Արցախի օկուպացված մշակութային ժառանգության հիմնախնդիրը

18 ր.   |  2022-10-31
Մաս 1 

Ա րցախյան երկրորդ պատերազմի՝ հայկական կողմի համար ծանրագույն հետևանքների և հետպատերազմյան իրողությունների համատեքստում խիստ արդիական են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը վերաբերող հրատապ հարցերը։ Մասնավորապես, այդ ժառանգության շարունակական թիրախավորման քաղաքականությունն այն էական բաղադրիչներից է, առանց որի հնարավոր չէ լիարժեք բնորոշել Արցախյան հիմնախնդիրը և ընդհանրապես ադրբեջանա-հայկական հակամարտ հարաբերությունները։ Ինչպես նաև, առանց այդ քաղաքականության հակազդման ու կանխարգելման, գործնականում հնարավոր չէ հակամարտության խաղաղ ու հիմնարար հանգուցալուծում գտնելու հեռանկար ակնկալել։ Ըստ այդմ, փորձենք ընդհանուր գծերով ամփոփել վերջին երկու տարվա ընթացքում առկա իրավիճակն իր բոլոր կողմերով․ ներկայացվող հոդվածի առաջին մասում նկարագրվում է հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունն ու Հայաստանի կողմից դրա հակազդեցության ներկա պատկերը, երկրորդ մասում կներկայացվեն հիմնախնդրի վերաբերյալ միջազգային արձագանքներն ու դրանց որոշ ասպեկտներ։

Արցախի գրավյալ տարածքների հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը Ադրբեջանի պետական քաղաքականության թիրախում

Ա կնհայտ է, որ 2020 թ․ պատերազմի արդյունքներն օգտագործելով՝ Բաքուն ձգտում է անշրջելիորեն իր ավարտին հասցնել դեռևս խորհրդային ժամանակներում[1] սկիզբ առած՝ հայկական պատմական ներկայության ու թողած ժառանգության ժխտման, բռնայուրացման և ոչնչացման իր նախընթաց համակարգային քաղաքականությունը։ Այն ուղղակիորեն բխում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի թշնամական, գաղափարաբանորեն մշակված ու հստակ ռազմավարությամբ վարվող ընդհանուր քաղաքականությունից։ Ըստ այդմ, հայկական պատմամշակութային ժառանգության թիրախավորումը, ինչպես ընդգծում է մշակութաբան, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, նույնպես իրականացվում է հստակ սահմանված առաջնահերթություններով, որոշակի փուլերով ու գործադրվող կոնկրետ մեխանիզմներով[2]։

Կարևոր է նշել, որ հետպատերազմական շրջանում ադրբեջանական թիրախավորման քաղաքականության ամբողջական ծավալների պատկերը չունենք, իսկ մինչև այժմ հայտնի փաստական տվյալները հիմնականում երկու աղբյուրից են։ Առաջինը անմիջականորեն ադրբեջանցիների կողմից արված լուսանկարներն ու տեսանյութերն են, որոնք տարածվում են ադրբեջանական սոցիալական ցանցերում կամ ԶԼՄ-ներում։ Մյուսը «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) հետազոտական հարթակն է, որտեղ բարձր որակի արբանյակային պատկերների միջոցով որոշակի պարբերականությամբ վավերացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության վիճակի փոփոխությունները[3]։  Այդուհանդերձ, 2020 թ․ հոկտեմբերից ի վեր արդեն իսկ փաստագրված մի քանի տասնյակ օրինակներն առավել քան բավարար են Ադրբեջանի կողմից թիրախավորման քաղաքականության լիարժեք պատկերն արձանագրելու համար։

  • Ադրբեջանի առաջնային թիրախներից է հատկապես Արցախի ազատագրումից հետո, ինչպես նաև դրան նախորդող՝ խորհրդային շրջանում ստեղծված մշակութային այն ժառանգությունը, որն ընդգրկում է հայ ազգային ու կրոնական ինքնությունը խորհրդանշող, ազգային գործիչներին, զինվորականությանն ու ռազմական հաղթանակներին նվիրված հուշարձաններն ու կոթողները, արդի հայ մշակույթի այլ արժեքներ (մանրամասները՝ ստորև ծանոթագրությամբ[4])։ Որպես կանոն, դրանք ֆիզիկապես ոչնչացվում են՝ ենթարկվելով մասնակի կամ ամբողջական ավերման ու վանդալիզմի։

Նույն կերպ, ուղղակիորեն ոչնչացվում են նաև Արցախի հետազատագրական շրջանի նորակառույց եկեղեցիները, որոնք ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է որպես հայերի «օկուպանտական ժառանգություն»։ Ակնառու օրինակներից է Մեխակավանի եկեղեցու հիմնահատակ ավերումը, ակնհայտ է նաև, որ փաստացի նման բախտի են արժանանալու 2022 թ․ օգոստոսից Ադրբեջանի վերահսկողությանը թողնված Բերձորի և Աղավնոյի, թերևս նաև՝ Հադրութի Քարագլուխ գյուղի եկեղեցիները (կամ ավերում կամ վերածում մզկիթի)։

  • Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հայկական կրոնական ժառանգության (եկեղեցական կառույցներ, խաչքարեր, տապանաքարեր և այլն) նկատմամբ հետևողականորեն կիրառվում է դրանց հայկականության ժխտման և այդ ժառանգության ձևափոխման, բռնայուրացման ու ոչնչացման մեխանիզմների՝ վերոնշյալ ռազմավարությունից բխող ամբողջ զինանոցը։

Ադրբեջանի համար սկզբունքային նշանակություն ունեցող թիրախներից մեկն այս առումով Շուշին է։ Դեռևս 2020 թ․ հոկտեմբերին Ադրբեջանը, զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի բոլոր նորմերը դիտավորությամբ խախտելով[5], կրկնակի հրթիռակոծությամբ խոցեց Արցախի և համայն հայության պատմամշակութային ու կրոնական ժառանգության գլխավոր խորհրդանիշերից մեկը հանդիսացող Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Քաղաքի օկուպացիայից հետո ադրբեջանական հստակ ռազմավարությամբ իրականացվում է սբ․ Ղազանչեցոց ու Կանաչ ժամ եկեղեցիների բռնայուրացում՝ ժխտվում է դրանց հայկականությունը և միանգամայն շինծու կերպով վերագրվում են Ադրբեջանի ռուսական ուղղափառ ժառանգությանը[6], ենթարկվում են ավերմանվանդալիզմի ու կեղծ «վերականգնումների», վերացվում են իսկության տարրերն ու վկայությունները։

  • Իսկ ընդհանրապես, հայկական կրոնական հուշարձանների ժառանգության՝ հայերից օտարման ադրբեջանական քաղաքականության առանցքում նախքան 19-րդ դարը (որոշ դեպքերում նաև 19-րդ դարում) կառուցված քրիստոնեական կառույցների շինծու վերագրումն է աղվանական (կամ, համեմատաբար ուշ կառուցվածների դեպքում, ուդիական) ժառանգությանը․ դրա հիմքում այն քարոզչական կանխադրույթն է, թե Արցախի տարածքում նախքան այդ «հայեր չեն եղել և ոչինչ չեն կառուցել»։ Այդ կերպ եկեղեցիների հայկականության ժխտման ուղղակի հետևանքը դրա հետքերի ու վկայությունների (շինարարական արձանագրությունների, արձանագիր տապանաքարերի, խաչքարերի ու զուտ հայկական ճարտարապետա-հորինվածքային տարրերի) ոչնչացման պետական ամենաբարձր մակարդակով ղեկավարվող ծրագիրն է։ Դրա վառ օրինակներից է դեռևս 2021 թ․ մարտին Ծակուռիի եկեղեցի այցելած Ադրբեջանի նախագահի ուղիղ ցուցումը՝ կառույցի աղվանականացման և հայերեն արձանագրությունը վերացնելու վերաբերյալ։ Փաստագրված են նաև Թալիշի սբ․ Ամենափրկիչ եկեղեցու, Հադրութի Սուրբ Խաչ վանքի և սբ․ Հարություն եկեղեցու, Ավետարանոցի Կուսանաց անապատի (որտեղ վանդալիզմի է ենթարկվել նաև մելիք Շահնազարյանների տոհմական տապանատունը) այդօրինակ թիրախավորումները։

Ավելին, դատելով 2022 թ․ փետրվարին Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ «աղվանական տաճարներից» «հայերի ավելացրած կեղծ հետքերը» ջնջելու նպատակով հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունից՝ հայկական պատմական ու մշակութային հետքերն իսպառ բնաջնջելու գործընթացը սպառնում է բռնազավթված տարածքների անխտիր բոլոր քրիստոնեական հուշարձաններին։ Մասնավորապես, թեև Հադրութի, ինչպես նաև նախապատերազմյան Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններում, Մարտակերտի շրջանի օկուպացված հատվածներում բազմաթիվ կառույցների, ինչպես նաև խաչքարերի, տապանաքարերի ներկա վիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան, սակայն անկասկած է, որ դրանց իսկությունն ու պատմականությունը փաստող տարրերը կամ արդեն իսկ վնասված ու ոչնչացված են, կամ առնվազն լրջորեն վտանգված են։ Թերևս առավել վտանգված են այն հուշարձանները, որոնք դեռևս խորհրդային շրջանում դիտավորությամբ ու էականորեն վնասվել են ադրբեջանցիների կողմից (Վարազգոմի եկեղեցի, Վանքասարի եկեղեցի, Կատոսավանք և այլն):

