Հայաստանն ու Հնդկաստանը կարող են համագործակցել արտադրության ոլորտում

2 ր.   |  2023-01-12

Լաչինի միջացնքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի, տարածաշրջանում արձանագրվող ռազմաքաղաքական լարվածության, Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների վերաբերյալ «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցերին պատասխանել է հնդկական «India Foundation» հետազոտական կենտրոնի տնօրեն Ալոկ Բանսալը[1]:

– Պարոն Բանսալ, վերջին տարիներին նոր թափ է հաղորդվել հայ-հնդկական հարաբերություններին: 2021թ. հոկտեմբերին պատմության մեջ առաջին անգամ ՀՀ այցելեց Հնդկաստանի արտգործնախարարը: Իրենց հերթին Հնդկաստան են այցելել նաև ՀՀ արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը։ Մամուլը գրում է նաև ռազմական ոլորտում երկկողմ գործարքների մասին: Ըստ Ձեզ՝ հայ-հնդկական հարաբերություններն ի՞նչ ներուժ ունեն և դրանց խթանման համար ինչ պետք է անեն երկու երկրները:

Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության բազայի է վերածվում: Հայաստանն ունի որոշակի փորձ այս ոլորտում՝ որպես խորհրդային օրերից ժառանգություն: Երկու երկրները կարող են համագործակցել Հնդկաստանում արտադրական հաստատություններ ստեղծելու հարցում: Հայաստանը կարող է դիտարկել ռազմական որոշ տեխնիկա, հատկապես՝ ուղղաթիռներ, տանկեր և հրթիռներ ներկրելու հարցը։ Հայաստանը կարող է նաև դիտարկել ինչպես արտադրվող, այնպես էլ արդիականացվող հնդկական ռազմական ինքնաթիռների տարբերակը: Այնուամենայնիվ, Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամենաուժեղ բաղադրիչը միշտ լինելու է պատմամշակութային կապը, և այն պետք է ավելի շատ խթանել:

– Հայաստանում կառուցվում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի առանցքային երթուղիներից մեկը: Հնդկաստանն ինչպե՞ս է վերաբերվում հայկական երթուղու օգտագործմանը և ի՞նչ մասնակցություն կարող է ունենալ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը:

– Հնդկաստանը չափազանց հետաքրքրված է երթուղով և պատրաստ է աջակցել նախագծին, սակայն այս պահին նախագծի վրա տարբեր խոչընդոտներ են ազդում:

– Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցնի ռազմական գործողությունները և պահպանի հրադադարը։ Ի՞նչ նշանակություն ունի Հնդկաստանի համար Հարավային Կովկասն,ու Նյու Դելին ինչպե՞ս կարող է աջակցել տարածաշրջանում ուժային բալանսի վերականգնմանը:

– Հնդկաստանը միշտ աջակցել է խաղաղությանը և լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, ուստի կցանկանար, որ երկու երկրները բարեկամաբար լուծեին խնդիրը երկկողմ կամ նախկին խորհրդային այլ պետությունների աջակցությամբ։                                    

– 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Հայաստանն ու Արցախը (Լեռնային Ղարաբաղ) իրար կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը շրջափակման մեջ է հայտնվել: Նրանք զրկված են դեղորայք, սննդամթերք և հումանիտար այլ աջակցություն ստանալու հնարավորությունից: Ի՞նչ մակարդակում է Հնդկաստանում խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը, և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հնդկաստանը ճգնաժամի հանգուցալուծման հարցում։

Ցավոք, խնդիրը Հնդկաստանում համարժեք ուշադրության չի արժանացել: Որպես մարդասիրական քայլ, ես կդիմեի միջազգային հանրությանը, որպեսզի ապահովի, որ Լաչինի միջանցքը վերաբացվի մարդասիրական բոլոր մատակարարումների համար: Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի խնդիրը համարժեք հանրայնացնելու համար։


[1] Ներկայացված տեսակետները չեն արտահայտում Հնդկաստանի կամ «India Foundation» կենտրոնի դիրքորոշումը, այլ հեղինակի անձնական դիտարկումներն են: