորձում է ներքաղաքական լարվածություն հրահրել Հայաստանում՝ ավելի թուլացնելով Երևանի բանակցային դիրքերը:
Տարածաշրջանում Ռուսաստանի դերի թուլացումը՝ որպես Ադրբեջանի քաղաքականության նպատակներից մեկը
Հ այաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի այս քաղաքականությունը, ի թիվս վերոնշյալի, նաև նպատակ է հետապնդում տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ու հեղինակությունը արժեզրկելու և ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու ճանապարհով: Խաղաղապահների մանդատին, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության մնացել է 3 տարուց պակաս։ Նախորդ 2 տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը մտադիր չէ փոխել իր գործելաոճը և հող է նախապատրաստում խաղաղապահների մանդատը չերկարաձգելու համար։
Այսօր առավել ակներև է դարձել Արցախն ամբողջությամբ հայաթափելուն ուղղված Ադրբեջանի պետական քաղաքականությունը։ Երկրի բարձրաստիճան պաշտոնյաները նույնիսկ հայտարարում են, որ 2020թ․ պատերազմից հետո հայերի՝ Արցախը լքելու գործընթացը սկսված է, իսկ Բերձորի միջանցքի շրջափակման պայմաններում հայերը կարող են դուրս գալ Արցախից՝ չվերադառնալու պայմանով։ Միանշանակ է, որ Արցախի հայաթափման դեպքում տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի կարիքն այլևս չի լինի, ինչը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից։
Միաժամանակ, Մոսկվան Երևանի և Բաքվի միջև բանակցային տարբեր ուղղություններում հիմնական միջնորդն է, Արցախում գտնվում են հենց ռուս խաղաղապահները և ընդհանուր առմամբ Ռուսաստանը Հարավային Կովկասը համարում է իր աշխարհաքաղաքական ազդեցության գոտին: Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում, երբ Ռուսաստանի ռազմական, ֆինանսական, դիվանագիտական և այլ ռեսուրսներ կենտրոնացած են այնտեղ, և Հարավային Կովկասի հանդեպ Մոսկվայի հետաքրքրությունը որոշակիորեն թուլացել է, փորձ է արվում դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից:
Կանխատեսելի է, որ տարածաշրջանում Ռուսաստանի տեղը զբաղեցնել ցանկացող ուժերը առիթը բաց չեն թողնելու ադրբեջանական սադրանքները դիտարկել որպես ռուս խաղաղապահների թուլություն և ՌԴ-ի կողմից իրավիճակը վերահսկելու անկարողություն՝ զուգահեռաբար բարելավելով սեփական վարկանիշը հայ հանրության շրջանում։ Իրավիճակի պատասխանատվությունը միայն ռուսական կողմի վրա բարդելով՝ այդ դերակատարները ակամա խրախուսում են Բաքվի գործողությունները՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ։
Մյուս կողմից ՌԴ խաղաղապահների որոշ դեպքերում բացթողումներն ու անգործությունը, ավելի շատ դեպքերում՝ գործելու անկարողությունն իրենց հերթին են բացասաբար ազդում Հայաստանում Ռուսաստանի հեղինակության ու վարկանիշի վրա, ինչն ակներև է դառնում վերջին տարիների տարատեսակ սոցիալական հարցումների արդյունքների համեմատությամբ։
Հայ հանրության շրջանում Ռուսաստանի վարկանիշի փոփոխությունը վերջին տարիներին
Կ ովկասյան բարոմետրի 2022թ. հունիսին հրապարակված զեկույցից երևում է, որ 2019թ. համեմատ ՌԴ վարկանիշը զգալի անկում է ապրել, որը համադրելի է 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո գրանցած անկմանը։ 2015թ. Ռուսաստանը Հայաստանի ամենաբարեկամական երկիր էին համարում հարցվածների 75 տոկոսը, մինչդեռ 2017թ.՝ ընդամենը 63 տոկոսը։ 2019 և 2021թթ. հարցումներում այս ցուցանիշի անկումը 12 տոկոս է, և 57-ից նվազել է 35-ի։ Հատկանշական է, որ 2021թ. հարցման համաձայն՝ Ֆրանսիան շրջանցել է Ռուսաստանին, որպես հանրային ընկալումներում Հայաստանի ամենաբարեկամական երկիր։
