Լաչինի միջանցքի արգելափակումը հանցագործություն է մարդկության դեմ

10 ր.   |  2023-01-16

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի, տարածաշրջանում արձանագրվող ռազմաքաղաքական լարվածության, Իրան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցերին պատասխանել է Իրանի «Կովկասի հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Ջաֆար Խաշեն։

– Հարգելի՛ պարոն Ջաֆար Խաշե, շնորհակալ ենք հարցազրույցի առաջարկն ընդունելու համար: Պարոն Խաշե, ներկայում աշխարհի տարբեր կետերում, այդ թվում նաև մեր տարածաշրջում ականատես ենք լինում քաղաքական և անվտանգային լրջագույն սպառնալիքների։ Որպես այս տարածաշրջանի տեղաբնիկներ, բազմաթել մշակութային կապերով միահյուսված ու մի քանի հազարամյա հարևան և բարեկամ հայ և իրանցի ժողովուրդներն այսօր փորձում են դիմակայել նոր մարտահրավերների՝ հաճախ դրսևորելով բավականաչափ մոտ դիրքորոշումներ։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարելի է առավել արդյունավետ դարձնել  երկկողմ համագործակցությունը՝ համատեղ մարտահրավերներին դիմակայելու համատեքստում։

– Այո, Կովկասում առկա են լուրջ քաղաքական ու անվտանգային սպառնալիքներ, որոնք արտատարածաշրջանային դերակատարների օժանդակությամբ ստացել են արդի հատկանիշներ, ինչպիսիք են ռազմական և անվտանգային սպառնալիքների միահյուսումն ու փոխադարձ ազդեցությունը, տեխնոլոգիական արդյունավետությունը, ռազմադաշտի ընդլայնումը ու շարժունակության բարձրացումը և փափուկ ու կոշտ ուժերի համադրությունը։ Այս աճող սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է էլ ավելի պատրաստված լինել փափուկ և կոշտ հարթություններում։

Բաքվի կոալիցիան (բաղկացած՝ Անգլիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, «Սիոնիստական ռեժիմից» և թաքֆիրական[1] ուժերից) փորձում է առավելագույնս օգտվել ստեղծված իրավիճակից և տարածաշրջանում առկա անհավասարակշռությունից, քանի որ հասկանում է, որ այսպիսի հնարավորություններ հարյուր տարին մեկ կարող է ի հայտ գալ։ 

Կովկասը վտանգավոր օրեր է անցկացնում։ Օրեր, որոնց զարգացումների արդյունքները գուցե վճռեն տարածաշրջանի ապագա հարյուր տարիների ընթացքը։ Հետևաբար, այս համակցված սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է երկկողմ և բազմակողմ համագործակցություն։ Առաջին հերթին պետք է երկկողմ մակարդակով լուծվեն բյուրոկրատական խնդիրները։ Այս առումով շատ արդյունավետ կլինի փորձագետ Ժաննա Վարդանյանի առաջարկը՝ ստեղծելու հայ-իրանական միասնական տեղեկատվական կենտրոն։ Երկկողմ հարաբերություններում առկա ամբողջ խոչընդոտները պայմանավորված են կողմերի լուրջ վճռականության և գրավոր ու համապարփակ ծրագրի բացակայությամբ։ Երկու երկրների միջև մաքսային օրենքներն ու կանոնակարգերը պետք է հնարավորինս պարզեցվեն։ Իրանում և Հայաստանում կապի ենթակառուցվածքները պետք է կատարելագործվեն վճռական կամքի և մանրակրկիտ ու հետևողական աշխատանքի միջոցով։ 

Առկա շատ խոչընդոտներն ու խնդիրները կախված չեն երրորդ կողմից, չունեն քաղաքական պատճառներ, այլ միայն պայմանավորված են երկու կողմերի անտարաբերությամբ, ինչը կանխում է հարաբերությունների զարգացումը։ Բացի այս սպառնալիքներից, կարևոր պատերազմ է տարվում  նաև կովկասյան տարածաշրջանի գլխավոր ժառանգների նկատմամբ, որը ուղղված է նրանց ավանդույթների և խորհրդանիշերի դեմ։ 

Բաքվի կոալիցիան  սեփական շահերի բարձրացման համար ստեղծում և հրապարակում է տարածաշրջանի պատմական իրողությունների շրջված պատմություն, և այս կեղծ ու ատելություն սերմանող պատմությունը թիրախավորել է ներկա և ապագա սերունդներին։ Եվ եթե Իրանն ու Հայաստանը, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով, որպես «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն» և որպես տարածաշրջանի պատմության իրական տերեր խելացի չգտնվեն, կկորցնեն ապագան։

Ադրբեջանն իր ներկայիս իշխանությունների հետ տարածաշրջանում անցանկալի տարր է և դեմ է սեփական ժողովրդին և այլոց։ Մեր նյութական և ոչ նյութական ընդհանուր ժառանգությունը պետք է պահպանվի տարածաշրջանում և իրական պատմության միջոցով փոխանցվի ապագա սերունդներին։ Այս առումով երկու երկրների գիտամշակութային հարաբերությունները պետք է ավելի խորանան և ընդլայնվեն։ Այս ուղղությամբ անցյալ տարեվերջին «Օրբելի» կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված մեկօրյա գիտաժողովը արդյունավետ միջոց էր, որ այս իրադարձությունները հետևողական լինեն և հրապարակվեն տարբեր ձևերով: Հայաստանն ու հայությունը միշտ եղել են ժամանակակից աշխարհի մտքերի, նյութական ու մշակութային արտադրանքի Իրան ներթափանցման դարպասը: Հայաստանի և Իրանի հայությունը հատուկ տեղ են զբաղեցնում Իրանի ժողովրդի գիտակցությունում, իրանական մշակույթն ու արվեստը պետք է լավագույնս օգտագործել երկու երկրների միջև գիտամշակութային կապերը զարգացնելու համար:

– Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը ծայրահեղ ծանր է դարձել: Մոտ 120 հազար մարդ մեկ ամսից ավելի շրջափակման մեջ է, և առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների դեֆիցիտ է նկատվում: Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը այս հարցում և ինչպե՞ս է տեսնում այս ճգնաժամի հանգուցալուծումը։

– Լաչինի միջանցքը արգելափակելու և տարածաշրջանում հարյուր հազարավոր մարդկանց կյանքը վտանգի ենթարկելու Բաքվի կոալիցիայի գործողությունը հանցագործություն է մարդկության դեմ՝ համաձայն քաղաքացիական իրավունքների, միջազգային օրենքների և Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածի[2]։ Ըստ այս հոդվածի՝ այն ենթարկվում է միջազգային հետապնդման, և Ադրբեջանի իշխանությունները և կատարողները  անձամբ պատասխանատվություն են կրելու այդ հանցագործությունների համար։ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հատուկ գործողություններ են, որոնք դիտավորյալ կատարվել են պետության կողմից կամ պետության անունից՝ որպես կազմակերպված քաղաքականության մի մաս, սովորաբար խաղաղ բնակչության դեմ, պատերազմի կամ խաղաղության ժամանակ: Մարդկության դեմ հանցագործությունը տարբերվում է պատերազմական հանցագործությունից, քանի որ ռազմական հանցագործությունը սովորաբար զինվորների կողմից կատարված ստիպված արարք է, մինչդեռ մարդկության դեմ հանցագործությունը կատարվում է կառավարության կամ կազմակերպության քաղաքականությունն առաջ մղելու նպատակով: Նման բռնի գործողությունները համարվում են մարդու իրավունքների կոպիտ խախտում։

Հայերը Կովկասում պատմության ընթացքում միշտ եղել են ճնշված ազգ։ Միջազգային պրակտիկայում մարդկության դեմ հանցագործության անվանումն առաջին անգամ կիրառվել է 1915 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից՝ օսմանցիների կազմակերպած Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այդ ժամանակ այս երեք երկրները, դատապարտելով հայերի կոտորածը, մեղադրեցին օսմանյան կառավարությանը մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։ Հայտարարության մեջ նշվել էր, որ օսմանյան կառավարության բոլոր անդամները, ինչպես նաև նրանց գործակալները, ովքեր ներգրավված են եղել սպանությունների մեջ, անձամբ են պատասխանատու այս հանցագործությունների համար։ Կարևոր է նշել, որ մարդկության դեմ հանցագործությունն ավելի լայն իմաստ ունի, քան ցեղասպանությունը: Իրականում ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների օրինակներից է, որն այսօր տեղի է ունենում Արցախում (Լեռնային Ղարաբաղ)։