  • Օտարման ու բռնայուրացման վերոնշյալ մեխանիզմներին զուգահեռ, առայսօր արձանագրված են նաև այդ ժառանգության խաթարման «ստանդարտ» դրսևորումներ։ Մասնավորապես, նույնիսկ այն սակավաթիվ օրինակների պարագայում, երբ 19-րդ դ․ և ավելի ուշ կառուցված առանձին եկեղեցիների վերաբերյալ [դեռևս] չեն արվել կամ հայտնի չեն դրանց հայկականությունը ժխտող ու ժառանգության յուրացման մասին հայտարարություններ, այդ եկեղեցիները, միևնույն է, նույնպես զերծ չեն մնացել ադրբեջանական զինվորականների կամ քաղաքացիական անձանց կողմից վանդալիզմի ու պղծման դեպքերից (օրինակներ՝ ՔարինտակիՄեծ ԹաղերիՋրաղացների եկեղեցիները, Մատաղիսի սբ․ Գրիգոր Լուսավորիչ մատուռն ու շրջակա խաչքարերը)։

Հայկական ժառանգությունն ամեն կերպ թիրախավորելու տիպիկ օրինակ է Մատաղիսի սբ․ Եղիշա եկեղեցու դեպքը․ նախ այն, որպես հայկական եկեղեցի, պղծվել է ադրբեջանցի զինվորականների կողմից, իսկ արդեն ավելի ուշ, 1892-98 թթ․ կառուցված եկեղեցին սկսել է ներկայացվել որպես «հայերի կողմից վերափոխված՝ 5-րդ դարի աղվանական եկեղեցի», իսկ Ադրբեջանի քրիստոնյա ուդիական համայնքի ներկայացուցիչներն այնտեղ «Ադրբեջանի զինված ուժերի տարեդարձի առթիվ» անօրինական ծիսակատարություններ են կատարում։ Առհասարակ, Ադրբեջանն ուդիական համայնքի գործոնն ակտիվորեն շահագործում է հայկական եկեղեցական ու խաչքարային ժառանգությունը հայերից օտարելու մարտավարության մեջ (Դադիվանք, Ծիծեռնավանք, Վարազգոմի եկեղեցի, Տողի սբ․ Հովհաննես և այլն)։

  • Արցախում հայերի դարավոր ու շարունակական բնակությունը փաստող հետքերի ոչնչացման միտումով թիրախավորվում են նաև հայկական գերեզմանոցները՝ այդ նպատակով որպես հարմար առիթ օգտագործելով նաև բռնազավթված տարածքներում սկսված ճանապարհաշինական աշխատանքները։ Այսպես, միայն 2021 թ․ փաստագրված տվյալներով, հիմնովին ավերվել են Մեծ Թաղերի՝ 19-րդ դ․ սկզբից գործող գերեզմանոցը, նաև պատմամշակութային հուշարձաններ ու բազմաթիվ բնակելի տներ, Սղնախի՝ 18-րդ դ․ կեսերից գործող գերեզմանոցը, Թաղավարդ գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցուն հարող թաղամասը, մասամբ կամ ամբողջովին վնասվել է Շուշիի հյուսիսային գերեզմանոցը (գործել է 1834-1920 թթ․), որոշակի տվյալներ կան նաև Փառուխ գյուղի մերձակա Կալեն խութ միջնադարյան գերեզմանոցի ավերման մասին։ Վանդալիզմի են ենթարկվում նաև ժամանակակից՝ 20-21-րդ դդ․ գերեզմանատները, իսկ գերեզմանաքարերը հաճախ օգտագործվում են որպես շինանյութ։
  • Հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի թշնամական քաղաքականության կիզակետում դարձյալ պետք է առանձնացնել բռնազավթված Շուշիի դեպքը: Պատերազմի ավարտից անմիջապես ի վեր Ադրբեջանի պետական քաղաքականությունն այստեղ ողջ թափով ուղղված է Շուշիի հայկական պատմամշակութային ամբողջ միջավայրի տոտալ ձևափոխմանն ու բռնայուրացմանը։ Ակնհայտ է, որ, հայկական եկեղեցիների և այլ կառույցների՝ վերը թվարկված բոլոր մեխանիզմներով թիրախավորման օրինակով, խնդիր է դրված ամբողջովին ձերբազատվել Շուշիի հայկական դիմագծից ու հետքերից, դարձնել այդ քաղաքը Արցախի ադրբեջանական օկուպացիայի հաղթական հուշարձան ու ցուցադրական նմուշ։