Միջազգային հանրապետական ինստիտուտի 2018-2021թթ. հարցումները ևս հաստատում են Հայաստանում Ռուսաստանի վարկանիշի անկման փաստը։ Եթե 2018թ. հուլիս-օգոստոս ամիսներին հարցվածների 84 տոկոսն անվանել էին Ռուսաստանը Հայաստանի ամենակարևոր քաղաքական, իսկ 76 տոկոսը՝ տնտեսական գործընկեր, և ընդամենը համապատասխանաբար 6 և 7 տոկոսն էին Ռուսաստանը որակել որպես սպառնալիք, ապա 2021թ. դեկտեմբերին արդեն հարցվածների 57 տոկոսն էին Ռուսաստանին համարում ամենակարևոր քաղաքական, 61-ը՝ տնտեսական գործընկեր։ Դրան զուգահեռ աճել է Ռուսաստանը քաղաքական (15) և տնտեսական (17) սպառնալիք համարողների տոկոսը։
Հայաստանում Ռուսաստանի վարկանիշի վրա բացասաբար են ազդում նաև վերջին շրջանում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, ինչպես նաև ռուսական լրատվամիջոցներով ռուսաստանցի փորձագետների տարատեսակ բացասական մեկնաբանությունները դաշնակից Հայաստանի և Արցախի մասին։
Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները
Ստեղծված իրավիճակի բնականոն զարգացումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերանայումն է, ինչի վերաբերյալ մտքեր են հնչում երկու երկրներից։
Եթե պաշտոնական մակարդակում դրանք բավական զգուշավոր են, կրում են ավելի շատ ակնարկային բնույթ, ապա փորձագիտական դաշտում հանդիպում են կտրուկ հայտարարություններ՝ ընդհուպ մինչև ռազմավարական դաշնակցության խզում։ Հայկական փորձագիտական դաշտում շրջանառվում են «Ռուսաստանը կրկին դավաճանում է հայկական շահերը» բնույթի թեզեր։
Ռուսական դաշտում Հայաստանի վերաբերյալ թեզերը մի քանի ուղղվածություն ունեն, որոնք բխում են «Հայաստանը հավատարիմ/հուսալի դաշնակից չէ» գլխավոր թեզից։ Մասնավորապես, ռուսական ամենատարածված թեզերից են «Հայաստանը արևմտամետ արտաքին քաղաքականություն է վարում», «Հայաստանին աջակցելով՝ Ռուսաստանը դեմ է գնում սեփական շահերին»՝ նկատի ունենալով, որ ՌԴ-ի համար գերադասելի է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը։
Հայ-ռուսական հարաբերություններում բացասական միտումների խորացումը կանխելու համար հարաբերությունների վերանայումն անհրաժեշտություն է, սակայն պետք է շարժվել ոչ թե դաշնակցության խզման կամ այլընտրանքային տարբերակների որոնման, այլ երկխոսության բառապաշարը ու հարաբերությունները հայտարարված բարձր մակարդակին հասցնելու ճանապարհով։
Ընդ որում, եթե հայկական կողմից որպես առաջին քայլ բավարար կլինեն պաշտոնական և փորձագիտական տիրույթում առավել զուսպ հայտարարությունները, ապա ռուսական կողմից ակնկալվում են հստակ գործողություններ։ Ներկա պահին կարևորագույն և հրատապ խնդիրը Արցախի ապաշրջափակումն է։ Կարելի է դիտարկել համատեղ հետաքրքրություն ներկայացնող ելքերի տարբերակը, ինչպիսին կարող է լինել, օրինակ, ադրբեջանցի «էկոակտիվիստների» շրջանցումը օդով՝ ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում և վերահսկողությամբ մարդկանց և հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ։
Ընդհանուր առմամբ Ռուսաստանը կարիք ունի ոչ միայն բարձրացնելու գրավչությունը ռազմաքաղաքական և տնտեսական առումով, այլև ակտիվացնելու աշխատանքը հայ հանրության հետ։ Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական առանձնահատկությունը՝ որոշումների կայացման գործընթացում զգալի ուշադրություն է դարձվում հանրային պահանջին և տրամադրություններին։ Միաժամանակ, Վրաստանի և Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակության հետ աշխատանքի բացակայության հետևանքով էապես տուժեցին դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև հանգեցրեցին զգալի կորուստների և երկարատև ճգնաժամի։
Ուստի ստեղծված փակուղուց դուրս գալու համար կողմերը պետք է ձեռնամուխ լինեն բոլոր մակարդակներում և խողովակներով երկխոսության ակտիվացմանը, հակառակ դեպքում Ռուսաստանը երկարաժամկետ կտրվածքով կկորցնի ազդեցությունը նաև Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը նորից կկանգնի պատմական հին մարտահրավերների առաջ։