Իհարկե, Բաքվի կոալիցիան, հատկապես այս կոալիցիայի թաքֆիրական անդամները, մի քանի անգամ ռազմական հանցագործություններ են կատարել Կովկասում, գործողություններ, որտեղ նկատվում է ԻԼԻՊ-ի ու թաքֆիրականների ձեռագիրը, ինչը աննախադեպ է կովկասյան տարածաշրջանում։ Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ բազմիցս հրապարակված տեսանյութերում ականատես ենք եղել Բաքվի զինվորների (կարելի է փոխարինել թաքֆիրական ուժեր)  կողմից ղարաբաղցիների, այդ թվում՝ ծերերի գլխատման դրվագների։ 2022թ․ սեպտեմբերին Հայաստանի դեմ Բաքվի ուժերի հարձակման ժամանակ ականատես եղանք պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ զինվորների գլխատման տեսարանների։ Այս գործելաոճը վկայում է Բաքվի ուժերի մեջ ԴԱԻՇ-ի գաղափարախոսության և հենց ԴԱԻՇ-ի առկայության մասին։ Սրանք ինքնին տարածաշրջանում թաքֆիրների ներկայության վկայություններ են, որոնք Բաքվի իշխանությունները բազմիցս կեղծավորությամբ հերքել են, սակայն փաստերը այլ բան են ասում։ 

– Իրանցի փորձագետները, քաղաքական գործիչներն ու դիվանագետները միշտ ասում են, որ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչպես նաև վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ է խոսվել երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին: Ըստ Ձեզ՝ այս ոլորտում երկկողմ համագործակցության ի՞նչ հեռանկարներ կան, և ի՞նչ հիմնարար խնդիրներ կլուծվի ռազմաքաղաքական հարաբերությունների ակտիվացմամբ։   

– Միջազգային ասպարեզում հարաբերությունների ամենակարևոր և կայուն հարթության  հիմնական բաղադրիչները ժողովուրդներն են։ Կառավարական, հրամանատարական և նախագծային հարաբերությունները կարող են բարձր մակարդակի վրա լինել, բայց ստիպված վերափոխվել իշխանափոխության հետ։ Հետևաբար, Իրանի և Հայաստանի միջև երկարաժամկետ ծրագրերի համար պետք է ավելի ընդլայնվեն ժողովուրդների վրա հիմնված հարաբերությունները, ներառյալ մշակութային, զբոսաշրջային, տնտեսական և ակադեմիական հարաբերությունները: Բայց այսօր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ անհապաղ միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկել։ Երկարաժամկետ ծրագրերից բացի, պետք է սահմանվեն և կյանքի կոչվեն նոր օրակարգեր՝ տարածաշրջանի իրավիճակը բնականոն հուն վերադարձնելու համար։ Շատ կարևոր խնդիր է այն, որ պետք է զգույշ գնահատել սպառնալիքները, և դրանց լուծումները դիտարկել ըստ սպառնալիքների։ Այսօր տարածաշրջանի հիմնական տերերի դեմ ուղղված սպառնալիքները բազմակողմանի են և համակցված։ Այս սպառնալիքներին դիմակայելու համար, որոնք ունեն ինչպես ռազմական, այնպես էլ անվտանգային, ինչպես նաև մշակութային և սոցիալական ասպեկտներ, պետք է ընդլայնվի Իրանի և Հայաստանի համագործակցությունը բոլոր այս հարթություններում: Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի մուտքի մոտ երկու խաչած սրերի տակ խաղաղություն գրությամբ ցուցատախտակ կար, որն ինձ համար շատ ուսանելի ու հետաքրքիր էր։ Այսինքն՝ առանց սրի չի կարելի խաղաղություն հաստատել։

Համագործակցության ոլորտներից մեկը կարող է լինել Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողքին իրանցի խաղաղապահների ներկայությունը։ Ներկայում Լաչինի ճանապարհի շուրջ առկա վտանգների և Ռուսաստանի կողմից այդ խնդրին լուծում չտալու պայմաններում իրանցի խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը Կովկասում ավելի քան երբևէ զգացվում է։ Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր նախագծերում մշտապես ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները վերադարձնելը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը երաշխավորելու դիմաց։ ԻԻՀ-ի առաջնորդի հայտարարության մեջ ընդգծվել է բոլոր առումներով Ղարաբաղի հայերի անվտանգության պահպանումը։ Այս առումով, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել Ղարաբաղի անվտանգության երաշխավորներից մեկը՝ Ղարաբաղի կայուն խաղաղության համաձայնագրի համատեքստում։