Մյուս կողմից, Ադրբեջանն ամեն ինչ անում է Շուշիում իր այդ քաղաքականության միջազգային ճանաչումն ապահովելու համար՝ մի բան, որը [դեռևս] նկատելի չէ Արցախի այլ տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման ու բռնայուրացման օրինակներում։ Մինչդեռ Շուշիի բռնի ադրբեջանականացման միջազգային «լեգիտիմացման» ուղղությամբ Բաքուն, դիվանագիտական տարբեր այցերից ու այլ քայլերից զատ, մասնավորապես հենց մշակութային բռնայուրացման համատեքստում արդեն հասցրել է ձեռնարկել մի շարք հեռահար քայլեր՝ քաղաքը հռչակել որպես «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք», առաջադրել ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ստեղծարար քաղաքների ցանցում», կազմակերպել միջազգային զանազան համաժողովներ ու միջոցառումներ՝ այդ թվում նաև ՄԱԿ-ի բարձր հովանու ներքո։

  • Վերջապես, հայկական պատմամշակութային նյութական ժառանգության օտարման, բռնայուրացման ու ոչնչացման քաղաքականության համատեքստում շարունակվում են պատմության ու մշակույթի դեմ ուղղված ադրբեջանական տարատեսակ կեղծարարությունները։ Հայկական ցանկացած հետք ամեն կերպ ժխտելու մոլուցքը դրսևորվում է հին ու նոր քարոզչական թեզերով՝ ընդ որում, կեղծարարության սեփական ջանքներն ու մեխանիզմները հայելային կերպով վերագրելով հայկական կողմին։ Օրինակ, Արցախի Տիգրանակերտի՝ պեղումներով հանգամանորեն փաստված պատմական իսկությունը պիտակվում է որպես «հայերի հորինվածք»[7], իսկ Արցախի տարածքում խաչքարային ամբողջ պատմական ժառանգությունը ներկայացվում է մերթ որպես հայերի կողմից «արհեստականորեն հնեցված ու հետո տեղադրված», մերթ էլ ուղղակիորեն որպես «աղվանական»[8]։ Ակնհայտ է, որ նման անհեթեթ թեզերի նպատակը հայկական ժառանգության նկատմամբ արդեն կատարված ու հետագա հարձակումների «գաղափարական հիմնավորումն է»։

Ամփոփելով վերը նկարագրված փաստերը՝ կարելի է միանշանակ արձանագրել, որ Ադրբեջանի կողմից իր տիրապետության տակ գտնվող (պատմականորեն հայաբնակ) տարածքներում հայկական ներկայության, ինքնության ու թողած պատմական ժառանգության դեմ տասնամյակներ ի վեր իրականացրած «մշակութային» պատերազմը հատկապես 2020 թ․ հետո Արցախում շարունակում է մոլեգնել նոր թափով՝ ընդհուպ դրսևորվելով մշակութային զտման (Cultural cleansing) և մշակութային ցեղասպանության (Ethnocide) մակարդակով[9]։   

Ավելին, փաստացի չեզոքացնելով Արցախի մշակութային ժառանգությունը և այդ ժառանգությանը տեր կանգնելու անկարողության զգացում հրահրելով՝ դրանով իսկ Ադրբեջանը ձգտում է ոչնչացնել իր դարավոր հայրենիքում Արցախի բնիկ հայ բնակչության հավաքական ինքնության ու հիշողության շարունակականությունը, խաթարել նրա սոցիալական կառուցվածքն ու պրակտիկաները[10]։ Ակնհայտ է, որ էթնիկ (ժողովրդագրական) և մշակութային զտման այս ամբողջ տևական քաղաքականության (որը նաև հետևողականորեն «ցեմենտվում» է ընդհուպ մինչև պետական ամենաբարձր մակարդակով դրսևորվող հայատյացությամբ ու թշնամանքի քարոզչությամբ[11]) վերջնանպատակը Արցախի լիակատար նախիջևանացումն է։

Հայաստանի հակազդեցության ներկա վիճակն ու հիմնական ուղղությունները

Ա րցախում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության դեմ Ադրբեջանի վերոնշյալ քաղաքականությունը Երևանի համար լրացուցիչ, միևնույն ժամանակ շատ զգայուն մարտահրավեր է Արցախի հիմնախնդրին և առհասարակ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հետպատերազմական օրակարգում։ Բացի հայկական կողմի համար հարցի բարոյական նշանակությունից, այն ունի ավելի լայն՝ իրավաքաղաքական սկզբունքային նշանակություն․ Արցախում Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանական քաղաքականությունը (ինչպես նաև առհասարակ հայատյացության այլ դրսևորումները) լուրջ սպառնալիք է արցախահայության ապագայի ու Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությունից զերծ հատվածի հետագա ճակատագրի համար։

Հետևաբար, նաև հայկական կողմի հակազդեցության արդյունավետությունից են կախված ադրբեջանական այդ քաղաքականության դադարեցումն ու հետագայում ևս կանխարգելումը։ Կարևոր է դիտարկել, թե պատերազմի ավարտից ի վեր ինչ իրավիճակ ունենք Հայաստանի մոտեցումների ու գործողությունների առումով, այդ թվում նաև՝ հետպատերազմական շրջանում իրավաքաղաքական հայտնի զարգացումների ու փոփոխությունների համատեքստում։     

Այսպես, պատերազմին անմիջապես հաջորդած ժամանակահատվածում Հայաստանը փորձեց օրակարգ բերել Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության դեմ ոտնձգությունների կանխարգելման և պահպանության հիմնախնդիրը։ Ընդ որում, կիրառվել են ինչպես արտաքին քաղաքական-դիվանագիտական, այնպես էլ միջազգային ու ներպետական[12] իրավական գործիքակազմերը։

Մասնավորապես, ՀՀ վարչապետի և արտաքին գործերի նախարարի մակարդակներով ժառանգության պահպանության կարևորության հարցը ներկայացվել է հիմնականում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների դեսպանների, միջազգային մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչների հետ հետպատերազմական իրավիճակի վերաբերյալ տարբեր ձևաչափերով պաշտոնական շփումներում[13]։ Ուշագրավ է, որ երկկողմ միջպետական մակարդակով հայկական կողմը խնդիրն ինտենսիվորեն քննարկել է հատկապես Ֆրանսիայի հետ՝ ի դեմս նախագահ Է․ Մակրոնի, ԱԳ նախարարի, այդ երկրի օրենսդիր իշխանության ղեկավարների և այլ պաշտոնական ներկայացուցիչների։ Ընդ որում, եթե հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո հայկական կողմը անհապաղ քայլեր ձեռնարկելու հրատապության վերաբերյալ որպես հիմնական փաստարկ (12) էր ներկայացնում հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի նախընթաց կործանարար քաղաքականությունը (հատկապես Նախիջևանի օրինակով), ապա կարճ ժամանակ հետո արդեն՝ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության թիրախավորումների արձանագրված փաստերը (12):

Որպես ադրբեջանական թիրախավորումներից հայկական ժառանգության պաշտպանության հիմնական միջազգային մեխանիզմ՝ Երևանն ի սկզբանե դիտարկում է ՅՈւՆԵՍԿՕ-ի ներգրավվածությունը։ Դեռևս 2020 թ․ նոյեմբերի 18-ին կազմակերպության Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պաշտոնապես առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական փաստահավաք առաքելություն ուղարկել հակամարտության գոտի՝ մշակութային ժառանգության նշանակալի նմուշների ցուցակագրում իրականացնելու նպատակով[14]։ Սակայն Ադրբեջանը փաստացի մերժում և տապալում է դրա իրագործումը։ Այնուամենայնիվ, 2020 թ․ ի վեր Հայաստանը պարբերաբար շեշտել է (123) կազմակերպության փաստահավաք առաքելության անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը և այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը[15]։