– Ուկրաինական ճգնաժամի ազդեցությամբ աշխարհում մատակարարման ավանդական երթուղիների փոփոխության ֆոնին ի՞նչ դեր կարող է խաղալ Հայաստանը որպես Իրանին հարևան տարանցիկ երկիր, ի՞նչ օգուտներ կարող են ստանալ երկու երկրները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական իմաստով: 

– Միջազգային համակարգում լիբերալիզմի տիրապետության ներքո տնտեսական և տարանցիկ նախագծերը քաղաքական միավորների հիմնական առաջնահերթություններից են, այսինքն՝ հենց այս միջազգային համակարգն ու այն կառավարող մթնոլորտն է որոշում քաղաքական միավորների, մասնավորապես՝ կառավարությունների առաջնահերթությունները։ Ուստի յուրաքանչյուր երկիր, ըստ իր հզորության և կարողության, ցանկանում է մասնաբաժին ունենալ այդ նախագծերից, որպեսզի կարողանա մեծացնել իր աշխարհաքաղաքական կշիռը՝ միաժամանակ ապահովելով տնտեսական օգուտները։ Այսպիսով, այս նախագծերի հիմնական նպատակը ոչ թե տնտեսական, այլ լիովին քաղաքական է։ Նրանք միշտ փորձում են թույլ չտալ այլ երկրներին մասնակցություն ունենալ իրենց ծրագրերում կամ նույնիսկ մեկուսացնում են իրենց մրցակից/թշնամի երկրներին: Սա է միջանցքների կառավարման հիմնական տրամաբանությունը։ Այս համատեքստում կարելի է վերլուծել տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի դեմ։ Ամերիկյան բոլոր ծրագրերը տարածաշրջանում Իրանին ու Ռուսաստանին շրջանցելն են։ Նաև այս համատեքստում կարելի է վերլուծել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի դեմ։ Թեև տնտեսական առավելությունների տրամաբանությամբ Հայաստանով անցնող երթուղին ավելի հարմար է, քան Վրաստանի երթուղին, սակայն քաղաքական նկատառումներից ելնելով տեսնում ենք, որ որպես առաջնահերթություն մնում է վրացական ուղին։

Պետք է ուշադրություն դարձնենք կարևոր մի հարցի։ Այսօր «Զանգեզուրի միջանցք»  կեղծ անունով Ադրբեջանը Նախիջևանին կապող  հաղորդակցության ճանապարհի նախագիծը հիմնված է ոչ թե տնտեսական և տարանցիկ տրամաբանության, այլ երկրի բացման և քողարկված տարածքային նկրտումների տրամաբանության վրա։ Հենց Բաքվի տրամաբանությունն է խանգարում տարածաշրջանի երկրների տարանցիկ համագործակցությանը։ Ինչպես ասաց ՀՀ մեծարգո վարչապետ պարոն Փաշինյանը՝ «Խանգարող միակ խնդիրը, Ադրբեջանի շարունակական քննարկումն է, այսպես կոչված, միջանցքի շուրջ»։ Այսպիսով, քանի դեռ առաջնորդվում է այս տրամաբանությամբ, մենք կանգնած ենք լուրջ խոչընդոտների առջև։

Իր աշխարհագրական դիրքով Հայաստանը գտնվում է արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ միջանցքների խաչմերուկում։ Այս նախագծերից որևէ մեկի շահագործումը կարող է նպաստել այս երկրի շահերին։ Տնտեսական խթաններով այս ծրագրին մասնակցելը ցանկալի է և ողջունվում է միջազգային համակարգում։ Այսօր, եթե դիտարկենք տարածաշրջանի իրողությունները, ինչպես օրերս ասաց ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանը, Հայաստանի մասնակցությունը Հյուսիս-Հարավ միջանցքին ավելի հասանելի է։ 

Իրանի և Հայաստանի միջև այս ուղղությամբ տարբեր պայմանագրեր են ստորագրվել։ Բայց կարևոր խնդիր է երկու երկրների միջև կապի ենթակառուցվածքների իրավիճակը, որը չի համապատասխանում միջազգային տարանցման ստանդարտներին։ Եթե Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցության ենթակառուցվածքները լինեին բարվոք վիճակում, ապա այսօր այդ ճանապարհին կխաչվեին բազմաթիվ երկրների շահերը, և Բաքուն չէր կարողանա հեշտությամբ սպառնալ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քանի որ այդ սպառնալիքը շատ թանկ կարժենար Բաքվին՝ առաջացնելով միջազգային ու քաղաքական լուրջ հետևանքներ։