Ադրբեջանական քաղաքականությանը հակազդելու Հայաստանի քաղաքական հանձնառությունը արձանագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում և  Կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրում։ Այսպես, Կառավարության ծրագրում ամրագրվել է, որ Արցախի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է։ Իսկ 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրում, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ակնկալվող արդյունք, նախատեսվել է «Արցախի ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանությունկրոնական սրբատեղիներ մուտքի ապահովում»[16]։ Հարկ է նշել սակայն, որ հայկական վերահսկողությունից դուրս մնացած կրոնական սրբատեղիների մուտքի ապահովման հարցը հիմնականում փաստացի չի շոշափվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության շուրջ Հայաստանի արտաքին քաղաքական, դիվանագիտական օրակարգում։ (Թերևս միակ բացառությունը պատերազմին անմիջապես հաջորդած շրջանում Դադիվանքի վանական համալիրի՝ հայ հոգևորականների ծառայության շարունակման և հայ հավատացյալների մուտքի ապահովման հետ կապված հարցերի արծարծումն էր․ հետագա շրջանում, ինչպես հայտնի է, այդ հարցում հայկական կողմը փաստացի պարբերաբար տարբեր լուրջ խնդիրների է բախվում)։

Ըստ էության, դիվանագիտական դաշտում քննարկվող խնդրի առնչությամբ պաշտոնական Երևանի քաղաքականությունը հիմնականում հանգում է ՅՈւՆԵՍԿՕ-ի, նաև այլ միջազգային կազմակերպությունների (Եվրոպայի խորհուրդ[17]ԵԱՀԿ ԽՎ, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կառույցների ու կազմակերպությունների) հարթակներն օգտագործելով՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող (այդ թվում նաև՝ միջազգային գործնական արձագանքի փաստացի բացակայության) հիմնախնդիրները միջազգային օրակարգում ակտիվ պահելուն և դրանց վերաբերյալ իրազեկմանը[18]։

Ինչ վերաբերում է հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության նկատմամբ ադրբեջանական հարձակումների հակազդման միջազգային իրավական գործիքակազմին, ապա այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է դեռևս Արցախում ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո՝ 2020 թ․ նոյեմբերի 11-ին։ Պաշտոնական նամակով դիմելով Ադրբեջանի Հանրապետությանը՝ Հայաստանը, նշելով, որ «վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները», կոչ է արել դադարեցնել, ի թիվս այլնի, մշակութային ժառանգություն հանդիսացող կոթողներ մուտք գործելու և դրանցից օգտվելու՝ էթնիկ հայերի իրավունքների խախտումները։ Իսկ արդեն 2021 թ․ սեպտեմբերի 16-ին ՀՀ-ն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան գանգատ ներկայացրեց ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով, միաժամանակ Դատարանին խնդրելով կիրառել մի շարք հրատապ միջոցներ: 2021 թ. դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցների վերաբերյալ իր հրապարակած որոշմամբ Ադրբեջանին պարտադրեց, ի թիվս այլնի, «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, ուղենիշային պատկերների, գերեզմանատների և այլ ցուցանմուշների հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները»։

Արդարադատության միջազգային դատարանի այդ՝ սկզբունքային կարևորության որոշումից հետո, հաշվի առնելով հայկական ժառանգության դեմ Ադրբեջանի շարունակվող հարձակումները (որպես վառ օրինակ՝ 2022 թ․ փետրվարին մշակույթի նախարարության կողմից վերոնշյալ հատուկ աշխատանքային խմբի ստեղծման փաստը), Հայաստանն ընդհուպ վարչապետի մակարդակով պարբերաբար հղում է կատարում այդ որոշմանը։ Այնուամենայնիվ կարելի է փաստել, որ պաշտոնական Երևանին դեռևս չի հաջողվել այն արդյունավետ գործիք դարձնել դիվանագիտական հարթության մեջ խնդրի վերաբերյալ Հայաստանի առաջնահերթություններն առաջ մղելու համար, այդ թվում` առաջին հերթին հենց ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը թույլ տալու համար Ադրբեջանի վրա էֆեկտիվ միջազգային ճնշում զարգացնելու համատեքստում։

Այսպիսով, ամփոփելով կարելի է նշել, որ հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Բաքվի հանցավոր քաղաքականության նկատմամբ Հայաստանի հակազդման առումով առանձնանում են երկու՝ փաստացի զուգահեռ միտումներ։ Արտաքին քաղաքական, դիվանագիտական հարթության մեջ պաշտոնական Երևանը հիմնականում ապավինում է որոշակի միջազգային խողովակներով խնդրի հրատապությունը մշտապես օրակարգում պահելու և Ադրբեջանի գործողություններին միջազգային համարժեք արձագանք ապահովելու մարտավարությանը։ Սակայն դա դեռևս որևէ շոշափելի արդյունք չի տվել Ադրբեջանի հետագա թիրախավորումները կանխարգելելու, առավել ևս՝ արդեն իսկ կատարածների համար պատասխանատվություն կրելու հարցերում։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող միջպետական դատական հայցի համատեքստում Հայաստանը, Ադրբեջանին վերաբերող միջանկյալ որոշմամբ նախնական հաջողության հասնելով, պոտենցիալ հնարավորություն է ստացել՝ վերածելու այն դիվանագիտական հաղթաթղթի։ Սակայն ակնհայտ է, որ այդ երկու զուգահեռ գործընթացների միջև անհրաժեշտ փոխկապակցվածության մակարդակը դեռևս ցածր է։ Մյուս կողմից, կարևոր է արձանագրել նաև, որ հետպատերազմական շրջանում Արցախի հիմնախնդրի և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ներկա տրամաբանության համատեքստում հայկական մշակութային ժառանգությանն առնչվող խնդիրները փաստացի բացակայում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի օրակարգում։ 


[1] Տես՝ Հ․ Պետրոսյան, Հ․ Մուրադյան, Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում, Եր․, 2022, էջ 20-24։ Վ․ Սաֆարյան, Արցախի մշակութային ժառանգության օտարացման և յուրացման մեթոդաբանությունը Ադրբեջանի պատմագիտության մեջ, Հայագիտական հանդես, 1 (2010), ԱրՊՀ, Ստեփանակերտ, էջ 147-155։ Շ․ Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության անատոմիան, Ստեփանակերտ, 2003, էջ 194-214։

[2] Ավելորդ չէ նշել, որ ադրբեջանական այդ քաղաքականությունը տասնամյակներ շարունակ դրսևորվում է ոչ միայն բուն Արցախում՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքում, այլև ԼՂԻՄ-ին ու Հայաստանին հարակից՝ պատմականորեն հայկական շրջաններում, Նախիջևանում և այլուր։

Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման ու ոչնչացման մեխանիզմների վերաբերյալ մանրամասն տես՝ Հ. Պետրոսյան, Մշակութային էթնոցիդն Արցախում (մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմը) // Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ, Շուշի, 2010, էջ 137-149։ Լ․ Կիրակոսյան, Մշակութային եղեռն (Արցախի ճարտարապետական հուշարձանների օրինակով), Հայագիտության հարցեր, 1, Եր., 2014, էջ 107-119 (արխիվացված տարբերակ՝ 31․07․2022)։ H. Petrosyan, Ethnocide in Artsakh: The Mechanisms of Azerbaijan’s Usurpation of Indigenous Armenian Cultural Heritage // Cultural Heritage. Experiences & Perspectives in International Context, Yerevan, 2020, pp. 79-90․

[3] Հայկական մշակութային ժառանգության ադրբեջանական թիրախավորումների վերաբերյալ փաստերի հավաքագրման ու վավերացման արժեքավոր ռեսուրսներ են նաև «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) հայկական անկախ ակադեմիական հարթակը և Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների փաստագրման War.karabakhrecords.info կայքը։

[4] Մասնավորապես, այդ կերպ թիրախավորվում են՝ ա) Արցախյան առաջին պատերազմի մասնակից ազատամարտիկներին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին նվիրված հուշահամալիրները (ՇուշիումՔարինտակումՀադրութումԱզոխումՏողումՄեծ ԹաղերումԱկնաղբյուրումԱվետարանոցում, Մադաթաշենում, Թաղավարդում, Զարդանաշենում, Մոխրենեսում և այլուր), բ) նշանավոր հայ գործիչների հուշարձանները (Վ․ Սարգսյանի և Հ․ Թևոսյանի (Շուշի), Թ․ Ստեփանյանի (Տումի), Ա․ Խանփերյանցի (Մեծ Թաղեր)), գ) խաչքար-հուշակոթողներ (ԹալիշումՄատաղիսումՈրոտանումԱռաքել գյուղում և այլուր), դ) մշակութային այլ արժեքներ (Շուշիի «Քանդակների պուրակը»Երկրաբանական թանգարանը, Մադաթաշենի դպրոցն ու մշակույթի տունը և այլն

[5] Տես՝ Ա․ Տիգրանյան, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման դեպքի քննություն․ Պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային սկզբունքների դիտանկյունից, Վէմ համահայկական հանդես, 2 (75), 2022։

[6] Տես նաև՝ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու և այնտեղ կազմակերպված անօրինական ծիսակատարության մասին (15.07.2021); Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ (30.05.2022)․ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH)։

[7] Նորից և նորից. Տիգրանակերտը և Տիգրանակերտի արշավախումբը Ադրբեջանի պրոպագանդայի թիրախում (23.08.2022); Արցախի Տիգրանակերտը կա՝ անկախ նրանից, թե ինչ է ասում այդ մասին ադրբեջանական պրոպագանդան (27.07.2022)․ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH)։