Սյունիքում կապի ուղիների ստանդարտացման համար Հայաստանի կառավարության ներդրումները, ինչպես նաև միջազգային ներդրումների ներգրավումը, այդ թվում՝ Հնդկաստանից, Իրանից, տնտեսական և աշխարհաքաղաքական մեծ օգուտներ կունենան Հայաստանի համար։

– Վերջին ամիսներին իրանական և ադրբեջանական կողմից երկուստեք լարվածություն էր նկատվում, ի՞նչ վիճակում են այժմ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները:

– Այս հարցին պատասխանելու համար Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է դիտարկել երկու տեսանկյունից. Բաքվի նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականության մեջ մշտապես եղել է սկզբունքային վերապահում։ Բաքուն միշտ չարաշահել է այդ վերապահումը։ 

Իրանի նկատմամբ Բաքվի վերաբերմունքում մի սկզբունք կա. այն է, որ Բաքուն որոշել է Իրանի հետ հարաբերություններում սահմանել նվազագույն և առավելագույն մակարդակ։ Լավագույն դեպքում հարաբերությունները չեն բարձրանում սահմանված առավելագույն մակարդակից, իսկ վատագույն դեպքում՝ չեն իջնում նվազագույն մակարդակից։ Այսօր Բաքվի հարաբերությունները մեզ հետ գտնվում են ամենացածր մակարդակի վրա, ուստի, վերը նշված տրամաբանությամբ, առաջիկա օրերին մենք պետք է տեսնենք հարաբերությունների վերադարձը համեմատաբար լավ մակարդակի։ Սակայն ներկայիս զարգացումներում չի նկատվում այս տեսությունը, և թվում է, թե գուցե Բաքուն պատրաստվում է Իրանի հետ հարաբերությունների նվազագույն մակարդակը էլ ավելի նվազեցնելու։ Բայց եթե հարաբերություններին նայենք Իրանի տեսանկյունից, ապա Իրանը միշտ բարյացակամ վերաբերմունք է ունեցել իր բոլոր հարևանների, հատկապես Ադրբեջանի նկատմամբ։ 

Ըստ Իրանի հեղափոխական կառավարության՝ Ադրբեջանը կրոնական, մշակութային, լեզվական և պատմական ընդհանրություններով Իրանին ամենամոտ երկիրն է։ Ուստի այս բաղադրիչների պատճառով մենք միշտ տեսել ենք Ադրբեջանի սխալների ու խառնակիչ գործողությունների նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականության անտեսումը ու վերապահ մոտեցումը։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի բազմաթիվ գործողություններն ու սխալները հերքվում էին Բաքվի իշխանությունների կողմից: Սակայն այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որը պատճառ է դարձել, որ Իրանը փոխի Ադրբեջանի նկատմամբ սահմանած իր վերապահության քաղաքականությունը: Նախ, Բաքուն այլևս չի հերքում շատ հարցեր։ Եթե երեկ Բաքվի պետական լրատվամիջոցները հակաիրանական բաներ էին գրում, ապա այսօր արդեն այս երկրի առաջին դեմքն է դատարկախոսում Իրանի դեմ։ «Սիոնիստական ռեժիմի» սպառնալիքները դարձել են շատ ավելի ակնհայտ ու լուրջ, և Բաքվի կողմից իր ապակառուցողական պահվածքի համար զղջում չի նկատվում։ Այս զարգացումները ցույց են տալիս երկու երկրների հարաբերություններում լարվածության աճի միտումը, և եթե այդ լարվածության ծուխը հասնի ադրբեջանական ժողովրդի աչքին, ապա այսուհետ իշխանության աչքերը պաշտպանված չեն լինի այդ ծխից։

Անշուշտ, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հատկապես հարևանության հետ բարիդրացիության քաղաքականության ներկայիս իշխանության օրոք, դրական է վերաբերվում իր հարևանների հետ համագործակցությանը և փորձում է լավագույն հարաբերություններն ունենալ այս քաղաքականությունը ողջունող հարևանների հետ:


[1] Ծայրահեղական և արմատական   իսլամական ուղղություն, որի անդամները մեղադրում են այլ մուսուլմանների հավատուրացության մեջ։ Մուսուլման ահաբեկիչների մեծ մասը թաքֆիրիզմի կողմնակիցներ են
[2] https://www.un.org/ru/law/icc/rome_statute(r).pdf