[8] Որտեղի՞ց է ադրբեջանական պրոպագանդան վերցրել «հայերի հնեցրած խաչքարերի» նկարները. հերթական զեղծարարության շուրջ (27.07.2022); «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները (23.11.2021); Ադրբեջանական հերթական զավեշտը. հայերը 19-րդ դարում «գրիգորյան» խաչքարեր են ագուցել Արցախի եկեղեցիների պատերում՝ դրանով փորձել հայկականացնել «աղվանական» ժառանգությունը (11.09.2022)․ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH)։

[9] Տես՝ Ա․ Տիգրանյան, Արցախահայության նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մեխանիզմները․ Արդի միջազգային-իրավական համակարգում, Վէմ համահայկական հանդես, 3 (75), 2021, էջ 166։

[10] Ա․ Տիգրանյան, Արցախահայության նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մեխանիզմները․ Արդի միջազգային-իրավական համակարգում, էջ 164-168։ Ա․ Տիգրանյան, Արցախահայության ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մեխանիզմները․ Արդի միջազգային-իրավական համակարգում, էջ 205, 219-220։ Հ․ Պետրոսյան, Ադրբեջանական քաղաքականության մասին համառոտ․ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH)։

[11] Տես՝ Մ․ Մելքոնյան, Հայատյացության դրսևորումներն ու «ատելության խոսքն» Իլհամ Ալիևի ելույթներում, Արևելագիտության հարցեր, 20, 2021, էջ 72-86։ Տես նաև՝ Ատելության խոսք և ռասիստական քարոզչություն Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից; Լրատվամիջոցներում և համացանցում ատելության և թշնամության քարոզչություն․ Արցախյան հակամարտության և Ադրբեջանական Հանրապետության կողմից թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ (Մասնագիտական կարծիք), Եր․, 2017, էջ 14-28։

[12] Դեռևս 2020 թ․ նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։ Իսկ 2021 թ․ սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՀՀ տարբեր իրավասու մարմինների կողմից հարուցված բազմաթիվ քրեական գործերի շրջանակներում, հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու բազմաթիվ դեպքերի առնչությամբ, որպես մեղադրյալ ներգրավվել են նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ու ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Սակայն հետագայում ինչպես քրեական գործերի ընթացքի, այնպես էլ ընդհանրապես Ադրբեջանի կատարած հանցագործությունների նկատմամբ հայկական կողմի ներպետական իրավական արձագանքի շարունակականության վերաբերյալ նոր տեղեկատվություն հայտնի չէ։

[13] Մասնավորապես, պատերազմի ավարտից անմիջապես հետո և հետագա ամիսների ընթացքում ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարն այդ հարցը պարբերաբար բարձրացրել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի (12), ԵԱՀԿ գործող նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շ․ Միշելի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժ․ Բորելի (12), Եվրախորհրդի,

[14] Այդ համատեքստում Օդրի Ազուլեն հղում է կատարել խնդրի վերաբերյալ իրավական տեսանկյունից էականորեն կարևոր՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի և դրան կից երկու արձանագրությունների (12), ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ 2347 (2017) բանաձևի դրույթներին։

[15] ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ներգրավվածությունն ապահովելու համար Հայաստանը դեռևս 2020 թ․, որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեի անդամ, Կոմիտեի աշխատանքների շրջանակներում որոշման նախագիծ է ներկայացրել՝ փորձելով լուծում տալ Հաագայի 1954 թ․ Կոնվենցիային կից Երկրորդ արձանագրության՝ վերահսկման գործառնական մեխանիզմի բացակայության հարցին։ 

[16] ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիր, էջ 121։

[17] տես՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 2021 թվականի հաշվետվություն, էջ 81-82։

[18] Մասնավորապես ԱԳՆ կողմից 2021 թ․ ՅՈւՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի քարտուղարությանն է ներկայացվել Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, սրբապղծման, դրանք աղվանական ներկայացնելու ստահոդ թեզերի վերաբերյալ զեկույց․ տես՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 2021 թվականի հաշվետվություն, էջ 114-115։ Որոշակի քայլեր են կատարվել նաև Եվրոպայի մի շարք երկրներում Ադրբեջանի հակահայկական քարոզչության, մասնավորապես հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացնող քարոզչական պաստառների չեզոքացման ուղղությամբ․ նույն տեղում, էջ 135-136։